Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վրեժխնդրության ծարավը կարող է շրջվել այն կիրառողի դեմ

Վրեժխնդրության ծարավը կարող է շրջվել այն կիրառողի դեմ
09.10.2018 | 01:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականի ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելու մասին հայտարարությունները երկրում կարծես մի նոր շրջափուլ սկսվելու մասին են ազդարարում: Քաղաքական դաշտում այժմ ամեն բան իրար է խառնվել, կուսակցությունների մեծ մասը ընտրությունների է պատրաստվում, մի մասը մտադիր է բոյկոտելու դրանք, մեկ այլ հատված այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ինչպես և ում հետ դաշնակցելով մրցապայքար ծավալի:


Այնպիսի մի փուլ ենք մտել այժմ, որը կարող է աչքի ընկնել քաղաքական սուր պայքարով, ինչի տակից դուրս գալը հետագայում կարող է ծանր նստել ամբողջ երկրի վրա: Իսկ եթե արտահերթ ընտրությունները սոսկ գործիք են լինելու ունեցած իշխանությունը վերահաստատելու և պահելու համար, ապա նոր Հայաստան կերտելու մասին արված վերամբարձ բոլոր խոսքերն այդպես էլ օդում կախված կմնան:
Կարծում ենք, այս փուլում խիստ կարևոր է, որ քաղաքական դաշտի բոլոր խաղացողները բավականաչափ խիզախութուն դրսևորեն ու հրապարակայնորն միմյանց վիրավորելու, անցած գնացածը հիշեցնելու, սպառնալու փոխարեն ուղիներ փնտրեն ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար: Հայտնի առակ կա. երկու հոգևորական ճանապարհին մի աղջկա են հանդիպում, որը խնդրում է իրեն գետի մյուս ափն անցկացնել: Տարիքով ավելի երիտասարդ հոգևորականը հրաժարվում է օգնել աղջկան, իսկ ավագը գրկում է օրիորդին ու գետի մյուս ափը տեղափոխում: Երբ հասնում են իրենց կացարան, երիտասարդը հարց է տալիս ավագին. «Ամբողջ ճանապարհին ես մտածում էի, թե ինչու՞ գրկեցիք աղջկան ու անցկացրիք գետը, չէ՞ որ մեզ արգելված է դիպչել աղջկա մարմնին»: Ավագը խոր ու իմաստուն պատասխան է տալիս. «Ես այդ աղջկան գրկեցի ու օգտակար եղա նրան, թողնելով գետի մյուս ափում, բայց դու դա մոռանալ չես կարողանում, ու նա մինչև հիմա քո գրկում է»:


Հայաստանյան քաղաքական դաշտում այժմ այս նույն պատկերն է՝ ոչ մի ուժ չի կարողանում մոռանալ մյուսի արածն ու չարածը: Իհարկե, նախկինների բացթողումներից ու թերացումներից պետք է դասեր քաղել, բայց չարակամությունն ու մոռանալ չկարողանալու թուլությունը զրկում են սթափ դատելու կարողությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է մոռանա քաղաքական անցյալի բազում դրվագներ, որովհետև նա այժմ պատասխանատու է ոչ միայն իր անցյալի ու ներկայի, այլև հասարակության առջև: Պատմությունը հուշում է, որ ատելության ու վերժխնդրության կոչերը, կրքեր բորբոքելու գործընթացը հեշտությամբ կարող են այն կիրառողի դեմ շրջվել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ