«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Հայաստանը պետք է կողմնորոշվի` որտե՞ղ դնել շեշտադրումը

Հայաստանը պետք է կողմնորոշվի` որտե՞ղ դնել շեշտադրումը
28.10.2012 | 13:18

Ըստ ՀՀ կառավարության, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի համագործակցության ձևաչափերը փոխլրացնում են միմյանց, սակայն անկախ մասնագետների կատարած տնտեսական վերլուծությունները միանգամայն այլ բան են ասում: Այս եռաչափից բացի, գոյություն ունի ևս մեկ կառույց` Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), որի առկայությունը հատկապես շոշափելի դարձավ, երբ ս.թ. օգոստոսի 22-ին ուժի մեջ մտավ Ռուսաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ապահովող արձանագրությունը, համաձայն որի Ռուսաստանը դարձավ ԱՀԿ-ի 156-րդ անդամը: Հիշեցնենք, որ 2002-ի դեկտեմբերի 10-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը: 2003 թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը: ՀՀ կառավարության 2005 թ. N173-Ն որոշմամբ ԱՀԿ-ում ստեղծվել է ՀՀ մշտական ներկայացուցչություն, որը սկսել է գործել 2005-ի մայիսի 1-ից:

ՈՒշագրավ է նաև, որ ԱՀԿ անդամ պետությունների նախարարները Ռուսաստանի անդամակցումը հավանության էին արժանացրել շուրջ 18 տարվա բանակցություններից հետո: ԱՀԿ-ի նորմերն ու սկզբունքները դեռևս չեն կարող լիարժեք կիրառվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերություններում, հաշվի առնելով ԱՄՆ-ի կոնգրեսի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որը որոշակի սահմանափակումներ է սահմանում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում, ինչն էլ, իր հերթին, անհամատեղելի է ԱՀԿ-ի նորմերի հետ: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տնտեսական կապերի խորացմանը` մակրոտնտեսության հիմունքները ենթադրում են, որ յուրաքանչյուր ազգային տնտեսության համար անհրաժեշտ է համագործակցության աշխարհագրության ընդլայնում: Այդ ինտեգրացիոն գործընթացները, ըստ մեզ, միայն ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և ԱՀԿ-ի մեջ պետք է դիտարկել, որպես համալրող, քանի որ երեք տարբերակում էլ ընդհանուր հայտարարը Ռուսաստանին է բաժին ընկնում: ՌԴ-ն իր ռազմավարական, ռեսուրսային և տնտեսական պոտենցիալով ունի մեծ ազդեցություն և, իհարկե, ելնելով սեփական շահերից, նա կանի ամեն ինչ, որ իր գերակայումը մնա անփոփոխ: Հայաստանը, որպես տնտեսական միավոր, չունի ո՛չ մրցունակ տնտեսություն, ո՛չ էլ ռեսուրսային պաշարներ, և նրա մուտքը եվրոպական շուկա անհեռանկարային է: Այն հայտարարությունները, թե Հայաստանն ունի լուրջ ներուժ միջազգային շուկայում իրեն ներկայացնելու որպես էկոլոգիապես մաքուր ապրանք արտադրող երկիր, անհիմն են, քանզի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, թե Լեհաստանի և Հունաստանի նման երկրները ինչպիսի իրավիճակում հայտնվեցին: Ի՞նչ է, նրանք չունեի՞ն էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրություն, թե դա միայն բնորոշ է Հայաստանին: Իհարկե, եթե Հայսատանին հաջողվի ինովացիոն հետազոտությունների միջոցով մտնել բարձր տեխնոլոգիաների հարթություն (բնական ռեսուրսներն այս հարթությունում որոշիչ դեր չեն կատարում), այդ դեպքում միգուցե արդարացված կլինի Հայաստանի մուտքը ԵՄ: Հիմա հարց է ծագում, թե այս բարդությունները, չե՞ն անդրադառնա Հայաստանի վրա, եթե նա մտնի ԵվրԱզԷՍ-ի կազմ: Կա երկու իրար հակասող պատասխան. մեկը կառավարական տեսակետն է, ըստ որի` «Մաքսային միությանն անդամակցելը մեզ համար անբովանդակ է աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով` չկան Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ընդհանուր սահմաններ»: Եվ երկրորդ տեսակետ. «Ռուսաստանի տնտեսական ու ռազմական կարգավիճակը այսօրվա Հայաստանի մակրոտնտեսության հեռանկարային զարգացման միակ ռեալ երաշխիքն է, քանզի, հաշվի առնելով, որ մենք ռեգիոնում հանդիսանում ենք ռազմավարական միակ գործնկերը, ՌԴ-ն տնտեսական ոլորտում կգնա փոխզիջումների»։ Ինչ էլ խոսեն կամ գրեն Եվրասիական միության մասին, միանգամայն ակներև է, որ այն կառուցվելու է համահարթեցման և առաջնության սկզբունքով. այլևս ոչ ոք չի պատրաստվում տասնյակ ռիսկային-հեռանկարային, շատ անգամ չարդարացված ծրագրեր շահարկելու: Եվրասիական միության հարթությունում գավառների բնակչությունը մետրոպոլիայի տարածքում կունենա շատ ավելի հնարավորություններ, քան ունի հիմա: Չունենալով բարձր տեխնոլոգիաների մշակույթ, Հայաստանն առաջնության գաղափարի հիման վրա շանս կունենա ինչ որ չափով ազատվելու մրցակցության դաժան իրականությունից. միանգամից կաճի ոչ մրցունակ (արտաքին դիզայն), սակայն ի սկզբանե որակյալ գյուղատնտեսական արտադրության արտահանումը: Կենտրոնի քաղաքական շահերի և նրա հետ կապված խոշոր կորպորացիաների այսօր առկա տնտեսական շահերի առաջնահերթության պայմաններում ծայրագավառներում կստեղծվեն գյուղատնտեսական միավորումներ, որոնք արտաքին շուկայի խնդիր չունենալով, կարող են ազատվել երևանյան օլիգարխիկ կախվածությունից, որը իրական հնարավորության կտա նոր աշխատատեղեր ստեղծելու: Մարզային կորպորացիաները կկարողանան տեղում կազմակերպել մինի արտադրություններ և հենց իրենք էլ արտադրանքի իրացումը կտնօրինեն և ստիպված չեն լինի շուկայի բացակայության պատճառով ստորագրել անհեռանկարային պայմանագրեր: Մարզերի մեծ մասը որոշակի բարելավում կզգա. մի տեղ աշխատատեղեր կստեղծվեն, մի այլ տեղ մատակարարումը կլավանա, մեկ այլ տեղ էլ ճանապարհները կվերանորոգվեն և այլն, և դա կարվի ոչ կենտրոնի` Երևանի, բաշխումով:
Եկեք հասկանանք` տնտեսական որ չափորոշիչների կտրուկ աճին կարող է նպաստել ՀՀ-ի անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին:
Ըստ ՀՆԱ-ի տվյալների` վերջին հինգ տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի գրանցված ընդհանուր անկումը կազմել է մինուս 0,8 տոկոս: Միաժամանակ, ՀՆԱ-ի կուտակային աճի շուրջ հաշվարկների համաձայն, այդ տարիներին երկրի համախառն արտադրությունը պետք է կրկնապատկվեր: 2008-ին ՀՆԱ-ի աճը, պաշտոնական տվյալների համաձայն, կազմել է 6,8 տոկոս, 2009-ին` 14,5 տոկոս անկում, բացասական տարբերությունը` 7,7 տոկոս: 2010-ին համախառն արտադրանքի աճը կազմել է 1 տոկոս, իսկ 2011-ին գրանցվել է 5,9-տոկոսանոց անկում: Եթե գումարենք այդ բոլոր թվերը, կստանանք 0,8 տոկոսանոց անկում: ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը շուկայական գներով 2008-ին կազմել է 6,9 տոկոս, 2009-ին անկումը` 14,1 տոկոս, իսկ 2010-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 2,1 տոկոս: Ընդ որում, ՀՀ ՀՆԱ-ի աճի բյուջետային ցուցանիշը 2011-ին նախատեսված է 4,6 տոկոսի չափով: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2011-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2010-ի համեմատ կազմել է 5,9 տոկոս:
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության համեմատական հարաբերակցությունը հարևան Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունների նկատմամբ: Տեղեկատվության աղբյուր են ծառայել ինչպես երեք երկրների վիճակագրական ծառայությունների, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների տվյալները. 2011-ին ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքում 22 %-ը կազմում է գյուղատնտեսությունը, 48 %-ը` արդյունաբերությունը: Վրաստանում գյուղատնտեսության չափաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 10 % է, իսկ արդյունաբերությունը` 28 %: Ադրբեջանում գյուղատնտեսության ցուցանիշն ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5,2 %, իսկ արդյունաբերությունը` 60 %: Փաստորեն, ըստ ազգային վիճակագրական տվյալների ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքի 22 %–ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, և այս ցուցանիշը նոր արտաքին շուկաների բացակայության պարագայում ենթակա չէ կտրուկ փոփոխման, ինչքան էլ հնչեցնեն, թե «Հայաստանն ունի լուրջ ներուժ միջազգային շուկայում իրեն ներկայացնելու որպես էկոլոգիապես մաքուր ապրանք արտադրող երկիր» կառավարական շրջանակների տեսակետները:
Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական միության գլխավոր դերակատար, մեր իրական բարեկամ Ռուսաստանին, ապա այն, լինելով համաշխարհային մարտահրավերների կենտրոնում, փորձում է ամեն գնով դառնալ գլոբալ մակրոտնտեսական քաղաքականության կանոնները թելադրող:
Հարկ է նշել, որ այլընտրանքային տարբերակ ՌԴ-ն չունի, քանի որ, ունենալով բավական հզոր ռազմական ներուժ, հզոր տնտեսական հնարավորություններ և 300 մլն-ից ավելի սպառողական շուկա, գումարած դրան էներգակիրների հզոր պաշար, նա այսօր լուրջ վտանգ է ներկայացնում համաշխարհային էկոնոմիկային, մասնավորապես Եվրամիության անդամ պետությունների տնտեսությանը: Եվ հենց այս հարթությունում է պարզ դառնում, որ, այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը չունի հնարավորություն փոխլրացման սկզբունքներով շարժվելու, որն առաջարկում է ՀՀ կառավարությունը։ Այս հարթությունում աշխատում է միայն «կամ-կամ» տարբերակը:
Եվ, այսպես, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա այս հարցում Հայաստանը: Այս հարցին պատասխանելու համար նախ փորձենք պատասխանել այս հարցին. իսկ ի՞նչ կարող է տալ Հայաստանին Եվրասիական անդամակցությունը։
Ըստ մեզ` պատասխանը հետևյալն է։ Մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, և այդ խնդրի լուծման միակ երաշխիքը Ռուսաստանի հետ երկկողմանի, ռազմավարական-դաշնակցային պայմանագիրն է: Հարավային ուղղությամբ ռազմավարության իրականացումը նաև Ռուսաստանի շահերից է բխում, և այդ պատճառով ՌԴ-ն պատրաստ է ամենահնարավոր տնտեսական զիջումների ՀՀ-ի համար, որը նա կարող է անել միայն Եվրասիական միության հարթությունում, քանի որ օրենսդրական գործառույթներն այս հարթությունում թույլ են տալիս այդպիսի զիջումների գնալ:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ