«Իրատեսը» շարունակում է զրույցը «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի հոբելյանական է` լրանում է հիմնադրման 20-ամյակը:
-Պարոն Ռոստոմյան, «Երևանյան հեռանկարների»՝ Բյուրականում գտնվող ակադեմիան մի յուրօրինակ իրողություն է՝ իր բացառիկ ոգեղենությամբ և նրբաճաշակ ձևավորումով: Այն լիարժեքորեն կատարու՞մ է իր առաքելությունը՝ ըստ Ձեզ:
-Աշխարհի մեծագույն փառատոներում ընդունված է, համերգներից բացի, հրավիրյալ երաժիշտների դասավանդման մեթոդներին նույնպես ծանոթացնել, կազմակերպել դասընթացներ: Մենք ներկայում պայմանավորվածություններ ունենք աշխարհի առաջատար երաժշտական կրթության կատարելության կենտրոնների հետ, որպեսզի իրենց մասնագետները գան Հայաստան, որոշակի ժամանակահատված ապրեն Բյուրականում և դասավանդեն: Այնտեղ կան, իհարկե, հյուրատներ, սակայն մենք նպատակ ունենք ստեղծելու մեր կացարանները, որպեսզի մարդիկ միասին ապրեն, շփվեն, ստեղծագործեն: Դա շատ կարևոր բան է: Մենք երազում ենք ստեղծել արվեստի քաղաք Հայաստանում: Նման նպատակով հարևան Վրաստանում արդեն ահռելի գումարներ են ծախսում, կառուցում են բաց ու փակ դահլիճներ, կացարաններ և նույնիսկ Ցինանդալիում հիմնել են Շվեյցարիայի Վերբեր փառատոնի մասնաճյուղը: Վրաստանն էլ հարուստ երկիր չէ, բայց պետական մակարդակով ամեն ինչ անում են, որ ծաղկեցնեն իրենց մշակույթը: Դա բերում է տուրիզմի զարգացում, երկրի զարգացում, տնտեսական վերելք: Մեր համերգներին մեծաքանակ մարդիկ են գալիս Վրաստանից, նույնիսկ իրենց նախկին առաջին տիկինը՝ Սանդրա Սաակաշվիլին էր եկել Երևան՝ փառատոնի համերգներից մեկին ներկա գտնվելու համար: Արվեստն այդպիսին է, ձգող ուժ ունի:
-Խորհրդային տարիներին աշխարհի երաժիշտներին ձգում էր Դիլիջանի կոմպոզիտորների տունը: Բյուրականի ակադեմիան այսօր հավակնու՞մ է այդպիսի մի ձգող ուժ դառնալուն:
-Բյուրականը չի հավակնում, այն արդեն դարձել է: Բյուրականը հայտնի է ամբողջ աշխարհում: Եվ ցավալի է, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունն այսօր կա որպես տարածք, որպես հիշողություն, սակայն ըստ էության չի գործում: Եվ սա փողի հետ կապ չունի: Հայաստանը միշտ էլ տնտեսապես հարուստ երկիր չի եղել: Բայց երբ ունես ֆանատիզմ, երբ ունես մի բան անելու ցանկություն (հիմա շատ են օգտագործում «տեսլական» բառը), պիտի ուժ գտնես մինչև վերջ գնալու և իրականացնելու այն: Այդ դեպքում փողը խնդիր չի դառնում: Միշտ էլ փողը չկա, միշտ էլ դժվար է եղել այն հայթայթել, բայց եթե համառություն ունես, եթե չես կանգնում կես ճանապարհին, ամեն ինչ էլ ստացվում է: Երբ ես 1989 թվականին աշխատում էի Անգլիայում, շփոթված էի Էդինբուրգի փառատոնի մշակութային ուժից. այդ ժամանակ էի մտադրվել ստեղծելու փառատոն, որը 2000 թվականին դարձավ իրականություն: Ես պիտի շարունակեի ապրել Անգլիայում, բայց (թող բարձրագոչ չթվա) հայրենիքի ձգողականությունը, այստեղ ինչ-որ բան ստեղծելու նպատակը շատ հզոր էին, և ես վերադարձա: Շատերն ինձ համարեցին խենթ, որ մտադիր եմ նորանկախ Հայաստանում ստեղծել միջազգային փառատոն, այն էլ՝ Էդինբուրգի փառատոնին հավասար: Փառատոնի ծննդից 20 տարի է անցել, բայց արդեն 10 տարի է, որ մենք Էդինբուրգի և նույն կարգի փառատոների հետ հավասարապես ընդգրկված ենք Եվրոպական փառատոնային ասոցիացիայի մեջ: Այսինքն՝ փողը չէր որոշիչը: Երբ ես իմ ծրագրերից եմ խոսում, ինձ հարցնում են. «Բայց ի՞նչ փողով ես անելու»: Ես էլ հակադարձում եմ. «Իսկ ես կարո՞ղ եմ երազել»: Ամեն ինչ սկսվում է երազելուց, ցանկանալուց: Եթե մեկ-երկու լավ երազողներ լինեն, լուրջ ցանկացողներ, Հայաստանը նաև տնտեսապես կարող է դառնալ աշխարհի հզորագույն երկրներից մեկը: Պետք է լավ ցանկանալ և ձևը գտնել: Այդ ձևերը կան, միշտ էլ եղել են: Ես ուզում եմ, որ Հայաստանում մարդկանց մեջ հեքիաթի, արարելու ցանկությունը չկոտրվի: Քարից հաց սարքող ժողովուրդը արարող է և ցանկացած բնագավառում կարող է զարմացնել: 21-րդ դարը հայերի դարաշրջանն է, հայերը պիտի երևան և շատ գեղեցիկ են երևալու: Դա մենք բոլորս կտեսնենք, դա սարերի հետևում չէ: «Երևանյան հեռանկարները» այդ ձևերից մեկն է: Փոքր երկիր ենք, բայց տեսեք, թե ինչ հրաշալի երիտասարդություն ունենք, ինչ ունակություններ են դրսևորում ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում, արվեստի ոլորտում: Ամեն ինչ պետք է անել, որ թշվառությունը մարդկանց մտածողությունից դուրս հանվի: Մարդկանց չպետք է վախեցնել ո՛չ պատերազմով, ո՛չ էլ այլ բանով, որովհետև մենք էլ վախենալու տեղ չունենք: Արդեն ամեն ինչ կորցրել ենք, մնացել ենք միայն մենք ինքներս: Կա՛մ մեզ պիտի իսպառ վերացնեն, որ մեր տեսակը վերջանա, կա՛մ մենք պիտի լինենք, և ուրեմն կլինի նաև Հայաստանը, և ամեն ինչ լավ կլինի: Օտարների համար դժվար է հայերի հետ վատ վերաբերվել: Մենք ենք մեզ վատ վերաբերվում, մեր թշնամին մեր մեջ է: Ադրբեջանցին, թուրքը կողմնակի բաներ են, ձևը կգտնենք հետները մեր հարցերը կլուծենք: Բայց վտանգավորն այն է, երբ մենք ենք մեր տունը ներսից քանդում: Այդքան սեր կար մեր հեղափոխության օրերին, բայց հիմա տեսնում եմ, թե ինչ խառնաշփոթ են սարքել: Սա թշնամություն է, չի կարելի երկրի հետ այդպես վերաբերվել: Բոլորն իրար մեջ թշնամիներ գտան, հակառակորդներ գտան: 10 միլիոն ենք ընդամենը ամբողջ աշխարհում, մի քաղաքի չափ էլ չենք, քաղաքներ կան, որ 20, 30 միլիոն բնակչություն ունեն: Երբ կատակլիզմներ են լինում, բոլորս մի ուժ ենք դառնում: Ի՞նչ է, անընդհատ պիտի կատակլիզմնե՞ր լինեն, որ համախմբվենք, անընդհատ երկրաշարժ ու պատերա՞զմ պիտի լինի, որ միասնական դառնանք: 21-րդ դարը առանց այն էլ ցնցումների ժամանակաշրջան է, մենք բոլորս էլ ցնցումների մեջ ենք ապրում, էլ ի՞նչ ենք ուզում իրարից: Պիտի իրար մեջ հակառակորդներ չտեսնենք, փորձենք դիմացինի արածը գնահատել: Պիտի մտածենք, որ երբ մեկը մի լավ բան է անում, դա բոլորիս համար է լավ. մեկը մի լավ նկար ստեղծեց, ազգի պատիվն է բարձրանում, քո պատիվն է բարձրանում, դու ես դրանից շահում: Մենք աշխարհին Քրքորյանով կամ Մանթաշովով հո չե՞նք ներկայանում: Մեր նկարագիրը Նարեկացին է, Կոմիտասը, Խաչատրյանը, Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը, Արշիլ Գորկին, Շառլ Ազնավուրը: Այդ մարդիկ փող չեն տվել Հայաստանին, բայց իրենք են դարձել Հայաստանի հարստությունը: Եթե չունես մշակույթ, չունես գիտություն, չունես ինտելեկտ, դու ոչ մեկն ես, չունես նկարագիր: Այսօր հարստության մեջ լողում են արաբական երկրները, բայց կարո՞ղ ենք մի աշխարհահռչակ արաբ նկարչի կամ կոմպոզիտորի անուն տալ։ Ո՛չ: Գիտե՞ք քանի պարսիկ ուսանող ունեմ կոնսերվատորիայում. Պարսկաստանից գալիս, այստեղ են սովորում. սա ինչ-որ բան նշանակում է, չէ՞: Այսինքն՝ փողը չէ հարստությունը, փողն ընդամենը միջոց է: Տա՛ Աստված, որ մենք իսկական հարստությունը ճանաչենք և փայփայենք:
-Պարոն Ռոստոմյան, տարիներ առաջ իմ վարած հարցազրույցում մեծագույն երախտագիտությամբ եք խոսել բարերար Լևոն Հայրապետյանի և նրա դերի մասին «Երևանյան հեռանկարների» կյանքում: Ավա՜ղ, այդ մեծ հայն այլևս չկա, և նրա ողբերգական վախճանը ծանր հետք է թողել շատերիս հոգում: Կա՞ն արդյոք նրա գործը շարունակողներ:
-Լևոն Հայրապետյանը գիտեր արժեքները գնահատել: Նա, փառատոնի ուղղակի հովանավորը չլինելով, բարոյապես կանգնած է եղել մեր կողքին, ասելով մեզ «Թօ-տՏՊՉՌՋվՌՍՌ»։ Այնքան ուսանողների է հովանավորել, որ կարողանան կրթություն ստանալ աշխարհի լավագույն համալսարաններում: Այսօր մեծագույն բեմերը նվաճող երգիչ Արսեն Սողոմոնյանը նրա հովանավորությունն է ունեցել տարիներ շարունակ: Եվ այդպիսիները շատ էին: Ղարաբաղում կատարած ակցիաները հիշեք: Նա ամեն ինչ անում էր, որպեսզի մարդիկ կապվեն այդ հողին, մնան ու ապրեն Արցախում: 2006 թվականին Մոսկվայում իմ հեղինակային համերգն էր՝ 50-ամյակիս առթիվ, որին ներկա էր նաև Լևոն Հայրապետյանը: Այդտեղ ծանոթացանք: Նա ասաց, որ շատերն են գալիս իրենց մոտ և միշտ ինչ-որ բան են ուզում, մեկը չկա, որ ինքը մի բան տա, իսկ ես, իր ասելով, շատ մեծ բան էի տվել, նա հպարտության զգացում էր ապրել իմ համերգի ժամանակ: Նա գումարային օգնություն շատ չի հատկացրել փառատոնին, բայց ինձ ծանոթացրել է այնպիսի մարդկանց հետ, որոնք ֆինանսավորել են մեր ծրագրերը: Նա մեզ համար ճանապարհ է բացել, ոգևորել: Դա շատ ավելի մեծ արժեք է, քան մեկ անգամ գումար տալն ու այդուհետ մեր մասին մոռանալը: Լևոն Հայրապետյանը մի խոսք ուներ, ասում էր, որ հայի գենը ահռելի հզորություն ունի, և եթե մարդն իր մեջ կրում է այդ հզորությունը, կարող է ամեն ինչ անել, ոչինչ իր ուժերից վեր չէ: Ասում էր. «Ցանկացած հայ իր գենի առաջ վՈսՏչ պիտի տա»: Ես այս խոսքերն ինձ համար դարձրել եմ կյանքի ուղեցույց: Մենք բոլորս Հայաստանի առջև պարտավորություններ ունենք, ու ամեն մեկս մեր տեղում պիտի դրանք կատարենք, մեր պարտքը տանք Հայաստանին: Լևոն Հայրապետյանը թագավորական ծագում ուներ, հայտնի Ջալալյան տոհմից էր, և նրա մեջ ակնհայտ էր ազնվականությունը: Փիլիսոփա էր, ի՜նչ ինտելեկտ ուներ, ի՜նչ խորք, ինչպիսի՜ մեծանուն մարդիկ էին շրջապատում նրան: Ցավոք, ողբերգական վախճան ունեցավ, չկարողացանք տեր կանգնել նրան: Մենք փորձելու ենք փառատոնի շրջանակներում Լևոն Հայրապետյանին մի երեկո նվիրել, գոնե այս կերպ արտահայտենք մեր երախտագիտությունն այդ մեծ հային:
-Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ հանդիսատեսի շփում նախատեսվու՞մ է փառատոնային հոբելյանական տարում:
-Եթե լավ կոմպոզիտոր ես, եթե արժեքավոր գործեր ունես, դրանք առանց փառատոնի էլ կհնչեն: Փա՛ռք Աստծո, իմ գործերը հաճախ են նվագում դրսում, միշտ ունեմ պատվերներ, դա է իմ մասնագիտությունը, հանապազօրյա հացը վաստակելու ձևը: Իսկ Հայաստանում իմ ստեղծագործությունները հաճախ չեն հնչում, և դա օրինաչափ է: Ասում են՝ մեծ նավերին մեծ ծով է պետք, օվկիանոս է պետք: Մշակութային օվկիանոսը Հայաստանը չէ հաստատ (նկատի ունեմ կոմպոզիտորական դաշտը): Եթե ուզում ես կայանալ, քո երկրին պատիվ բերել, քո երաժշտությունը պիտի հնչի աշխարհի բեմերում: Այդպես քեզնով նաև քո երկիրը կճանաչեն: Ես միշտ այդ ճանապարհով եմ գնացել: Եվ այդ ճանապարհը նաև իմ պրոֆեսորն էր ընտրել՝ Ավետ Տերտերյանը, որից ես շատ բան եմ սովորել:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ