Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ղարաբաղյան խառնարան

Ղարաբաղյան խառնարան
18.09.2018 | 00:56

Հայաստանում ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը գնալով դառնում է անհասկանալի, եթե չասենք՝ անվերահսկելի։ Իշխողների, իսկ առավել ստույգ՝ միակ իշխողի «մտայնություններն» ու հայաստանյան առկա ռեալություններն ու օրակարգերը բացարձակապես չեն համապատասխանում միմյանց։ Իշխանությունն ունի մեկ իդեա-ֆիքս՝ վերարտադրվել ցանկացած գնով՝ չկանգնելով որևէ բանի առջև, առայժմ՝ Երևան քաղաքում, որից էլ ածանցված, շատ արագ, մինչև տարվա վերջ լուծարել պառլամենտը, վերցնել ամբողջ իշխանությունը։


Հնարավո՞ր է սա, թե ոչ օր օրի մսխվող իշխանական վարկանիշի պայմաններում, երբ ներքաղաքական պայքարը և հակահեղափոխության ուրվականն առավել առարկայական են դառնում, քննարկման այլ թեմա է։
Հայաստանն այսօր ունի երկու գերխնդիր, և այդ խնդիրները գերակա չեն իշխանությունների համար՝ տնտեսություն և Արցախյան հիմնահարց։
Չորս ամիս իշխանական ուժն ու իր իշխողն առ այս պահը հանրությանը, արտաքին խաղացողներին չեն ներկայացրել Արցախին առնչվող իրենց հայեցակարգը։ Առ այս պահն անհասկանալի է ամենակարևորը՝ ինչ առաջնահերթություններով են շարժվում հայոց կենսական այս հարցում իշխանությունները, բացի ամբոխահաճո ոչինչ չասող հռչակումներից։

Պատասխան պահանջող հարցերն անչափ շատ են:
ա) Ի վերջո, այս իշխանությունները նախորդ իշխանությունների բանակցային գործընթացի իրավահաջո՞րդն են, թե՞ ոչ. որակումներ չտանք պոպուլիզմի ¥երբեմն դեմագոգիկ տարրերով ներհագեցած) փաշինյանական հռչակումներին, թե նախկիններն զբաղված էին միայն «հող հանձնելով», ինչն ինքնին, հակապետական մտածողության արգասիք լինելուց զատ, ոչ կոռեկտ ու անփաստարկ է։ Ինչևէ։
Եվս մեկ անգամ հարցնենք՝ «Մադրիդյան սկզբունքները», որը եղել են բանակցային հիմք վերջին մեկուկես տասնամյակում, այս իշխանությունների համար «հի՞մք» են, թե՞ նոր «թեորիա» պետք է «մշակվի»՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, հակամարտող երկրների մասնակցությամբ։


բ) Ակնհայտ է, հիմնախնդրում իսկապես խառնաշփոթ, մասամբ էլ խառնակչության դասական իրավիճակ է, և նոր իշխողը կողմնակից է թեզին ¥ինչն էլ դանդաղորեն փորձում է ներմուծել հայոց և միջազգային «օրակարգ»), որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։
Այո, ստացվում է, Փաշինյանը դեմ չէ խնդրի կարգավորման փիլիսոփայությունն ամբողջովին, եթե չասենք՝ արկածախնդրային փոփոխության ենթարկելու հեռանկարին։ «Հեղափոխական» այդ մոտեցումը խիստ անհասկանալի կլինի համանախագահող երկրների համար, որոնք, փաստորեն, պետք է զրոյից սկսեն գործընթացի մշակումը, համաձայնեցումը, էլ չենք խոսում այս առնչությամբ Ադրբեջանի մոտեցումների մասին։


գ) Այլ կերպ ասած՝ փաշինյանական այս «նոու-հաուն» մի կողմից փորձ է ժամանակ շահելու, «վերադասավորվելու», «մաչո» երևալու, սակայն իրականում ուղիղ գծով պատերազմ տանող «հստակ» ուղի է։ Փաշինյանի կողքին եղողների, երիտթիմի «մտահոգությունները» թափառում են բոլորովին այլ ծիրերում, որպեսզի վերջինիս՝ «կարգին Հայկոյի» քարոզարշավի ընդմիջումներին հիշեցնեն նրան Վրաստանի և ՈՒկրաինայի օրինակները, առաջին դեպքում՝ բլիցկրիգով Օսիան ու Աբխազիան, երկրորդի դեպքում՝ Ղրիմը կորցնելու մասին։
Ոչ, չենք ասում, որ Փաշինյանը գիտակցաբար ու «շտապ» գնում է այդտեղ, բայց Արցախյան խնդրի շուրջ նրա ստեղծած խառնափնթորը, երբ իր պաշտոնավարության ընթացքում Ադրբեջանն այս օրերին երկրորդ գերհզոր զորավարժություններն է անցկացնում, լավատեսության տեղ չեն թողնում ոչ միայն «Կարգին Հայկոյով», Ռոբերտ Քոչարյանով, հակահեղափոխական «սևերով» խիստ զբաղված լինելու, այլև զուգահեռ ընթացող Պուտին, Մակրոն հանդիպումների ֆոնին, մանավանդ որ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը «ծնվեց» շատ անսպասելի ու ոչ մի տեղից, իսկ նման բան կարող էր լինել միայն Ղարաբաղյան հիմնախնդրի, Սիրիայում՝ Իդլիբի շուրջ տեղ ունեցող զարգացումների, Իրանի շուրջ սեղմվող օղակի պարագաներում։

դ) Եվ վերջապես, փաշինյանական հաջորդ «նոու-հաուն», իրականում՝ «շիլաշփոթը» առնչվում է բարձրաձայնմանը՝ Արցախը, որպես բանակցային կողմ, պետք է նստի սեղանի շուրջ։ Ինչը, այո, նոր չէ, Սերժ Սարգսյանի օրոք մշտապես այդ տեսակետը հնչել է։ Այո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես «այդ կարծիքին» են, բայց այն ժամանակ, երբ համաձայնությունը՝ ֆունդամենտալ հարցերի շուրջ, Հայաստանի և Արցախի միջև կայացած կլինի։
Սակայն մեր քննարկման թեման դա չէ, մեզ անչափ հետաքրքրում է հարցը՝ եթե Փաշինյանը կարծում է, որ Արցախը Հայաստանի մաս է, այդ ինչպե՞ս է Արցախն առանձին բանակցելու Ադրբեջանի հետ։
Սա և Արցախյան խնդրին առնչվող «նորօրյա» մնացյալ թեզերը հասկանալու ճանապարհին նորմալ մարդու բանականությունը կանգ է գրանցում։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ