Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չեմ լռել, երբ իշխանությունը պատկանում էր թալանչիների կլանին, չեմ լռելու, երբ այն անցել է թրիքից ոսկու մեջ ընկած խմբակին»

«Չեմ լռել, երբ իշխանությունը պատկանում էր թալանչիների կլանին, չեմ լռելու, երբ այն անցել է թրիքից ոսկու մեջ ընկած խմբակին»
07.05.2019 | 03:08

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներից մեկ տարի անց աղետալի իրավիճակ է: Հետընթաց է գրանցվում գրեթե բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականության մեջ, առողջապահական, կրթական, սոցիալ-տնտեսական համակարգերում և այլն: Միակ ոլորտը, որ անսասան է մնացել, մեր պաշտպանական համակարգն է՝ հայոց բանակը: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական-հասարակական գործիչ, Երևանի ավագանու նախկին անդամ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ավելացնելով, որ սրվել են միջանձնային հարաբերությունները, ինչն անշեղորեն պառակտման և պետության հիմքերի թուլացման է տանում:

-Ակնհայտ է, որ հասարակությունը կամաց-կամաց արթնանում է թմբիրից ու սկսում էլ ավելի պահանջատեր լինել, հարցեր բարձրաձայնել: Իշխանությունները հասկանու՞մ են, որ նախկին վստահությունը չեն վայելում:
-Իշխանությունները գիտեին, որ իրենց վարկանիշն ընկնելու է, ու դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը շտապողականություն դրսևորեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցում` առանց փոխելու Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրությունը։ Ինչպես դասականն է ասում՝ մարդկանց հաց և տեսարաններ են պետք։ Ներկայիս իշխանությունը մարդկանց միայն տեսարաններ է կարողանում տալ, ու այդ համատեքստում պատահական չէ տարաբնույթ քեֆերի, փառատոների և շոուների կազմակերպումը։ Պետական բյուջեի հսկայական ճեղքվածքը, արտաքին հսկայական պարտքը, Հայաստանում առկա շուրջ 30 % աղքատության պաշտոնական ցուցանիշը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր ավելանում է։ Խելամիտ և ուժեղ առաջնորդն առաջին հերթին այս հարցերը պետք է լուծեր, այլ ոչ թե զբաղվեր տոնակատարություններ անելով, ծանոթ-բարեկամներին պաշտոններ բաժանելով և մեղքի բոլոր սլաքներն ուղղելով նախորդ ռեժիմի վրա։ Եթե նախորդները լավը լինեին, ապա առավել արժանապատիվ կյանք ունենալու մղումով՝ ոտքի չէինք կանգնի ու չէինք պայքարի: Բայց նախորդների քայքայած համակարգը ոտքի կանգնեցնելու փոխարեն, այսօր հիմնահատակ քանդվում են պետության հիմքերը, կանգնած ենք այլ պետության գաղութ դառնալու վտանգի առջև։ Մեր ավագներն իրենց արյունը թափել են հանուն Հայաստանի անկախության, իսկ մենք պարտավոր ենք պահպանել այդ անկախությունը, իրավունք չունենք մեր հերոսների արյունը, առողջությունն ու կյանքն անվանել զոհաբերություն «հանուն ոչնչի»։ Այդպիսի արտահայտություն կարող է անել միայն մարդկային կյանքը չգնահատող անձը, կամ նա, որ այդպես արտահայտվելու հրահանգ ունի: Կարծում եմ՝ միակ բանը, որը չէին կանխատեսել այս ամենը կազմակերպողները, այն է, որ հանրությունն ավելի արագ է ուշքի գալիս թմբիրից, քան իրենք էին ծրագրել։ Հետևաբար՝ ստիպված են փոխել շախմատային ռազմավարությունը։ Բայց մենք պետք է ավելի խորագետ ու զգուշավոր լինենք նոր ծուղակի մեջ չհայտնվելու համար։ Մեկ տարվա ընթացքում ներդրումների հոսք ունենալու համար հնարավոր էր նպաստավոր պայմաններ ստեղծել, մինչդեռ տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչները պետական միջոցներով արտասահմանյան շրջագայությունների են մեկնում, սփյուռքից հավաքագրվող դրամական միջոցները կոնկրետ հիմնադրամների դրամարկղեր են գնում և այսպես շարունակ:
-Դանիել Իոաննիսյանն օրերս գրառում էր կատարել, թե ԱԱԾ պետին վստահել չի կարելի, քանի որ ինչպես Սերժ Սարգսյանին գցեց, այնպես էլ Նիկոլ Փաշինյանին է գցելու: Ի՞նչ եք կարծում, իշխանության ներսում վերդասավորումների փու՞լ է սկսվել:
-Մարդիկ դիմացինին միշտ չափում են իրենց արշինով։ Ես էլ դժգոհություններ ունեմ ԱԱԾ-ի աշխատանքից, մասնավորապես՝ նրանք ակնհայտորեն ձգձգում են «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ իմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման ընթացքը։ Արթուր Վանեցյանը պետք է դատողություններ անի ստեղծված իրավիճակի պատճառների մասին: Սլաքները դեպի նա ուղղելու միտումը չունենալով՝ հուսով եմ՝ ԱԱԾ պետը կկարողանա տիրապետել իրավիճակին, լինել անաչառ և պետականամետ։ Ինչ վերաբերում է Դանիել Իոաննիսյանին, ապա թող ինձ ներեն բոլորը, բայց ես չեմ վստահում օտարերկրյա դրամաշնորհներով Հայաստանում կեղծ բարեփոխումներ «իրականացնող» մարդկանց։ Դանիել Իոաննիսյանը վերջին երեք տարվա ընթացքում «Սորոսի» հիմնադրամից ստացել է շուրջ 290 հազար ԱՄՆ դոլար։ Նրա խոսքն ինձ համար գրոշի արժեք չունի, և հորդորում եմ Իոաննիսյանին՝ դադարեցնել մեր պետության հիմքերը խարխլող ցանկացած գործունեություն իրականացնելուց։ Ե՛վ իրեն, և՛ մյուսներին հավատացնում եմ, որ Հայաստանը հայերից շատ ոչ ոք չի կարող սիրել, որքան էլ շատ գումար ունենա։ Իսկ գումարի դիմաց հայրենասիրություն խաղալը և կեղծ իրավունքների քարոզ իրականացնելը հանրությունը երբևէ չի ընդունել և չի ընդունելու, որքան էլ փորձեն մեզ անցկացնել Օվերտոնի պատուհաններով։
-Տպավորություն է, թե նորերն այժմ ամեն կերպ փորձում են ազատվել նախկին իշխանությունների «կադրերից»: Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ գնալով մեծանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների միջև առաջացած անջրպետը: Ի՞նչ վտանգներով է հղի այս երևույթը:
-Ես չեմ կարծում, որ նորերն ուզում են նախկին ռեժիմի կադրերից ազատվել։ Դրա վառ ապացույցը առողջապահական համակարգում տիրող իրավիճակն է։ Պարզապես տեղի է ունեցել կադրերի վերադասավորում, այլ ոչ համակարգային կամ աշխատաոճի փոփոխություն։ Մի քիչ ավելացել է PR բաղադրիչը, բայց դա չի բերում ցանկալի արդյունքի, քանզի ժամանակի ընթացքում այն ամենը, ինչ դատարկ է, կա՛մ պայթում է, կա՛մ՝ դատարկության ձայն արձակում։ Մենք պետք է աշխատողներին ընտրենք՝ հաշվի առնելով ոչ թե նրանց ինչ-որ թիմի պատկանելությունը, այլ դիտարկելով մասնագիտական ու մարդկային որակները:
-Արդեն երկու դեպք կա, երբ նոր իշխանության ներկայացուցիչները մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Սա անգամ սեփական կադրերին չխնայե՞լ է նշանակում, թե՞ նրանցից վերժխնդիր լինել ու միաժամանակ հասարակության աչքին թոզ փչել:
-Ձեր իսկ նշած՝ իշխանության պառակտման հետևանք է այս ամենը: Հետաքրքրական է, որ նախարար Թորոսյանի մտերիմ ընկերներն այսօր ներգրավված են տարբեր քրեական գործընթացների մեջ: Տպավորություն ունեմ, որ նախարարը, ամենատարբեր նպատակներից ելնելով, պարբերաբար «վաճառում է» իրեն վստահած մարդկանց: Կոռուպցիան փայտիկի մեկ հարվածով վերացնել հնարավոր չէ, այդ ուղղությամբ պետք է լուրջ ջանքեր գործադրվեն։ Առաջին քայլը պետք է լինի ոչ թե մարդկանց վախեցնելն ու բանտարկելը, այլ սոցիալական վիճակի բարելավումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է տնտեսական զարգացման մասին մտածել։ Ի վերջո, չպետք է մոռանանք, որ շրջապատված ենք թշնամիներով, որոնք ամեն պահի սպառնում են նոր պատերազմով։ Պետք է սեփական ժողովրդին հացով ապահովելու երաշխիքներ ունենանք, զարկ տանք գյուղատնտեսությանը և անասնապահությանը, ստեղծենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և այլն։ Պետության ղեկավարների գործառույթը ոչ թե ճառ ասելը պետք է լինի, այլ գյուղացու աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Գյուղացին այսօր չգիտի՝ ուր փախչել շնչահեղձ անող վարկերից, հետևաբար չի կարող մտածել բարիք ստեղծելու ու պետության հզորացման մասին։ Տարածաշրջանում զարգացող ռազմարդյունաբերական կենտրոն պետք է դառնանք, միջազգային հարաբերությունների գրագետ կառուցման միջոցով երաշխիքներ ստեղծենք Հայաստանի անվտանգության համար՝ այդ գործում ներգրավելով Հայաստանի և սփյուռքի լավագույն դիվանագետներին:
-Վարչապետը հայտարարել է 40 մլրդ դրամ հավելյալ միջոցներ բյուջե հավաքագրելու հեռանկարի մասին: Այդ ցուցանիշը լավ վարչարարության և ստվերի դեմ պայքարի արդյու՞նք է, թե՞ գոյանալու է նախկին պաշտոնյաների վերադարձրած գումարներից, ինչը մեկանգամյա գործողություն է:
-Բոլոր իշխանություններն էլ ժողովրդին սարեր են խոստանում, սակայն գրեթե միշտ խոստումներն ու գործողություններն էականորեն տարբերվում են իրարից։ Հավաքագրումները դեռևս արձանագրված չեն, սակայն փաստ է բազմամիլիոնանոց պարգևավճարների, առանց մրցույթի մեկ անձից գնումներ կատարելու և քաղաքացու օրվա ծախսերի համար պետական բյուջեից 124 միլիոն դրամ հատկացնելու իրողությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ թոշակ և աշխատավարձ տալու համար կառավարությունը նոր վարկ է վերցրել` այդպիսով ավելացնելով ՀՀ քաղաքացու ուսերին ծանրացած արտաքին պարտքի բեռը, որից այս տարի պետությունը պետք է սպասարկի շուրջ մեկ միլիարդ դոլարը: Եթե անգամ նախկին թալանչինեից հետ գանձվի ձեր նշած 40 մլրդ դրամից ավելի գումարը, ապա այն չի բավարարի արտաքին պարտքը փակելու համար։ Պարոն Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչպես է դուրս գալու այս իրավիճակից և, ցավոք, նրա կողքին չկան պետականամետ, ազգանվեր ու նվիրված մասնագետներ, որ հուշեն, հորդորեն՝ ինչպես ճիշտ վարվել։ Ցավն այն է, որ տուժողները մենք ենք լինելու, ու հենց այդ պատճառով ցանկացած անձի, խմբակի կամ կուսակցության չպետք է թույլ տանք, որ մեր երկիրը կոլապսի տանի։
-Բայց հասարակությունը երբևէ կգիտակցի՞, որ ինքն է իր կատարած ընտրության պատասխանատուն:
-Հայ ազգը միամիտ է, բայց իմաստուն։ Մեզ միշտ խանգարել է օտարին սիրելու ևւ վստահելու ազգային բնավորությունը։ Դավաճաններ միշտ ենք ունեցել, որոնք մեր քարքարոտ լեռնաշխարհը ստորադասել են սեփական գրպանի ծանրությանը։ Այս իրավիճակում հայտնվելու գլխավոր մեղավորներն այն մարդիկ են, որ ավերել են կրթական համակարգը: Ցածր կրթական մակարդակ ունեցող մարդկանց կառավարելը շատ ավելի հեշտ է, հատկապես երբ նրանց մասնատում ու թշնամացնում են միմյանց նկատմամբ: Մինչդեռ ես ցանկանում եմ, որ բարձր ինտելեկտով, գիտական ու մշակութային որակներ ունեցող հասարակություն ձևավորենք, արտաքին ցանկացած տեղեկատվություն նախ ինքներս քննարկենք, այնուհետև մտածենք` կիրառե՞լ այն, թե՞ ոչ։ Ցավոք, մեր հանրությունը դաստիարակվել է անորակ սերիալներով, բամբասանքներով ու փողոցային մտածելակերպով։ Որպես բժշկի՝ ինձ համար վիրավորական է, երբ, օրինակ, գերմանացի, ամերիկացի կամ ռուս հասարակ քաղաքացին հասկանում է բժշկական տերմինաբանությունը, իսկ հայերի մեծամասնությանը նույն բանը պետք է բացատրես` առօրեկան սարքերի կամ երևույթների հետ համեմատություններ անցկացնելով։
-Ըստ Փաշինյանի՝ նախորդ իշխանություններն են մեղավոր Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերում: Մինչև ե՞րբ կարող են նորերը մեղադրել հներին՝ փորձելով ստվերել սեփական սխալներն ու բացթողումները:
-Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթներ ունենում, բայց քվեարկում իր խոսքին հակառակ։ Իշխանության գալով՝ անմիջապես պարտադիր դարձրեց իր կողմից նախկինում քարկոծվող կենսաթոշակային համակարգը։ Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ դարձան գործազուրկ։ ՈՒզում եմ մատնանշել առավել վտանգավոր փոփոխությունները, որոնք տեղի ունեցան իշխանափոխությունից հետո։ Ամենակարևորն Արցախյան հակամարտության հարցում ստեղծված իրավիճակն է։ Փաշինյանը մի քանի «պատահական» հանդիպում ունեցավ Ալիևի հետ, հայտարարեց, որ ինքը չի կարող պաշտպանել Արցախի շահերը։ Այնուհետև իմացանք, որ Ադրբեջանը Նախիջանի հատվածում առաջ է բերել իր զորքերը և կատարում է լայնածավալ ինժեներական աշխատանքներ շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ռազմավարական հաջորդ ոլորտն առողջապահությունն է, որը նույնպես հիմնահատակ քանդվում է, բավարար են միայն «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման հետ կապված խախտումները և օրգանների փոխպատվաստման հակասահմանադրական ծրագրի ներկայացումը։ Կրթական համակարգը նույնպես անհասկանալի վիճակում է։ Միանշանակ է, որ այս աղետների միակ մեղավորը ներկա իշխանություններն են։ Միայն թույլ մարդը կարող է մեղքն ուրիշների վրա գցել, ուժեղը միշտ փորձում է հասկանալ խնդրի պատճառը և ելք գտնել դրանից։ ՈՒժեղ առաջնորդը ժամանակ չունի բամբասելու, պարսավելու ու մեղավորներ փնտրելու։
-Քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելն ու հասարակության տարբեր շերտերի միջև սահմաններ գծելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետության համար։
-Դա անթույլատրելի է։ Մարդկանց բաժանում են տարբեր խմբերի` նրանց ավելի հեշտ կառավարելու համար։ Հաճախ այդ բոլոր խմբերը ղեկավարում է միևնույն մարդը, սակայն առանձին խմբերում ընդգրկված մարդիկ, այդ մասին տեղյակ չլինելով, հեշտությամբ ենթարկվում են մանիպուլյացիաների։ Ինչպես ասում են՝ բաժանի՛ր, որ տիրես։ Եթե հաշվի առնենք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր երկրի աշխարհագրական դիրքը, շրջապատող պետությունների ախորժակը և վարած քաղաքականությունը, ապա կհասկանանք՝ բնակչությանը պառակտելը կործանելու է մեր հայրենիքը։ Պետությանը պետք է վերաբերվել որպես ընտանիքի։ Առաջնորդը պետք է լինի ուժեղ, գրագետ, ծանրակշիռ, վճռական, պատասխանատու և հարգված անձնավորություն։ Նա պետք է հավասարապես մտածի և հոգ տանի իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասին: Մաքսատան աշխատակցի հետ առնչվող դեպքը, օրինակ, թատրոնի հերթական արարն էր։ Անհրաժեշտ էր կոստյումով «բիչոկ» հավաքող կերպարից վերածվել խրոխտ հրամանատարի, բայց Փաշինյանի մոտ ոչ մի դեր լավ չի ստացվում, քանի որ այդ դերերը նրա արյան մեջ չկան։ Նա հոյակապ խաղացել է ընդդիմադիր պատգամավորի դերը, ավելիին ունակ չէ։
Գիտակցում եմ, որ երկրի առաջնորդի մասին այսպես խոսելն այնքան էլ ցանկալի չէ, սակայն ես մնում եմ հավատարիմ իմ սկզբունքներին ու մոտեցումներին։ Չեմ պատրաստվում լռելու, երբ տեսնում եմ հանրությանը ներկայացվող իրականության պատկերը ծուռ հայելու մեջ։ Չեմ լռել, երբ իշխանությունը պատկանում էր թալանչիների կլանին, չեմ լռելու, երբ այն անցել է թրիքից ոսկու մեջ ընկած խմբակին։ Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում, ու չեմ ուզում, որ մենք ապրենք հերթական դավաճանության դարաշրջանը։ Պարտավոր ենք ստեղծել օրինապաշտ, ուժեղ երկիր, որի քաղաքացին կունենա արժանապատիվ կյանք։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քայքայվում, խեղաթյուրվում ու փողոցում են հայտնվում այն ընտանիքները, որոնց ղեկավարը հարբեցող, խաղամոլ, անհեռատես, փառասեր կամ թույլ անհատ է։ Մեր երկրին մաղթում եմ ունենալ ուժեղ առաջնորդ, ու հավատում եմ, որ այդպիսի առաջնորդ ունենալու ենք։ Իսկ մնացած ձևականությունները, ինտրիգներն ու երեսպաշտությունները քաղաքական հարթակից կարող են բեմահարթակ տեղափոխվել:

Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ