Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրան-ԱՄՆ. Իրաքում մրցակցությունը չի հանդարտվում

Իրան-ԱՄՆ. Իրաքում մրցակցությունը  չի հանդարտվում
22.02.2019 | 03:24

Փետրվարի 13-14-ին ԱՄՆ-ը և Իսրայելը Վարշավայում կազմակերպեցին երրորդ կարգի երկրների հակաիրանական խառնաժողով բարձրահունչ, բայց իրականում սին անվանումով` «Մերձավոր Արևելքի գծով նախարարական կոնֆերանս»։ Գործնականում այն ոչինչ է, քանի որ դրան չեն մասնակցում Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Կատարը, ևս մի շարք արաբական երկրներ։ Եվ ամենագլխավորը. չեն մասնակցում Իրանը, Չինաստանը, Եվրամիությունը, եվրոպական առաջատար երկրներից ներկա էին երրորդ-չորրորդ կարգի պաշտոնյաներ։ Պետության միակ ղեկավարը Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էր։ Գուցե հետագայում անդրադառնանք այդ խառնաժողովին, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը փորձեն ինչ-որ բան զարգացնել «Վարշավայի կոնֆերանսի փաստաթղթերի» հիման վրա։ Առայժմ ընթերցողների ուշադրությանը ներկայացնեմ Իրաքի իրադրությունը։ Այդ երկիրը սարսափելի ճնշման է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից. վերջերս լուրջ վեճ առաջացավ Վաշինգտոնի և Բաղդադի միջև, իհարկե` Իրանի և այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ը Իրաքից չի հանում իր զորքերը։
Գնահատելով իրադարձություններն Իրաքում մոտավորապես դեկտեմբերի երկրորդ կեսից մինչև օրերս, պետք է արձանագրել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ակտիվության բարձրացումը։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Իրաքի կառավարության հետ Վաշինգտոնի ու Լոնդոնի շփումներին, այդ թվում` ռազմական գծով, այլև ամերիկացիների և անգլիացիների ազդեցությանը Իրաքի քրդական ցեղերի վրա։ Հենց ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչների և Էրբիլի շփումներից հետո հանկարծակի, հունվարի 8-ի գիշերը, «Քրդստանի հայրենասիրական միություն» (ՔՀՄ) կուսակցության անդամներն Իրաքի Քիրքուք վիճելի նահանգի իրենց գրասենյակի վրա բարձրացրին «անկախ Քրդստանի» դրոշը, բայց նույն գիշերը դրոշը հանվեց Իրաքի հակաահաբեկչական ուժերի կողմից։ Այսինքն` Իրաքի «Ալ Խաշդ աշ Շաաբի» շիական աշխարհազորի մարտիկների։ Հասարակական շենքերի վրա «Քրդստանի» դրոշի բարձրացումը Քիրքուքում արգելվել է 2017-ի հոկտեմբերի 16-ից հետո, երբ Իրաքի բանակը և «Աշ Շաաբիի» իրանամետ ուժերը Մասուդ Բարզանիի կլանի քրդերին դուրս մղեցին վիճելի տարածքներից ի պատասխան «Քրդստանի անկախության» հանրաքվեի։ Սակայն ՔՀՄ-ի ներկայացուցիչները հունվարի 8-ի առավոտյան հայտարարեցին, թե իբր «Աշ Շաաբին» է տվել դրոշը բարձրացնելու թույլտվությունը։ Բայց եղավ այն, ինչն արդեն գիտենք, այսինքն քրդական կողմը ստում էր։


Անցյալ տարի մենք քանիցս նշել ենք, որ Արևմուտքը փորձում է Իրաքի շիաներին և քրդերի զգալի մասը «պոկել» Իրանի ազդեցությունից։ Իրանն ամենալուրջ գործոնն է, երբ որևէ մեկը փորձում է գլուխ հանել ներիրաքյան իրադարձություններից ու փաստերից, չնայած ԱՄՆ-ի և Անգլիայի ազդեցությունն առաջվա պես ուժեղ է Բաղդադում։ Ըստ էության, նույնիսկ 90-95 %-ով շիաբնակ Բասրայի իրադարձությունները` կապված տեղացի շիաների այն պահանջի հետ, որ իրենց նահանգին էլ տրվի նույնքան ինքնավարություն, որքան Իրաքի Սահմանադրությամբ ստացել են Իրաքի հյուսիսի քրդերը, նույնպես կապված էին Իրանի հետ անգլոսաքսերի միջնորդավորված դիմակայության և ոչ թե այն բանի հետ, որ իրաքցիներն իրենք են շահագրգռված իրենց երկրի մասնատման խորացմամբ։ Ի դեպ, դեկտեմբերի 25-ից իշխանությունների դեմ Բասրայի շիաների ելույթները վերսկսվեցին, և դա պատահական չէ։ Դժվար է ասել, թե դա ինչի հետ է կապված, որովհետև ամառային բողոքներից հետո Իրաքի կառավարությունը կարծես թե ինչ-որ միջոցներ ձեռնարկել էր։ Բայց այստեղ դժվար է բացառել մեկ այլ բան. երևի, տեսնելով, թե ինչպես են ակտիվացել անգլոսաքսերը, շիաների առաջնորդները, որոնք այսօր ճանաչված հեղինակություններ են` այաթոլահներ Ալի աս-Սիստանին և աս-Սադրը, «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» դաշտային հրամանատար Խադի ալ-Ամերին, որոշել են իրենք էլ նպաստել հանրության մեջ անկայունության խորացմանը, որպեսզի վարչապետ Աբդուլ-Մահդիի ձեռքերը «կապված լինեն» ԱՄՆ-ի և Անգլիայի հետ շփումների ժամանակ։ Իրաքի շիաների առաջնորդների նման մտադրությունների հնարավորությունը մենք կապում ենք այն բանի հետ, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու մտադրության մասին։


Այժմ արդեն ամերիկացիներն էլ չեն թաքցնում, որ այդ զորքերն Իրաք են տարվելու, համենայն դեպս` առաջին փուլում։ Արդեն Նոր տարուց առաջ այդ մասին բացեիբաց գրում էին Իրաքի գրեթե բոլոր քրդական աղբյուրները։ Ավելին, ինչպես պարզվեց, դեկտեմբերի 24-ին ԱՄՆ-ը դիմել է Իրաքի կառավարությանը` խնդրելով զինվորներ տեղակայել Սիրիայի հյուսիս-արևելքում և ամերիկյան զորքերի հեռանալուց հետո այդ շրջանը պաշտպանել ԻՊ-ի հարձակումներից։ Բայց ԱՄՆ-ի այդ առաջարկին Իրաքի պատասխանի մասին ոչ մի բան չի հրապարակվել։ Իսկ մենք հիշեցնենք, որ Իրաքում կա մոտ 5300 ամերիկացի զինվորական, որոնք սովորեցնում են տեղի զինուժին և Բարզանիի կլանի քուրդ աշխարհազորայիններին։
Տարածաշրջանում փոքրիկ «դիվանագիտական փոթորկի» լուրջ պատճառ դարձավ տիկնոջ հետ նախագահ Թրամփի անսպասելի այցը Իրաք` «Ալ Ասադի» ամերիկյան ավիաբազա։ «Նախագահ Թրամփը և առաջին տիկին Մելանյան Իրաք ժամանեցին Ծննդյան գիշերվա ուշ երեկոյան, որպեսզի մեր զորքին և հրամանատարությանը շնորհակալություն հայտնեն ծառայության, հաջողությունների և զոհերի համար և նրանց մաղթեն երջանիկ Ծնունդ»,- այդ ժամանակ հայտարարեց Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Այնտեղից հետո Թրամփն այցելել է նաև Գերմանիա` Ռամշտայնում գտնվող ամերիկյան ավիաբազա։ Ի լրումն այդ տեղեկությունների, ամերիկյան «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքը, որ նա «չի պլանավորում» Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրս հանումը։


Իսկ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Վաշինգտոնը երկու նոր ռազմաբազա է ստեղծել Իրաքի արևմտյան Անբար նահանգում։ Մեկը գտնվում է նահանգի հյուսիսային Ռումանա ենթաշրջանում, սիրիական սահմանից ոչ հեռու, նահանգի Էր Ռամադի մայրաքաղաքից 360 կմ արևմուտք, մյուսը` Ալ Ռուտբա քաղաքի արևելքում, Էր Ռամադիից 310 կմ արևմուտք և Սիրիայի սահմանից 100 կմ հեռու։ Ըստ Անբար նահանգի ժամանակավոր խորհրդի անդամ Ֆարհան ալ Դուլեյմիի, բազաներն իբր ստեղծվել են, որ իրաքյան ուժերին օգնեն պաշտպանելու Սիրիային սահմանակից գոտին և կանխելու ԻՊ-ի ահաբեկիչների ցանկացած ներխուժում։ «Ներկայումս այդ երկու բազայում տեղաբաշխված են մի քանի տասնյակ ամերիկացի զինվորներ, անօդաչու սարքեր և այլ սարքավորումներ»,- նշել է ալ Դուլեյմին։ Թե ինչպես կօգտագործեն ամերիկացիներն այդ բազաները, միայն Ալլահին է հայտնի։ Ի դեպ, սիրիացի քրդերի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել, որ «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» (ՔԺԻ) ջոկատները, որոնք ակտիվորեն «վերակազմավորվում» և դառնում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ռուս զինվորականների դաշնակիցներ, հանկարծակի և շատ արդյունավետ կերպով սկսել են գերի վերցնել ԻՊ-ի` տարբեր երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից եկած ահաբեկիչների։ Այսպես, հունվարի 6-7-ին սիրիացի քրդերը գերել են 8 ահաբեկչի, որոնք եկել են ԱՄՆ-ից, ՈՒկրաինայից, Գերմանիայից, Ղազախստանից, Տաջիկստանից, ՈՒզբեկստանից և Ռուսաստանից։ Հետո քրդերը հայտնել են, որ գերել են ևս 5 ահաբեկչի` իռլանդացի, ամերիկացի և պակիստանցի, ընդ որում, հայտնել են ամերիկացի երկու ահաբեկչի անունները։ Համոզված ենք, որ ԻՊ-ի ահաբեկիչներին գերելու այդ գործողությունները, դեռ անուն-ազգանուններն էլ հայտնելով, պատահական չեն, բացառված չէ, որ նույնիսկ սիրիացի քրդերի, սիրիական բանակի հրամանատարության և Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարության համատեղ պլանավորված գործողություն են։


Բայց մինչև վերջ գնանք Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հարցում։ Հունվարի 7-ին Իրաքում ամերիկացի զինվորականները հանկարծ ծանուցեցին Իրաքի զորքերին և, այսպես կոչված, «իրանամետ շիա ուժերին», այսինքն «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» աշխարհազորին, որ նրանք դուրս գան Քիրքուքի «K1» ռազմաբազայից, «որտեղ տեղաբաշխվում են ամերիկյան զորքերը»։ Անկեղծ ասած, այդ տեղեկությունը չափազանց տարօրինակ է թվում։

Ռազմավարական «K1» բազան ԱՄՆ-ի բանակն օգտագործել է 2003-2014 թթ.։ Ավելի ուշ այն գտնվել է Բարզանիի կլանի փեշմերգայի քրդական զորքերի վերահսկողության ներքո մինչև 2017-ի հոկտեմբերը, երբ Իրաքի բանակը և «Աշ-Շաաբիի» աշխարհազորայինները նրանց դուրս մղեցին Քիրքուքից` ի պատասխան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի։ Քրդական «Rudaw» աղբյուրը, հղում անելով փեշմերգայի հրամանատար Նուրի Խամ Ալիին, հայտնել է, որ «K1» բազա են ժամանել ամերիկյան զորամասեր, իսկ Իրաքի բանակը և շիա աշխարհազորայինները տեղեկացվել են բազան ազատելու անհրաժեշտության մասին։ Ժամանած զորքերի մի մասը եկել է Սիրիայից, մյուսները` Իրաքի արևմուտքի Անբար նահանգից։ Ըստ Ալիի, ամերիկացիների նոր տեղաբաշխման նպատակը պարզ չէ, բայց ենթադրվում է, որ «դա կարող է կապված լինել Քիրքուք քրդական ուժերի վերադարձի հետ»։ Քուրդ հրամանատարի հետ չենք վիճի, բայց ընթերցողին վերադարձնենք նյութի սկզբին, երբ հայտնեցինք քրդական դրոշով Թալաբանիի կլանի ՔՀՄ կուսակցության սադրանքի և «Իրաքի հակաահաբեկչական ուժերի» արձագանքի մասին։ Ինչպես տեսել ենք, «K1» բազա ժամանած ամերիկացիները որևէ կերպ չեն միջամտել և Թալաբանիի քրդերին չեն օգնել, որ հակահարված տան «Աշ-Շաաբիի» աշխարհազորայիններին։ Այսպիսով «K1»-ում ամերիկացիների նոր ծավալման նպատակը բոլորովին էլ «քրդական ուժերը Քիրքուք վերադարձնելուն» աջակցելը չէ։ Չէ՞ որ Իրաքի կենտրոնական կառավարության հետ սակարկությունները շարունակվում են, և ԱՄՆ-ը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել «երկու նապաստակ». 1) Վաշինգտոնի հետ «համաձայնեցված» վարչապետ Ադել Աբդուլ Մահդիին (շիա)` իր շրջապատով, 2) հյուսիսային Իրաքի բոլոր քրդական խմբավորումները։ Իսկ այդ պայմաններում Քիրքուքի հարցում քրդերի հետ գործակցությունը Վաշինգտոնի համար կնշանակեր իրաքցի շիաների հետ «խաղերի» վախճան։


Սակայն իրավիճակն ակնհայտորեն այն չէ, և այն չէ հենց ԱՄՆ-ի համար, ոչ թե այլ «խաղացողների»` ինչպես արտա-, այնպես էլ ներիրաքյան։ Որովհետև Թրամփի անսպասելի, միջպետական մակարդակով չպայմանավորված այցն Իրաք պայթեցրեց շիաներին և նրանց դժգոհության իսկական ցունամի առաջացրեց։ Իրաքի նախկին վարչապետ Հեյդար Աբադին դատապարտեց Թրամփի վարքը, հայտարարելով, որ դա կարող է վնաս հասցնել Բաղդադի և Վաշինգտոնի հարաբերություններին։ Ինչպես ասված է Աբադիի հայտարարության մեջ, Թրամփի այցը, որի ժամանակ նա չհանդիպեց Իրաքի պաշտոնատար անձանց հետ, հակասում է երկու պետությունների հարաբերությունները որոշող սկզբունքներին։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ի և Իրաքի կապերում ձեռք բերված հաջողությունը կարող է զրոյի հավասարվել Թրամփի այցով։ Նա նաև ասաց, որ աշխարհը պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և հասկանա, որ ուժեղ Իրաքը շահավետ է տարածաշրջանի և աշխարհի համար։ Աբադին Թրամփի այցը դատապարտող միակ իրաքցի պաշտոնյան չէր։ Թրամփը չի հանդիպել իրաքցի ոչ մի պաշտոնյայի հետ, իսկ այցը տևել է ընդամենը 3 ժամ։ Շատ օրենսդիրներ դա համարեցին «Իրաքի ինքնիշխանության խախտում»։ Այսպես, խիստ հակաամերիկյան տրամադրվածություն ունեցող այաթոլահ Մուկթադ աս-Սադրի «Սաիրուն» դաշինքից խորհրդարանի անդամ Գայիբ Օմեյրին ասաց, որ Թրամփին չեն ողջունում Իրաքում։ Իսկ նախկին պատգամավոր Սիրվա Աբդուլվահիդը քննադատեց Իրաքի նախագահին ու վարչապետին, հայտարարելով, որ նրանք չեն կարող իրաքցիների հարգանքի հույս ունենալ, երբ այլ երկրներ չեն հարգում իրաքցի առաջնորդներին։ «Ֆեյսբուքի» և «Թվիթերի» իրանամետ էջերը ևս արձագանքել են Թրամփի այցին և ամերիկյան զորքերն անվանել «օկուպանտներ», որոնք պետք է հեռանան Իրաքից։ Պատգամավոր Սաբահ Սաիդին հայտարարել է, որ խորհրդարանին կոչ է անելու արտահերթ նիստ հրավիրել` Իրաք Թրամփի այցը քննարկելու համար։ «Իրաքի ամերիկյան օկուպացիան ավարտված է»,- պատգամավորից մեջբերում է անում «Ասոշիեյթեդ փրեսը»։ Ըստ Իրանի պաշտպանությունը վայելող շիա աշխարհազորայինների ևս մեկ առաջնորդ Կայիս Խազալիի, այն, թե Թրամփն ինչպես այցելեց Իրաք, «բացահայտեց Իրաքում ամերիկյան պլանների մասին ճշմարտությունը»։ Նա ասաց, որ «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» շիա աշխարհազորայինները մտադիր են հասնելու Իրաքից ամերիկյան զորքերի դուրսքշմանը խորհրդարանի միջոցով կամ ուժով։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ