Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հասկանում ենք, բայց ոչինչ չենք ձեռնարկում

Հասկանում ենք, բայց ոչինչ չենք ձեռնարկում
18.09.2018 | 01:39

Երբ իրողությունները տագնապալի են, լուծումները` անտեսված, իսկ չինովնիկները, վարչապետի բնորոշմամբ, «ցրողական», ինչպե՞ս ենք խուսափելու աղետից։
Իսկ խնդիրն իրոք աղետաբեր է, գոյատևման հարցականով, որովհետև ջուրն ինքը կյանքն է, և դրանով ամեն ինչ ասված է։ Վերջին տարիների իրողությունները ցույց են տալիս, որ ջրի պակասի խնդիրը խորանում է, այսօր արդեն տասնյակ հազարից ավելի գյուղացիական տնտեսություններում բերքը չի հասունանում՝ ջուր չկա։ Որոշ տնտեսություններում այն աճեցնում են կոյուղաջրերով: Ջրպետկոմի նախկին նախագահի հավաստմամբ` համայնքների կեսից ավելին խմելու ջրի խնդիր ունի՝ ցամաքել են ստորգետնյա աղբյուրները։


Բնապահպանները տարիներով բղավում են, SOS հնչեցնում արդեն մոտակա հեռանկարում իրավիճակի առավել վատթարացման մասին. ջերմային ֆոնը էլ ավելի է բարձրանալու, տեղումները նվազելու են։ Մենք լսում ենք այս ամենը և, «խոր քուն մտած», շարունակում թալանել ջրի կուտակմանն ու անկորուստ, արդյունավետ օգտագործմանն ուղղված բյուջետային, դրամաշնորհային, վարկային միջոցները։ Թալանում ենք, գողանում նաև Սևանի ջուրը, բայց դա կարողանում ենք ներկայացնել որպես մարդասիրական քայլ։
Անցյալ տարի, գրեթե հենց այս ամիսներին, երբ նորից սրվեց ոռոգման ջրի խնդիրը, և դիմեցինք մեր վերջին հույսին՝ Սևանին, Ազգային ժողովի մի քանի հայտնի դեմքեր ջրառը հիմնավորեցին. «Եկեք գնանք կանգնենք գյուղացու՝ ջրի պակասից չորացող լոլիկի թփի մոտ և հարցնենք` հիմա ի՞նչ ես ասում, այ գյուղացի, Սևանից ջու՞ր տանք քեզ, թե՞ թողնենք, որ քո լոլիկի թուփը լրիվ չորանա»։ Ըստ էության, սա դեմագոգիա է, թալանը քողարկելու միջոց։ Գյուղացին շատ լավ գիտի, թե ինչպես ջրատարը կառուցելիս թալանեցին ցեմենտը, արմատուրան, ինչպես բանվորներին նեղացրին բարձր աշխատավարձ գրելով, բայց քիչ վճարելով, նրանք էլ սկսեցին գլուխ պահել, գործն այնպես չանել, ինչպես պետք է։ ՈՒ, խնդրեմ, արդյունքը՝ իր գնած ջուրը չի հասնում իր բոստանին, այն կորչում, անհետանում է թալանված, անորակ ջրատարից։
Այս դեմագոգիան շարունակվեց նաև այս տարի. Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարները հայտարարեցին, որ դեմ կքվեարկեին հավելյալ ջրառին, եթե տեսած չլինեին գյուղացու չորացած դաշտերը։ Իսկ ջրակուտակիչները, ջրատարները կառուցվել, նորոգվել էին հիմնականում այդ կուսակցության կառավարման օրոք, ու թալանի այսօրվա բացահայտումներն էլ հենց դա են փաստում։


Հայտնի վերլուծաբան Անահիտ Ադամյանի «Ծփում է Սևանը, և ինչքա՞ն» հոդվածում («Իրատես», թիվ 51, 2017 թ.) բերված թվերը վկայում են ոռոգման համակարգի արդյունավետության աններելի ցածր մակարդակը (պաշտոնական տվյալներով` ջրի կեսից ավելին, այլ աղբյուրների համաձայն` մինչև 70 տոկոսը, կորչում է, չի հասնում գյուղացուն, իսկ դրությունը ուղղելուն միտված միջոցներն անհետանում են, ինչպես ջուրը ավազում։ 2011-2017 թթ. ոռոգման ջրի կորուստները կրճատելու համար աշխարհի ֆինանսական տարբեր կառույցներից հանրապետությունը ստացել է մոտավորապես 350 միլիոն դոլար), ու՞ր են գնացել այդ միջոցները. լրագրողի հարցի պատասխանը փնտրենք գյուղատնտեսության այսօրվա աղետալի իրողություններում, երկրի կառավարիչների` Երևանի գլխին թառած դղյակներում։


Աղետալի վիճակի նախաշեմին է նաև Սևանը. լրագրողը նկատում է, որ ջրառի արդյունքում «բարակել է լճի շերտի հաստությունը, արևի ճառագայթները թափանցում են լճի խորքերը և տաքացնում ջուրը։ Դրա պատճառով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռները, լիճը «ծաղկում» է, որ նշանակում է «ճահճացում»։ Այս գրառումը լրագրողն արել է անցյալ տարի։ Այս տարի մենք լճի «բուռն ծաղկման» նրա ճահճացման նախասկզբի ականատեսն էինք։
Ինչպես տեսնում ենք, ֆինանսական միջոցներն անհետանում են ինչպես ջուրը ավազում։ Անհետացման վտանգի նախաշեմին են հայտնվել գյուղատնտեսությունը, Սևանը։
Ջրպետկոմի նորանշանակ նախագահը կարծում է, որ աղետը մի կերպ դանդաղեցնելու համար պետք է գործարկվի 24 խորքային հոր (դրանք պարբերաբար, չգիտես ինչ հաշվարկների ու տրամաբանության համաձայն, բացվում ու փակվում են), որի համար անհրաժեշտ է 666 միլիոն դրամ (էս սատանայի թի՞վը որտեղից մոգոնեցին), ինչը չունեն, իսկ հեռանկարներից առանձնացնում է Սևջուր գետի մակարդակի բարձրացումը, որը կտևի մոտավորապես 10 տարի, իսկ թե դրա համար որքան գումար կպահանջվի, ինքն առայժմ չի կարող ասել։ Նա չի կարող ասել նաև, թե այդ տարիներին ինչ պետք է անի գյուղացին, որտեղից պետք է վերցնի ոռոգման ջուրը, որքան կավելանա Սևանից ջրառը՝ ջերմային ֆոնի հարաճուն աճի և տեղումների պակասելու հետևանքով։ Այս գործընթացների ինտենսիվացման արդյունքում այն լրիվ կճահճանա` ավարտին հասցնելով թալանի էպոպեան, սերունդներին թողնելով ԼՃԻ նկարը:


Թալանի, թե ինքնաթալանի այս գործընթացները հանգեցրին ջրի ահռելի կորուստների, ու տնտեսություններն այս պակասը սկսեցին լրացնել կոյուղաջրերով՝ փորձելով իրողությունը թաքցնել հասարակությունից։ Բայց մամուլի հրապարակումներից մեկում համայնքի ղեկավարը «բերանից թռցրեց» այդ փաստը, ու հիմա մտատանջության մեջ ես՝ գնածդ լոլիկը, վարունգը, կանաչին և այլն արդյոք չե՞ն աճեցվել հենց այդ ջրերով։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը, որը պարտավոր է վերահսկել այս ամենը, ցուցաբերեց իր բացարձակ սնանկությունը` հայտարարելով, թե վախենալու խնդիր չկա, բույսն ինքը վերահսկում է և թույլ չի տա, որ «սնունդ» հասկացության հետ անհամատեղելի, վտանգավոր նյութերը կուտակվեն պտղի մեջ։ Իրականում դա այդպես չէ՝ կուտակվում են, այն էլ ինչպես. շուկայից գնված փարթամ, մուգ կանաչ ավելուկը խաշելուց մի քանի րոպե անց բացահայտեց իր ծագումը՝ խոհանոցը լցնելով գոմաղբի «բուրմունքով»։ Լրագրող Միլենա Մկրտչյանի համառ հարցապնդմանը, թե գուցե այդ ամենը ինչ-որ ձևով պետք է ստուգվի, հետևում է տեսչության ղեկավարի առավել «հիմնավոր, գրագետ» պատասխանը՝ մենք չունենք այդպիսի ուսումնասիրություններ կատարելու ստանդարտներ։ Ես խնդրի գիտակը չեմ, բայց սիրողական մակարդակով կարող եմ ենթադրել, որ ստանդարտներ չլինելը (որոնք ստեղծվում և կարգավորվում են եվրոպաներում) խոսում է այն մասին, որ եվրոպացու մտքով չի էլ անցնի կոյուղաջրով գյուղմթերք աճեցնել։ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որի խոսքը կշիռ ունի, այն կարծիքին է, որ «կոյուղաջրերում բույսերի համար վնասակար միացություններ են պարունակվում»։ Վերջապես, դարերի փորձ ունի ժողովրդի այն իմաստությունը, որ բոստանի արտադրանքի համն ու հոտը պայմանավորված են նրա հողով ու ջրով:


Ջրի պակասը հանգեցրեց բանջարաբոստանային կուլտուրաների բերքի ծավալների կրճատմանը, ինչի արդյունքում սպառողական գները բազմապատիկ աճեցին, դրան նպաստեց նաև արտահանման ծավալների նշանակալի աճը: Ինչ՞ է ստացվում. աղքատության բարձր շեմ ունեցող մեր երկրում ունենք սննդի մատչելի գնի խնդիր, բայց եղածն էլ արտահանում ենք` ավելի սրելով իրավիճակը։ Հանուն ինչի՞։ Տարադրամ կուտակելու։ Բայց նայելով Ռուսաստան մեկնող հայկական բեռնատարների շաբաթներ տևող վրացական կանգառներին, սկսում ես լրջորեն կասկածել այդ քայլի նպատակահարմարությանը. բեռնատարների վարորդները ստիպված են տոննաներով վառելիք օգտագործել սառնարանները աշխատունակ պահելու համար, թեպետ բոլորս էլ գիտենք, որ դրանցում պահածն էլ ունի թույլատրելի ժամկետ, ու հասկանում ես, որ մի կերպ Մոսկվա հասած այդ մթերքի ապրանքային տեսքն ու որակական հատկանիշները այլևս այն չեն, և գնորդը հազիվ թե վճարի պայմանավորված գինը։ Եվ այս հարցում պետք չէ մեղադրել Վրաստանի իշխանություններին. նրանք առաջնորդվում են իրենց երկրի շահով և ցանկանում են առավելագույնը ստանալ զբոսաշրջիկների հոսքից` Ռուսաստանի հետ կապող մեր միակ հայտնի ճանապարհն ամբողջովին տրամադրելով նրանց։ Բայց պետք է փաստել, որ նոր իրավիճակը լրջագույն խնդիրներ է ստեղծում այլ ուղղություններով նոր շուկաներ գտնելու և նրանց պահանջարկին համապատասխան տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հարցում։


Ջրի պակասի մասին խոսելիս, չգիտես ինչու, առաջին հերթին նկատի ունեն դաշտավարությունը, խաղողագործությունն ու պտղաբուծությունը, թեպետ բոլորս էլ հասկանում ենք, որ ընտանիք կշտացնելու համար առաջին հերթին պետք է կաթնամսամթերքը, իսկ այն կլինի առատ և մատչելի, եթե լինի առատ, որակյալ անասնակեր։ Ցավոք, պարբերաբար կրկնվող երաշտը, մեր իսկ անտարբերությամբ անապատացման եզրին հասցված մեր բնական կերահանդակները մխիթարական ոչ մի լավ բան չեն խոստանում։ Մինչդեռ, ինչպես ցույց տվեց հարավային ուղղությամբ՝ Իրան և նրա ճանապարհներով Ծոցի երկրներ ոչխարի և տավարի մսի արտահանման փորձը, կարող ենք մեծ օգուտներ ունենալ, որովհետև կարող ենք (ունենք բնաարտադրական մեծ պոտենցիալ) նվազ ծախսերով քառապատկել մեր կերահանդակների խոտի արտադրությունը։ Կարող ենք, բայց չենք անում;
Ջրի հետ անմիջականորեն առնչվում է նաև տարածքային հրդեհների խնդիրը, որն առավելապես նկատելի է արոտներում, խոտհարքներում, այսպես կոչված, այլ հողերում, որոնք կազմում են հանրապետության տարածքի 70 տոկոսից ավելին։ Ջուր չկա, երաշտ է, բույսը, խոտը ջրազուրկ են՝ հակված մարդածին կամ բնական կայծից բռնկվելուն, հրդեհների առաջացման։ Բոլորս էլ հիշում ենք անցյալ տարվա հազարավոր հեկտարներով հրդեհված, մոխրացած տարածքները, Խոսրովի անտառներին հասցված անդառնալի կորուստները։ Հիշում ենք, բայց գործնականում ոչինչ չենք ձեռնարկում։ Դրությունը մխիթարական չէ նաև այս տարի. լրագրող Արմենուհի Մելքոնյանի հավաստմամբ` հուլիսյան 2 օրում այրվել է մոտավորապես 200000 քմ խոտածածկույթ։
Սրանք են հիմնականում այն տագնապները որոնք պայմանավորված են ջրի խնդրով, և որոնց լուծումները մենք պետք է գտնենք։ Մեր ունեցած ջրային ռեսուրսը մեկ տարվա հաշվով 8 միլիարդ խորանարդ մետր է, ինչը լրիվ բավարար է, առանց Սևանից ջրառի, լուծելու ոռոգման խնդիրը։ Մենք լավագույն դեպքում օգտագործում ենք դրա 20 տոկոսը, մնացածը «փախչում» է հարևան երկրներ` իր հետ տանելով մեր հողերի հումուսը։


Օգոստոսի 6-ին վարչապետը հանձնարարեց պատասխանատուներին` քննարկել ոռոգման ջրի խնդիրը և գտնել Սևանից ջրառով չպայմանավորված լուծումներ։ Քննարկեցին և զեկուցեցին՝ հնարավոր լուծումներ չկան, Սևանը պետք է դատարկել։ Մինչդեռ սա անիրազեկություն և անպատասխանատվություն է, պաշտոնական մակարդակի կեղծիք։ Հետաքրքիր է, ինչպե՞ս էին իրենց զգում այդ քննարկումներին մասնակցած գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարները, ջրպետկոմի նախագահը, որոնց ներկայացուցիչները 15.01.2018 թ. խորհրդակցությունում ստորագրեցին հանրապետությունում «արտադրված» ամբողջ ջրաքանակը (8 մլրդ խմ) մեր հողերին պահ տալով լուծել հողի խոնավության աճի, ցամաքած ստորգետնյա աղբյուրների վերագործարկման, Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման, երաշտի, ջրհեղեղների, հողատարման երևույթների կասեցման, կերահանդակներում խոտի բերքի բազմապատիկ ավելացմանը միտված մեր կողմից առաջարկվող, փորձարկված տեխնոլոգիան և մեքենան ներդնելու արձանագրությունը` դրանով էականորեն կասեցնելով Սևանից ջրառի քանակը։ Երևի սա էլ վարչապետի ասած «ցրողականն» է` այս անգամ արդեն նախարարների և ջրային կոմիտեի նախագահի կատարմամբ։


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 9356

Մեկնաբանություններ