Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հոլանդիայի «դավաճանը»` Ռուսաստանի հերոս

Հոլանդիայի   «դավաճանը»` Ռուսաստանի հերոս
24.06.2008 | 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մոտենում է վերջնագծին։ Անցած կիրակի որոշվեց չորրորդ երջանիկ թիմը, որը նվազագույնն իր համար ապահովել է բրոնզե մեդալ։ Իսպանիա-Իտալիա հանդիպումից առաջ առաջնությունից ստացած տպավորությունը կիսեց լեգենդար ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ։
-Առաջնությունն ընդհանուր առմամբ վատ տպավորություն չի թողնում, թեև այնպիսի թիմեր, ինչպիսիք Չեխիայի, Պորտուգալիայի և Գերմանիայի հավաքականներն են, կարող էին ավելի բարձր մակարդակի խաղ ցուցադրել։ Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք առանձնացան կոլեկտիվ խաղով։ Այստեղ առանձնապես փայլուն կատարողներ չկային, պարզապես կար հաղթանակի հասնելու ձգտում։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի հավաքականի մասին։ Իսպանացիներից 1։4 հաշվով կրած պարտությունից հետո նրանք աստիճանաբար վերափոխվեցին և, վերջապես, ցուցադրեցին այն խաղը, որին վաղուց սպասում էին Ռուսաստանի ֆուտբոլասերները։ Գուուս Հիդինկը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքը մեծագույն մարզիչ է։ Նա իր սաներին տվեց այն, ինչ մինչև այժմ չէր բավականացնում. տեխնիկական, տակտիկական որակներ և մինչև վերջին վայրկյանը պայքարելու ոգի։
-Ձեր կարծիքով ո՞վ կնվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
-Նախկինում կարող էի վստահ ասել, թե ով։ Այսօր դժվար է ասել։ Գիտե՞ք, այստեղ իր խոսքն է ասում նաև, այսպես ասած, ստվերային ֆուտբոլը։ Չգիտեմ, միգուցե դա միայն իմ կարծիքն է, սակայն շատ բան կախված է նաև կուլիսներում ընթացող «խաղից»։ 60-ականների և այսօրվա ֆուտբոլներն իրարից շատ են տարբերվում։ Այն ժամանակ իսկապես հաղթում էին ուժեղագույնները։ Այսօր խաղերի լծակներն անտեսանելի թելերով դուրս են գալիս ստադիոններից։ Այնպես որ այս չորս հավաքականներից յուրաքանչյուրը կարող է հաղթել։ Ես կցանկանայի, որ դա լիներ Իսպանիայի հավաքականը։ Իրենց ցուցադրած խաղով նրանք արժանի են դրան։ Իսկ մինչ այդ Իտալիա-Իսպանիա հանդիպման մասին, որն, իհարկե, անցավ մաքուր, կոռեկտ պայքարում, սակայն դա այն խաղը չէր, որ ցանկանում էին տեսնել կաշվե գնդակի միլիոնավոր երկրպագուները։ Ոչ հիմնական` 90 րոպեները և ոչ էլ լրացուցիչ 30 րոպեն կողմերից ոչ մեկին առավելություն չտվեց։ Միգուցե ավելորդ լարվածությունն էր պատճառը և կամ այն, որ թիմերը միմյանց շատ լավ էին ճանաչում։ Երկու կողմն էլ, ըստ իս, ցուցադրեց իր ամենաանհաջող խաղը։ Ամեն ինչ որոշվեց ֆուտբոլային «վիճակախաղում», և այստեղ Բուֆոն-Կասիլիաս «մենախոսությունում» իր բարձր կարգը հաստատեց Կասիլիասը` երկու անգամ հետ մղելով գնդակը։ 4։3, և իսպանացիներն այս առաջնությունում երկրորդ անգամ սրերը կխաչաձևեն Ռուսաստանի հավաքականի հետ։
Մեկ անգամ էլ հիշենք, որ առաջինը քառորդ եզրափակիչի ուղեգիրը նվաճեցին գերմանացիները։ Վաղուց արդեն շրջանառության մեջ գտնվող «Բոլորը խաղում են, սակայն հաղթում է Գերմանիան» ասացվածքին ավելացավ ևս մեկը` «Երբեք մի անտեսեք Գերմանիայի հավաքականին։ Գերմանական մեքենան առանց վարորդի էլ կհասնի»։ Եվ հասավ։ Որակազրկված մարզիչ` Յոահիմ Լյոֆը պորտուգալացիների հետ խաղին ստիպված էր հետևել ապակու հետևից, ու չնայած դրան, թիմը լիովին կատարեց իր առջև դրված առաջադրանքը` պորտուգալացիներին զրկելով հաղթանակի հասնելու հնարավորությունից։ Ամեն ինչ որոշվեց առաջին 26 րոպեների ընթացքում։ Նախ Շվեյնշտայգերը, ապա Կլոզեն գլխի հարվածով գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը, ապա փորձառու Բալակը հաշիվը դարձրեց 3։0։ Եվրոպայի փոխչեմպիոնները մրցակցին պատասխանեցին երկու դիպուկ հարվածով և... հրաժեշտ տվեցին առաջնությանը։
Հունիսի 20-ին ճամպրուկները հավաքեցին նաև խորվաթները։ Թուրքիայի հետ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ի հայտ չբերեց հաղթողին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1։1, իսկ ահա 11 մետրանոցներն իրացնելիս խորվաթների նյարդերը տեղի տվեցին։ Այս խաղում թուրքերը հերթական անակնկալը մատուցեցին։ Նրանք հաղթեցին 3։1 հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը կչափեն գերմանացիների հետ։
Իսկ ահա այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 21-ին, ընդմիշտ կմտնի ռուսական ֆուտբոլի պատմագիրք։
Դեռևս հանդիպման նախօրյակին անգլիական «the guardian»-ը հոլանդացիներին նախազգուշացրել էր. «Ռուսները գալիս են։ Նրանք բոլոր առումներով գերազանցեցին շվեդներին։ Հաջորդը կլինի Հոլանդիան»։
Ի պատասխան Վան դեր Սարը, խոսելով սպասվելիք ճակատամարտի մասին, հայտարարել էր. «Ինձ թվում է, որ մենք անպարտելի ենք։ Մենք ավելի շատ գոլային պահեր կունենանք, քան ռուսները»։
Հոլանդացիների դարպասապահը գուցե և ճիշտ էր։ Մարկո վան Բաստենի սաները նախ 3։0 հաշվով ջախջախեցին աշխարհի չեմպիոն իտալացիներին, ապա 4։1 հաշվով` ֆրանսիացիներին։ Ի հավելումն դրա, երկու անպատասխան գնդակ ուղարկեցին ռումինացիների դարպասը։ Ռուսներն առաջին իսկ խաղում 1։4 հաշվով զիջեցին իսպանացիներին, ապա 1։0 հաշվով առավելության հասան հույների նկատմամբ։ Բեկումը տեղի ունեցավ հունիսի 16-ին, երբ Ինսբրուկում 2։0 հաշվով պարտության մատնեցին այս առաջնության լավագույն թիմերից մեկին` շվեդներին, և այստեղ էականը միայն հաղթանակը չէր. Ռուսաստանի հավաքականը վերջապես ցուցադրեց այն ամենը, ինչին ֆուտբոլիստները սպասել էին ամբողջ 20 տարի։
Հանդիպման նախօրյակին պատասխանելով լրագրողների այն հարցին, թե չի՞ վախենում, որ Հոլանդիայում իրեն կանվանեն դավաճան, Գուուս Հիդինկը պատասխանել էր.
-Անկեղծ ասած, ես երազում եմ կիրակի օրն արթնանալ իբրև... «Հոլանդիայի ամենամեծ դավաճանը»։ Հույս ունեմ, որ դրանից հետո Հոլանդիայի կառավարությունը թույլ կտա երբեմն այցելել հայրենիք։
Հոլանդացիները խմբային մրցաշարում ցուցադրած աննկարագրելի գեղեցիկ խաղով գերեցին ողջ Եվրոպային, և հավանաբար այդ սերը «անպատասխան» չէր մնա, եթե չլիներ Հիդինկը։ «Թռչող հոլանդացու» սաները գերազանցեցին ոչ միայն մրցակիցներին, այլև իրենք իրենց։ Առաջին գոլը ծնվեց հանդիպման 56-րդ րոպեին. Ռոման Պավլյուշենկոն բացեց հաշիվը, ապա հավասարակշռությունը վերականգնեց Վան Նիստելռոյը։ Երկրորդ անգամ այս առաջնությունում հիմնական ժամանակը չբավականացրեց` որոշելու հաղթողին։ Ֆուտբոլային ներկայացումը շարունակվեց ևս 22 րոպե։ Հոյակապ խաղով առանձնացան Արշավինը, Պավլյուշենկոն, Տորբինսկին, Կոլոդինը, Ժիրկովը, Զիրյանովը։ Ռուսաստանի գրեթե ողջ թիմը պաշարել էր մրցակցի դարպասը։ 112-րդ րոպեին Արշավինի փոխանցումից հետո Պավլյուշենկոն եզրափակեց գրոհը, ապա հանդիպմանը հաղթական վերջակետ դրեց Արշավինը։ 3։1, և Ռուսաստանը կիսաեզրափակիչում է։ Լեգենդար հոլանդացին, որը 1988-ին անհավանական գոլով Խորհրդային Միությանը զրկեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, քսան տարի անց մարզչական բարձրությունից չկարողացավ այդ հաղթական ոգին փոխանցել նոր սերնդի նարնջագույններին։ Հոլանդիան վերադարձրեց պարտքը Խորհրդային Միության իրավահաջորդին։
Առջևում վերջին` երեք գլխավոր հանդիպումներն են։ Հունիսի 25-ին Բազելում խաղադաշտ դուրս կգան Թուրքիայի և Գերմանիայի, իսկ մեկ օր անց` Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականները։ Այս խաղը կկայանա Վիեննայում։ Տեսնենք, թե այս անգամ ում պատվին կթևածեն Շտրաուսի կախարդիչ հնչյունները։

Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6562

Մեկնաբանություններ