Առանց փոփոխությունների
24.01.2020 | 05:33
Մինչ այս ընթացքում եվրոպական ֆուտբոլային թոփ տերություններում ժամանակ առ ժամանակ տրվում են գավաթային հանդիպումների «կրքերին», Անգլիայում համառորեն շարունակում են հավատարիմ մնալ ներքին առաջնության օրացուցային պլանին: Առաջ անցնելով նշենք սակայն, որ հերթական 24-րդ տուրը մրցաշարային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականում փոփոխություն չմտցրեց, եթե ավանսով նկատի ունենանք, որ երեկ ուշ երեկոյան կայացած «Վուլվերհեմպտոն»-«Լիվերպուլ» դիմակայությունում չի գրանցվել անակնկալ:
«Շեֆիլդի» հետ «Մանչեստր Սիթիի» արտագնա դիմակայությունը հեշտերից չի եղել, և այդուհանդերձ «քաղաքաբնակները» կարողացել են երեք միավոր վաստակած հեռանալ առաջնության նորեկներից՝ սեփականի թիվը հասցնելով 51-ի: Հանդիպման միակ գոլի հեղինակն Ագուերոն է: Նկատենք, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները չեն կարողացել արդյունավետ օգտագործել 11-մետրանոցը:
Վերջին երկու տուրի անհաջողությունները լրջորեն սասանել էին հավատը «Լեստերի» նկատմամբ, որն այդ վրիպումների արդյունքում հարկադրված եղավ անգամ հրաժեշտ տալու երկրորդ հորիզոնականին: Ի բարեբախտություն սեփական երկրպագուների, այն «Վեստ Հեմի» հետ խաղին ներկայացել է հավաք ու նպատակադրված, արդյունքում՝ 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ հյուրերի նկատմամբ: «Լեստերն» ունի 48 միավոր:
«Չելսի»-«Արսենալ» դիմակայությունում Դավիդ Լուիսն իր թիմը տխուր փաստի առաջ կանգնեցրեց արդեն 26-րդ րոպեին՝ զինագործներին թողնելով տասը հոգով: Կոպիտ խաղի մեջ ֆուտբոլիստին երևի թե այնքան էլ չի կարելի մեղադրել, քանզի այն վերջին հույսի խախտում էր, ինչը «ազնվականներին» չխանգարեց առաջ անցնել հաշվի մեջ. 11-մետրանոցը հաջողությամբ իրացրեց Ժորժինիոն: Երկրորդ խաղակեսում «Արսենալը» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն տանտերերը կրկին առաջ անցան: Ամեն ինչ հօգուտ նրանց էր մինչև այն պահը, երբ, ի վնաս «ազնվականների», Բելերինն արեց իր սև գործը՝ 2:2:
Երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Մանչեստր Յունայթեդը», ինչն այդուհանդերձ թիմի համար շարունակեց ամրագրած պահել առաջնության հինգերորդ հորիզոնականը: Սակայն այս երկու պարտությունն իրենց գինն են ունեցել: «Նորվիչի» նկատմամբ տնային խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակից հետո միավորներով՝ 34, նրան է հավասարվել «Տոտենհեմը», իսկ երեկ «Լիվերպուլի» հետ ուժերը չափած «Վուլվերհեմպտոնն» արդեն իսկ ուներ այդքան միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ