Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արդարություն» կուսակցությունը կհամագործակցի «Լույս» դաշինքի հետ»

«Արդարություն» կուսակցությունը կհամագործակցի «Լույս» դաշինքի հետ»
19.10.2018 | 01:44

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում նկատեց, որ քաղաքացիների կամքն ու շահերն արտահայտող խորհրդարան ունենալը դասագրքային ճշմարտություն է, իսկ ընտրությունների միջոցով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներն իրենց ընտրյալներին պատվիրակում են, որպեսզի վերջիններս որոշումներ կայացնեն իրենց փոխարեն:

Հեղափոխությունից հետո, ըստ Մխիթարյանի, ակնհայտ է՝ Հայաստանի խորհրդարանը չի արտահայտում քաղաքացիների տրամադրությունները, ինչը պարզ դարձավ նաև անցած ամիս կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո:

-Երկրում այժմ առաջացել է ոչ նորմալ իրավիճակ. բոլորը գիտեն, որ ժողովրդի, քաղաքացիների տրամադրությունները նույն համամասնությամբ արտահայտված չեն երկրի խորհրդարանում,- ասում է պարոն Մխիթարյանը:- Հասարակական տրամադրություններն ու քաղաքական կողմնորոշումները խորհրդարանում ներկայացնելն օրախնդիր է, իսկ լուծումը միայն խորհրդարանական ընտրություններն են: Մյուս կողմից, ցանկալի է, որ արտահերթ ընտրությունները կազմակերպվեն ազգային համաձայնության մթնոլորտում և, հաշվի առնելով հիմնական քաղաքական ուժերի ցանկությունները, ընտրություններին պատշաճ պատրաստվելու պայմաններ ապահովվեն: Կարճ ասած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը հրատապ խնդիր է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև ընտրողների համար կողմնորոշվելու, գիտակցված ու գաղափարական ընտրություն կատարելու հնարավորությունների ստեղծումը:
-Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետներն ասում են, թե օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը վերջապես կհստակեցնի, թե քաղաքական դաշտում ով ինչ խաղ է խաղում: Համկարծի՞ք եք այս տեսակետին:
-Համակարծիք եմ՝ մեկ վերապահումով: Ընտրություններն արձանագրում են տվյալ պահին քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Ընդամենը կարճ ժամանակ անց, եթե կազմակերպվեն նոր ընտրություններ, կարող է արձանագրվել ձայների այլ հարաբերակցություն: Ժողովրդավարական երկրներում կուսակցություններն արտահայտում են իրենց քաղաքական հենարանը համարվող սոցիալական խավերի, քաղաքացիների շահերը, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են: Այս պարագայում կուսակցությունները, չշեղվելով իրենց նախնական ուղուց, պետք է արտահայտեն քաղաքացիների կամքը, ոչ թե սեփական խաղը խաղան: Մեր քաղաքական ուժն այդ առումով հաստատակամ է՝ քաղաքացիների ընդհանրական կարծիքը ներկայացնելու ու նրանց թելադրած «խաղը խաղալու» առումով:
-Եթե ընտրություններին մասնակցելու հայտ եք ներկայացնում, ապա ենթադրելի է, որ պետք է այլընտրանք լինեք քաղաքական դաշտի մյուս ուժերին: Այլընտրանքային ի՞նչ ծրագրեր եք ներկայացնելու ընտրողներին:
-Ընտրություններին մասնակցում ենք՝ առաջնային համարելով ընտրողներին գաղափարական ընտրություն կատարելու հնարավորության ընձեռումը: Մեր բոլոր ծրագրերի հիմքում գաղափարախոսական հիմնադրույթներն են՝ հիմնված սոցիալական արդարության սկզբունքի վրա: Լինելով ձախ-առաջադիմական կուսակցություն, ինչով և տարբերվում ենք մյուս բոլոր քաղաքական ուժերից, այն ծրագրերը, որոնք ըստ ոլորտների ներկայացնելու ենք հանրությանը, մշակվել են հենց քաղաքացիների և նրանցից ընտրված մասնագետների անմիջական մասնակցությամբ: Ներկայացվելիք բոլոր ծրագրերի հիմքում սոցիալական արդարության գաղափարն է, որն այսօր, շահեկանորեն տարբերվելով մյուսներից, պակասում է մեր հասարակության մեջ: ՈՒզում եմ հավելել նաև, որ մեր կուսակցությունը, խորհրդարանում հայտնվելու պարագայում, հանդես է գալու տնտեսական համաներում հայտարարելու առաջարկով, ինչը պարզապես անհրաժեշտություն է: Մեր դիտարկմամբ՝ այդ համաներումը պետք է տարածվի այն անձանց վրա, որոնք, օրինակ, կամավոր կներկայացնեն իրենց և իրենց մերձավորների գույքի, դրամական միջոցների մասին հաշվետվություն և համապատասխան մարմիններին լիազորություն կտան ստուգելու իրենց անվան հետ կապված արտասահմանյան գույքն ու հաշիվները: Իսկ չհիմնավորված ամբողջ եկամուտը պետք է պետական բյուջե վերադարձվելու ենթակա լինի: Բացի այդ՝ բիզնեսը պետք է ձևափոխվի ԲԲԸ-ների, որտեղ տվյալ անձը և փոխկապակցված անձինք միասին չեն կարող ունենալ 30 %-ից ավելի բաժնեմաս, իսկ բաժնետերերի ընդհանուր քանակը չի կարող պակաս լինել 50-ից և այլն:
-Խորհրդարանական արտահերթ ընտրություններին որքանո՞վ եք պատրաստ՝ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումով:
-Խորհրդարանական ընտրություններին սկսել ենք պատրաստվել դեռևս հունիս ամսից, մտածելով, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ամռանը կամ աշնան սկզբին, բայց ժամանակը միշտ էլ կարճ է թվում: Եթե մեկ-երկու ամիս էլ ունենայինք, առավել լավ կպատրաստվեինք: Սակայն վստահ ենք, որ մեր գործընկեր մրցակից քաղաքական ուժերն էլ գրեթե նույն պայմաններում են, այնպես որ այստեղ ևս արդարությունն ապահովված է: Այժմ վերջնական տեսքի ենք բերում մեր նախընտրական ծրագիրը, ընդլայնում ենք կուսակցության տեղական մարմինների ցանցը, զարգացնում երիտասարդական ու կանանց կազմակերպությունները, կապերը մեր արտասահմանցի գաղափարակից կուսակցությունների հետ, կլինեն նաև հանդիպում-քննարկումներ գործընկեր քաղաքական ուժերի հետ:
-Էյֆորիայի ազդեցությունը քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներին ստվերել է, ֆավորիտն այս պահին գործող իշխանությունը ներկայացնող ուժն է: Ձեր թիմն ինչպե՞ս է համոզելու քաղաքացիներին՝ ստանալու վստահության քվե:
-Մեզ համար առաջիկա ընտրությունները մեր գաղափարակից ընկերներին գտնելու և համախմբելու շատ լավ հնարավորություն է: «Արդարությունը» համեմատաբար նոր քաղաքական ուժ է, սակայն այն գաղափարախոսությունը, որ մենք դավանում ենք, կարելի է ասել, գերակշռում է ժողովրդի մեջ: Ո՞վ կողմ չէ սոցիալական արդարությանը, հավասար հնարավորություններին, ազատությանն ու հանդուրժողականությանը, խաղաղությանը, ժողովրդաիշխանության լիարժեք հաստատմանը, որոշումների կայացման գործընթացներում բոլոր քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Մեզ մնում է նախընտրական քարոզարշավի ընթացքում այս գաղափարները հասցնել մեր գաղափարակից ընկերներին՝ մտավորականներին, փոքր և միջին ձեռնարկատերերին, ուսանողներին ու երիտասարդներին, կրթության, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, մեր ժողովրդի տարբեր խավերին ու ստանալ ցանկալի արդյունք: Նրանք պիտի գիտակցեն, որ մեր կուսակցության օրենսդրական բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ունենալու են մեկ ելակետ՝ սոցիալական արդարությունը, որը բխելու է հենց մեր երկրի առաջընթացից ու զարգացման շահերից:
-Իսկ կա՞ն այդպիսի ուժեր, որոնց հետ արդեն համագործակցում եք կամ պատրաստվում եք համագործակցելու:
-Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին մեր կուսակցության քաղաքական խորհրդի քննարկումների արդյունքում որոշում կայացվեց աջակցելու «Լույս» դաշինքին, որտեղ գաղափարակից ընկերներ գտանք: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնպես ամենահավանական համագործակցությունը «Լույս» դաշինքի հետ կարող է լինել:


Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ