Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բեռլինում ԵՄ-ն ուզում է դիմակայել թուրք-ռուսական առանցքին Լիբիայում

Բեռլինում ԵՄ-ն ուզում է դիմակայել թուրք-ռուսական առանցքին Լիբիայում
19.01.2020 | 13:14

Հերթական միջազգային հանդիպու՞մը Լիբիայում: Կիրակի, հունվարի 19-ին, Բեռլինում, հոռետեսության ու շտապողականության մթնոլորտում, Գերմանիան պատրաստում է ճգնաժամի հաղթահարման նոր սամիթի: Լիբիային հաշտության կոչող դիվանագիտական հանդիսավոր հավաքների նախորդ ձախողումներն ավարտվում էին բարի ցանկությունների ցանկով՝ Լա Սել Սեն Կլուում (2017, հուլիս), Ելիսեյան պալատում (2018, մայիս), Պալերմոյում (2018, նոյեմբեր)՝ նրանք թողել են այնքան դառը հիշողություններ, որ միջազգային հանրության ներկայացուցիչների ևս մեկ հավաքը պատերազմող երկրի սնարի մոտ հարուցում է տագնապալից շփոթմունք՝ գրում են Ժան Պիեռ Ստրոբանտսն ու Ֆրեդերիկ Բոբենը Le Monde-ում: Շտապողականության զգացումը երբեք այսքան սուր չի եղել՝ հաշվի առնելով երկու նորությունները, որ վերջին հանդիպումներից հետո՝ կոնֆլիկտի տարածումը Տրիպոլիի դարպասների առաջ, երբ 2019-ի ապրիլին այլախոհ մարշալ Խաֆթարը գրոհեց Ֆայեզ Սարաջի՝ միջազգային ճանաչում ունեցող ազգային միասնության կառավարության վրա, և դա արտասահմանյան միջամտության էսկալացիա է՝՝ հունվարի սկզբին թուրքական ինտերվենցիայով, Սարաջի կողմից՝ ի պատասխան Էմիրաթների, Եգիպտոսի ու Ռուսաստանի հրապարակավ չբարձրաձայնված աջակցության Հաֆթարին: Խնդրի կարևորությունն է վկայում, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի հայտարարեց, որ կմասնակցի Բեռլինի սամիթին՝ ամրապնդելու համար հրադադարը:


Բեռլինում հիմնականում ծավալվելու են եվրոպացիների խաղերը, մինչդեռ դիվանագիտական միջորդությունը նրանց ձեռքից սպրդում է: Իրականում՝ նրանք բախվելու են թափ հավաքող թուրք-ռուսական առանցքին Լիբիայում: Մոսկվան ու Անկարան, թվում է, աջակցում են հակառակ ճամբարների՝ Խաֆթարին՝ ռուսները, Սարաջին՝ թուրքերը, բայց նրանք աշխատում են միասին, որ լինեն ապագա քաղաքական որոշման երաշխավորներ՝ ինչպես նրանց համատեղ նախաձեռնությունն էր Սիրիայում (Աստանայի խաղաղ գործընթացը):Հունվարի 13-ին Մոսկվայում հանդիպման ձախողումը, երբ Խաֆթարը՝ ի մեծ հիասթափություն ընդունող կողմի՝ հրաժարվեց ստորագրել հրադադարի համաձայնագիրը, ցույց տվեց այդ տանդեմի սահմանները: Այնուհանդերձ, տանդեմը հաստատվել է լիբիական ռազմավարական լանդշաֆտում իբրև նոր բևեռ, որ բացահայտ մարտահրավեր է նետում եվրոպացիներին: Այս ենթատեքստում Անկարայի ու Մոսկվայի դիվանագիտական ու ռազմական ճնշումը ստիպել է եվրոպացի պաշտոնյաներին հարմարեցնել իրենց դիսկուրսը, որտեղ մինչ այդ խոսվում էր միայն «քաղաքական լուծման» անհրաժեշտության մասին: «Նախապես համատեղ դիվանագիտությունը սահմանափակվում էր ռազմական էսկալացիայի վստանգների նկարագրությամբ: Բայց այդ ժամանակից Պուտինն ու Էրդողանն ապացուցեցին, որ որոշել են ապագայում էլ համատեղ լցնել տարածաշրջանում ամերիկացիների թողած դատարկությունը»՝ ասել է բրյուսելցի մի դիվանագետ:
Ժան Պիեռ Ստրոբանտս, Ֆրեդերիկ Բոբեն, Le Monde


Հ.Գ. Եվրոպացիները իսկապես խաղի տեղ ունեն, ու այդ տեղը ռուս-թուրքական հակասություններն են՝ թե Սիրիայում, թե Լիբիայում: Պատահական չէ, որ նախքան Բեռլին մեկնելը՝ Հաֆթարը գնացել է Աթենք: Իվերջո, ժամանակն է, որ եվրոպացիները հասկանան՝ոչ թե ռուսները, այլ՝ թուրքերն են տարածաշրջանում պատերազմների հրահրիչն ու կազմակերպիչը, ու նրանց առաջ են մղում երկու խնդիրներ՝ մեկը պատմական, մեկը՝ արդիական: Պատմականը՝ Օսմանյան կայսրության տարածքների վերականգնումն է՝ առայժմ ոչ պաշտոնապես, որտեղ հայտնվում է թուրքական բանակը, այնտեղ հայտնվում են թուրքական ենթակառուցվածքները, տարածքը թուրքաբնակ դարձնելը ժամանակի հարց է:

Արդիականը Միջերկրականի նավթն ու գազն են, որ թուրքերինը չեն, բայց Էրդողանը համաձայնագիր է կնքել Ֆայեզ Սարաջի հետ: Շահերն են բաժանում ռուսներին ու թուրքերին: Ու չի բացառվում, որ նրանց միավորեն եվրոպացիների հետ: Համենայն դեպս՝ Հաֆթարը փորձում է ռուս-հունական տանդեմ ձևավորել: Այսօրվա հանդիպմանը Էրդողանը նախապատրաստվել է լավագույնս՝ նա բանակցային սեղանին արդեն դրել է ատրճանակը, որ գործուն է դարձնում թուրքական փաստարկները: Նա Եվրոպային կոչ է արել աջակցել Թուրքիայի ռազմական ջանքերին Լիբիայում, եթե ցանկանում են վերջ տալ հակամարտությանը: «Politico» կայքում տեղակայված իր հոդվածում Էրդողանը գրել է, թե հաշվի առնելով, որ Եվրոպան Լիբիային ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ հետաքրքրված չէ, ակնհայտ ընտրությունը Թուրքիային աջակցելն է, որն արդեն խոստացել է ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի կառավարությանը: Լիբիա զորքեր ուղարկելու Անկարայի որոշման մասին Էրդողանն ասել է. «Մենք վարժեցնելու ենք Լիբիայի անվտանգության ուժերին և նրանց օգնելու պայքարել ահաբեկչության, մարդկային թրաֆիքինգի և միջազգային անվտանգության այլ լուրջ սպառնալիքների դեմ»: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆ Խաֆթարին Լիբիան հանձնելը պատմական սխալ կլիներ: Նա շեշտել է, որ եթե Եվրամիությունը պատշաճ չաջակցի Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, կդավաճանի իր արժեքները, որոնք ներառում են ժողովրդավարություն և մարդու իրավունքներ: Նա հավելել է, որ «ԵՄ-ն աշխարհին պետք է ցույց տա, որ միջազգային ասպարեզում կարևոր դերակատար է»:


Տրիպոլիում և Բենգազիում բողոքի ցույցեր են Բեռլինի համաժողովի դեմ: Գեներալ Խալիֆա Խաֆթարի վերահսկողության տակ գտնվող Բենգազիում ցուցարարները դեմ են Թուրքիայի միջամտությանը, նրանք Բեռլինի համաժողովից ակնկալիքներ չունեն: Տրիպոլիի ցուցարարները բողոքել են, որ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը համաձայնել է հանդիպել գեներալին, որի զորքերի հարձակումների հետևանքով կառավարության պաշտպաններ են զոհվել: Նրանք հայտարարել են, որ բանակցությունները դավաճանություն են ռազմական գործողություններում զոհվածներին: Ակնկալվում է, որ Բեռլինի համաժողովում, որպես խաղաղության առաջին քայլ, միջազգային հանրությունը հակամարտ կողմերին կփորձի համոզել հրադադար հայտարարել ու համաձայնել մոնիթորինգ իրականացնել: Բեռլինի համաժողովին մասնակցելու են նաև Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը ու նրա հակառակորդ գեներալ Խալիֆա Խավթարը: Հավանաբար՝ ռուսներն ու եվրոպացիներն էլ դատարկաձեռն չեն մեկնել Բեռլին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ