Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արամ Խաչատրյանի երաժշտությունը դժվար է հաղթահարել, պետք է հասնես աստիճան առ աստիճան, տարիների ընթացքում»

«Արամ Խաչատրյանի երաժշտությունը դժվար է հաղթահարել, պետք է հասնես աստիճան առ աստիճան, տարիների ընթացքում»
19.10.2018 | 02:52

«Արամ Խաչատրյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Դժվար է գտնել այնպիսի երկիր, ուր գոնե մեկ անգամ չի հնչել նրա երաժշտությունը»։
Տիխոն ԽՐԵՆՆԻԿՈՎ

1939 թվականին Արամ Խաչատրյանը գրեց առաջին հայկական խորհրդային բալետը` «Երջանկությունը»։ Այն ցուցադրվեց Մոսկվայում նույն թվականին` հայկական գրականության և արվեստի առաջին տասնօրյակին (բալետմայստեր` Իլյա Արբատով)։
«Երջանկություն» բալետի լիբրետոն ուներ լուրջ թերություններ։ Խաչատրյանը գրեց նոր լիբրետո և երաժշտության մեծ մասը ու, ըստ էության, ստեղծեց նոր բալետ` «Գայանե»։ «Գայանեի» պրեմիերան տեղի ունեցավ 1941 թվականի դեկտեմբերին` Լենինգրադի Ս. Կիրովի անվան օպերայի և բալետի (Մարիինյան) թատրոնում, որն այդ ժամանակ գործում էր Պերմում։ Դրանից հետո «Գայանեն» բեմադրվեց Կիևում, Սվերդլովսկում, Բեռլինում, Բրատիսլավայում։
Երևանում «Գայանեն» բեմադրվեց 1946-ին (բալետմայստեր` Անիսիմով)։
Մոսկվայի Մեծ թատրոնը «Գայանե» բալետն առաջին անգամ բեմադրեց 1957 թվականին (բեմադրիչ Վ. Վայնոնեն, Գայանեի դերում հանդես էր գալիս ռուս մեծ պարուհի Ռաիսա Ստրուչկովան)։


2004 թվականին իմ «Օթյակի» հաղորդումներից մեկը նվիրված էր «Գայանե» բալետին` Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։
Նկարահանումը տեղի ունեցավ օպերային թատրոնի տնօրենության օթյակում։
Երբեմն-երբեմն մեր թատրոնները հաճելի պահեր են մեզ մատուցում։ Այդպիսի անակնկալ էր պատրաստել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը։
Վիլեն Գալստյանը հայկական բալետի լավագույն ներկայացուցիչներից է, միջազգային մրցույթների դափնեկիր, հանրապետության ժողովրդական արտիստ։ Նա հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում։


ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ- Ամեն ինչ սկսվեց շատ պատահական։ Ես ինձ համար բեմադրել էի «Ջահերով պարը» «Գայանե» բալետից։ Այն ես պարեցի Մոսկվայում, Կրեմլի պալատում։ Այդ համերգին ներկա էին ԽՍՀՄ մշակույթի նախարար Ե. Ֆուրցևան, Արամ Խաչատրյանը, Գալինա ՈՒլանովան, Յուրի Գրիգորովիչը... Պարելուց հետո ինձ հրավիրեցին կառավարական օթյակ. «Շտապեք, ձեզ Ֆուրցևան առաջարկ ունի անելու...»։ Ես էլ 19 տարեկան էի, մտածեցի. «Ֆուրցևան ինձ հետ ի՞նչ գործ ունի»։ Եկա կառավարական օթյակ։ Ֆուրցևան ասաց. «Молодой человек, вы едете в Париж на три месяца».
Պարզվեց, որ Փարիզում կազմակերպվում է խորհրդային առաջին մյուզիքհոլը, ուր ընդգրկվել էին Մուսլիմ Մագոմաևը, ուզբեկ պարուհի Գալիա Իզմայլովան, Լյուդմիլա Զիկինան, Նանի Բրեգվաձեն։ Ինձ ասացին, որ ես պետք է պարեմ «Ջահերով պարը»։ Ռեժիսորը Կոննիկովն էր, շատ ճանաչված ռեժիսոր։ Նա ասաց. «Ջահերով պարը» հիանալի է, բայց անպայման երկրորդ պարն էլ պետք է ունենաք։ Պայմանն էդպես է. երկու բաժնում պետք է պարեք»։ «Բայց ես ուրիշ սոլո համար չունեմ, էս մեկն է»,- ասացի։ Նա պատասխանեց. «Կա Գալիա Իզմայլովա` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նրա հետ պետք է մի պար ստեղծեք ու պարեք»։ Մոտեցավ Գալիա Իզմայլովան։ Ես նրան ասացի, որ շատ եմ սիրում «Սուսերով պարը» Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, ու այդ պարը կարող ենք երկուսով պարել։ Ես ասացի. «Առաջին մասը ես կպարեմ, դա տղամարդու երաժշտական մուտքն է, երկրորդ մասը կնոջ մուտքն է, և երրորդը` միասին, կոդա։


Գալիան փորձառու պարուհի է, հզոր, դանակներ էր խաղացնում, դափեր էր խաղացնում պարելու ժամանակ, շատ ճկուն էր և մեծ վարպետ։ Սկսեցինք փորձել։ Երեք փորձից հետո համարը պատրաստ էր։ Ցույց տվեցինք Կոննիկովին, ասաց. «Փայլուն է, փայլու՜ն...»։
Եվ դա առիթ եղավ, որ ես երեք ամիս վայելեցի Օլիմպիա դահլիճն այդ հիանալի խորհրդային մյուզիքհոլում, երեք ամիս պարեցի Փարիզում։ Այդ երեք ամիսն ինձ համար մի կյանք էր։ Հետագայում այդ պարերով եղանք Լոնդոնում, Ամերիկայում, Թուրքիայում, Ավստրալիայում, այլ երկրներում։ Երբ խորհրդային մյուզիքհոլը մեկնում էր համերգների, ես ու Գալիան անպայման պետք է լինեինք։
Դա իմ կյանքի երջանիկ պահերից էր։ Ինձ նկատեցին Մեծ թատրոնի հսկաները` Յուրի Գրիգորովիչը, Գալինա ՈՒլանովան և հրավիրեցին մասնակցելու Մեծ թատրոնի ներկայացումներին` «Դոն Կիխոտ», «Ժիզել»։ Մասնակցում էի նաև կառավարական համերգներին։ Իմ խաղընկերները Մեծ թատրոնի աստղերն էին` Ռաիսա Ստրուչկովան, Եկատերիա Մաքսիմովան, Նատալյա Բեսսմերտնովան։
Այստեղից էլ սկսվեց իմ հաղթարշավը արվեստում։ Մեծ թատրոնի ներկայացումներով ես հնարավորություն ունեցա մեկնելու հյուրախաղերի բազմաթիվ երկրներ, պարեցի աշխարհի լավագույն բեմերում։


Պետք է ասեմ, որ ինձ անընդհատ հետապնդում էին Արամ Խաչատրյանի երաժշտությունը, իմ պարերը «Գայանեից»։ Եվ իմ մեջ ցանկություն արթնացավ բեմադրելու այդ բալետը։ Մի հանդիպում ունեցա Արամ Իլյիչի հետ, նա ինձ ասաց. «Դու լավ ես զգում իմ երաժշտությունը, գուցե բեմադրե՞ս «Գայանեն»։ Ես առանց կասկածելու ասացի` այո։ Ասացի այո ու մտածեցի. երեք գործողությամբ բալետն ինչպե՞ս պետք է բեմադրեմ։
Խորացա երաժշտության մեջ, խորացա դրամատուրգիայի մեջ։ Շատ պրոբլեմներ ծագեցին։ Նախ թույլ էր դրամատուրգիան։ Առաջին «Գայանեն» ժողովուրդների բարեկամության մասին էր, կոլխոզի մասին էր։ Հորինված էր, լավը չէր։ Լավ սյուժե գտնելը բարդ էր։ Ես դիմեցի հայ գրականությանը` «Լալվարի որսը», «Անուշ», «Լիլիթ»... Հետո հասկացա, որ ինքս սյուժե պետք է ստեղծեմ և հարմարեցնեմ երաժշտությանը։ Այդպես էլ արեցի։ Իհարկե, «Գայանեի» սյուժեն չունի մեծ դրամատուրգիա, սակայն նա հիմնված է հայկական ծեսերի, ադաթների, խաղերի վրա։ Եվ այդպես ես մոտեցա երաժշտությանը։ Գայանե-Արմեն-Գիքո եռանկյան շուրջը ես հավաքեցի մեր գեղեցիկ արարողությունները, ծիսակատարությունները` գորգագործներ, բերքահավաք, աղջիկփախցնոցի, փոքրուց երեխաներին ամուսնացնելու ադաթ, հարսանիք և այլն։ ՈՒզեցի ստեղծել հայկական թատրոն, հայկական բալետային թատրոն։ Իհարկե, եթե ես լավ դրամատուրգ լինեի, միգուցե ավելի հզոր սյուժե գտնեի։ Բայց ասեմ, որ ներկայացումը սիրված է թե՛ տարբեր երկրներում, թե՛ Հայաստանում։


«Գայանեի» այս տարբերակը բեմադրվել է Բուլղարիայում, Եգիպտոսում, Թիֆլիսում, Լեհաստանում, Արգենտինայում, ՈՒրուգվայում, Նովոսիբիրսկում... Ամենուրեք Խաչատրյանի երաժշտությունն ընկալում էին որպես հարազատ երաժշտություն։
Ինձ համար տարօրինակ էր, երբ Եգիպտոսում ասացին. «Ինչու՞ է հայկական, սա մեր երաժշտությունն է»։ Ես պատասխանում էի. «Այս երաժշտությունը հայերի սեփականությունն է»։ Նույն բանը կատարվում էր Բուլղարիայում, Թիֆլիսում, Նովոսիբիրսկում... Այս ներկայացումն իր երաժշտությամբ, խորեոգրաֆիայով ընդունվում էր որպես համամարդկային արվեստի գեղեցիկ մի գործ։ Ներկայացման մեջ շատ մեծ և կարևոր դեր խաղաց նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Երբ ես Մինասին առաջարկեցի «Գայանեն» միասին անել, նա մեծ հիացմունքով դա ընդունեց։ Ինձ համար նկարիչ Մինաս Ավետիսյանն աստվածային երևույթ էր։ Այդ տարիներին բոլորի շուրթերին նրա անունն էր` երիտասարդ էր և տաղանդավոր։ Ես երջանիկ էի, որ իմ առաջին բալետը անում եմ այդպիսի նկարչի հետ։ Բոլոր դեկորներն արեց Մինասը։ Երբ մենք «Գայանեն» տարանք Մոսկվա ու խաղացինք Մեծ թատրոնի բեմում, դահլիճում էին Վլադիմիր Վասիլևը, Եկատերինա Մաքսիմովան, Ռաիսա Ստրուչկովան, խորհրդային բալետի մյուս աստղերը։ Նրանք հիացած էին. «Սա միայն բալետ չէ, սա հայկական ազգային թանգարան է բեմում»։


Ներկայացման բոլոր պատկերներում Մինասի կտավներն են, մոտ 14 կտավ։ Իսկ Մինասի յուրաքանչյուր կտավ թանգարանային գործ է։ Հիմա, երբ վերականգնվում է ներկայացումը, ես սրբորեն պահպանում եմ Մինասի կտավները։ Մինասի զավակը` Նարեկը, և մեր թատրոնի նկարիչ Վիտյան անում են ամեն ինչ, որ հանկարծ Մինասի կտավի որևէ գույն չփոխվի, լինի այնպես, ինչպես Մինասը կաներ, ինչպես Մինասը կուզեր։
Ես շատ երջանիկ եմ, որ ստացվեց այնպես, ինչպես ես էի ուզում, որ լիներ հայկական բեմում։
Շատ պակաս զգեստներ կային Մինասի պատահական վախճանից հետո։ Ես խնդրեցի հիանալի նկարչուհի Ռուբինե Հովհաննիսյանին զբաղվել զգեստներով։ Պայմանավորվեցինք, որ զգեստները (200-ից ավելի զգեստ) պետք է համապատասխանեն Մինասի դեկորներին, գույներին։ Ռուբինեն պատվով կատարեց այդ խնդիրը, ճշգրիտ պահպանեց Մինասի ձևավորման տոնայնությունը, գույները։
1974-ին պարում էինք ես, Ռուդոլֆ Խառատյանը, Հովհաննես Դիվանյանը, Էլվիրա Մնացականյանը, Նադեժդա Դավթյանը, Տամարա Միրիմանովան, Սերգեյ Պետրոսյանը... ՈՒնեինք փայլուն կազմ, 2-3 կազմ։ Այդ ժամանակ բալետում 100 պարող կար, հիմա մնացել ենք 50։ Մեզ օգնության են գալիս պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսի ուսանողները։ Շնորհակալություն ուսումնարանին և նրա սաներին։ Կատարվեց և սերնդափոխություն, այսօր պարում են Դիվանյանի դուստրը, Հովհաննես Խաչիկյանի որդին։ Այս երիտասարդները չեն զիջում իրենց ծնողներին պրոֆեսիոնալ մակարդակով։ Եվ դա ուրախալի է։ Այսօր պարում են Ֆելիքս Գրիգորյանը, Արմեն Գևորգյանը, Լևոն Համբարձումյանը, Զավեն Հարությունյանը, Սոնա Առուստամյանը, Ժակլին Սարխոշյանը, նոր մենակատարներ։
Հաղորդման ընթացքում ցուցադրվում են հատվածներ «Գայանե» բալետից և փորձի տեսարանները։ Վիլեն Գալստյանը փորձում է Մարիա Դիվանյանի և Զավեն Հարությունյանի հետ։


ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆ - Ես դեռ ուսումնարանում էի և հաճախ էի գալիս դիտելու «Գայանեն»։ Երազում էի պարել այդ պարտիան, ինձ շատ էր հոգեհարազատ։ Այդ ներկայացման մեջ զբաղված էին հայկական բալետի աստղերը` Էլվիրա Մնացականյանը, Նադեժդա Դավթյանը, Վիլեն Գալստյանը, իմ ծնողները` Լենա Պավլիդին և Հովհաննես Դիվանյանը։ Երբ Վիլեն Գալստյանն առաջարկեց ինձ Գայանեի դերը, շատ ուրախացա։ Ես մեծ բավականություն ստացա ստեղծագործական պրոցեսից։ Բալետի պարողը պետք է ոչ միայն պարի, այլև լինի դերասան, խաղա, որովհետև Գայանեի կերպարը բազմաշերտ է, կան և՛ լիրիկական, և՛ դրամատիկական կտորներ։ Այդ բալետը պետք է պահպանվի սերունդների համար։


ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ- Դժվար բալետ է «Գայանեն»։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը դժվար է հաղթահարել, նրա երաժշտությանը պետք է հասնես աստիճան առ աստիճան, տարիների ընթացքում։ Այդ երաժշտության պահանջները շատ դժվարին են ու բարձր։
Եվ պիտի հասնես...
«Գայանեի» երաժշտությունն արտասովոր է, լի է կյանքով, լույսով, ցնծությամբ։ Այն ծնվել է սիրուց` Հայրենիքի, նրա հիանալի մարդկանց, նրա հարուստ հեքիաթային բնության սիրուց»,- գրել է խորհրդային մեծ կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկին։

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3783

Մեկնաբանություններ