Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պահարանների կմախքները

Պահարանների կմախքները
21.05.2019 | 02:20

Շատ քչերն արձանագրեցին, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում առաջին անգամ հանրությանը հնարավոր դարձավ մոբիլիզացնել ոչ արտաքին վտանգի սպառնալիքով, ու ցիկլ փոխվեց՝ արտազատելով հսկայական հասարակական էներգիա: Ոմանք դա անվանեցին հեղափոխական էյֆորիա, որ պարզունակ ու անհամարժեք ձևակերպում էր: Հեղափոխության էներգիան պետք էր օգտագործել խորքային փոփոխությունների նպատակով: Ոչ թե, չիմանալով ինչ անել, վերափոխել սևերի ու սպիտակների անհեթեթ հակադրության:

Հասարակությունը երբեք միակամ ու միարժեք չի լինում: Դա կնշանակեր պատմության ավարտ, ու ոչ մի Ֆրենսիս Ֆուկույամա պետք չէր լինի՝ ձևակերպելու ավարտը: Բացարձակ համաձայնության մթնոլորտում մարդկությունը ձանձրույթից, նպատակների, իդեալների, կատարելության որոնումի չգոյությունից կվերանար: Բայց հասարակությունը միշտ ունենում է հիմնարար արժեքներ՝ չափանիշի չափանիշը, որի հիման վրա կառուցում է իր արժեքային համակարգը: ԽՍՀՄ-ի անկումից հետո մենք այդպես էլ չգտանք մեր հիմնարար արժեքները: Մենք շարունակում էինք լինել հանճարեղ ու խելագար, կռվում էինք, հաղթում էինք, պարտվում էինք, վիճում ու երազում, բայց՝ միմյանցից առանձին: Ազգայի՞ն, ավանդակա՞ն, ժողովրդավարակա՞ն՝ ո՞ր արժեքներն են մեր ուղենիշը: ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախոսական արգելքներով, մարդկանց տալիս էր նվազագույն նյութական բարեկեցության երաշխիք՝ հաստատուն աշխատավարձի ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցյալի նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունությունը: Հայաստանի երրորդ Հանրապետությունում կա ամեն ինչ՝ կայունությունից բացի: Անցած տասնամյակներում բազմիցս հայտարարվեց, բայց այդպես էլ քաղաքականության շարժիչ ուժ չդարձան մարդը, մարդու կյանքի որակն ու կենսամակարդակը: Այդպես էլ օրակարգի թիվ 1 հարց չդարձավ կրթությունը: Մինչդեռ հարցի առանցքում կրթությունն է՝ ի՞նչ գիտելիքներ ու ի՞նչ որակներ է պետությունը ուզում փոխանցել իր վաղվա քաղաքացուն: Տրամաբանական պիտի լիներ, որ 2018-ի հեղափոխությունը, եթե ինքն իրեն արժևորում ու արդյունքներ էր ուզում ստանալ, անցած 1 տարում գոնե պիտի ձևավորած լիներ կրթական նոր հայեցակարգ, որ համարժեք է ժամանակի պահանջներին ու համապատասխանում է 21-րդ դարի հայի արժեհամակարգին:

Կիսատ-պռատ լուծումների արդյունավետությունը գնահատելու բավարար ժամանակ եղել է՝ արդյունքների տեսակետից: Անկախության սերունդը կյանք է մտել ու … համարյա ոչնչով չի տարբերվում իր նախորդներից՝ ընկալումների տեսակետից: Սա Հայաստանի կրթական համակարգի ձախողման վկայություն է: Վկայությունը, որ սխալ է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման ու սոցիալական խնդիրները առաջին պլան բերելը: Նրանք կարող են ամսական 2000 դոլարի համարժեք դրամ ստանալ, բայց նույն արդյունքը տալ, քանի դեռ համակարգում չեն եղել արժեքային փոփոխություններ: Անօգուտ է հաջողության հասած տարբեր երկրների փորձի ուղղակի փոխադրումը. կա մենթալիտետի, ազգային առանձնահատկությունների, տնտեսության վիճակի, կրթության բովանդակության ու ձևերի համադրման անհրաժեշտություն: Մենք շարունակում ենք հատվածական խնդիրների լուծումը՝ կցմցելով քաղաքական պահանջներին: Ի վերջո՝ ինչպիսի՞ն պետք է լինի վաղվա քաղաքացին:
Քաղաքացու մասին: Մենք միշտ շփոթում ենք ժողովուրդ և քաղաքացի հասկացությունները: Ով չի ալարում, խոսում է ժողովրդի անունից, ներկայանում ժողովուրդ ու պահանջներ դնում ժողովրդի անունից: Եթե դա շարքային պոպուլիզմ չէ, խոր տգիտություն է: Ժողովուրդը հավաքական անպատասխանատվության կրող է, քաղաքացին՝ անհատական պատասխանատվության: Ի վերջո՝ ընտրություններում էլ կոնկրետ թեկնածուն ստանում է ոչ թե հավաքական ժողովրդի, այլ իր ընտրատեղամասի ընտրողների ձայները, խիստ որոշակի թվով ընտրազանգվածը ժողովուրդ չէ: Հետևաբար ռեալ չեն, ապրիորի կամ պայմանական են «ժողովրդի կամք» կամ «ժողովրդի պահանջ», «ժողովրդի որոշում» հասկացությունները: Իր անչափելի կենսական էներգիան 2018-ի թավշե հեղափոխությունը մատնեց պարապուրդի կամ սկսեց վատնել իշխանության ամրապնդման վրա՝ 64-րդ պլան մղելով պետությունն ու քաղաքացուն: Դա աններելի շռայլություն էր խնդիրների լուծման տեսակետից, որ հայտարարվում էին հրապարակներում ու մոռացվեցին կաբինետներում: Մոռացվեցին, որովհետև չկար խորքային ընկալումը, որ ցանկացած հեղափոխություն հաղթում է, եթե կատարվում է արժեքային փոփոխություն: Եղան կցկտուր հայտարարություններ՝ առանց բովանդակային բացատրության: Լավագույն մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը, ու դա դեռ Դանտե Ալիգիերին է ասել 16-րդ դարում:

Քաղաքական հեղափոխությունը համարվեց իշխանության ձևավորումը, որ դեռ չի ավարտվել համակարգի ձևավորման առումով: Երկրորդ հեղափոխություն հայտարարվեց տնտեսականը: Ոչ առաջինը, ոչ երկրորդը ամբողջական հաջողության երաշխիքներ չունեն՝ առանց գաղափարական հեղափոխության: Մենք սկյուռիկի պես պտտվում ենք փակ շրջանակում, թեպետ ելքը բաց է: Մեկ տարի հետո մենք ստացել ենք պոպուլիզմի ու ճշմարտության միջակայքում դեգերող քաղաքական գործիչներ, քաղաքականություն՝ առանց բովանդակության ու քաղաքացիներից ամբոխի վերածվող հանրություն: Հանրություն, որ չստացավ հիմնականը՝ իր դերի ու նշանակության գնահատականը: «Սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ»-ը գնահատական չէ, ժամանակի մեջ մաշվող թեորեմ է, որ չի ապացուցվում: Իսկ քաղաքացիներն ապացույցներ են ուզում, այլապես իրենք ևս իրենց ազատ են զգալու ու անպատասխանատու իրենց քայլերում: ՈՒ ոչ ոք չի կարող նրանց մեղադրել: Հստակ արժեքային համակարգ ու հանրային կողմնորոշիչներ չունեցող հասարակությունը դեգրադացվում է, կորցնում ամբողջականությունն ու որակները: «Նախորդ հանցավոր ռեժիմին» քրեական մեղադրանքներ ներկայացնելուց առաջ պետք էր տալ այդ իշխանության գործունեության ամբողջական գնահատականը՝ լավն ու վատը:

Եզրակացությունների ցանկում առաջին կետը պետք է լիներ նախորդների սխալները չկրկնելը: Տասնամյակներում Հայաստանում ստեղծվել է հայրիշխանության մոդելը. նախագահը տան մեծն է՝ ինքն է որոշում ում ինչ տալ ու չտալ, ով ոնց պիտի ապրի ու ինչ անի: Այդ մոդելը հակասում է զարգացմանը: Ի՞նչ ենք անում այսօր: Նախագահին փոխարինել ենք վարչապետով ու նրան ենք հանձնել նույն այդ որոշումների ընդունումը: Մենք համակարգ չենք փոխել, իսկ ուզում ենք, որ կյանքը փոխվի: Միտքը նորից աքսորական է ու գործողությունների հիմքում ընթացիկ հարցերի լուծումներն են: Այս ամբողջ ընթացքում իշխանության մեջ գտնվող միայն մեկ մարդ է խոսում արժեքներից ու իդեալներից, միայն մեկ մարդ է խնդիր դնում զարգացումը 21-րդ դարին համարժեք հենքով: Իր իրավասությունների շրջանակներում փորձում է հեռանկարն իրականություն դարձնել: Բայց այդ մարդու իրավասությունները Սահմանադրությամբ սահմանափակ են ու նա մնում է սպիտակ ագռավ իշխանության մեջ՝ լինելով ըստ Սահմանադրության պետության գլուխը: Ոչ ոք չի՞ ուզում այս հակասությունը նկատել ու վերացնել:


Անարժեքության ամենավտանգավոր հետևանքը՝ հասարակական կարծիքը սկսում են ձևավորել բանական ու բարոյական չափանիշներից հեռու մարդիկ և նրանք ընտելացնում են հասարակությանը օրվա մեջ գնահատել լավն ու վատը, ճիշտն ու սխալը՝ չունենալով սեփական կարծիք, սկզբունք ու համոզմունք: Անտեսակետներին հեշտ է ներշնչել, որ այսօր սա է ճիշտ, վաղը սա սխալ է՝ այդպես է պահանջում հեղափոխական նպատակահարմարությունը: Առավել հեշտ է անտեսակետներին կառավարել՝ ասպարեզ նետելով բանականության փոխարեն զգացումները, որ միշտ սուբյեկտիվ են: Փաստացի՝ այսօր Հայաստանում քաղաքական դաշտ չկա ու չկա քաղաքական դաշտի պահանջարկ: Կա ՔՊ-ն ու ՔՊ-ն է օրակարգ թելադրում: ԲՀԿ-ն տարված է կուսակցական-անձնական խնդիրներով, ԼՀԿ-ն՝ ներքին ու արտաքին ուժերին ծառայելով լուծում է երկրորդը դառնալու խնդիրը: ՀԱԿ-ը խաղաղ տեղավորվել է իշխանության մեջ ու պահանջներ չունի: Կոալիցիոն նախկին կուսակցությունները ոչ միայն իրենց ներկա անելիքը չեն որոշել, այլև չեն կարողանում միմյանց հետ հարաբերվել: ՀՅԴ-ն միայն հոխորտում է, ՀՀԿ-ն դիրքավորվում ու սպասում, ՕԵԿ-ի հետքն էլ չկա: Ստեղծվում են նոր կուսակցություններ, որ դիրքավորվում են սպասման դաշտում՝ իրենց իրավունք վերապահելով իշխանությանը քննադատել կամ սատարել: Տտիպ ու անհասկանալի ավանդույթ է, որ քաղաքական ուժերը Հայաստանում գործունեության շրջան են համարում նախընտրականը միայն: Այդպես ձևավորվում է անպատասխանատու ընտրող, որ քվեախցիկում որոնում է ծանոթների ու բարեկամների անունները ու անտեղյակ-անտարբեր է՝ որ կուսակցությունն ի՞նչ ծրագիր ունի ու ի՞նչ է առաջարկում: ՈՒ կատարվում է ոչ թե ընտրություն, այլ անձնաձայնատվություն: Իսկ դա ձեռնտու է իշխանությանը, որ տաքուկ տեղավորվել է «Հին Հայաստան», «Նոր Հայաստան» կարծրատիպերում՝ առանց բացատրելու՝ հինը ի՞նչ է արել, նորը ի՞նչ է անում: Այս պայմաններում ով ինչ ուզի կասի, քաղաքականությունը որոշում են ֆեյսբուքի լայքերն ու իշխանության լայվերը: Իսկ նրանք սպանում են կուսակցությունների ու քաղաքական գործիչների պահանջարկը: Սա՞ էր հեղափոխության խնդիրը: Բայց նախկիններն էլ հիանալի դեգրադացնում էին քաղաքական դաշտը ու դիմազրկում՝ թե իրենք իրենց, թե շրջապատը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ պահարանների կմախքնե՞րը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը սպառնում է բացել շատ պահարանների շատ դարակներ, որտեղ բազում կմախքներ կան: Դատավարության մի քանի օրերի զուգահեռվող «ակտիվիստների» վճարովի ու անվճար բախումները ապացուցում են՝ մենք պատրաստ չենք համարժեք գնահատականի: Մենք դարձել ենք անտեսակետ, պատրաստ ենք տրվել հույզերին՝ արտաքսելով բանականությունը: Մենք դարձել ենք չափազանց անհոգ՝ մոռանալով, որ այդ դատավարության ընթացքում ի հայտ են գալու բազում խնդիրներ, որ անմիջաբար առնչվում են ազգային անվտանգությանը: Խնդիրներ, որ վերաբերում են Հայաստանի ու Արցախի իշխանությունների քայլերին, որ ոչ միշտ են եղել ժողովրդավարության ու օրինականության շրջանակներում: Կուսակցությունների պահարաններն էլ են բացվելու: Երեք ու ավելի նախագահների:


Երեկվա իրադարձությունները հաստատեցին, որ թավշե հեղափոխության կենսական էներգիան այլևս գործում է բացասական լիցքով՝ միասնական ժողովրդին վերածելով ամբոխի, ոստիկանությանը՝ իշխանության կցորդի: Մեկ տարում վարչապետը չկարողացավ պետությունն ու իշխանությունը տարբերել ու չհասկացավ, որ ինքն այլևս ընդդիմադիր չէ: Դատարաններ շրջափակելով դատական իշխանությունն անկախ չի դառնում: Նա ավելի խոցելի դարձրեց դատական իշխանությունը ու Հայաստանը միջազգային կառույցներում: Եվ՝ Ռոբերտ Քոչարյանին փայլուն հաղթաթուղթ տվեց: Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում հայտնվեց բացարձակ միայնակ ու ստացավ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք՝ անկախ ինչ նկատառումներով էր նախաձեռնել ակցիան: Նրա կեսօրի ելույթում չհնչեցին բացատրություններ, հնչեցին մեղադրանքներ: Նաև՝ Արցախի իշխանությանը: Դավաճանության ու դավադրության մեղադրանքներ՝ մեղքը Հայաստանի վրա գցելով, որ անպատիժ չի մնա: Իսկ Նիկոլ Փաշինյանն ունի՞ երաշխիքներ, որ կիրթ Իլհամ Ալիևը իրեն կհասկանա ու չի օգտվի իրավիճակից: Դատարանների դեմ մեկօրյա ակցիան իր 1100-ի հասնող մասնակիցներով վկայեց, որ նույն արդյունքին կարելի էր հասնել առանց պետության ժողովրդավարական իմիջի հետ խաղերի: Նաև հաստատեց՝ Նիկոլ Փաշինյանը չունի պետության զգացողություն ու գիտակցություն, առավել ևս՝ պատասխանատվություն, սա արդեն հեղափոխություն է հեղափոխության դեմ: Այս ընթացքով Հայաստանում վաղ թե ուշ դուխով հաստատվելու է անօրինականությունը՝ իբրև օրինականություն: Եվ՝ լրագրողի աշխատանքը դառնալու է ամենավտանգավորը ու ամենապատժելին:

Դիտվել է՝ 1493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ