Մարդը պատիվ ուներ և չհասկացավ. հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց
14.01.2020 | 00:15
Մարդը շուտ մոռացավ այն փառքը, որ ուներ դրախտում, և փութաց անարգելու այն պատիվը, որ ստացել էր իր հոգում Աստծո պատկերի դրոշմով:
Վսեմ նպատակներ էր հետամտում, նվաստ նկրտումներից հալածական` գլորվեց, ընկավ անբան անասունների ոտքերի տակ: Իր և նրանց միջև նմանություն տեսավ, նրանց պատկերը դրոշմեց իր հոգում և սկսեց պաշտել ու մեծարել, աստվածացնել ու երկրպագել: Մոլորված մարդուն իր ունայնամիտ ընթացքից դարձնելու և իր նվաստ ու ստոր վիճակից վեր հանելու համար Աստված մեզ այցելեց Հիսուս Քրիստոսով «Ով Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա: Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլ. 2;6-11): Քրիստոս խոնարհվելով փառք ձեռք բերեց: Նա, մարդ դառնալով, չստորացավ, չնվաստացավ, այլ խոնարհվեց մինչև խաչի մահ և խոնարհվելով առավել բարձրացվեց: Իսկ մարդը, անբան անասուններին հավասարվելով, չխոնարհվեց և չփառավորվեց, այլ նսեմացավ ու անպատվվեց, որովհետև մարդը ստեղծվել էր Աստծո պատկերով: Այնինչ անասունը մարդու պատկերով չէր ստեղծվել: Եվ որպեսզի մարդը, կարևորելով խոնարհությունը, իր մեջ վերականգնի նախատիպ պատկերը, առաքյալը հորդորում է. «Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լա՛վ համարեցեք, քան ինքներդ ձեզ: Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ: Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ» (Փիլ. 2;3-5):
Սակայն մարդը մերժեց նաև հիշողության թարմացումը, որովհետև ոչ թե իրերի բերումով կամ ստիպողաբար, այլ կամովին էր թաղվել անհուշության խավարի մեջ: Դարվինի նեոհեթանոսական թեզով է՛լ առավել սփոփվեց ու խրախուսվեց, սրտապնդվեց ու ոգևորվեց ու իրեն հռչակեց անբան անասունների մեծ եղբայր: Նա ոչ միայն սոսկ ևս մեկ անգամ հրաժարվեց իր աստվածատուր պատվից, այլև ի բաց մերժեց իր լինելիությունն ընդհանրապես, որովհետև մարդը ունի գոյության մեկ կերպ: Շան մեծ եղբայրը կարող է լինել մեկ այլ մեծ շուն, բայց ոչ մարդը: Ոչ այս իրական կյանքում, ոչ առավել ևս պատրանքային հաջորդ կյանքերում մարդը չի կարող գոյատևել այլ` ոչ մարդկային կերպի մեջ, նա կամ մարդ է, կամ մարդ չէ: Անկյալ վիճակի փոփոխումը կամ կերպի մեջ վերականգնումը կատարվում է միայն մեկ անգամ` մկրտությամբ ստացված շնորհներով, և նախկին անկատար վիճակին վերադարձը` ընդամենը այդ շնորհներից հրաժարումով:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ