Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կամ էշը կսատկի, կամ էլ իշատերը

Կամ էշը կսատկի, կամ էլ իշատերը
04.12.2018 | 02:11

Եթե Դանիել Դեֆոն այսօր ողջ լիներ, Վարդենիսի շրջանի մասին կգրեր իր երկրորդ գլուխգործոցը: Իհարկե, Վարդենիսը լայն հասկացություն է, բանականաբար, իմ խոսքն էլ ամբողջ շրջանի մասին չէ, ավելի կոնկրետ՝ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին ծվարած մի քանի գյուղերի մասին է, որոնք արդեն երեսուն տարի դատապարտված են չեղյալ ճանապարհով գնալ ու գալու, մինչև որևէ կառավարություն որոշի կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ տված իր խոստումներն ու նորոգել այդ հատվածը: Իհարկե, մեծ ճոխություն է այդ քարուքանդ կածանը ճանապարհ անվանելը, բայց փորձենք հեռվից գալ ու անուն գտնել:


1988-ին «եղբայրական» Ադրբեջանի սպանդից խուսափելու նպատակով այն ժամանակ դեռ խորհրդային Հայաստան եկան ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի, Խանլարի, Շամքորի ու հարակից շրջանների հայերը: Նրանցից շատերը վերաբնակվեցին հիշյալ ճանապարհի, այսպես ասած, առաջնահերթ շահառու գյուղերում: Տեղում ճանապարհն ի սկզբանե ասֆալտապատված չի եղել, հետո, 2000-ականների սկզբին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին կարծես սայլը տեղից շարժվեց: Մեկ-երկու ամսվա ընթացքում ասֆալտապատվեց համարյա ամբողջ ճանապարհը, բացի միջանկյալ 20 կիլոմետր տարածքից, որի մասին էլ այսօր ցանկանում եմ խոսել:


Այս տարիների ընթացքում տեղի բնակիչները տարբեր պետական ատյանների տարբեր բովանդակությամբ ու տարբեր խնդրանքներով, նաև սպառնալիքներով դիմումներ են հղել՝ ճանապարհը վերանորոգելու համար, բայց սայլը տեղից ոչ միայն չի շարժվել, անիվները հանվել ու վաճառվել են:
2016 թ., երբ Հայաստանում աստիճանաբար արդիական դարձավ քաղաքական-հասարակական հարցերն «ավտոճանապարհ փակելով լուծելու» մարտավարությունը, փակվեց նաև այդ ճանապարհը: Հունիսի 28-ի առավոտյան Փամբակ, Դարանակ, Արեգունի և Ծափաթաղ համայնքի բնակիչները փակեցին ճանապարհը: Ոչ մի արձագանք չկար այնքան ժամանակ, մինչև տարբեր մեքենաներից կազմված արգելապատնեշի առաջ կանգնեցին նաև ՊՆ նյութապահովման մեքենաները:


Միայն դրանից հետ մարզպետարանն արձագանքեց, եթե 3 ժամ հետո մարզպետարանի պիտակով դեպքի վայր ժամանած ու մի քանի չափումներ արած անհայտ անձի գալուստը կարելի է արձագանք համարել: Ինչևէ, անհայտ պաշտոնյան խոստացել էր, որ կես ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները կսկսվեն: Ինչ խոսք, աշխատանքներն սկսվեցին, մի քանի բեռնատար երկու օր շարունակ փութաջանորեն խիճ թափեցին տարածքում, բայց ասֆալտ անող մեքենաներն այդպես էլ չերևացին:
Հավատալով, որ հիմա «նոր Հայաստանում» ենք ապրում է, և լիահույս լինելով, որ նոր Հայաստանում հնարավոր կլինի դարմանել հին վերքերը, ս.թ. հուլիսի 2-ին էլեկտրոնային փոստով դիմում-նամակ գրեցի Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին: Ներկայացնելով խնդիրը, միաժամանակ նշեցի, որ տեղում խնդիրը բավականին սուր բնույթ է ստացել և հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ ինչպես գյուղացիներն են սիրում ասել` դանակը ոսկորին է հասել, կա՛մ աջ, կա՛մ ձախ:


Հուլիսի 7-ին ստացա Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանի մակագրությամբ պատասխանը, որում նշվում էր, որ մարզպետարանն արդեն դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` խնդրո առարկա ճանապարհահատվածը որևէ ճանապարհաշինարարական ծրագրում ներառելու համար: Ճիշտ է, նախկին իշխանություններն այնքան են նման պատասխաններ տվել, որ այս պատասխանից հետո մի տեսակ «էշ, մի սատկիր, գարուն կգա»-ի հոտ եկավ, բայց, ինչպես ասում են, հույսը վերջում է մեռնում: Եվ ահա, տեղի բնակիչներն անհամբեր սպասում են, որ իշխանությունը կբուժի «նոր Հայաստանի» հին վերքերը: Բայց այս սպասումն ինձ հետսովետական մի հայտնի հումոր է հիշեցնում: Երբ մարդատար գնացքը դադարեց գործել այս տարածքում, ինչ-որ մեկի անհավանական սպասմանը մարդիկ կատակով ասում էին. «Վակզալում էլ ա շատ մարդ սպասում»:


Ինչպես ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում, ուստի որոշեցի գնալ նամակի հետքով: Այսպես, հուլիսի 18-ին կրկին էլփոստով նամակ ուղարկեցի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին և, ներկայացնելով պատկերը, խնդրեցի գոնե մոտավոր տեղեկացնել՝ երբ է ծրագրված վերանորոգել ճանապարհը: Ցավոք, ինչպես Գեղարքունիքի մարզպետարանում, այնպես էլ այստեղ պատասխանը մնաց օդում կախված` ՝ շատ շուտով: Բայց այդ շուտովը ցայսօր տեղ չի հասել:


Երկար սպասումներից հետո, այս տարվա օգոստոս ամսին գյուղացիները կրկին բողոքի ակցիա սկսեցին` փակելով ճանապարհը, բայց այս անգամ մարզպետարանի աշխատակիցը միայնակ չէր, նրա հետ էր նաև համայնքապետ Հակոբ Ավետյանը, որը մարզպետարանի աշխատակցի հետ խոստացավ, որ տասն օրվա ընթացքում աշխատանքները կսկսվեն: Կարճ լինեմ` դեպքից մոտ հինգ ամիս է անցել, բայց ոչ մի աշխատանք դեռ չի վերսկսվել:
Ավելին, քարոզարշավի ժամանակ, նոյեմբերի սահմանագլխին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարածքով անցել է, խոսել է գյուղացիների հետ, բայց ճանապարհի մասին կարծես մոռացել է: Նրանից հետո էլ մի քանի ՔՊ-ական թեկնածուներ են գնացել, որոնք, ինչպես, ասենք, ՀՀԿ-ական, կամ ԲՀԿ-ական թեկնածուները, նույն բանն են ասել` հենց ընտրվենք, կանենք, ձեր հոգուն ղուրբան։
Գյուղացիները տարակուսած են, արդյո՞ք իրենք «նոր» Հայաստանում են ապրում, արդյո՞ք կառավարությունն իրենց հայ է համարում, թե՞ ամեն ինչ նորմալ է, բայց խնդիրը լուծելու համար խելքի պակաս կա:
Հիմա ձմեռ է, դժվար է որևէ բան անել, գարնանն էլ կամ էշը կսատկի, կամ իշատերը։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ