Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Голос Армении»-ին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Голос Армении»-ին
31.07.2019 | 12:02

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին` անդրադառնալով ներքաղաքական, արտաքին քաղաքականությանն ու իր դատավարությանն առնչվող որոշ հարցերի։

Հարցազրույցը հատվածաբար ներկայացնում ենք ստորև․


- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:
- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ`ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:
- Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:
- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:
- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:
- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
- Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:
- Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:
- Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտ է: Հավատո՞ւմ եք Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կհանգեցնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների:
- Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ:
- Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:
Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:

Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ