Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու»

«Մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու»
15.02.2019 | 01:33

Թեև ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» շատ քննադատեցին կառավարության ներկայացրած ծրագիրը, այնուհանդերձ այն կհաստատվի` միայն «Իմ քայլի» պատգամավորների ձայնը բավարար է։ Քննադատության հիմնական թիրախը ծրագրում թվերի բացակայությունն էր, այլ կերպ ասած, ընդդիմադիր թևն ուզում էր ծրագրում տնտեսական հիմնավորումներ տեսնել։ Նույն ակնկալիքով էլ դիմեցինք «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնտեսական մեկնաբան, այսօր արդեն «Իմ քայլը» դաշինքի անդամ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ։


-Մի պահ պատկերացնենք, որ Դուք դեռևս ընդդիմադիր թերթում եք, պատգամավոր չեք, կառավարությունն էլ այսպիսի ծրագիր է ներկայացրել. ինչպիսին որ ներկայացրել է այս կառավարությունը, ինչպիսի՞ն կլիներ Ձեր գնահատականը։
-Եթե այդ կառավարությունն ունենար վստահության այնպիսի քվե, ինչպիսին ունի այս կառավարությունը, ապա իմ վերաբերմունքը նույնը կլիներ։ Մինչ օրս որևէ կառավարության հաջողվե՞լ է այս աստիճան նվազեցնել կոռուպցիան և ապամոնոպոլիզացնել տնտեսությունը։ Իսկ այս կառավարությունն ընդամենը 8 ամսում այդ ամենը իրականություն դարձրեց։ Եվ երբ հիմա ասում են, թե այս կառավարությունն իր ծրագրում թվեր չի ներկայացնում, ինչի՞ մասին է խոսքը։ Ավելի լավ էր նախորդ կառավարությունների օրինակով գույնզգույն զարդանախշերով և թվերով լի ծրագիր բերվեր, հետո ոչինչ չարվե՞ր։ Այդպես լա՞վ կլիներ։
-Ասեմ ինչի մասին է խոսքը։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ տնտեսությունը կոնկրետ ոլորտ է և մտավարժանքներ չի սիրում։ Հիմա, երբ կարևորում եք արդար ընտրությունների արդյունքները, ուզում եմ հասկանալ` ընտրությունները տնտեսակա՞ն կատեգորիա է։
-Խնդրում եմ պարզաբանեք Ձեր հարցը։
-ՈՒզում եմ հասկանալ` արդար ընտրությունների և տնտեսական աճի միջև կապ կա՞։
-Միանշանակ։
-Հիմնավորեք։
-Ինչպես ես, այնպես էլ Դուք և շատ ու շատ տնտեսական մեկնաբաններ տարիներ շարունակ ասել ենք, որ տնտեսական զգալի աճ չի կարող լինել, քանի որ մեր տնտեսությունը մոնոնոլիզացված է։ Հիմա այն ապամոնոպոլիզացված է։
-Այո, մի ժամանակ Ձեր և մեր մյուս գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Հայաստանը տնտեսական երկնիշ աճ է ապահովել` սկսած 2001-2009 թվականներից։ Ինչևէ, վերադառնանք ներկային։ Վարչապետը հայտարարեց, որ այսօրվանից մեկնարկում է տնտեսական հեղափոխությունը, ինչը ենթադրում է, որ մեկ տարի հետո հայաստանյան տնտեսությունում լուրջ ձեռքբերումներ են լինելու։ Դուք դրան հավատու՞մ եք։
-Միանշանակ։ Ասեմ ավելին` մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու։
-Այդ դեպքում ինչու՞ այդ «ավելի լավ» ասվածը մանրամասն թվերով ներկայացված չէ կառավարության ծրագրում։
-Օրինա՞կ։
-Օրինակ, խոսվում է ներդրումների աճի մասին, սակայն չեն ներկայացվում ակնկալվող գումարներն ու հնարավոր հոսքերը։
-Դուք կարո՞ղ եք գտնել որևէ Նոբելյան մրցանակակրի, որը կգա Հայաստան, կուսումնասիրի իրավիճակը և, ըստ այդմ, կկարողանա բանաձև գտնել։ Թվերի հետևում պետք է բանաձև լինի։
-Այո, բայց յուրաքանչյուր բանաձևի տակ պետք է թիվ լինի։
-Ոչ, յուրաքանչյուր թիվ պետք է բանաձև ունենա։
-Բայց այդ երկուսը խիստ փոխկապակցված են։
-Ես նորից եմ կրկնում, գիտե՞ք այդպիսի Նոբելյան մրցանակակիր տնտեսագետի, որը կուսումնասիրի Հայաստանի տնտեսական դաշտը և բանաձև կառաջարկի, ասենք, Հայաստանի տնտեսությունում մեկ տարի հետո ներդրումները կազմեն 762,7 մլն դոլար։
-Պարոն Գևորգյան, Դուք որպես տնտեսական մեկնաբան քննադատում էիք նախորդ կառավարությունների ծրագրերը և բացասական եզրակացություն տալիս ներկայացված թվերին։
-Ես միշտ կասկածել եմ այդ թվերին։
-Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ այս կառավարությունը թվերի լեզվով չի խոսում, որպեսզի կասկածի տեղիք չտա։
-Դուք լրիվ ուրիշ ուղղությամբ եք հարցը տանում։ Եկեք վերադառնանք ներդրումներին։ Ասենք այս պահին բանակցում եմ որևէ ներդրողի հետ, որը մտադիր է 200 մլն դոլարի ներդրում իրականացնել, սակայն մինչ այդ պահանջում է շուկայի, լոգիստիկ և բազմաթիվ այլ ուսումնասիրություններ և որոշում, որ ոչ թե երկու ամիս, այլ ինն ամիս հետո է անելու ներդրում։ Դա ինչպե՞ս պետք է հաշվարկենք և ներկայացնենք ծրագրում։ Նման թիվը հնարավոր չէ դնել ծրագրի մեջ։ Մենք ծրագրում ֆիքսել ենք այն նվազագույն շեմերը, որոնք պետք է հաղթահարենք։ Օրինակ, նախատեսված է, որ տնտեսական միջին աճը տարեկան առնվազն պետք է կազմի 5 %։ Դա այն թիվն է, որը, անկախ ամեն ինչից, պետք է ապահովվի, սակայն, եթե այդ աճը կազմի 11 %, կարծում եմ` դժգոհ չեք լինի։
-Իհարկե դժգոհ չեմ լինի, Աստված տա այդպես էլ լինի։
-ՈՒրեմն եկեք առնվազն 5 % տնտեսական աճը ֆիքսենք և գնանք առաջ։
-Փաստորեն, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, պետք է ասենք, որ այս դեպքում գործում է PR-ի կանոնը։
-Եթե դրանից ելնելով գործեինք, ապա ծրագրում տնտեսական աճը կֆիքսեինք 11 %։
-Դա ճիշտ չէր լինի, քանի որ ներկա իրավիճակում երկնիշ տնտեսական աճ ապահովելն անիրատեսական է, և այն չիրականացնելու դեպքում կառավարությունը ստիպված պետք է լիներ արդարանալ։ Իսկ այսպես ավելի լավ է խոսել փոքր թվերից, որպեսզի անգամ 1 % աճը երևացող լինի։
-Դե, գիտե՞ք ինչ, կարող է հիմա արևից հետո ձյուն գա։ Կամ, ասենք, գյուղատնտեսությունում որևէ թիվ կանխատեսենք, առանց իմանալու` ցրտահարություն կլինի՞, թե՞ ոչ։ Սա ինչու եմ ասում, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ բոլոր ոլորտներում չէ, որ թվերով կանխատեսելը ճիշտ է։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ