Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռիկա Կիհիրան դաս տվեց Զագիտովային

Ռիկա Կիհիրան դաս տվեց Զագիտովային
11.12.2018 | 02:06

Կանադական Վանկուվեր քաղաքում ավարտվեց գեղասահքի 2018-2019 մրցաշրջանի գրան պրիի եզրափակիչը: Հակառակ սպասումներին՝ ռուսական գեղասահքի դպրոցը չարժանացավ ոչ մի բարձրագույն պարգևի, ինչը բնականաբար խոշոր անակնկալների շարքից էր: Հատկապես ցավալի էր պարտությունը կանանց մենասահքում, որտեղ Ռուսաստանի Դաշնության եռյակը կռիվ էր տալու ճապոնական եռյակի հետ ու ռուսական գեղասահքի հզոր հաղթաթուղթ, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան պիտի որ արդարացներ սպասելիքները:


Եթե Ելիզավետա Տուխտամիշևան Վանկուվեր էր մեկնել վայելելու այս մրցաշրջանի իր բավական անսպասելի պոռթկումը (մարզուհին վաղուց նման բարձր արդյունքներ ցույց չէր տվել), ապա Զագիտովայի ուսերին էր ծանրացած պատասխանատվության ահռելի բեռ, որից մինչ այդ նա ազատված էր շնորհիվ մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևայի, որն այս մրցաշրջանը խիստ ծանր է սկսել ու պատահական չէր, որ չկարողացավ մտնել վանկուվերյան լավագույն վեցյակ:
Ինչ ընթացք ունեցավ ճապոնուհիների հետ ռուսների մրցամարտը:
Զագիտովան չկարողացավ մաքուր կատարել կարճն ու իրավիճակն ավելի խորացրեց ազատ ծրագրում: Նրա հիմնական մրցակիցը՝ տասնվեցամյա Ռիկա Կիհիրան, խոշոր հաշվով մեկ վրիպում թույլ տվեց ու թեպետ դրա համար մրցավարները բավականին մեծ թվով միավորներ հանեցին նրա հավաքածից, այդուհանդերձ դա այս տաղանդավոր մարզուհուն չխանգարեց, որ գրավի առաջին տեղը:


Հարկ է նկատել, որ մրցաշարը հաստատեց՝ մեծահասակների մեջ այսօր աշխարհում տեխնիկայի առումով ճապոնուհուն հավասար մարզուհի չկա, որն իր մրցելույթն ավարտել է համաշխարհային նոր ռեկորդ սահմանելով: Դա անուղղակի հաստատեց և Զագիտովան՝ հայտարարելով, որ ներկա պահին ի վիճակի չէ քառապտույտ ցատկեր կատարելու: Ալինան նաև խոստովանել է, որ իր նկատմամբ աճած պահանջների պատճառով, ինչպես նաև մամուլի ճնշման արդյունքում իր համար մրցաշրջանը բարդ է սկսվել:
Փաստը մնում է փաստ, որ մրցամարտի այս փուլն ավարտվեց Ռիկա Կիհիրայի հաղթանակով ու պիտի սպասել պայքարի նոր փուլի: Այդպիսին կարող է լինել աշխարհի առաջնությունը: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է (խոսքը, հասկանալի է, վերաբերում է ռուս գեղասահորդներին) նախ կարողանալ անցնել երկրի ներքին առաջնության ստուգողականը, որի հիման վրա է կազմավորվում Ռուսաստանի Դաշնության հավաքականը, եթե, իհարկե, մարզչական բարձրագույն խորհուրդը մասնակցության առումով բացառություն չի անում այս կամ այն մարզիկի համար: Օրինակ՝ հիշենք, թե օլիմպիական տարում, նկատի ունենալով վնասվածք ունեցող Մեդվեդևային անհիմն չծանրաբեռնելը, որոշում կայացվեց նրան ազատելու ներքին առաջնության մասնակցությունից: Ի դեպ չմոռանանք, որ այս մրցաշարին մասնակցելու է նաև Մեդվեդևան:


Ինչ վերաբերում է գրան պրիի եզրափակչին 21-ամյա Ելիզավետա Տուխտամիշևայի մասնակցությանը, մարզուհին գրավել է երրորդ տեղը, ինչը նրա համար բնավ էլ վատ արդյունք չէ: «Ես շատ բաների միջով եմ անցել՝ թռիչքների ու անկումների, փորձ եմ ձեռք բերել՝ մի կողմ թողնելով հուզմունքն ու հասկանալով, թե ինչի համար եմ սահում: Իմ տարիքում կարևորը մրցելը չէ, այլ աշխատանքից հաճույք ստանալը, քո գործը սիրելը», -նրան է ցիտում ՏԱՍՍ-ը, ու ոչինչ տարօրինակ չկա նրանում, որ մարզիկը իր տարիքը հիշատակում է որպես սահմանային: Բանն այն է, որ գեղասահքում, ուր տեխնիկական բարդ հնարքները սարասափելի բարդության են հասել ու տեխնիկապես առավել մատչելի են աղջկական տարիք ունեցողների համար, այսպես ասած «տարիքն առածները» խոշոր հաշվով անելիք չունեն, եթե, զորօրինակ, նրանց զինանոցում չկան մասնավորապես քառապտույտ ցատկերը: Այնպես որ գեղասահքում նոր ժամանակներ են ու դժվար է ասել, թե այդ նորը որքան ի նպաստ կլինի այս մարզաձևի գեղագիտությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ