Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Համաճարակաբանը՝ կորոնավիրուսի վտանգի մասին

Համաճարակաբանը՝ կորոնավիրուսի վտանգի մասին
22.02.2020 | 23:12

Սահմաններին պետք է հսկողություն իրականացնել, որովհետև կորոնավիրուսն արդեն հարևան երկրում է՝ Aysor.am-ին ասել է համաճարակաբան Հովակիմ Զաքարյանն՝ ընդգծելով, որ ցամաքային սահմանները ևս պետք է լրջորեն հսկվեն։


«Սահմանների հսկողության վերաբերյալ տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն է հայտնում։ Ջերմությունը չափելը և այլ միջոցներն այն է, ինչ օդանավակայանում էին անում մինչև վերջերս։ Դա, իհարկե, կանխող միջոց է, բայց ոչ շատ արդյունավետ։ Կորոնավիրուսի պարագայում մարդը երկու շաբաթ կարող է վարակակիր լինել, բայց ջերմություն չունենալ։ Հետևաբար, կարող է սահմանը հատել մեկն, ով ունի վիրուս և տարածում է։ Ինկուբացիոն շրջանը, երբ ոչ մի կլինիկական դրսևորումներ չկան, երկու շաբաթ է տևում», - ասաց մասնագետը։ Նրա խոսքով՝ հարցի մյուս կողմն այն է, թե պատրա՞ստ ենք մենք հակազդելու վիրուսին, եթե Հայաստան հասնի։ «Ամեն դեպքում, եթե վիրուսը հասնի Հայաստան, իսկ դա կարող է լինել ցանկացած պահի, որքանո՞վ ենք մենք պատրաստ, որքանո՞վ ենք պատրաստ կարանտինային միջոցառումներ իրականացնել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ։ Առողջապահության նախարարությունն առանձնապես շատ ինֆորմացիա չի հաղորդում հասարակությանը, թե որքանով են իրենք զինված նման իրավիճակներին ճիշտ արձագանքելու համար», - ասաց Հովակիմ Զաքարյանը։ Համաճարակաբանը նշեց՝ ինքը մտահոգվելու առիթ ունի, քանի որ մեր երկրում գիտահետազոտական լաբորատորիաները շատ քիչ են։


«Ես՝ որպես համաճարակաբան, այսինքն մարդ, որը վիրուսներով լաբորատոր, գիտական առումով է զբաղվում, մտահոգություն ունեմ, որ ընդհանրապես մեր երկրում գիտահետազոտական լաբորատորիաները շատ քիչ են։ Մեկ-երկու լաբորատորիա է, որոնցից մեկի ղեկավարն էլ ես եմ։ Սա վկայում է, որ երկրում մասնագետները, վիրուսաբանները շատ քիչ են կամ ընդհանրապես չկան։ Երկու-երեք մարդ են։ Հետևաբար, նման իրավիճակներում ադեկվատ, տրամաբանված, ճիշտ ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ կադրեր, մասնագետներ կամ չկան, կամ շատ քիչ են։ Ու, եթե նույնիսկ այդ մասնագետները կան՝ նրանք համագործակցու՞մ են Առողջապահության նախարարության հետ, միասին ռազմավարություն մշակու՞մ են, թե՞՝ չէ, ես չգիտեմ, որովհետև ես նրանցից մեկն եմ, բայց չեմ մասնակցել այդպիսի քննարկումների մինչև այս պահը։


Հետևաբար, մնացած ամեն ինչի մասին կարող եմ ուղղակի շատ սուբյեկտիվ իմ կարծիքը հայտնել։ Գուցե, նախարարության կողմից ինչ-որ քայլեր արվում են, որոնք չեն հաղորդվում, նաև ես չգիտեմ։ Բայց, նաև հավանական եմ համարում, որ ոչինչ չի արվում, դա էլ չեմ բացառում՝ հաշվի առնելով ընդհանրապես նախորդ տարիներին նմանատիպ իրավիճակներում մեր նախարարության արձագանքը։ Չեմ կարծում, որ այնքան կտրուկ փոխվել է այդ համակարգի վիճակը, որ հիմա իրենք անում են, բայց մենք տեղյակ չենք ։ Էլի եմ ասում՝ իմ կարծիքն այս պահին շատ սուբյեկտիվ է», - ասաց նա:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ