Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը Արցախում և Վարդենիսում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Նիկոլ Փաշինյանը Արցախում և Վարդենիսում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին
28.01.2020 | 23:18

Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառումները տեղի ունեցան Երևանից դուրս, Վարդենիսում։ Տոնական համերգից առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ վերջին մեկ ու կես տարում կառավարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ։ «Այո, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը այսօր ի վիճակի են, և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ են լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի սեփական անվտանգությունը ապահովելու համար։ Մեր ունեցած Հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր Հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով», - նշեց վարչապետը։


Միջոցառմանը ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ելույթ ունեցավ նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը. «Այսօր մենք Բանակի օրը նշում ենք այնպիսի պայմաններում, որոնց մասին առաջին Բանակի օրվա կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող։ Այսօր մենք նշում ենք օրը մի բանակի, որը, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է առավել մարտունակ ու պատրաստ զինված ուժերից՝ ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու։ Մենք նշում ենք օրը մի բանակի, որը արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու չորրորդ սերնդի ավիացիայով՝ վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք և առաջ է շարժվում ոչ թե միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով։ Հետևողականորեն շարունակվում է խրախուսել ու առաջ մղել կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձնման մշակույթը, և ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը՝ առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սննդով ապահովելու համար»։


Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհայինի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Մինչև Վարդենիս՝ Նիկոլ Փաշինյանն Արցախում էր։ Շահումյանի շրջանում նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների հետ մասնակցեց նոր բնակարանների բանալիները հանձնելու արարողությանը։ 32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, ոը Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ