Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դեմարշ Եռաբլուրի դեմ

Դեմարշ Եռաբլուրի դեմ
27.11.2018 | 12:48

Ասում էի, չէ՞, ընտրարշավը ծրագրերի ու գաղափարների մրցակցության փոխարեն տուրք է տալու սենսացիաներին ու սկանդալներին: Առաջին իսկ օրը ապացույցը տվեց ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը: Ընտրարշավի առաջին օրը «Սասուն» ջոկատի հրամանատարը, որ ուզում է դառնալ ԵԿՄ նախագահ, Թալինում վերցրեց ու հայտարարեց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, թե ինչ մարդիկ ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին»:


Կա երկու տարբերակ` կամ Սասուն Միքայելյանը փորձում է ինքն իրենից խելոք լինել, որ նրա պարագայուն անհնար է, կամ` չի հասկացել` ի՞նչ է ասում: Երրորդ տարբերակն է, որ Սասուն Միքայելյանը երազում է տարբերվել բոլորից: Որևէ բացատրություն նրա անհեթեթ հայտարարությունը չունի: Դա դեմարշ է ոչ թե նախկին իշխանությունների, այլ` Եռաբլուրի դեմ, ու Սասուն Միքայելյանին մնում է միայն ներողություն խնդրել իր հերթական զառանցանքի համար:


Զարմանալին Սասուն Միքայելյանի իրարահաջորդ անհեթությունները չեն, զարմանալին Հայաստանում պաշտոնական մակարդակով զնգացող լռությունն է նրա հայտարարություններին, մանավանդ որ սոցիալական ցանցերը վայրկենական արձագանքեցին: Փաստացի` առաջինը նրան պաշտոնապես արձագանքեց Արցախը: «Զարմանալի ու զայրույթ հարուցող է, որ քարոզարշավի ժամանակ Արցախի Հանրապետությունը շահարկվում ու նսեմացվում է՝ ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի»` պատասխանեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988-ին, թե Արցախում, թե Հայաստանում և թե Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է»` գտնում է Արցախի հերոսը: «Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, (համոզված եմ, որ «Սասուն» ջոկատի տղաները ևս համակարծիք չեն նրա հետ), որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ: Սթափվեք, տղանե՛ր»` զգուշացրել է Վիտալի Բալասանյանը: Պատասխանեց նաև Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը. «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։ «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին», - գրել է Սենոր Հասրաթյանը
Ու ի՞նչ: Սպասեք հաջորդ սկանդալներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գյումրիում Սասուն Միքայելյանը փորձեց խմբագրել իր խոսքը. «Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձև են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ այս հաղթանակը, մեր Արցախյան ազատամարտը այլևս հաջողություն չէր ունենա, նաև վերջ կդրվեր Արցախյան հերոսամարտին: Այսօրվա մեր համախմբվածությունը մեկ քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու մեր ժողովրդից, որովհետև պատմականորեն, բոլոր ժամանակներում, երբ մենք համախմբվել ենք՝ մենք հաղթել ենք: Այսօր մեր համախմբվածությունը թուրքի դողն է և, եթե այսօր, ոտնձգություն լինի մեր սահմաններում, այս ժողովուրդը դուրս կգա սահման, կմաքառի ու կհասնի Եվլախ ու Բաքու»: «Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք, ով ասում էր, թե չի տեսել մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայց չի տեսել մի ժողովուրդ, որ իր հաղթանակը չսիրի։ Բայց նախորդ իշխանությունները, մեզ բաժան-բաժան անելով, չթողեցին զգալ մեր հաղթանակի գինը։ Բայց այսօր մենք մեր միասնությամբ պարտավոր ենք ամրապնդել Արցախի սահմանները, ազատագրված Հայաստանի Հանրապետությունով Արցախ աշխարհի սահմանը կամրապնդենք։ Դարավոր մեր թշնամիները թող իմանան՝ եթե օրհասական պահ լինի, մենք՝ մեր ու մանուկ, դուրս կգանք սահման եւ կպայքարենք 15 թվականի, Նախիջեւանի եւ մեր այսօրվա ազատության համար»` շարել է Սասուն Միքայելյանը:


Հասկացա՞ք` բայց քանի Եվլախ ու Բաքու չեք հասել, բացատրեք, թե «որոշ մարդիկ» «ուրիշ» ի՞նչ «ձև» պիտի հասկանան` երբ ասվում է «ավելի կարևոր էր արցախյան ազատամարտից»: Կրկնում եմ` ոչ թե պետք է մեղքը ուրիշների չհասկանալու վրա բարդել, այլ` ներողություն խնդրել: Դա ազնիվ ու շիտակ կհնչի, ոչ թե ծռմռվել ու շուռումուտ տալ բառերը: Հասնել 15 թվական, Նախիջևան… Ու Աստծո սիրուն` հանգիստ թողեք Վազգեն Սարգսյանին: Բոլոր ընտրությունների տրենդն է` ով ինչ ուզում է հաստատել, մի մեջբերում է անում Վազգենից ու տեղավորվում նրա ստվերում: Հարգանք ունեցեք Սպարապետի նկատմամբ: Մի փորձեք ձեր դատարկությունը լցնել Վազգեն Սարգսյանի ասածներով, երբ ձեր կյանքի ամեն քայլում հակառակն եք գնացել ու շարունակում եք գնալ Վազգեն Սարգսյանի արածներին:

Դիտվել է՝ 4137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ