Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լոկալ պայքար ազգայնական ընտրազանգվածի համար

Լոկալ պայքար ազգայնական ընտրազանգվածի համար
14.12.2018 | 01:23

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավոր ինտրիգը սև-սպիտակի, այսինքն՝ հին ու նոր իշխանությունների միջև պայքարի արդյունքների շուրջ էր։ Սակայն ակնհայտ է, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը, բացի սև-սպիտակ պայքարից, նաև լոկալ մենամարտերն ու որոշ ուժերի միջև տեղական նշանակության սուր մրցակցությունն էին, ըստ էության, նույն ընտրազանգվածի համար։ Մասնավորապես, արևմտյան ազատական դաշտում իրենց դիրքավորող ուժերը պայքարում էին լիբերալ ընտրազանգվածի, ազգայնականները՝ իրենց էլեկտորատի համար։ Սա առավել քան կարևոր էր, քանի որ, ինչպես հայտնի է, այս անգամ որևէ քաղաքական ուժ չէր հավակնում «Իմ քայլը» դաշինքի հետ մրցակցել՝ հաղթելու համար։ Պայքարը երկրորդ և հաջորդող տեղերի համար էր։

Թեև տեղական այս պայքարները երկրորդ պլան էին մղված, այնուամենայնիվ, նշված հարթակում նույնպես հետաքրքիր գործընթացներ էին ծավալվում, որոնք ոչ միայն տվյալ պահի համար նշանակություն ունեին, այլև կարող են էական դեր խաղալ հետընտրական Հայաստանի հետագա քաղաքական զարգացումներում։
Այս առումով պետք է արձանագրել, որ հատկապես ուշադրության է արժանի ընտրությունների ազգայնական սեգմենտը։ Ի սկզբանե համարվում էր, որ ազգայնական ընտրազանգվածի համար գլխավոր պայքարողները լինելու են «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ու «Սասնա ծռեր» կուսակցությունը։
Շատերն ակնկալում էին, որ նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը բավականին լուրջ ձայներ է հավաքելու դաշնակցության առանց այն էլ սուղ ընտրազանգվածից։ Խորհրդարան անցնելու համար ավելի բարձր էին գնահատվում «Սասնա ծռերի» հնարավորությունները, քան «Հայ հեղափոխական դաշնակցության»։ Ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, այս քվեարկություններում բավականին անսպասելիորեն կրակեց հենց դաշնակցությունը, որը թեև չհաղթահարեց անցողիկ շեմը, այնուամենայնիվ, հասցրեց մինչ ձայների հաշվարկի ավարտը լարվածության մեջ պահել քաղաքական ուժերին և բավականին մեծ անսպասելի իրարանցում մտցնել ընտրությունների արդյունքների շուրջ։


Հակառակ դրան՝ բավականին թույլ արդյունք գրանցեց ոմանց համար ֆավորիտ համարվող «Սասնա ծռերը», որը երկու տարի առաջ հանրության որոշ հատվածի համար հերոսի համբավ ուներ և նույնիսկ զգալի ժողովրդականություն։ Այս դեպքում ինչո՞վ են պայմանավորված կանխատեսումների և վերլուծությունների շեղումները այս երկու քաղաքական ուժերի առնչությամբ։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ դա պայմանավորված է «Սասնա ծռերի» մարտավարական կոպիտ սխալով։ «Սասնա ծռերը» նախ և առաջ ազգայնական ընտրազանգվածում, առավել ևս, ինչպես իրենք են իրենց դիրքավորում, հակառուսական հատվածի մոտ ընկալվում է որպես ուլտրաարմատական ուժ, որը ըստ էության մարդկանց պատկերացմամբ ծայրահեղական հեղափոխական ուժ է և որևէ փոխզիջում չի ճանաչում, և ինչպես ցույց տվեցին երկու տարվա վաղեմության իրադարձությունները, հարցերը լուծելու համար նույնիսկ կարող է զենքի դիմել։ Այս տեսակետից պոտենցիալ ընտրազանգվածը, որը վերագրվում էր «Սասնա ծռերին», սպասում էր այս քաղաքական ուժից, որպեսզի վերջինս լինի ոչ միայն նախորդ ռեժիմի, այլև ներկա իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի սուր քննադատը, որպեսզի գործող իշխանությունը փոխզիջման չգնա նախկինների հետ սեփականության վերաբաշխման և բազմաթիվ այլ հարցերում։ Կար սպասում, որ «Սասնա ծռերը» կլինի ուլտրառադիկալ քաղաքական ուժ, որը հանգիստ չի թողնի ոչ նախկիններին, ոչ ներկաներին։


Ի՞նչ արեց «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Ընտրարշավի սկզբում այն կարծես թե փորձում էր հանրության այդ սպասումներն արդարացնել, և մի քանի անգամ բավականին արմատական հայտարարություններով հանդես եկավ, որտեղ ավանդույթի համաձայն կոշտ գնահատականների չափաբաժիններ էին հնչեցվում իրավապահ համակարգի որոշ կադրերի, նախ և առաջ ոստիկանության նկատմամբ, հստակ գնահատական էր տրվում նախորդ ռեժիմի մեջ ներգրավված կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, նույնիսկ հերթական անգամ հնչեցվում էին կոչեր, թե այդ ուժերը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից որպես «հանցավոր» գործունեություն ծավալած ուժեր։
Նոր իշխանությունների նկատմամբ էլ «Սասնա ծռերը» փորձեց իր սահմանափակումները դնել և հայտարարեց, որ ձևավորվող խորհրդարանը չի կարող լինել երկարակյաց, առավելագույնը 1,5-2 տարվա կյանք ունի։


«Սասնա ծռերը» սահմանադրությունը, կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը փոխելու պահանջներ էր առաջադրում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի խոստումների կատարումից հետո խորհրդարանը պետք է լուծարվի, և նոր պայմաններում անցկացվեն նոր ընտրություններ։ Բայց հենց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներից մեկում «Սասնա ծռերին» բավականին կոշտ հասկացրեց, որ ինքը փափկասուն Սերժ Սարգսյանը չէ, «Սասնա ծռերի» տոնայնությունը, հռետորաբանության կոշտությունը փափուկ։ Եվ կտրուկ հայտարարությունները սահմանափակվեցին միայն նախորդների ուղղությամբ սլաքներն ուղղելով, իսկ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը դարձավ լոյալ ու շատ ավելի փափուկ։ Այնպես որ՝ անցած ընտրարշավում «Սասնա ծռերը» հանդես չեկավ որպես ուլտրառադիկալ ուժ, որը պետք է կատարեր հեղափոխական սանիտարի դեր։ «Սասնա ծռերի» դիրքավորման փոփոխությունը դեպի գործող իշխանություն, դեպի կենտրոնաձիգ դիրքորոշումներ, ըստ էության, բավականին վատ դեր խաղաց կուսակցության հավաքած ձայների թվի վրա։ Փաստորեն, ընտրազանգվածը, ի դեմս «Սասնա ծռերի», չտեսավ այն քաղաքական ուժին, որը պետք է ի կատար ածեր իր սպասումները։ Փոխարենը գրանցվեց որոշակի հիասթափություն։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ընտրողը «Սասնա ծռերին» չհամարեց այլընտրանք գործող իշխանություններին։ Մինչդեռ հիշենք, որ «Սասնա ծռերն» առաջինն էր, որ հայտարարեց խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժ լինելու հավակնության մասին։


Անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցությանը»՝ նշենք, որ քաղաքական այս ուժը շատ պրագմատիկ և ամենակարևորը իրատեսական քարոզարշավ անցկացրեց. աշխատում էր իր ընտրազանգվածի հետ, որն ակնհայտորեն շատ փոքր էր, փոքրացել էր նաև վերջին տասնամյակում առավել քան տապալված քաղաքական կուրսի պատճառով։ Սակայն այնուամենայնիվ ՀՅԴ-ն փորձում էր թիրախային աշխատանք տանել իր ընտրազանգվածի հետ, որպեսզի գոնե եղածը պահպանի։ Քարոզարշավի երկրորդ հատվածում դաշնակցությունը որդեգրեց գուցե ռիսկային, սակայն, այնուամենայնիվ, արդարացված ճանապարհ. սկսեց կոշտ դիրքորոշում արտահայտել իշխանությունների նկատմամբ։ Հնչեցին քննադատություններ Արցախի հարցի, իշխանության անորոշ քաղաքական կուրսի հետ կապված։ Իշխանությունը մեղադրվեց հստակ կուրս չունենալու համար։ Այսպիսով ՀՅԴ-ն դիրքավորվեց պայմանական սև դաշտում, և նրանք էլ կարծես թե որոշակիորեն նմանվեցին ՀՀԿ-ին։ Այս պարագայում ըստ էության ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իշխանություններից դժգոհություն ունեցող ընտրազանգվածը, որ չէր ցանկանում իր քվեն տալ ՀՀԿ-ին, ի դեմս դաշնակցության տեսավ չարյաց փոքրագույնը, տեսավ այն ուժին, որը նույնպես ընդդիմադիր է, սակայն գուցե փոքր-ինչ քիչ վարկաբեկված, քան ՀՀԿ-ն։ Ամենայն հավանականությամբ, որոշակի տոկոսներ ՀՅԴ-ին եկան հենց ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրազանգվածից։ Նաև սրանով է պայմանավորված, որ դաշնակցությունը շատերի համար անսպասելի տոկոսներ հավաքեց, նույնիսկ անցողիկ շեմին շատ մոտ էր կանգնած։ Պահեր էլ կային, որ թվում էր, թե խորհրդարան անցնելու խնդիրը դաշնակցությունը լուծել է, սակայն չլուծեց, բայց լոկալ պայքարը «Սասնա ծռերի» հետ ակնհայտորեն, նույնիսկ համոզիչ կերպով շահեց։


Ինչևէ, նշված երկու քաղաքական ուժերն էլ հայտնվեցին արտախորհրդարանական դաշտում, և ապագա պայքարը իրենց ազգայնական համարող այս երկու ուժերի միջև շարունակվելու է, նաև այն պատճառով, որ երկու ուժն էլ հանրության որոշակի շրջանում ասոցացվում են ուժային լուծումների հետ։ Այս առումով գուցե որոշակի նմանություն կա, սակայն դասական քաղաքականության տեսակետից «Սասնա ծռերը» առայժմ դեռ շատ հեռու է քաղաքական ուժ կոչվելուց, քանի որ ոչ պատմություն ունի, ոչ հստակ գաղափարախոսություն, ոչ էլ կայուն էլեկտորատ։
Հասկանալի է, որ ՀՅԴ-ին առաջիկայում սպասում են կադրային, նոմենկլատուրային լուրջ փոփոխություններ։ Վերջին ընտրությունները դաշնակցության ամենաաղմկոտ ու խոշոր պարտություններից մեկն էին։ Եթե դաշնակցության պարագայում պարզ է, որ ավելի քան 128-ամյա կուսակցությունը տուրբուլենտային հատվածից վաղ թե ուշ դուրս կգա և կշարունակի իր դերակատարումը հայաստանյան մեծ քաղաքականությունում, ապա «Սասնա ծռերի» պարագայում հեռանկարն անորոշ է, քանի որ այդ կուսակցությունը հանրության մի մեծ զանգվածի մոտ դեռ ընկալվում է ոչ թե որպես գաղափարախոսություն, այլ զուտ զինված խմբավորման վրա հիմնված արմատական գործելաոճ ունեցող քաղաքական միավոր։ Այն դիտարկվում է որպես մի ուժ, որը զինված խմբավորումից այդպես էլ չվերածվեց կուսակցության։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ