«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վարչապետի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում

Վարչապետի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում
21.06.2012 | 18:01

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ավարտից հետո հանդես է եկել եզրափակիչ ելույթով:

«Ազգային Ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ: Մեր քաղաքական թիմն էապես հեշտացրեց իմ ելույթը, քանի որ իմ գործընկերներն անդրադարձան այն բոլոր հարցերին, որոնք բարձրացվում էին դահլիճում ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Կարծում եմ, որ իմ գործընկերները շատ հարցերի սպառիչ և հիմնավոր պատասխաններ տվեցին: Եվ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձավ մի քանի մեղադրանքների, և հանձնաժողովների ներկայացուցիչները, և մեր քաղաքական թիմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարները: Կարծում եմ`նրանք հիմնավոր և փաստարկված կերպով ներկայացրեցին, թե ինչու է այս ծրագիրը կենսունակ և ինչ գաղափարների վրա է այն հիմնված:
Մենք անսխալ չենք, երբևէ այդպիսի դիրքորոշմամբ հանդես չենք եկել: Մեր թիմի քաղաքական ղեկավարը մեզանից մշտապես պահանջել է լինել բաց և թափանցիկ, և մենք ինքներս պետք է բացահայտենք մեր թերությունները: Մեր աշխատելաոճն այս տարիների ընթացքում եղել է հենց այդպիսին, բայց դա չի նշանակում, որ եթե մենք բացահայտում ենք մեր բացթողումներն ու թերությունները, մեզ պետք է վերագրել բաներ, որոնք մենք չենք ասել ու չենք արել: Արհեստական փաստարկներ որոնելը և մեզ քննադատության թիրախ դարձները թուլության նշան է: Բազմաթիվ անգամ մեր կառավարությունը նշել է` արտագաղթը չարիք է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանից որևէ քաղաքացի չհեռանա: Արհեստական փաստարկներ և անձնական վիրավորանքներ են ներկայացվում, թե վարչապետն այսինչ թվականին այնինչ լրագրողին այսպիսի բան է ասել: Մեր հերքումները մեր ընդդիմախոսներին չեն բավարարում և գաղափարախոսական քաղաքական բանավեճից հարցը տեղափոխվում է անձնական դաշտ: Անձնական դաշտում լրջագույն պետական խնդիրներ քննարկելը լավ մեթոդ չէ:
Այս դահլիճում հնչեց կեղծ թվերի վրա երկրորդ մեղադրանքը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի տարիներին իր անձնական հարստությունը կտրուկ ավելացրել է: Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և ես կարծում եմ, որ հետապնդում է մեկ նպատակ` վերջին տարիների ընթացքում նպատակադրված կերպով զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին` զերծ մնալ այդ մոտեցումից, այս ամբիոնը չօգտագործել որևէ մեկին անձնապես վիրավորելու, հաշվեհարդար տեսնելու, զրպարտելու, վարկաբեկելու համար: Դա վայել չէ հայ մարդուն և այդ ճանապարհը վտանգավոր է:
Երորորդ, այս քաղաքական բանավեճը ցույց տվեց, և այդ առումով համաձայն եմ ՀԱԿ-ի քաղաքական գնահատականի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն: Վերջին չորս տարիների ընթացքում Հանրապետության Նախագահի ջանքերի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ և այսօր խորհրդարանում ունենք շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական բանավեճ, որից, իհարկե, օգտվում է մեր հասարակությունը, մեր ժողովուրդը և մեր պետությունը: Սա առաջընթացի ճանապարհ է և կարծում եմ` այս նվաճումը մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք նկատել և արձանագրել:
Հաջորդը, որո՞նք են այն հիմնարար խնդիրները, որ կանգնած են մեր առջև, և արդյոք կառավարությունն իրատեսորեն չի մոտենում այս իրավիճակին: Հարգելի գործընկերներ, մեր խմբակցության ղեկավարն այս հարցի պատասխանը ևս տվեց: Որևէ նոր փաստարկ կամ նոր երևույթ, որը մենք չենք նկատել և չենք արտացոլել այս փաստաթղթում, այս դահլիճում չհնչեց: Բոլոր այն բացասական երևույթները, որ բարձրաձայնվում էին, նկարագրված են մեր փաստաթղթում: Մենք առաջարկում ենք մոտեցումներ, թե ինչպես ենք այդ խնդիրները լուծելու:
Չորրորդ հարցը` մենք չկարողացանք կանխատեսել ճգնաժամը: Արդարացի և ճիշտ քննադատություն է: Այո՛, չկարողացանք, իսկ աշխարհի ո՞ր պետությունը կանխատեսեց ճգնաժամը: Եվ արդյոք, եթե մենք կարողանում ենք կանխատեսել ճգնաժամը, այդ երևույթը ճգնաժամայի՞ն է կոչվում: Արդյոք աշխարհում կա՞ որևէ պետություն, որն իր վրա համարձակություն կվերցնի և կասի, թե երբ է գալու ճգնաժամի երկրորդ ալիքը, որտեղից է այն գալու, ինչպիսի ռիսկեր գոյություն ունեն: Աշխարհի լավագույն մասնագետները, հզոր պետություններն այս հարցի շուրջ չունեն համաձայնություն: Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը սա է քննարկում և բոլորը մտահոգված են, որովհետև համաշխարհային տնտեսության մեջ կան անհավասարակշռվածություններ ու բոլորն զգում են, որ տեղի են ունենալու նոր իրադարձություններ, բայց ոչ ոք չի կարող ասել երբ է այն լինելու, որտեղից է սկսելու, որ պետությունն է առաջինն այդ հարվածն իր վրա ստանալու: Այսօր ևս մենք չենք կարող կանխատեսել և աշխարհում չկա որևէ մեկը, ով կկարողանա կանխատեսել, թե երկրորդ ալիքն ինչպես է գալու: Դրա համար էլ այդ երևույթը կոչվում է ճգնաժամ: Երբ օրինաչափությունները դադարում են գործել:
Հաջորդ խնդիրը: Ի՞նչ մենք պետք է անեինք, որ չենք արել: Պետք է լինեինք ընդլայնողական: Տասնյակ հոդվածներով պատասխանեցինք այդ հարցին: Աշխարհի լավագույն մասնագետներին հրավիրեցինք, սևը սպիտակի վրա գրեցին, որ Հայաստանի կառավարության գործողություններն ընդլայնողական էին: Ունեցանք 7.7 տոկոսի դեֆիցիտ, արտաքին պարտքը մեծացրեցինք: Դա ընդունում եք և միևնույն ժամանակ նշում, որ կրճատողական էինք: Ինչպե՞ս հասկանալ սա: Չեք ցանկանում համակերպվել այս վերլուծությունների և օբյեկտիվ հանգամանքների հետ:
Հաջորդ հարցը: Ի՞նչ է պետք անել: Արդյոք հնչեցի՞ն առաջարկություններ, որոնց ուղղությամբ մեր փաստաթղթում չկան դրույթներ: Այդպիսի առաջարկություններ, հիմնական ոլորտներ, որոնք բացակայում էին մեր փաստաթղթում, ես չեմ տեսնում: Կային կոնկրետ առաջարկներ մեր ընդդիմախոս պատգամավորների ելույթներում, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: Այդպիսի առաջարկություններ եղան և ՀՅԴ-ի, և ,Ժառանգությանե, և ՀԱԿ-ի պատգամավորների ելույթներում: Ես, հարգելի գործընկերներ, խոստանում եմ, որ ձեր որևէ առաջարկություն չի վրիպելու մեր ուշադրությունից, մենք պատրաստ ենք ձեր առաջարկությունների շուրջ ձեզ հետ կոնստուրկտիվ աշխատանք ծավալել: Իհարկե, մոտեցումների մեջ կարող են լինել տարբերություններ, բայց համոզված եմ, որ մեր բանավեճը և քննարկումները կօգնեն կառավարությանը գտնել այնպիսի լուծումներ, որոնք այս պահի դրությամբ իրատեսական են:
Հարգելի գործընկերներ, ավարտելով խոսքս առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային Ժողովին`շահագրգիռ քննարկումների համար: Կարծում եմ, որ այդ քննարկումներն այսօր բարձրացվել են նոր մակարդակի վրա և համոզված եմ, որ այս ոճը նպաստելու է մեր պետության զարգացմանը: Միևնույն ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, որ կառավարությունը, Հայաստանի Հանրապետական և «Օրինաց Երկիր» կուսակցությունները Հանրապետության Նախագահի գլխավորությամբ այն թիմն է, որը գիտակցում է այսօր առկա մարտահրավերներն ու ռիսկերը, և այն ուղղությունները, որոնցով կարող ենք լուծել մեր երկրի բարգավաճման խնդիրները:
Կարծում եմ` քվեարկելով այս ծրագրի օգտին, տալով մեզ վստահության քվե` մենք ձեզ հետ միասին ապահովելու ենք մեր երկրի համար կայուն զարգացում: Շնորհակալություն»:
ՀՀ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ընդունվեց 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ