Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պարտադրված հապճեպության հետքերով

Պարտադրված հապճեպության հետքերով
19.10.2018 | 02:13

Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և խոստացել էր, հրաժարական տվեց։ Այդպիսով սկիզբ դրվեց արտահերթ ընտրությունների անցնելու արագացված գործընթացին։ Այս համատեքստում քաղաքական վերլուծական հանրության շրջանում այս օրերին արդիական է մնում այն հարցը, թե ի վերջո ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կտրուկ որոշումը՝ արտահերթ ընտրություններն անցկացնել անպայման մինչև տարեվերջ, ընդ որում, որքան հնարավոր է շուտ։ Ըստ էության, ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է օր առաջ հասնել արտահերթ ընտրությունների փուլին։


Այս պարագայում մի շարք հիմնահարցեր են առաջ քաշվում, իսկ հարցերի հարցն այսօր, թերևս, այն է, թե որ կուսակցությունները պատրաստ կլինեն մասնակցելու դեկտեմբերի սկզբին կայանալիք ընտրություններին։ Շարունակում է հարցական մնալ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների, մասնավորապես, անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքը։ Բնականաբար, հետաքրքիր է նաև, թե այս երկշաբաթյա շրջանում ինչպես կպահեն իրենց խորհրդարանական կուսակցությունները։
Ինչևէ, վերլուծաբաններից շատերի կարծիքով, ընտրությունների ժամկետների վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշման վրա վճռորոշ կերպով ազդել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը կանխատեսում էր, որ իր քաղաքական ուժը համոզիչ հաղթանակ է տանելու։ Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները կարծես ինչ-որ առումով նաև հեղափոխությունը խորհրդանշող Փաշինյանի վստահության հանրաքվե լինեին։ Բայց արձանագրված արդյունքը թերևս Փաշինյանի համար նույնիսկ անսպասելի էր, և նա, ըստ էության, հանգեց եզրակացության, որ այս պահի դրությամբ շարունակում է բավականին լուրջ ու ակտիվ ընտրազանգված ունենալ, որն ամբողջովին վերահսկելի է և իր կողմից կառավարվող (անգամ առցանց ռեժիմով)։ ՈՒ եթե մինչ ավագանու ընտրությունները Փաշինյանն ուներ ակնհայտ մտավախություններ ու կասկածներ, թե հրաժարականի դեպքում իրեն կարող են խորհրդարանում «գցել», այդ թվում՝ դաշնակից համարվող ուժերը, ապա ավագանու ընտրություններից հետո հասկացավ, որ այդ խնդիրն արագ լուծելու մեծ հնարավորություն կա։ Իսկ այն, ինչ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ խորհրդարանում, ընդամենը կամա թե ակամա արագացրեց Փաշինյանի ծրագրերի իրականացումը։


Այնուամենայնիվ, իմաստ ունի անդրադառնալ ներքաղաքական այդ պահի խնդիրներին, որ կարող էին ծառանալ Փաշինյանի առջև, քանի որ նաև դրանցով է պայմանավորված ներկայիս զարգացումների տրամաբանությունը։ Ամենագլխավոր խնդիրներից մեկը, որ ուներ վարչապետը, կարող էր կապված լինել մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ, որը վերջին շրջանում համարվում էր յուրահատուկ քաղաքական «ջոկեր» և ում կողմն անցներ, այդ քաղաքական ուժն էլ լուրջ ռեսուրսային և քաղաքական առավելություն կստանար առնվազն խորհրդարանում։ Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց, և հոկտեմբերի 2-ի՝ ուժ ցուցադրելու ձախողված գործողությունների հետևանքով բոլոր խնդիրները փաստացի զրոյացվեցին ու լուծվեցին։


Այս առումով հանրապետական կուսակցությունը կամ նրա ղեկավարությունը կամա թե ակամա հերթական անգամ մեծ ծառայություն մատուցեցին այսօրվա իշխանություններին։ Ըստ որոշ վարկածների՝ հոկտեմբերի 2-ի դիմադրությունը ՀՀԿ ղեկավարության կողմից լավ հաշվարկված շախմատային քայլ էր, որպեսզի գործընթացներն արագացվեն, և իշխանությունն ամբողջովին հանձնվի Նիկոլ Փաշինյանին՝ նաև հետագա ամբողջ պատասխանատվությունը երկրում տիրող իրավիճակի համար դնելով նրա վրա։ Փաստացի սրա շնորհիվ Փաշինյանի քաղաքական «ռեպերտուարից» կհանվի այն արդարացնող թեզը, թե հակահեղափոխությունը կամ սև ուժերն են խանգարում իշխանության գործունեությունում դրական արդյունքներ գրանցելուն։
Միևնույն ժամանակ այն, ինչ հոկտեմբերի 2-ից հետո տեղի ունեցավ հանրապետական կուսակցությունում, ցույց տվեց նաև, որ եթե իշխանափոխության սկզբնական փուլում՝ մայիսին, ՀՀԿ-ում ամեն ինչ կարծես վերահսկողության ներքո էր, և իրենք էին որոշում՝ որ պատգամավորները ձայն տան Փաշինյանին, և որոնք մնան անբասիր հանրապետականներ, ապա այժմ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ում տարբեր կլաններ սկսում են ընկալել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ և սպասվածից ավելի երկարաժամկետ ընթացք կարող է ունենալ, որի ժամանակ որոշ ազդեցության խմբեր կարող են շատ բան նաև կորցնել։ Այս պայմաններում սկսվեց մի գործընթաց, որը կարելի է բնութագրել որպես նոր իրողություններին հարմարվելու փորձ։ Դրա վկայությունն է այն, որ մի շարք պատգամավորներ, որոնք հիմնականում ասոցացվում են ՀՀԿ-ի ազդեցիկ խմբերից մեկի հետ, սկսեցին բացահայտ խաղալ Նիկոլ Փաշինյանի դաշտում և, ինչպես ասում են, տեղավորվել նոր իրողություններում ու սիրախաղ անել իշխող կուսակցության հետ։ Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում կարող են լինել նաև մասնատման ոչ վերահսկելի գործընթացներ, և, ի վերջո, կմնա կուսակցության, այսպես կոչված, քաղաքական կորիզը, որի շուրջ կսկսի ձևավորվել նորացված հանրապետական կուսակցությունը՝ գուցե այլ ձևաչափով ու մարդկանցով։ Իսկ նրանք, ովքեր ժամանակի ընթացքում այդպես էլ չէին ասոցացվում քաղաքական թիմի հետ, ամենայն հավանականությամբ, կփորձեն ձուլվել նոր իշխանության մեջ կամ չինտեգրվելով իրավիճակին, իրենց համար հնարավորինս անվնաս, ֆինանսատնտեսական լծակները պահպանելով դուրս կգան ակտիվ քաղաքականությունից։


Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա վերջինիս պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ այստեղ, բացի զուտ իրավիճակային խաղերից, կարծես թե լուրջ խնդիրներ են առաջանում ներկուսակցական դաշտում, և ներքին ընդդիմությունը կարող է պատեհ պահն օգտագործել կուսակցության երկարաժամկետ նոմենկլատուրայի դեմն առնելու համար։
Ընտրությունների արագ անցկացման պատճառների համատեքստում քննարկվող հաջորդ կարևորագույն մոտիվացիան պայմանավորված է արտաքին աշխարհի հետ հարաբերություններով։ Եվ դա հասկանալի է, քանի որ Փաշինյանը սկսել է հասկանալ, որ անորոշությունն իր ու իր թիմի շուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական դաշտում։ Մասնավորապես, որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանն արտաքին խաղացողներին իր արտաքին քաղաքական գործելաոճի ու նախապատվությունների և որոշ կադրերի վերանայման առումով, վերաֆորմատավորում կատարելու խոստումներ է տվել։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանի թիմում առանցքային որոշ կադրային նշանակումներ անընդունելի են ՌԴ-ի համար, ինչն այս կամ այն կերպ, երբեմն բացահայտ, երբեմն ռուսաստանյան իշխանությանը մոտ կանգնած փորձագետների, վերլուծաբանների միջոցով, շրջանառվում էր։ Ըստ որոշ վարկածների՝ Փաշինյանը խոսք էր տվել, որ ընտրություններից հետո, երբ որևէ պարտավորություն իր հեղափոխական խայտաբղետ թիմի տարբեր հատվածների առջև այլևս չի ունենա, լուրջ վերանայումներ կանի։ ՈՒստի ապագա ընտրությունները, որ վերջնականապես պետք է լեգիտիմացնեն Փաշինյանի իշխանությունը, կարող են նաև որոշակիություն մտցնել նրա արտաքին քաղաքական նախընտրություններում, ինչպես նաև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից նրա նկատմամբ վերաբերմունքում։ Իսկ արտաքին աշխարհի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ շատ կարևոր է, քանի որ այդ ասպարեզում առավել քան անորոշ իրավիճակ է ստեղծվել։


Եթե դիտարկում ենք եվրոպական ուղղությունը, ապա այդտեղ ակնհայտորեն բավականին լուրջ սառնություն կա հարաբերություններում։ Դա զգացվում է նույնիսկ բացահայտ մակարդակում։ Եվրոպացիները դեռևս շարունակում են խաղալ հանրապետականների դաշտում։ Փաշինյանի ցանկացած նախաձեռնություն, որը կապված է հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ, եվրոպական կառույցները դիտարկում են ոչ փաշինյանական տիրույթում՝ շատ դեպքերում ակնարկելով, որ իրենց համար վարչապետի արտաքին քաղաքականության ոչ ռևերսային ռեժիմի պայմաններում ավելի կանխատեսելի է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Եվրոպան հասկացնում է, որ եթե Փաշինյանն արտաքին քաղաքական կուրսում ոչինչ չէր փոխելու, ապա Սերժ Սարգսյանն իրենց համար ավելի հասկանալի և վստահելի գործընկեր էր, որի օրոք ոչ միայն ստորագրվեց Եվրոպայի հետ համագործակցության համապարփակ համաձայնագիրը, այլև շատ կոնկրետ գործողություններ արվեցին Եվրոպայի հետ մերձեցման առումով։


Ի դեպ, կարող են հերթական լարումները առաջանալ նաև նոր ընտրական օրենսգրքի հապճեպ ընդունման գործընթացների առնչությամբ, այս խնդիրը, թերևս, որոշակի ինտրիգ է պարունակում և կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել խորհրդարանական քննարկումների ընթացքում, ինչպես նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարթակներում։
Հարթ չեն հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ։ Թեև ամերիկացիները վերջին շրջանում որոշ հուսադրող ուղերձներ էին հղում առաքելությունը Հայաստանում ավարտած դեսպանի շուրթերով, այնուամենայնիվ, ամենակարևոր աջակցությունը նրանք ցուցադրում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս ոչ միայն պարգևատրվում է բավականին հեղինակավոր մրցանակներով, այլև ԱՄՆ-ում արժանանում է բարձր մակարդակի ընդունելությունների։ Արմեն Սարգսյանին ընդունում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչը չհաջողվեց Նյու Յորք մեկնած Փաշինյանին, թեև որոշակի մեսիջներ անընդհատ ուղարկվում էին։ ՀՀ նախագահը հանդիպում է նաև այնպիսի ազդեցիկ մարդու հետ, ինչպիսին ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերն է։ Ամերիկացիներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նախընտրում են գործ ունենալ այն մարդու հետ և բարձրացնել այն գործչի քաղաքական կշիռը, որն իրենց համար ավելի կանխատեսելի ու կայուն է։


Այս պարագայում շատ հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումը։ ՌԴ-ն շարունակում է հեղափոխության մեկնարկին որդեգրած իր պրագմատիկ գործելակերպը և փորձում է խաղադրույք կատարել մի քանի խաղացողների վրա։ Որպես իրողություն ընդունում է Փաշինյանի ուժը, վարկանիշը, սակայն հաշվի առնելով, որ Փաշինյանը բավականին խնդիրներ է ստեղծում ՌԴ-ի համար, փորձում է իր հակաքայլը ստեղծել։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանը ամենայն հավանականությամբ, դիտարկվում է ոչ թե այլընտրանք Փաշինյանին, շատ լավ հասկանալով, որ վերջինս նման վարկանիշ չունի, այլ ավելի շատ՝ որպես վախեցնող գործոն։ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, սպասում է ԱԺ արտահերթ ընտրություններին, քանի որ միայն դրանից հետո կկարողանա հասկանալ՝ արդյոք Փաշինյանն ընդունա՞կ է ռոտացիայի ենթարկելու իր թիմը, պահելու պայմանավորվածությունները, որ արվել են անդրկուլիսյան կամ բացահայտ մակարդակներում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ