Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրեկզիտ չի՞ լինելու

Բրեկզիտ չի՞ լինելու
11.12.2018 | 12:20

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են հետաձգել ԵՄ-ից դուրս գալու հարցի կարևորագույն քվեարկությունը: Երեքշաբթի նշանակված քվեարկությանը խորհրդարանի պատգամավորները պետք է իրենց վերաբերմունքը արտահայտեն համաձայնագրին, որ Թերեզա Մեյը ձեռք է բերել Բրյուսելի հետ մի քանի ամիսներ բանակցելով: Քվեարկությունը ամենայն հավանականությամբ կհետաձգվի` արդեն երրորդ աղբյուրն է հայտնել: Եթե իրոք հետաձգվելու է, պաշտոնապես պետք է հայտարարի վարչապետը` Թերեզա Մեյի ելույթը նշանակած է Լոնդոնի ժամանակով ժամը 15.30-ին (19.30 Երևանի ժամանակով):
Իսկ համաձայնագի՞րը: Համաձայնագրի նախագիծը, որ առաջարկում է Մեյը, բրեկզիտի նախապատրաստման նոր փուլի սկիզբ կդառնա: Պայմանավորվածությունը կոշտ քննադատվում է: Ամենավիճահարույց հարցը Միացյալ Թագավորության ու ԵՄ-ի միակ ցամաքային սահմանն է, որ անցնում է Հյուսիսային Իռլանդիայով ու Իռլանդիայի Հանրապետությունով: Հիմա այդ սահմանը ձևական է: Դա սահմանված է 1998-ի պատմական համաձայնագրով, որով վերջ դրվեց Հյուսիսային Իռլանդիայի հետ զինված կոնֆլիկտին: Պայմանագրում բրեկզիտի պայմանագրի պայմանների մասին նշվում է, որ եթե կողմերը այլ պայմանավորվածություններ չունեն, Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում կգործեն ԵՄ մաքսային կանոնները, իսկ Հյուսիսային Իռլանդիայում նաև եվրոպական մյուս նորմերը:

Քննադատները նշում են, որ այդ դրույթը Հյուսիսային Իռլանդիան առանձնացնում է երկրի մնացած տարածքից, զրկում է Լոնդոնին երրորդ երկրների հետ սեփական առևտրային համաձայնագրեր կնքելու հնարավորությունից ու պարտադրում է կատարել եվրոպական ղեկավար կառույցների բոլոր որոշումները` նրանց ընդունման վրա ազդելու հնարավորություն չունենալով: Բրիրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրին նոյեմբերի 15-ին, որից հետո հրաժարական տվեցին մի քանի նախարարներ, նախ` բրեկզիտի նախարար Դոմինիկ Ռաբը: Թերեզա Մեյը հայտարարեց, որ եթե խորհրդարանը չընդունի համաձայնագիրը, երկիրը կհայտնվի անորոշ վիճակում` կամ ԵՄ-ից առանց համաձայնագրի հեռանալու, կամ ընդհանրապես չհեռանալու ռիսկը կդառնա միանգամայն իրական:
ВВС


Հ.Գ. RFI-ին տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը երեկ Համայնքների պալատում հայտարարեց, որ հետաձգում է բրեկզիտի քվեարկությունը: Գլխավոր պատճառ նա համարեց ԵՄ-ի ոչ բավարար երաշխիքները Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցում: Այդ հարցում տարաձայնությունների պատճառով իշխող կուսակցությունը խորհրդարանում բավարար ձայներ չունի համաձայնագրի վավերացման համար: Մեյի մտադրության մասին տեղեկացրել էր Համայնքների պալատի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Բերկոուն` նա ասել էր, որ վարչապետը Բրյուսել է մեկնելու նոր բանակցությունների: France-Presse-ը գրում է, որ բրիտանացի պատգամավորները դեռ երեկ առավոտից խոսում էին, որ վարչապետը հետաձգելու է դեկտեմբերի 11-ին նշանակված քվեարկությունը: Այդ լուրերի պատճառով Լոնդոնի բորսայում ֆունտ ստեռլինգի կուրսը ընկավ: Համայնքների պալատում Թերեզա Մեյը ասաց, որ իր կառավարությունը ծրագրում է ՙկոշտ բրեկզիտի՚ նախագիծ, այսինքն` ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու տարբերակը: Ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթի` Եվրախորհդրի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ հինգշաբթի օրը Բրյուսելում բրեկզիտի հարցով արտահերթ սամիթ կհրավիրվի: ՙՄենք նոր բանակցություններ չենք վարելու, բայց մենք պատրաստ ենք խոսել` ինչպես օգնել Բրիտանիային վավերացնելու համաձայնագիրը՚` գրել է Տուսկը Թվիթերում: Երկուշաբթի առավոտյան Եվրադատարանը վճռեց, որ Լոնդոնը կարող է միակողմանի հրաժարվել ԵՄ-ից դուրս գալուց: Դատարանի վճռով` Միացյալ Թագավորությունը կարող է հրաժարվել բրեկզիտից մինչև վճիռն ուժի մեջ մտնի, այսինքն` Մեծ Բրիտանիայի ու ԵՄ խորհրդարանների վավերացումից հետո: Կամ` եթե դա տեղի չունենա, ԵՄ-ի պաշտոնական ծանուցումից երկու տարի անց` ծանուցումը տրվել է 2017-ի մարտի 29-ին: Արդարադատության եվրոպական դատարանը ԵՄ-ի բարձրագույն ատյանն է, որի վճիռները չեն կարող բողոքարկվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ