Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Որևէ պետության ազդեցություն Հայաստանի վրա չպետք է լինի»

«Որևէ պետության ազդեցություն Հայաստանի վրա չպետք է լինի»
23.10.2018 | 08:33

Այս օրերին նոր կուսակցություններ են ստեղծվում, որոնք նպատակ ունեն մասնակցելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Վերջերս հիմնադրվեց «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի քարտուղարության անդամներից մեկի՝ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ է «Իրատեսի» այսօրվա զրույցը։

-«Սասնա ծռերը» համահայկական կուսակցություն է, որն արտահայտելու է համայն հայության կամքը։ Սա եք կուսակցության հենքը համարել։ Նոր իշխանությունն ասում է, թե ինքն է արտահայտում ողջ հանրության կամքը։ Կարծում եք` նոր իշխանությունը ողջ հայության կամարտահայտողը չէ՞։
-Մենք ոչ թե բաժանում ենք համայն հայության կամքն արտահայտող կուսակցություններին, այլ ցանցային պետության կողմնակիցն ենք։ Այսինքն, ստեղծել պետություն, որը ողջ հայության կենտրոնն է լինելու։ Որևիցե քաղաքական ուժ, որ կանի այդ բանը, մենք ամեն կերպ կաջակցենք նրան, կհամագործակցենք։ Մենք չենք ասում, որ մենք ազգի պատվիրակներն ենք ու պարտադիր մենք պետք է անենք ինչ-որ գործողություններ, դա մեր գաղափարախոսությունն է, և ով էլ այդ գաղափարախոսությունը կիրագործի, կաջակցենք նրան։
-Այսօր «Սասնա ծռերը» իշխանությանն աջակցո՞ղ կուսակցություն է։
-Մենք բազմիցս ուղիղ տեքստով հայտարարել ենք, որ աջակցում ենք այս իշխանությանը։
-Համամիտ եք բոլոր գործողությունների՞ն։
-Ոչ բոլոր։
-Ի՞նչ վերապահումներ ունեք։
-Օրինակ, համամիտ չենք Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուն, Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելուն, Սիրիա ռուսական դրոշի ներքո զորք ուղարկելուն։ Իհարկե, կան շատ հարցեր, որոնց առնչությամբ համակարծիք չենք և հորդորել ենք չկատարել դրանք։ Հայտարարություն ենք տարածել` նման վարկաբեկված ոճրագործներին որևէ պաշտոնի չնշանակել, նշանակվածներին էլ ազատել պաշտոնից։
-Կարծում եք` ամբողջովին պետք է խզե՞լ նախկիների հետ կապը։
-Մենք պետք է հասկանանք կադրերի և համակարգի տարբերությունը։ Համակարգը պետք է ոչնչացվի, որը հիմնված է կոռուպցիայի, թալանի, սպանությունների, քաղաքական կեղեքումների վրա։ Աներկբա է, որ այս համակարգը պետք է ոչնչացվի, բայց այդ համակարգում կան անձինք, որոնք պղծված չեն։ Դրան զուգահեռ կան կադրեր, որոնք եղել են այդ համակարգի հենասյուները և աշխատել են այդ համակարգի փիլիսոփայությամբ։ Այդ կադրերից մեկն էլ Հունան Պողոսյանն է, որը պատասխանատու է Մարտի 1-ից սկսած մի շարք ոճրագործությունների համար։ Իսկ երբ դարձավ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության բոլոր գործողությունները, ըստ էության, կազմակերպում էր նա։ Իհարկե, Վլադիմիր Գասպարյանի հրամանով, բայց համակարգողը նա էր։ Այսինքն, սա մի մարդ է, որ շարքային գործունեություն չի ծավալել ոստիկանությունում, և այս ոճրագործին չի կարելի պաշտոն տալ։ Անշուշտ, ոստիկանությունում և առհասարակ պետական համակարգում կան բավականին արդար մարդիկ, որոնք պետք է մնան իրենց պաշտոնին։
-Ինչո՞վ է պայմանավորված Հունան Պողոսյանին իշխանությունում պահելը։
-Դա պետք է հարցնել վարչապետին։
-Նա իր բացատրությունը տվել է` պետք է նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել Սյունիքում։
-Ես ընդամենը կարող եմ ասել, որ այսպիսի նշանակումը կարող է իր բացասական հետևանքը թողնել պետության գործունեության վրա։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կա բարիկադներ կառուցելու և քանդելու ժամանակ, ինչը ենթադրում է նաև նախկին իշխանության կադրերի ներգրավում կառավարման համակարգ։ Գուցե նաև ա՞յս համատեքստում էր այդ նշանակումը։
-Ֆեյսբուքում նկատեցի նույն փիլիսոփայությամբ մի այսպիսի գրառում. եթե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գեբելսը կենդանի լիներ, պետք է նշանակեին կրթության նախարար։ Իհարկե, բարիկադները քանդելուց հետո այն կողմում եղած մարդիկ կարող են իշխանության մեջ ներգրավվել, բայց ոչ նրանք, ովքեր բարիկադի առանցքն են եղել, բազմաթիվ հանցագործություններ են կատարել անձանց, պետության դեմ։ Նրանք պետք է հայտնվեն բանտում։ Ոչ ոք չի ասում` ոչնչացնենք բոլորին, ովքեր նախկին համակարգում են եղել, բայց համակարգի առանցքում կանգնած մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն, ինչպես ժամանակին ոմանք կանգնեցին Նյուրնբերգյան դատարանի առաջ։ Չի կարելի ոճրագործին ոչ միայն պաշտոն տալ, այլև ներել նրա կատարածը։ Ներողամտությունը պետք է սահման ունենա, որից վերև ներում չպետք է լինի։ Չի կարելի Մարտի 1-ի ոճրագործությունը կատարածներին ներել։
-Կրկին հիշելով ֆեյսբուքը, նկատենք, որ վերջերս ոմանք պնդում են, որ «Սասնա ծռերը» արշավ են սկսել նոր իշխանությունների դեմ։ Դա ավելի սրվեց, երբ Արայիկ Խանդոյանի մահվանից հետո ձեր համախոհները դժգոհություն հայտնեցին, թե հուղարկավորությանը ներկա չի եղել վարչապետը։
-Նախ` ծանոթ չեմ այդ տեսակետներին, չեմ կարող հստակ բան ասել, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բացակայությանը, նա պարտադիր պետք է ներկա լիներ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը, որովհետև մենք լեգենդ էինք թաղում։ Նա շարքային անձ չէր, «Միայնակ Գայլը» ոչ միայն արցախյան պատերազմի, այլև ապստամբության մեծ խորհրդանիշ էր։ Մի կին շատ լավ էր նկատել. «Ես իմ կյանքում այսքան լացող տղամարդ չէի տեսել»։ Այդ լացող տղամարդկանցից շատերն Արայիկ Խանդոյանին անձամբ չէին ճանաչում, նրան շատերը որպես ապստամբ ճանաչեցին։ «Սասնա ծռերի» գործողություններից առաջ շատ քչերն էին նրան ճանաչում, շատ քչերը գիտեին, որ նա իր պետական պարգևները վերադարձրել էր բերձորյան ոճրագործությունից հետո, անգամ քչերը գիտեին բերձորյան ոճրագործության մասին։ Այսինքն, Արայիկ Խանդոյանը մի կերպար էր, որը 17 տարեկանից իր ողջ կյանքը նվիրել էր պետությանը, սկզբում արտաքին, հետո նաև ներքին թշնամու դեմ պայքարելով, իսկ գագաթնակետը եղան «Սասնա ծռերի» գործողությունները։ Այս էտալոնի, խորհրդանիշի թաղմանը վարչապետը պարտավոր էր ներկա լինել, չգիտեմ՝ ինչու ներկա չի եղել։
-Հայաստանում ընդդիմադիր դաշտը թափուր է մնացել, պատրա՞ստ եք զբաղեցնելու քաղաքական այդ հարթակը, մասնակցելու՞ եք խորհրդարանական ընտրություններին։
-Այս հարցը պետք է համակողմանի դիտարկել։ Հայաստանում ոչ թե ընդդիմադիր դաշտն է թափուր մնացել, այլ մինչ օրս քաղաքական դաշտ Հայաստանում չի եղել։ Այն, ինչ ունեցել ենք, ռեժիմի նախագծած դաշտն էր, որն իշխանության հսկողության տակ էր, իսկ թե հիմա ինչ կձևավորվի, կերևա հետագայում։ Դեռ չձևավորված դաշտում չենք կարող վերլուծություններ անել։ Իսկ ընտրություններին հաստատապես մասնակցելու ենք։
-Այսուհանդերձ, հստակ է՝ կա իշխանություն, իսկ հակադիր բևեռը ոչ մի կերպ չի երևում։
-Այսօր ունենք ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարաբերություններ, այլ հեղափոխական իրավիճակ։ Սկսվել է հեղափոխությունը, տապալվել են ավտորիտար ռեժիմը, կառավարման թևերից մեկը՝ գործադիր մարմինը, հիմա էլ մյուս երկու թևերի տապալման գործընթաց է գնում։ Այս գործընթացների ավարտից հետո կլինեն քաղաքական ուժերի վերադասավորումներ ու դիրքավորումներ։
-Այսուամենայնիվ, Դուք ո՞ր հարթության մեջ եք ձեզ տեսնում՝ ընդդիմադի՞ր, այլընտրանքայի՞ն, կենտրոնամե՞տ (դրանք «հին» Հայաստանում տեսել ենք), թե՞ իշխանական։
-Մինչև դաշտը չձևավորվի, դժվար է ասել։ Կա հեղափոխական իշխանություն, որը շարունակում է հեղափոխությունը։ Մենք խոսում ենք գոյություն չունեցող քաղաքական դաշտի մասին։
-Ձեր կուսակցության մեկ այլ գաղափարախոսության մասին. «Սասնա ծռերը» կարծում են, որ Հայաստանը պետք է «պոկել» Ռուսաստանից, ապագաղութացնել։ Նոր Հայաստանու՞մ էլ է գաղութացված Հայաստանը, թե՞ արդեն ապագաղութացվել ենք։
-Ոչ մի գաղութ աշխարհում չի կարողացել զարգացում ունենալ։ Կապ չունի` դա Ռուսաստանի՞, թե՞ մեկ այլ երկրի գաղութն է։ Եթե մենք ուզում ենք զարգանալ ու մեր ինքնիշխանությունը պահել, պետք է լինենք անկախ։ Այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանի, այլ մեր մեջ է։ Ինչ վերաբերում է ապագաղութացման գործընթացին, այսօր տեսնում ենք, որ Հայաստանի դիրքը ԵԱՏՄ-ում կամ հայ-ռուսական հարաբերություններում ավելի կայուն է, քան նախկինում։ Մենք ավելի արժանապատիվ դիրքից ենք ներկայանում, որովհետև կարողացանք ունենալ թավշյա հեղափոխություն, որը մեր իշխանության հիմքերն ամրապնդեց։ Սակայն այս գործընթացը դեռ չի հասել այն մակարդակին, որը մենք պատկերացնում ենք, ու որն անհրաժեշտ է մեր երկրին։ Լինելով միայն ԵԱՏՄ-ի կազմում, մի կողմ թողնելով տնտեսական լծակներն ու կապերը, Հայաստանը չի կարող ինքնիշխան լինել, մենք շատ մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից, բազմաթիվ որոշումներ մենք չենք մեր երկրում կայացնում, Ռուսաստանին է վերապահված դա։ Ի դեպ, որոշ դեպքերում էլ Ռուսաստանն այդ որոշումները կայացնում է օրենքով, որովհետև դա ԵԱՏՄ-ի կանոնադրությունն է թելադրում։ Բայց լինում են նաև օրենքից դուրս որոշումներ, չմոռանանք Պուտինի շնորհավորանքը Քոչարյանին, Լավրովի հայտարարությունը Քոչարյանի ձերբակալության առնչությամբ։ Այս ճնշումներից պետք է ազատվել։
-Ի՞նչ չափով պետք է Ռուսաստանի ազդեցությունը վերացնել, որտե՞ղ է այդ կարմիր գիծը։
-Որևէ պետության ազդեցություն Հայաստանի վրա չպետք է լինի։ Հայաստանը ցանկացած պետության հետ պետք է լինի փոխշահավետ համագործակցության մեջ։ Այսինքն, որքան այդ պետության ազդեցությունը կլինի մեր երկրում, այնքան էլ մեր ազդեցությունն այդ երկրում։ Սա վերաբերում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական փոխհարաբերություններին։
-Մեր պաշտպանական ոլորտն արդյոք հնարավո՞ր է միայն սեփական ուժերով ապահովել։
-Միջազգային հարաբերությունների սուբյեկտ համարվում է այն պետությունը, որը կարող է երկու խնդիր լուծել՝ անկախ արտաքին քաղաքականություն վարել և սեփական պաշտպանությունը կազմակերպել։ Այն պետությունը, որն այս խնդիրները լուծել չի կարող, չի համարվում պետություն, եթե անգամ ՄԱԿ-ում կախված լինի նրա դրոշը։
-Մենք այնքան ինքնաբավ ենք, որ կարող ենք սեփական պաշտպանության խնդիրներն ինքնուրու՞յն լուծել։
-Եթե մենք ստեղծել ենք պաշտպանական համակարգ, որը կցված է Ռուսաստանին, ուրեմն մեր պետությունը կցված է Ռուսաստանին։ Փառք մեր բանակին, որ մինչ օրս դիմադրել է ու քաղաքական ղեկավարությանը թույլ չի տվել բանակը կցել Ռուսաստանին։ Իհարկե, մենք ունենք ընդհանուր ՀՕՊ, համատեղ զորքեր, ինչն անթույլատրելի է։ Ռուսաստանը, իրեն կցելով Հայաստանի տնտեսությունը, փորձում է կցել նաև պաշտպանությունը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ իրենը կլինի։ Մինչ այսօր քաղաքական իշխանությունը դա ցանկացել է, բայց զինվորականները դիմադրել են։ Դրա համար դեռ ունենք անկախ կառավարվող բանակ։
-Ի՞նչ եք կարծում, իրատեսակա՞ն է հնչում այն միտքը, որ քաղաքական ղեկավարները ցանկացել են, բայց զինվորականները դիմադրել են։ Մի՞թե քաղաքական ղեկավարների մեծ ցանկության դեպքում դա անհնարին կլիներ։
-Մի մոռացեք, թե ինչ բան է բանակը, այն էլ Հայաստանում։ Յուրաքանչյուր պետության պաշտպանական բանակը յուրօրինակ համակարգ է, իսկ Հայաստանում բանակը ժողովրդի սերն է, բանակը ժողովուրդն է։ Այն, ինչ վերաբերում է բանակին, վերաբերում է ժողովրդին։ Անգամ նախկինի պես իշխանություն ունենալով, դա չափազանց բարդ կլիներ, չնայած հաջողվել է ՀՕՊ-ը դարձնել Ռուսաստանի մաս։ Իսկ 4-րդ սերնդի պատերազմներում ՀՕՊ-ն ունի չափազանց մեծ դեր։ Չմոռանանք՝ ով հաղթում է օդում, հաղթում է պատերազմում։ Այդ կարևորագույն շերտը տվել ենք օտարի կառավարման, բայց Ռուսաստանը շատ ավելի մեծ նկրտումներ ունի։ Ռուսաստանը շատ վաղուց ցանկանում է զորք մտցնել Արցախ՝ խաղաղապահ առաքելության ներքո, որպեսզի Արցախն էլ իր վերահսկողության տակ պահի։ Մեր ռազմակրթական համակարգն էլ է Ռուսաստանին կցված, որը ևս անթույլատրելի է։ Քո ապագա սպային քո կրթական համակարգով պետք է կրթես։


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ