Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էմբրիոնին հասնելու արվեստը

Էմբրիոնին հասնելու արվեստը
19.10.2018 | 00:56

Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինյանի քաղաքական-հոգեբանական կերտվածքը, արձանագրել` որպես տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խոսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցավերով ու ամենևին չի նեղվում պոպուլիզմի հուժկու ավելցուկից, որը հմտորեն խաղում է ամբոխի ներքին, ցածրագույն բնազդների հետ՝ ձեռնածուին հատուկ մեծագույն արվեստով ու բոլոր աստվածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանությամբ, իր հոգով և դնում պատվանդանին՝ ժողովրդի երկրպագության համար։
Հաջորդական «նիկոլները» նույնպես շատ հետաքրքիր են, սակայն մենք կանգ կառնենք «վերջին» Նիկոլի վրա, որն իր անափ երազանքը՝ ամբողջական իշխանությունը վերցնելու մոտալուտ վայրկյաններն է կերտում ու ահավոր շատ է վախենում «երբեք»-ից, անկանխատեսելի ֆորսմաժորներից, ուստի ժողովրդից, իր ընդդիմախոսներից թաքցնելով Դագոնի կուռքի պատկերը, դարձել է գրեթե սովորական մահկանացու, որն էլ ելել-գնացել-նստել է Արմեն Սարգսյանի առջև՝ «խոնարհաբար» երկրի դարդ ու ցավից փիքր անելու։


Եթե անկեղծ՝ մարկեսյան պատկեր էր՝ երկու հակաբևեռ գեոխաղացողների, մշակույթների, մենթալ պլանների։ Մարկեսը շատ կնախանձեր։ Նրանց խիստ քաղաքավարի, արտաքուստ հանդարտ նեյրոլինգվիստիկայի խորքում դետոնացիայի այնպիսի փոխարկերպումներ էին ընթանում, որ «չափիչ» գործիքի էներգետիկ կանգ կառաջանար. Արմեն Սարգսյանը գաղափարա-պետականա-ապաքաղաքական դիրքերից վերջինիս «ցուցանում» էր, որ բոլոր դեպքերում ինքն է այս պահին խաղի տերերից մեկը՝ ոչ միայն աշխարհի կողմից իր ընդունելության մակարդակով ու հիերարխիայում, այլև իրավաբանորեն, և իր փոքր-ինչ այլ դիրքորոշման դեպքում հնարավոր է հայաստանյան քաղաքակամ քարտեզի ու տախտակի բավականին հետաքրքիր գեներացում, այլակերպում, իսկ ինքը, ահա, դա չի անում, որովհետև նույնպես կողմնակից է, որ Նիկոլն ամբողջական պատասխանատվություն ստանձնի և կարողանա դուրս գալ այդ պատասխանատվության տակից, եթե կարողանա։ ՈՒ Արմենը, որ բարևել է արքայազն Չառլզին ու «դեբիլներ» չսիրող Լավրովին, որ Պոմպեոյի, Մերկելի, Մակրոնի և մնացյալի հետ շփվում է գրեթե հավասարի պես, ակադեմիական հանդարտությամբ, մոմերի ու բոլոր խաղերի արժեքների գիտակցմամբ՝ մենթալ-մտային «մաստեր կլաս» էր տալիս այդ պահին՝ միտինգներում կոկորդ պատռող, ԱՊՀ գագաթնաժողովում սեղանի ծայրին նստող, վերելակում Ալիևի հետ հանդիպող (չմոռանանք` BP-ի՝ «Բրիթիշ պետրոլեումի» լրջագույն մենեջեր Արմեն Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Իլհամ Ալիևի հետ, նրանք շատ հաճախ են միասին կամ ընտանիքներով հանգստանում ամառները... Ձգենք պաուզան, նշելու, որ կարծես «մտերմության» նման պարտիա է ցանկանում խաղարկել նաև Նիկոլը՝ յուր կնոջ՝ խաղաղության ջատագով տիկին Աննայի հետ. չբացենք փակագծերը), իր դեմ նստած վարչապետի ժամակավոր պաշտոնակատարին փոխանցում էր իր չակրաների իրական էներգիան։


«Էներգիա» ստացողն էլ իր հերթին հանգիստ ունկնդրում էր Արմեն Սարգսյանին, ու ինչպես Տերյանը կասեր՝ «սիրտը նրան շշնջում էր՝ անիծիր», բայց քանի որ միացված էր սիրո և հանդուժողականության «ռեժիմը», Նիկոլ Փաշինյանն իմաստնաբար հանդուրժում էր Արմեն Սարգսյանի «մաստեր-կլասը», գուցե և մտքում ունենալով ոչ միայն խորհրդարանը ցրելու, այլև ապագայում «քանդած-հավաքած», արդեն՝ ի՛ր խորհրդարան ու ի՛ր ժողովրդով նախագահի այս ինստիտուտն ու անձը «քանդել-հավաքելու» սցենարը ևս։
Այս ամենը՝ որպես վարկած և մարկեսյան դիտարկում։
Ի դեպ, նույնական՝ «հանդուրժողականության» ռեժիմ է միացված Փաշինյանի մոտ նաև հինգ ամսվա ընթացքում, կարելի է ասել, իսպառ վերացված քաղաքական դաշտի և կադրային խնդիրների մասով. Փաշինյանն արդեն հրովարտակում է, որ բարիկադները քանդելու ժամանակն է։

Իսկ «բարիկադները քանդելու» ժամանակն է ոչ թե պետության, Ղարաբաղյան խնդրով «հեռացող դեսպան» Միլզի անկեղծացման, տարածաշրջանում սեղմվող աղեղի, տնտեսության մեջ իր իսկ ՊԵԿ ղեկավարի խոստովանությամբ արձանագրված կանգի պատճառով, այլ սեփական ամբիցիաների, սեփական իշխանության պահպանման, միանձնյա «գոռոզ ցար» դառնալու հույժ կենսական և արդիական պատճառով։ Նաև՝ կադրային սնանկության. Փաշինյանը, անիծելով «Սերժի ժամանակը», ստիպված է օգտվել նրա պրոֆեսիոնալ կադրերից, նրա արած-դրածից, նրա ստեղծածից, որովհետև իրենը ստեղծել անկարող է, իր տեսակի բաղկացուցիչը չէ կառուցելը, արարելը, պահպանելը։
Ասվածի ականատեսն ենք եղել մինչ օրս, որպես եղածը մսխելու, քանդելու, էմբրիոնին հասնելու, այն այլ էներգետիկայով օժտելու իր արվեստի վկա։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ