Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խորհրդարանը` ինքն իր դեմ

Խորհրդարանը` ինքն իր դեմ
23.10.2018 | 10:06

Դեկտեմբերին Հայաստանը կարող էր ընտրություն անել Ընտրական նոր օրենսգրքով` համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային ցուցակների, ընտրվելու նվազագույն շեմը կուսակցությունների համար դառնալու էր 4, դաշինքների համար` 6 տոկոս, նվազեցվելու էր ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի` 4500 հարյուրապատիկ, Աժ-ում կարող էին ներկայացված լինել նվազագույնը 4 կուսակցություն կամ դաշինք, այսինքն՝ 2 տոկոսից ավելի ձայն հավաքած 4-րդ ուժը կարող էր անցնել խորհրդարան։ Բայց այդպես չի լինի` երեկ խորհրդարանը տապալեց օրինագիծը` կողմ քվեարկեց գրանցված 69 պատգամավորներից 56-ը, դեմ՝ 3-ը, փաթեթի ընդունումը ձախողվեց` սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն:


Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը տապալեց ՀՀԿ-ն, թե խմբակցության հայտարարության մեջ նշված փաստարկները, թե խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը, որ կրկնում էր հայտարարությունը, թե Խոսրով Հարությունյանի, թե Արմեն Աշոտյանի ելույթները որևէ հոդաբաշխ բացատրություն չավելացրին: ՀՀԿ-ն խիստ նեղացած է, որ ԱԺ-ում 4 ուժերից կազմավորված հանձնաժողովի առաջարկները կառավարությունն ամբողջությամբ չի ընդունել, որ Աժ արտահերթ ընտրությունները 2019-ից 2018 են բերվել և իրենց պատվի հարցն են համարում Վենետիկի հանձնաժողովի պատիվը պահել ու խիստ զայրացած են, որ ԸՕ-ի նախագիծը Վենետիկում մանրամասն քննարկեու ժամանակ չեն ունեցել, ԺՀՄԻԳ-ն էլ տեսակետ չի ներկայացրել: Հիմնականում` այսքանը:

Իրականում` ՀՀԿ-ն իր ներքին ճգնաժամը պարտադրեց ԱԺ-ին ու կարողացավ հասնել նպատակին: ՀՀԿ-ն դեռ մինչև հիմա վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցության վերաբերյալ` իրատեսորեն չի ուզում մասնակցել, հպարտորեն չի ուզում խոստովանել` ինչու՞ չի ուզում մասնակցել: Տեսակետը, որ ՀՀԿ-ին օդու ջրի պես պետք է ռեյտինգային ընտրակարգը, փոխված իրավիճակում չի աշխատում` ՀՀԿ-ին չի արտոնվելու ընտակաշառք բաժանել, վարչական ռեսուրսներ չկան, որ գործի դնի, թաղի տղերքը հիմա շահ չունեն ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու: Իվերջո` առաջինը ռեյտինգայինները «թռան» ՀՀԿ-ից: Փոխարենը` ՀՀԿ-ն փակեց խորհրդարանում իր ներկայացվածության տարբերակը` նույնիսկ 2 տոկոսից ավելի ձայն հավաքելու պարագայում: Պատճառը դարձյալ ներկուսակցական գզվռտոցն է` ո՞վ պիտի լինի առաջին հնգյակը ՀՀԿ ընտրացուցակում, ու` ինչու՞: Փաստացի` Փաշինյանից թռան և ՀՀԿ 16 պատգամավորները, որ ստորագրությամբ միացել էին նրան:
Երեկվա ֆիասկոյի դափնիները միայն ՀՀԿ-ինը չեն, և ՀՅԴ-ն, և ԲՀԿ-ն լիուլի հնարավորություն տվեցին Նիկոլ Փաշինյանին համոզվելու ու վերահամոզվելու, որ ոչ իրեն, ոչ ժողովրդին հավատարմության գրավոր ու բանավոր հավաստիացումները ոչինչ չեն նշանակում: Գագիկ Ծառուկյանի բազում երդումները` հեղափոխության ու անձամբ նրա կողքին լինելու մասին, երեկ ընդամենը մի քանի րոպեում ջրվեցին, երբ ԲՀԿ-ն էլ ամբողջ կազմով խորհրդարանում չհայտնվեց: Իզուր էր Նաիրա Զոհրաբյանը պաթոսով հայտարարում. «Ի՞նչ եք ուզում անել, հարգելի ՀՀԿ-ականներ, ձեր վերջին մանր վրեժխնդրությու՞նն եք անում»: Մանր վրեժխնդրություն փաստացի ԲՀԿ-ի ներսում է` Գագիկ Ծառուկյանը արդեն որոշել է` ում է ԲՀԿ-ի ընտրացուցակում ներառելու ու նեղացածների մի մեծ խումբ է գոյացել` այդ թվում` Նապոլեոնի Ազիզյանը, Հրանտ Մադաթյանն ու Վարդան Ղուկասյանը, որ երեկ գրանցվել էին ու, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պատրաստ էին ամեն պահի վերադառնալ խորհրդարան, բայց այդպես էլ տեղ չհասան: Իսկ ու՞ր էր Գագիկ Ծառուկյանը: Թեև խորհրդարանում չէր, բայց շատ արագ եկել էր, թեև ոչ պատշաճ հագուստով էր`մարզահագուստով, բայց պատրաստ էր մտնել նիստերի դահլիճ եւ քվեարկել: «Բայց մենք իրեն ասացինք, որ իմաստ չունի, քանի որ մեկ ձայնի խնդիր չէր: Ինչ վերաբերվում է մյուս երեք բացականերին, մենք կանենք առավելագույնը, որ մյուս նիստին նրանց ներկայությունն ապահովվի»,- բացատրել է Նաիրա Զոհրաբյանը: Իրականում Գագիկ Ծառուկյանը չէր կարող մազահագուստով (պատկերանու՞մ եք` ինչ արգելք Ընտրական օրենսգրքի ճանապարհին` մարդ չգտնվեց, որ ԲՀԿ նախագահին տնից մի տաբատ ու մի մայկա բերի` պիջակով): Այսպես ԸՕ-ի ընդունմանը պակասած 7 ձայներից 4-ը ապահովեց ԲՀԿ-ն, 2-ը` ՀՅԴ-ն: ՀՅԴ-ից չեն քվեարկել Անդրանիկ Կարապետյանն ու Սուրեն Մանուկյանը: (Գագիկ Ծառուկյանը համենայն դեպս դիրքերն ամրապնդելու ևս մեկ քայլ արեց` հոկտեմբերի 20-ին նա խնամիացավ Սուքիասյանների ընտանիքի հետ` Ալբերտ Սուքիասյանը խնդրել է Անահիտ Ծառուկյանի ձեռքը: Ծնողները չեն առարկել` վաղուց էին ընկերություն անում): Ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, եթե ԱԺ-ն ընդուներ կառավարության առաջարկը և ոչ թե 24, այլ 72 ժամում քննարկեր ԸՕ-ն, բայց կողմ քվեարկեց 44 պատգամավոր` ՀՅԴ-ն մնաց ձեռնպահ, որովհետև իր հայտարարության համաձայն` դեմ է հապշտապ կարգով սահմանադրական օրենքն ընդունելու կառավարության քայլերին:
Փաստացի` երեկ բոլորը խաղացին իրենք իրենց դեմ` Ելքից բացի: Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ՀՀԿ-ն և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են «սաբոտաժի քաղաքականություն վարելու համար»։ «Վերջին 2 շաբաթվա ընթացքում կամ վերջին 20 օրվա ընթացքում այդ մի քանի անգամ արդեն ակնհայտ երևաց: Ըստ էության, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, միևնույնն է, ոչ ոք չի կարող խլել ժողովրդի հաղթանակը»: Նա նաև հայտարարեց, որ այս քայլով Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունը անխուսափելի են. «Առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մենք, ուղղակի, չենք կարողանա որևէ քայլ անել, որովհետև այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը»։ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և հեղափոխությունը հասցնել վերջնական հանգրվանի։ «Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն խորհրդարանական ընտրությունները ժողովրդի հաղթանակը անխուսափելի է և ռևանշ չի լինելու»` հավելեց նա: Ռևանշ չի լինի, բայց փաստացի երեկ նաև կառավարությունը պարտվեց` չկարողանալով Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ում անցկացնել: Իսկ ամենամեծ պարտությունը կրեց 7-րդ գումարման դեռ չընտրված խորհրդարանը` 6-րդի քաղաքական խաղերի պատճառով հայտնվելով որոշակի թվով անորակ պատգամավորների մանդատ տալու վտանգի առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հնարավո՞ր է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին, այնուամենայնիվ, նոր օրենսգրքով անցկացվեն: Այո, եթե ԱԺ-ն նախաձեռնի, կառավարությունը չի առարկի: Բայց երաշխիք կպահանջի, որ նոր թատրոն հին թեմայով ԱԺ-ն չի բեմադրի: Իսկ այսօր ԱԺ-ն նոր ներկայացում է բեմադրում` նոր արտահերթով:

Դիտվել է՝ 3376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ