Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ֆերարիի» ու արագությունների մասին ընդհանրապես

«Ֆերարիի» ու արագությունների մասին ընդհանրապես
22.03.2019 | 02:15

Չէ, ֆիզիկայի լիկբեզի տրամադրություն չունեմ: Տրամադրությունս բարձր է` խորապես հիացած եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 19-ի ասուլիսով: 4 ու կես ժամ ու ավելի խոսել, ընդամենը մի գավաթ «սեպարատ սուրճով»` առանց դադարի, այն էլ Մատենադարանում, համարյա 80 լրատվամիջոցի համար, սխրանք է: Նույնիսկ գրող ու բանաստեղծ, լրագրող վարչապետի համար: Խորապես հիացած եմ, որովհետև քննարկվեցին Հայաստանին վերաբերող հարցերը ու ստացան սպառիչ պատասխաններ: Անպարագիծ հիացմունքս առ վարչապետը մի թեթև մթագնում է սողացող կասկածը, որ 37 տարի լինելով լրագրող` ես փաստորեն չեմ հասկացել, թե ինչ է լրագրությունը, ինչ պիտի անի լրագրողը: Իրեն հարգող ու մտածող լրագրողը: Փաստացի` վրիպել եմ, երբ համարել եմ, որ իրադարձության ու իրադարձության լուսաբանման միջև լրագրողը ունի մտածելու ու գնահատելու պարտականություն, հակառակ դեպքում ռեպորտյոր է` ինչ-որտեղ-երբ-ի փոխանցող, որ նույնպես չափազանց կարևոր է` իբրև ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված, տեղեկացված լինելու իրավունքի իրականացում: Ռեպորտյորն ու լրագրողը տարբեր հարցեր են լուծում ու տարբեր խնդիրներ ունեն: Միամտությու՞ն, թե՞ անմտություն է կարծելը, որ վարչապետի ասուլիսը պիտի լուսաբանեն լրագրողները: Եվ լրագրողները պետք է ունենան տեսակետ: Պատկերացում երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մասին: Միամտությու՞ն, թե՞ անմտություն է մտածելը, որ երբ վարչապետը հրավիրում է ասուլիս, ասելիք ունի` դեռ չհնչած: Կամ, գոնե, ուզում է ամփոփել ու ամրապնդել տարբեր առիթներով հնչեցրած տեսակետները:


Մարտի 19-ի ասուլիսում չհնչեց որևէ նորություն, ժամը 12-ին ու ժամը 17-ին գիտեինք նույնը` հնչերանգների տարբերությամբ: Գիտեինք ու համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը (ինչպես Հովիկ Աբրահամյանը) յուրայիններին չի հանձնում և պատրաստ է ստանձնել նրանց պաշտպանությունը, նույնիսկ երբ խախտել են օրենքը կամ ակնհայտ հիմարություն են արել: Օրինակ, քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է` մրցույթների օրենքը խախտել է, որովհետև վարչապետն ամեն օր զանգահարել է ու հարցրել. «Հայկ, բա որ ձյուն գա, ի՞նչ ես անելու»: Ձյուն էլ, հակառակի պես, չեկավ: Օրինակ, Լուսինե Բադալյանի` ԱԺ պատգամավոր Լուլուի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառմանն այդպես էլ գնահատական չտրվեց, փոխարենը խոհափիլիսոփայական դատողություններ հնչեցին: Շատ կարևոր, բայց ոչ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան: Կամ` ցիտում ենք ՔՊ դասական Լենա Նազարյանին` մեջբերելով ոչինչ չասող ինչ-որ արտահայտություն: Եվ անպարագիծ պաշտպանում ենք կառավարության… սխալվելու իրավունքը, նույնիսկ` անվերջ սխալվելու: Որովհետև ով էլ գա` սխալվելու է: Ինչպե՞ս չհիանալ այս տրամաբանական մարդասիրությամբ: Մանավանդ հակառակն էլ հնչեց` բոլորը պիտի պատասխան տան իրենց սխալների համար` նույնիսկ վարչապետի եղբայրը, եթե օրենք խախտի: «Նախկինների» հանցանքները առավել ևս պատժելի են: Ինքնին հասկանալի է:


…Բառակույտի երրորդ ժամից ես ափսոսում էի, որ ասուլիսը արձակ է, որքան ավելի հնչեղ կլիներ նույն մտքերը չափածո արտահայտելը, հատկապես նեղ ընտանեկան դրվագներում, որ մեզ բոլորիս տարան վարչապետի տուն ու չասեմ ուր` կարևոր հանդիպումներից առաջ: Փաստացի` Հայաստանի Հանրապետությունում կատարվել է հանճարեղ համընկնում` ժողովուրդը վերջապես գտել է նրան, որ իր մակարդակին է, իր միջից ու իր խելքին: Սա եզակի հաջողություն է գավառամիտ ու սահմանափակ հասարակության ու նրա ընտրյալի, բայց հաջողություն չէ պետության համար:


Պետության հաջողության համար բոլորովին այլ դահլիճ պիտի լիներ, բոլորովին այլ հարցերով: 80 լրագրողներից գոնե մեկին պիտի հետաքրքրեր` կառավարության առաջարկվող կառուցվածքով հնարավո՞ր է տնտեսական հեղափոխություն անել: Ինչու՞ է պարապուրդի մեջ լեռնահանքային մետալուրգիան, առավել ևս երբ ինքը` վարչապետն է հայտարարում, որ վերջին ամիսների տնտեսական աճի մեջ չկան լեռնամետալուրգիայի ցուցանիշները: Միջազգային դատարաններում չե՞նք հայտնվի:

Ինչու՞ չկա արդյունաբերությունը վերականգնելու ծրագիր, որ բյուջեին կայուն եկամուտ է բերելու ու աշխատատեղեր է ստեղծելու` լուծելով ժողովրդագրական խնդիր ու կենսամակարդակի բարձրացման: Աղքատության դեմ պայքարը կարգախո՞ս է, վարկեր փակող նպաստառուներին մեկ առ մեկ ուսումնասիրելու կո՞չ: Երբևէ կառավարությունը ունենալու՞ է ԱՇԽԱՏԱՆՔԻ ծրագիր: Թե՞ ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասում` աշխատատեղեր ստեղծելը կառավարության գործառույթը չէ: Հիմա էլ է այդպե՞ս: Ինչու՞ Հայաստանում չի ստեղծվում ատոմային էներգետիկայի նախարարություն ու մտադրություն չկա խաղաղ ատոմը զարգացնել, որ նոր հնարավորություններ է բացում ոչ միայն էներգակիրների դիվերսիֆիկացման, այլև գիտության ու տնտեսության զարգացման համար: Հայաստանին ապահովում է ատոմային տերության բարձր կարգավիճակ, համենայն դեպս, տարածաշրջանում միայն Հայաստանն ունի ատոմակայան: Մեծամորի ԱԷԿ-ը տասնյակ խնդիրներ ունի, որ չի լուծում հայտարարությունը, թե ատոմակայանը չի փակվի, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Ո՞րն է համարժեք նոր հզորությունը: Նոր ԱԷ՞Կ-ը: Որ Հայաստանը մենակ չի կարող կառուցել: ՈՒ սկսվում է աշխարհաքաղաքականությունը:
ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՉԺՀ-ն կարող են վարկ ու տեխնոլոգիա տրամադրել: Քննարկվու՞մ է այդ հարցը: 2008-ին Սերժ Սարգսյանն ասում էր` այո: Նա գիտեր միայն մեկ երկիր` Ռուսաստան, ու պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որ ստանձնեց ամեն ինչի իրավունքը` 20 տոկոս ֆինանսավորման դիմաց: Դա ի սկզբանե անիմաստ էր: 2011-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էր պատրաստ համագործակցել, նա չվերընտրվեց, ռուսներն էլ կանխեցին «երրորդ կողմի» ոլորտ մտնելը: Իսկ հիմա՞:

Հողի, ավազի ու փողի հաշվարկներով այդքան հետաքրքրվող վարչապետը ինչու՞ չի ուզում նոր Հայաստանին արժանի մակարդակով զբաղվել ջրային ռեսուրսների կառավարման հարցերով, թե՞ բավարար է համարում կառավարության նիստում ընդամենը մեկ ընկերության հարկերից ազատելով, որ պատրաստվում է խմելու ջուր արտահանել: Կառավարության խնդիրը դա՞ է, թե՞ անհայտ է` որ նախարարությանը հատկացված ոլորտի վիճակի գույքագրումն ու կուտակված հարցերի լուծումը` սկսած ոռոգումից մինչև խմելու ջուրը: Գյուղատնտեսության զարգացման խոչընդոտը «ստվերային այգինե՞րն» են, թե՞ չմշակվող հողն ու ստացվող գյուղմթերքների սպառումը չապահովելը: Կամ` ինչու՞ ոչ մեկին չհետաքրքրեց ամառ-ձմեռ փակվող-բացվող Լարսը Հայաստանի անե՞ծքն է, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ այլ ճանապարհ կա` երկաթուղի, ավտոմայրուղի` Վրաստանո՞վ, Աբխազիայո՞վ, Չեչնիայո՞վ: Հայաստանը ազգային ավիափոխադրող երբևէ կունենա՞, թե՞ կան հաշվարկներ, որ օտարեկրյա ավիափոխադրողներին հարստացնելն ավելի շահավետ ու էժան է նստում Հայաստանի Հանրապետության վրա: Ինչու՞ են հերթով օտարերկրյա ավիաընկերությունները գալիս ու հեռանում Հայաստանից, ի՞նչը չի ստացվում: Հայաստանի երկինքը փա՞կ, թե՞ բաց է: ՈՒ ընդհանրապես` ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կատարվելու՞ է: Իսկ ազգային անվտանգության հայեցակարգը ո՞րն է: Որևէ մեկը հասկացա՞վ` Ալիևը պնդում է սուբստանցիոնալ օրակարգը ու չի ընդունում անօրակարգ հանդիպման իմաստը, ու` ի՞նչ, բանակցությունները կա՞նգ են առնում, թե՞ շարունակվում են: Կամ` կա՞ն, թե՞ մեռան Վիեննայի 2016-ի պայմանավորվածությունները, ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի բարձրաձայնած նոր սկզբունքների անհրաժեշտությունը քննարկման թեմա՞ է, թե՞ ոչ: «ՍԾ»-ի` Ղարաբաղում իշխանափոխության ծրագրերը ցնդաբանությու՞ն են, թե՞ ռեալ վտանգ: ՈՒ՞մ, եթե ոչ վարչապետին պետք էր այս և ոչ միայն այս հարցերն ուղղել: Թեկուզ հոդաբաշխ պատասխաններ չստանալու, բայց հարց բարձրացնելու հեռանկարով: Դա չէ՞ լրագրողի խնդիրը: Չհաշված` օպերայի շրջակայքի սրճարանների սուպերկարևոր ու անհետաձգելի լուծում պահանջող գերխնդիրը, որ մայրաքաղաքի կանաչապատման հիմքն է: Չհաշված Առաջին տիկնոջ նույնքան գերկարևոր խնդիրը, որ հընթացս ի հայտ բերեց Հայաստանի «միակ» տղամարդուն: ՈՒրիշ ո՞վ չէր պատասխանի վարչապետի հեռախոսազանգերին: Ուրիշ ո՞վ կմերժեր ուղղաթիռով Ղարաբաղ մեկնելու ուշացած հրավերը:

Չհաշված սահմանադրական փոփոխությունների հարցը, որ հընթացս հետաձգում ենք, որովհետև տնտեսական հեղափոխությունն ավելի կարևոր է: Գերկարևոր է, եթե չմնա ՀՀ շարքային քաղաքացիների հույսին: Եթե վարչապետն ու կառավարությունը իմանան` ի՞նչ ու ինչպե՞ս անել: Կամ` ինչու՞ որևէ լրագրողի չհետաքրքրեց` եթե պետական կառավարման համակարգը դեֆակտո գործում է, ինչու՞ են ՀՀ հպարտ քաղաքացիները դեֆակտո փողոցում որոնում իրենց հարցերի լուծումը` դպրոցի ուսուցիչներից մինչև ձեռներեցներ։ ՈՒ` ընդհանրապես դեռ ինչքա՞ն պիտի կառավարության կառուցվածքի օրինագիծը մնա չընդունված: Նորմա՞լ է, որ պետական կառավարման համակարգը ամիսներով անորոշության մեջ է, ոչ ոք չգիտի` կառավարության կառուցվածքի հաստատումից ու նոր կառուցվածքի ձևավորումից հետո կորցնելու՞ է աշխատանքը, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է այդ պայմաններում արդյունավետ աշխատել։ Նորմա՞լ է, որ բողոքի ակցիաներով փողոցներ փակողներն ու Երևան եկողները անձամբ Նիկոլ Փաշինյանին են ուզում հանդիպել։ Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են միայն Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ: Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար: Ինչու՞ են իշխանության բարեփոխումները բախվում դիմադրության: Կառավարման նոր որակը ո՞րն է` կադրային կարուսե՞լը, 1 խնդիր լուծող, 11 խնդիր հարուցող օրինագծե՞րը, անսկիզբ-անվերջ դատավարություննե՞րը, որ եթե «քաղաքական հաշվեհարդար» չեն, հասկանալի չէ` ի՞նչ են, առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմ ներդնելը իրո՞ք միջազգային պարտավորությունն է, թե՞ անհիմն հիմնավորում, տարբեր կառույցների փակումներն ու կրճատումնե՞րը, նորանշանակ մարզպետ-նախարար-պետերի ինքնապարգևատրումնե՞րը: ՈՒ ինչքա՞ն դեռ կդիմանա պետությունը հետհեղափոխական փորձարարությանը:
Եթե հնարավոր է այդքան երկար միմյանց հետ շփվել և չտալ ու չստանալ այս հարցերի պատասխանները, բայց հեռանալ կատարած պարտքի վեհ գիտակցությամբ, մնում է հիանալ պրոֆեսիոնալիզմի մակարդակով ու սքանչանալ, որ այսքան հզոր պետություն ունենք` ինչ անում ենք, դիմանում է: Ամեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մամուլը գրում է, որ օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումները` նրա վարկանիշը տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: 10 ամիս առաջ 90 տոկոս էր: Ո՞վ ասուլիս չէր հրավիրի: Ո՞վ գլուխ չէր գովի, ո՞վ չէր ասի` «Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա: Առաջիկա 5 տարիներում կտեսնենք՝ դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա»: «Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ես համոզված եմ, որ «Իմ քայլը» դաշինքն ավելի մեծ տոկոս կստանա», «Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր»: Իհարկե: Բայց այդ դեպքում ինչ-որ քաղաքապետ, թեկուզ «հայրաքաղաքի», կասե՞ր. «Ինքը քաջատեղյակ է խնդրին: Մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»: Դուխը կներե՞ր: Եվ Դսեղում հուզաթաթավ բանաստեղծություն արտասանող վարչապետը 150-ամյա Հովհաննես Թումանյանի մահվան օրը կգնար Թբիլիսի` միջպետական հարգանքի տուրք մատուցելու, ոչ թե Երևանում համապետական մաքրության օր կհայտարարեր` «Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարևոր միջոցառմանը»` հիշեցումով: Պոպուլիզմն էլ է խելք պահանջում: Իրականում Հայաստանին անհրաժեշտ է ինտելեկտուալ հեղափոխություն, բայց այդ պատմությունը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում: Ոչ էլ այս հասարակությանը, որ, ռեպորտյորի պես, իրադարձություն-իրադարձության վերարտադրություն շղթայում կորցրել է մտածելու օղակը: ՈՒ չի էլ նկատել կորուստը: «Ֆերարին» էլ չի օգնի տեղ հասնելուն, երբ չգիտես` ու՞ր ես գնում:

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ