Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թութանհամոնի դամբարանը բացվել է

Թութանհամոնի դամբարանը բացվել է
02.02.2019 | 13:47

Հին Եգիպտոսի լեգենդար փարավոն Թութանհամոնի դամբարանի վերականգնման 9 տարվա աշխատանքներն ավարտվել են: Դամբարանի վերականգնումով զբաղվում էին Արվեստի նմուշների պահպանման Գետիի ինստիտուտի փորձագետները: Նրանք պետք է վերացնեին որմնանկարների քերծվածքներն ու մաշվածությունը, որ հետևանքն էր բազմահազար այցելուների: Որմնանկարները խունացել էին խոնավությունից, փոշուց ու անթիվ զբոսաշրջիկների արտաշնչած ածխաթթու գազից:


Հիմա դամբարանում տեղադրված է օդափոխիչ նոր համակարգ, որը պետք է նվազեցնի այցելուների ազդեցությունը: Որպեսզի նրանք չդիպչեն նկարներին, դրվել են նոր արգելագծեր: Վերակառուցված է դիտահարթակը և լուսավորման համակարգը, որ հնարավորություն է տալիս ավելի լավ տեսնել դամբարանի ինտերիերը, հասկանալ պատմական ու մշակութային նշանակությունը: «Մենք ուզում էինք ստեղծել հուսալի համակարգ, որ կդիմանա այցելուների ամենօրյա հոսքին և կլինի առավելագույնս հարմար հնագիտական ցուցանմուշների համար»` ասում է ինստիտուտի փորձագետ Սառա Լարդիոնիսը: «Ոչ հատակին, ոչ առաստաղին, ոչ պատերին ոչինչ չէր կարելի ամրացնել, այս պատճառով ամբողջ կառուցվածքը պետք է սեփական կշռի վրա պահվեր` պատմական նշանակության շրջապատը չվնասելու համար»` ասում է նա: Փորձագետները եզրակացրել են, որ որոշ նկարների վրայի մուգ կետերը վաղուց ոչնչացած մանրէներն են, որ այլևս որևէ վտանգ չեն ներկայացնում: Կետերը որոշել են չհեռացնել, որովհետև ներկի տակ են թափանցել: Թութանհամոնի դամբարանը գտել են 1922-ին բրիտանացի հանգետներ Հովարդ Կարտերն ու Ջորջ Հերբերտը: Դամբարանը Արքաների հովտում է: Նեղոսի արևմտյան ափին ժայռոտ կիրճը Հին Եգիպտոսի մ.թ.ա. 16-15 դարերի մայրաքաղաք Ֆիվայից (Լուքսոր) ոչ հեռու է 63 փարավոնների հանգստավայրը` Թութմոս I-ից Ռամզես X: Թութանհամոնի դամբարանը Նոր թագավորության (մ.թ.ա.1550-1069) միակ դամբանատեղին է, որ գտնվել է լիակատար պահպանված և հնարավորություն է տվել գիտնականներին պատկերացում կազմել փարավոնների հուղարկավորման ծեսերի, այդ շրջանի արվեստի ու տեխնոլոգիաների մասին: Թեպետ դամբարանի ցուցանմուշների մեծ մասը պահվում է Կահիրեի հնությունների թանգարանում, դամբարանում այցելուները կարող են տեսնել Թութանհամոնի մումիան, արտաքին փայտե դագաղը և կվարցե սարկոֆագը, նրա կյանքն ու մահը պատկերող որմնանկարները:


Վերջին նշանակալից հայտնագործությունը` 5 լավ պահպանված մումիաներով դամբարանը, Արքաների հովտում գտնվել է 2006-ին, մինչդեռ 100 առաջ արդեն վստահ էին, որ այդ տարածքը ուսումնասիրվել է լայնքով ու երկայնքով և Կարտերն ու Կարնարվոնը ապարդյուն ժամանակ են վատնում:
ВВС


Հ.Գ. Հիմա էլ, 100 տարի հետո էլ ոչ ոք չի կարող պնդել, որ Արքաների հովտում, Գիզայի հովտում, Լուքսորում կամ նույնիսկ Կահիրեում ամեն ինչ արդեն հայտնագործված է ու եգիպտացիներն այլևս գաղտնիքներ չուներ աշխարհից ու աշխարհում: Իսկ ամենամեծ գաղտնիքը իրենք` եգիտպացիներն են, որ փարավոնների ու քրմերի հետ անհետացել են ու տարածքները թողել արաբներին, որ իրենցն հետ ոչ մի կապ չունեն, պարզապես ապրում են այդտեղ ու շահագործում իրենցն ժառանգությունը: Գուցե դա էլ պատմության վրեժն է եգիպտացիներից իրենց հզորության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ