Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կծիծաղեի, եթե քայլելու համար ինձ առաջարկեին նախարար դառնալ»

«Կծիծաղեի, եթե քայլելու համար ինձ առաջարկեին նախարար դառնալ»
12.02.2019 | 01:00

Լոռու մարզում ներկայիս իրավիճակի ու հանրային տրամադրությունների մասին «Իրատեսը» զրուցել է նախկին ակտիվիստ, հանրային գործիչ, իրավապաշտպան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո Հայաստանում:
-Նախ եկեք հասկանանք՝ տեղի ունեցածն արդյո՞ք հեղափոխություն էր։ Իմ համոզմամբ՝ ոչ: Անվանեք տեղափոխություն, անվանափոխություն, անձնափոխություն, բայց ոչ հեղափոխություն։ Հեղափոխությունն ունի հստակ սահմանում, որի մեջ Հայաստանում տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում։ Իսկ թե ինչ էր կատարվածը, պետք է դիտարկել այսօր աշխարհում տեղի ունեցող վերադասավորումների, ուժային կենտրոնների միջև մահացու պայքարի ու մոտ ապագայում մեր տարածաշրջանում սպասվող գործընթացների համատեքստում:
-Ո՞րն է հեղափոխության սահմանումը, որի չափանիշները, ըստ Ձեզ, բնութագրող չեն Հայաստանում կատարված փոփոխությունների դեպքում:
-Երևի ճիշտ կլինի հնարավորինս պարզ ու բոլորի համար ընկալելի բնութագիրը տալ. հեղափոխություն չի կարող համարվել կառավարման երեք թևերից մեկի գործող անձանց փոփոխությունը, հատկապես երբ երկրի կառավարման մոդելը խորհրդարանական է։ ՈՒսումնասիրելով հեղափոխությունների պատմությունը՝ դրանց ճնշող մեծամասնության դեպքում տեսնում ենք որոշակի իրավական նորմերի, որոշումների կամ դրանց որոշակի հոդվածների, ավելի հաճախ՝ հենց Սահմանադրության չեղարկում։ Մարդիկ դժգոհ են լինում, դուրս են գալիս փողոց ու փոխում թե՛ օրենքի կամ որոշման հեղինակներին, թե՛ չեղարկում այդ օրենքներն ու որոշումները։ Մյուս կողմից հեղափոխությունը պետք է փոփոխություն բերի տվյալ երկրի քաղաքացիների կյանքի որակի մեջ, որը բացակայում է մեր դեպքում։ Կավելացնեի նաև գաղտնազերծման (լյուստրացիայի) անհրաժեշտությունը։ Նորերը երկար ժամանակ հներին մեղադրել են հանցավոր գործունեության համար, այս պարագայում, գալով իշխանության, առաջին քայլերից մեկը պետք է լյուստրացիան լիներ, որը նույնպես տեղի չունեցավ։ Հենց միայն սա բավական է, որ կասկածանքով նայենք նորերին:
-Անվանափոխություն ասվածը հասկանալի է՝ ՀՀԿ-ի փոխարինումը ՔՊ-ով, իսկ անձնափոխություն ասելո՞վ ինչ նկատի ունեք այն դեպքում, երբ ՀՀԿ-ական շատ կադրեր շարունակում են պաշտոնավարել պետական համակարգում ու հենց Լոռիում:
-Հայտնի ֆիլմի հերոսը մի քանի գույնի գլխարկ էր պահում, եկան կարմիրները՝ դնում է կարմիր գլխարկը, սպիտակները վերադարձան՝ խնդիր չկա, ինքն ունի նաև սպիտակ գլխարկ... Նախկինների մի ստվար մասը սովոր էր մի դաշտից մյուսը անցնելու, շատ հեշտ ադապտացվել նոր՝ փոփոխված միջավայրին, ու հանկարծ հայտարարվում է՝ սեր ու համերաշխություն, ավելին պետք էլ չէր հներին: Մյուս կողմից, նորերը լավ են հասկանում, որ չունեն անհրաժեշտ մասնագիտական որակյալ կադրային բազա, որով կարողանան փոխարինել հին ռեժիմի դրածոներին։ Չեն էլ ցանկանում այդ բազան հավաքել հասարակության լայն շերտերից, այլ քաղաքական հոսանքներից՝ ամեն կերպ փորձելով ղեկը բոլոր ոլորտներում իրենց ձեռքում պահել, բոլոր պաշտոններում ունենալ բացառապես յուրայինների կամ գոնե վերահսկելի կադրերի։ Այստեղ շատ հարմար էին հները, որոնք «դըմփ-դըմփ-հու»-ով մաքրազերծվեցին ու սկսեցին ծառայել նոր տերերին։
-Հետհեղափոխական կադրային քաղաքականությունը առանձնահատուկ զարգացումներ ունեցավ Լոռիում՝ կապված մարզը սկզբում ԲՀԿ-ի ղեկավարմանը հանձնելու, ապա դրան հաջորդող՝ ԲՀԿ և ՔՊ տարածքային ղեկավարների կողմից պետական պաշտոններում յուրաքանչյուրն իր յուրայիններին առաջ մղելու հակամարտության հետ: Հաջորդիվ՝ ԲՀԿ-ական մարզպետին ՔՊ-ականով փոխարինելուց հետո, այդ պայքարը տեղափոխվեց ու շարունակվեց ՔՊ-ականների ներսում՝ վերածվելով ներկուսակցական, ներթիմային խժդժությունների: Եվ այս ամենից այլ տպավորություն չենք ստանում, քան այն, որ Լոռիում, ձեր խոսքով՝ «անվանափոխություն կամ տեղափոխություն» ասվածն ընդամենը ամենասովորական աթոռակռիվ էր: Ի՞նչ կասեք որպես լոռեցի, որի աչքի առաջ են կատարվել այս իրադարձությունները:
-Այո, ճիշտ եք, Լոռիում մարզպետ նշանակվեց ԲՀԿ-ից, ինչը առաջացրեց ՔՊ-ականների դժգոհությունը, և արդյունքում սկսվեց երբեմն քողարկված, երբեմն ակնհայտ հակամարտություն։ Թե այս վիճակը, թե ներքին անհամաձայնությունները մեկ կուսակցության ներսում մենք էլի ենք տեսել անցյալում, երբ նախկին ռեժիմը կոալիցիա էր կազմում այլ ուժերի հետ և նրանց հանձնում մարզպետների որոշակի թվով պորտֆելներ: Այս երևույթը հանդիպել է նաև այլ մակարդակներում, օրինակ` նախարարական պորտֆելների բաշխման դեպքում: Մարդիկ ձգտում են բարձր պաշտոնի՝ ցավալիորեն ճիշտ չգնահատելով այդ պաշտոնին իրենց համատեղելիությունը, այդ պաշտոնից բխող գործառույթներն իրականացնելու իրենց իրական կարողությունները: Սա կար ՀՀԿ-ի ժամանակ, դրանից առաջ, ու կա նաև հիմա, հակառակ պարագայում մենք արդեն բազմաթիվ դրական փոփոխություններ արձանագրած կլինեինք մեր կյանքում։ Կառավարությունն ու պետական մյուս կառույցները լցված են մարդկանցով, որոնց ճնշող մեծամասնությունը չի կարողանում աշխատել։ Կենսական կարևորության հարցերը թողել դրոշ ու հիմն են ուզում փոխել: Կարծես աբսուրդի թատրոն եկած լինենք։ Այս մարդիկ չեն գիտակցում, որ ժողովուրդն ունի սպասելիքներ, ու եթե դրանք չիրականացան, իրենց չեն ներելու:
Նոր իշխանությունների օրոք փոխվեցին մարզային ղեկավարները։ Դրական փոփոխություն ես չեմ տեսնում։ Մարզերում կարևորվում է հատկապես գործազրկության վերացումը, աշխատատեղերի ստեղծումը, որոնց հետ կապված դրական միտումներ չկան: Միակ նորությունը Վանաձորում գազի բալոնների արտադրամասի բացումն է, որի պայմանավորվածություններն էլ ձեռք են բերվել դեռևս նախկին ռեժիմի ժամանակ։ Նոր նշանակվածներից քչերին եմ ճանաչում, հիմնական մասին չեմ հանդիպել մարզի խնդիրների համար պայքարի ճանապարհին, որի միջով ինքս եմ անցել, ուստի մարզի կադրային քաղաքականությունը կարող եմ գնահատել երկրում ընթացող ընդհանուր քաղաքականության համատեքստում, որը դատապարտում եմ։ Ի՞նչ չափորոշիչներով են աշխատանքի ընդունում, հասկանալի չէ: Եթե քայլելով, մենք էլ ենք քայլել: Երբ իրենցից շատերը դեռ խանձարուրում էին, հալածվել ենք, ձերբակալվել ու բազմաթիվ անգամ բերման ենթարկվել, բայց այդ ամենի հետ մեկտեղ կծիծաղեի, եթե ինձ դրա համար առաջարկեին նախարար դառնալ:
-Եվ այնուամենայնիվ, պաշտոնների բաշխումը Լոռիում կուսակցական սկզբունքով էլ չեղավ, ավելի շատ խնամի-ծանոթ-բարեկամ, ընկեր-յուրային՝ հին մեխանիզմը գործադրվեց: Լոռու ներկայիս ՔՊ-ական մարզպետը Վանաձորի հիվանդանոցի նորանշանակ տնօրենի պաշտոնակատարի դեպքում հրապարակավ հայտարարեց, որ իր ընկերն է:
-Բազմաթիվ նման դեպքերի ականատես եղանք: Սովորաբար միջին օղակի ղեկավարները նայում են վերևներին. ինչ տեսան, ընդօրինակում են՝ համարելով, որ դա թույլատրված է:
-Խորհրդարանական ընտրությունների ընթա՞ցքն ինչպիսին էր Լոռու մարզում:
-Այստեղ ընտրություններն անցան ճիշտ այնպես, ինչպես մյուս մարզերում ու Երևանում։ Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներում ինձ համար զարմանալի կամ չսպասված որևէ բան չկար։ Բայց կա ցավալի իրողություն՝ ԱԺ-ում ընդդիմության բացակայությունը: Այդ բացը կարող էին լրացնել «Ազգային առաջընթացն» ու «Սասնա ծռերը», երկուսն էլ շատ առողջ ընդդիմություն կլինեին։ Մասնակից նորաստեղծ մյուս կուսակցությունները շանսեր չունեին, շատ էին թույլ։ Վերադառնալով «Ազգային առաջընթացին» և «Սասնա ծռերին»՝ երկուսն էլ վրիպում թույլ տվեցին՝ ընտրարշավի հիմքում դնելով գաղափարականը. դեռ երկար տասնամյակներ գաղափարականը ընտրություններում որոշիչ դեր չի խաղալու Հայաստանում:
-Ամփոփ վերարտադրեք Ձեր շրջապատում, մարզի բնակչության շրջանում առկա ընդհանուր տրամադրությունները՝ իշխանության փոփոխության ընթացքում և հիմա:
-Բնակիչները սկզբում հուսով էին, թե դրական փոփոխություններ կտեսնեն, հիմա գնալով դժգոհությունը, հիասթափությունն ավելանում են: Սովորական քաղաքացիները աշխատատեղ են ուզում, ապրելու պարզ պայմաններ, միջին խավը դժգոհում է, որ իրեն խաբել են: Գարնանը հնարավոր է արտագաղթի չտեսնված հոսք լինի: Մի պարզ բան կա, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չընկալեց, որ ինքը քաղաքացու շահերն ու պահանջմունքները սպասարկողն է, ոչ թե խելքին բրթածն անողը ու դա քաղաքացիներին պարտադրողը։ Օրենքներն են քաղաքացիների համար, ոչ թե քաղաքացին՝ օրենքների։ Քանի դեռ այս պարզունակ կանոնը յուրացված չէ, ու քանի դեռ իշխանությունը չի շարժվում այս կանոնին համապատասխան, քաղաքացիները միշտ էլ դժգոհության օբյեկտիվ պատճառներ են ունենալու։


Զրույցը`
Ադրիեն ԹՈՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3223

Մեկնաբանություններ