Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չեկայի նկուղում ԱՔՍՈՐԱԿԱՆ

Չեկայի նկուղում ԱՔՍՈՐԱԿԱՆ
14.12.2018 | 02:03

Ոչ մի կերպ չկարողացա պարզել Աքսորականի իսկական անուն-ազգանունը, ով լինելը: Բավարարվենք այնքանով, ինչ հեղինակն է իր մասին պատմում գրվածքում՝ մտավորական, որ քանիցս բանտարկվել է, ապա հրաշքով ազատվել ու վտարանդվել Հայաստանից:


Հուշագրությունն առաջին ու միակ անգամ տպագրվել է 1935 թ. սփյուռքահայ մամուլում: Ինչու՞ եմ անհրաժեշտ խմբագրումներ կատարելով՝ այն ներկայացնում ընթերցողին: Որովհետև այդ ամենը եղե՛լ է, որովհետև դա մեր երկրի անցյալի ողբերգական էջերից մեկն է:

Հիմա, երբ ազատ եմ ու չեմ գտնվում «Սոցիալիստական դրախտում» և, բացի այդ, ոչ ոք չի բռնանում իմ մարդկային տարրական իրավունքին՝ ազատությանս, կարող եմ նստել ու գրի առնել մի փոքրիկ հիշողություն այն բազմաթիվ անցքերից, որոնք լռելյայն կատարվեցին ու դեռևս մինչ հիմա կատարվում են Չեկայի զնդաններում:
Գրում եմ այս հիշողությունս հոգեկան մի առանձին խռովքով, մի առանձին կսկիծով և ամեն անգամ, երբ մտաբերում եմ տառապանքս և ինձ նման հարյուրավորների տառապանքն ու արնակարմիր արցունքները, թափված մու՜թ, օդազուրկ նկուղներում, հոգիս անմխիթար լալիս է:


Ի՞նչ գործ ունեի այսօր այս օտար և անհարազատ ափերում: Ինչու՞ պիտի թողնեի ծնողներիս, պապենական տունս և վերջապես բազմաչարչար հայրենիքս, հոգ չէ թե սովի, թշվառության ճիրաններում, ու դեգերեի, տառապեի՝ ճաշակելով աքսորականի դառնակսկիծ կյանքը:
Վիպասանություն չէ այս և ոչ էլ գեղարվեստական մի պատմվածք, այլ ապրած, տառապած մի հայրենազուրկի, բայց անհու՜ն հայրենաբաղձի հիշողությունները Չեկայի զնդանից:
Ցարերի և սուլթանների կիսատ թողած գործն այսօր կարմիր գազանները «հանուն սոցիալիզմի» աշխատում են գլուխ բերել, այն է՝ սպանել հայ միտքը, հայ ոգին և հայ ազատատենչ ժողովրդին:
Բայց, ինչ էլ որ անեն, նրանք չպիտի կարողանան մեռցնել մեր ազգային ոգին, հոգ չէ, թե գործադրեն Չեկայի ամենից զարհուրելի, ճիվաղային և աներևակայելի տանջանքներն անգամ…

1. ԽՈՒՑ ԹԻՎ 13
Պարզենք, թե ինչ բան է խուց թիվ 13-ը: Այն գտնվում է Երևանի Չեկայի նոր շենքի ներքնահարկում, որի երկարությունն էր 10 քայլ, իսկ լայնությունը՝ 5:
Առաստաղը բավականին ցածր էր և ուներ գրեթե առաստաղին կպած մի փոքրիկ ու նեղ լուսամուտ: Այդ անցքից ոչ արև էր թափանցում և ոչ էլ լույս, այլ միայն կարելի էր տեսնել դիմացի տան բակի ծառերի կատարները, ուրիշ ոչինչ:
Առաջին հարկում, երբ ինձ մանրազնին խուզարկեցին, տարան երկրորդ հարկ՝ հարցացուցակ կազմելու համար: Պատասխանեցի բոլոր հարցերին: Այդ ամենը լրացնելուց հետո ինձ մի զինվորի հետ ուղարկեցին այս խուցը՝ թիվ 13-ը:
Լույսն արդեն բացվում էր:
Դուռը բացվեց, և՝ ո՜վ սարսափ… Շատ էի կարդացել տաճկական զնդանների մասին և աչքովս էլ տեսել Պետրոպավլովյան բանտը, բացի այդ տարբեր ժամանակներում Չեկայի կողմից ձերբակալվել, բայց նմանը ոչ տեսել և ոչ էլ կարդացել էի: Այդ փոքրիկ նկուղում տեղավորված, ավելի ճիշտ՝ թխմված էր 11 հոգի:
Հենց որ դուռը բացվեց, բոլորն արթնացան և ծուլորեն իրենց գլուխները բարձրացրին նորեկին տեսնելու համար: Դեռ դռան շեմին ներսի անտանելի գարշահոտությունն ու ծխախոտի թունավոր ու խեղդիչ օդը սարսափեցրին ինձ:
Չէի ուզում ներս մտնել, բայց մեջքիցս ուժեղ հրեցին և դուռը փակեցին: Շվարած մնացի դռան մոտ: Չգիտեի, թե ինչպես շարժեմ ոտքերս, որպեսզի չկոխկրտեմ գետնին թափված մարդկանց: Բացի այդ, դրսի ուժեղ էլեկտրական լույսից հետո մարդու աչքն այստեղ՝ այս մութ ու խավար նկուղում, ոչինչ չէր տեսնում: Ամեն բան սպանիչ կերպով խավար էր:
Երբ տառապանքիս ընկերները տեսան իմ այս վարանոտ վիճակը, ամեն մեկը մի-մի կողմից սկսեց հրավիրել, որ նստեմ իրենց անկողնու վրա:
Հազիվ լսելի ձայնով նրանցից խնդրեցի, որ ինձ մի ծխախոտ տան, որովհետև իմը տանն էի թողել: Ամեն կողմից ծխախոտ առաջարկեցին: Հարցերի տարափ էր, որ թափվում էր վրաս: Բայց ոչ մեկին չկարողացա պատասխանել, նախ, որ անակնկալ ձերբակալությունն ազդել էր վրաս, և, երկրորդ, չգիտեի ում հետ գործ ունեմ: Չէ որ Չեկայի բանտերում աչքեր ու ականջներ կային:
Լուսացավ: Առաջին գործս եղավ ուշի ուշով զննել նոր «բնակարանս» և, երկրորդ, ծանոթանալ նրա բնակիչների հետ: Դռան մոտ դրված էր մի աման (հին բանտերում էլ դրանից կար, և կոչում էին պարաշա), որ օգտագործում էին բնական պետքերի համար: Պարաշայի մոտ դրված էր մի դույլ ջուր՝ թե խմելու և թե լվացվելու համար: Խցի զարդն էին մի սեղան և պատերին ամրացրած չորս տախտակե թախտ՝ փայտոջիլներով լեցուն: Ահա՛ խուց թիվ 13-ի՝ մեր 11 հոգուց բաղկացած անդամների «պալատի» ամբողջական պատկերը:
Թիվ 13-ի բնակիչներից ամեն մեկը ցանկանում էր դրսի աշխարհից նորություններ իմանալ: Նրանցից մեկը իմ հին ծանոթներից էր, բայց չխոսեց: Իսկ մնացածները հետաքրքրվեցին, թե ես ով եմ: Ասացի, որ X-յանն եմ: Այդժամ Բ-ն տեղից բարձրանալով շատ հանդիսավոր կերպով մոտեցավ ինձ, ասելով.
-Անունդ շատ էի լսել, բայց բախտ չէի ունեցել տեսնելու ու ծանոթանալու հետդ: Հիմա ամենալավ տեղն է ծանոթանալու: Ճիշտ է, ես մի անտաշ, կոպիտ ու անգրագետ գյուղացի եմ, իսկ դու՝ ուսումնական, բայց խորհրդային կառավարության շնորհիվ հիմա մենք ընկերներ ենք, էն էլ՝ հավասար:
Ապա դառնալով մյուս բանտարկյալներին, ասաց.
-Բա որ ասըմ ըմ, որ տյուք հակա ըք, չեք հավատամ: Տեսնում ըք, թե մեր կառավարությունը որքան լավն ա: Նա չի խնայում ոչ մեկին, ոչ էլ մյուսին, լինի նա գյուղացի, թե ուսումնական: Բոլորն էլ նրա աչքին հակա ըն, ուրեմն պետք է ամենքին էլ հավաքել ու ոչնչացնել:
Բ-ն իր ճառը դեռ չէր վերջացրել և ոգևորված էր երևում, երբ խցի դուռը բացվեց ու ներս բերին երկու հոգի ևս:
Խեղճերի լեզուն բոլորովին կապ էր ընկել: Նրանցից ոչ մեկը չէր կարողանում խոսել: Ահ ու սարսափի մեջ էին: Ինչպես հետո պարզվեց, վերևում նրանց մի լավ տեսել էին: Այդ դժբախտ երկուսին էլ ճանաչեցի: Նրանցից մեկը ինձ հայրենակից էր, վաթսունի մոտ, սպիտակ մազերով մի ծերունի՝ նախկին հնչակյան, իսկ մյուսը՝ Եգիպտոսից եկած տպարանի բանվոր: Նա էլ նախկին դաշնակցական էր, որ հեռանալով կուսակցությունից, եկել էր դրախտային Հայաստան՝ ազատ ու մարդավայել ապրելու: Չէ՞ որ կարմիրները արտասահմանում Հայաստանը ներկայացնում էին որպես դրախտ ու դրանով մոլորեցնում ժողովրդին:
Բայց, ավա՜ղ, մեր տարաբախտ հայրենիքը հեռու, շատ հեռու է ազատ ու մարդավայել կյանք ունենալուց:

2. ԿԱՄԵՐԿՈՄԸ
Այդպես էին նրան անվանում խցում եղածները:
Ընդհանրապես ամեն խուց կամ ինչպես իրենք են ասում՝ կամերա, պիտի ունենար իր կամերկոմը, որի պարտականությունն էր խցի կամ կամերայի մաքրությանը հետևելը, ստացված հացն ու շաքարը հավասար բաժանելը և նման մանր ու մունր խնդիրներ կարգավորելը:
Նախ, մի քանի գծերով տանք նրա արտաքինը:
Միջահասակ, լեռնցու կարմիր թշերով, բավականին առողջ և մի աչքը հայ-վրացական կռիվներին վնասած մոտ 37 տարեկան մարդ էր: Ձերբակալվել էր որպես կուլակ, հակահեղափոխական ու դաշնակ: ՈՒթ ամիս էր, ինչ նստած էր բանտում, բայց նրան դեռ չէին հարցաքննել: Իսկ երբ քննիչը կամերա էր եկել, քննության վերաբերյալ իր հարցումին պատասխանել էր. «Դու դեռ շա՜տ պիտի նստես, որովհետև Չեկայի բանտում եղածների մեջ դու ամենից վտանգավոր մարդն ես»…
Բայց քննիչի խոսքերը նրան ոչ շփոթեցրել և ոչ էլ հուզել էին, նա իր հեգնական ժպիտը դեմքին պատասխանել էր.
-Է՜հ, շեն կենա խորհրդային իշխանությունը: Ես իմ Աստվածը, շատ լավ կառավարություն ա ու ժողովրդի մասին էլ շատ ա մտածում: Իսկական հեղափոխականներ են: Մեզ քցել են էս մութ պադվալը, օրական մի գրվանքա (մի ֆունտի չափ) սև ցեխ հաց և մի աման էլ շան լակ, իսկ իրենք բուլկի, գաթա, կաթ և հազար ու մի տեսակ խմորեղեն են ուտում, երկու-երեք տեսակ համեղ ճաշ և ընթրիք առնում, պատճառաբանելով, թե՝ մենք պատասխանատու աշխատանք ենք կատարում: Մի հարցնող ըլլի, թե ո՞րն է ձեր կատարած պատասխանատու գործը: Էն, որ մարդկանց գլուխնե՞րն եք ուտում և սրա-նրա կնկան ու հարսին խաբում: Վա՜յ ձեզ մարդ ասողին, հա՜, ղուրումսաղնե՜ր…
-Ձե՛նդ, թե չէ էնքան մութ սենյակում մենակ կնստեցնեմ, որ խելքդ գլուխդ կգա…
Մեր Կամերկոմը նման սպառնալիքներ շատ էր լսել և ամեն անգամ չեկիստներին հայհոյել ու բարկացրել էր: Այդ անձնավորությունն ինձ շատ էր հետաքրքրում: Նախ, նրան վաղուց էի ճանաչում, երկրորդ՝ 19…-ին եղել էի նրանց գյուղում:
Մի երեկո Կամերկոմը շատ էր հուզված: Նա անընդհատ քայլում էր գերեզմանի պես նեղ նկուղում և ինքն իրեն խոսում: Կատակները վերացել էին: Ամեն մեկը տարված էր իր մտքերով: Բռնեցի նրա թևքից ու նստեցրի կողքիս, հարցնելով.
-Ասա, դու շա՞տ ժամանակ է, որ նստած ես այս խցում: Պատմիր ինձ այս խցից, որքան կարող ես: Դրանով մենք մի քիչ ժամանակ կարող ենք մեռցնել և, ո՜վ գիտե, գուցե կարճ ժամանակով էլ մոռանանք մեր այս անմխիթար կյանքը:
Կամերկոմը մի պահ լռելուց հետո ճակատը շփեց և ասաց.
-Է՜հ, ընկեր X, ի՞նչ պատմեմ… Իմ գիտցածներից ամեն մեկը մի-մի վերք է: Բայց քանի որ ցանկանում ես լսել և մանավանդ դրսից ես եկել, լավ է մի քիչ ծանոթանաս մեր այս խցին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք այստեղ տառապեցին, առանց դրսի մարդկանց գիտության:
Էս թախտը տեսնու՞մ ես,-շարունակեց Կամերկոմը,-էնտեղ նստած էր էն դժբախտ բժիշկը, որի մասին կարծեմ լսած կլինես: Նրան երկա՜ր, շա՜տ երկար չարչարեցին, որ խոստովանի, իր ընկերներին մատնի, բայց իրեն պահեց տղամարդու պես: Ոչինչ չասաց: Մի օր էլ, երբ մեզ դուրս տարան մի քիչ մաքուր օդ շնչելու ու բնական պետքերը հոգալու, նա մնաց խցում, պատճառաբանելով, թե հիվանդ է: Ինչպես գիտես, մեր դրսի ազատությունն ընդամենը 20 րոպե է: Երբ խուց վերադարձանք, տեսանք արյան ծով. բժիշկը կտրել էր երակը և արնաքամ եղել: Շվարել-մնացել էի տեղումս: Չէ՞ որ մեզ որևէ բան թույլ չէին տալիս ունենալ, որը կամերայում ծառայեր որպես ինքնասպանության գործիք: Նույնիսկ փոքրիկ ասեղ անգամ թույլ չէին տալիս: Բա էդ բժիշկը ինչո՞վ էր կտրել երակը և արնաքամ եղել…
Ապա Կամերկոմը երկար ու ցավագին շունչ քաշելով շարունակեց.
-Է՜հ, բարեկամս, մարդիկ նման պայմաններում հնարագետ են դառնում… Մեր ընկերներից մեկը տնից պահածոյի տուփով յուղ էր ստացել: Մենք էլ դրա կափարիչը պոկել, դանակ էինք շինել: Դրանով թե հաց էինք կտրում և թե եղունգ: Ահա հենց էդ թիթեղյա դանակով էր դժբախտ բժիշկը վերջ տվել կյանքին…
Երկուսս էլ լռեցինք: Այդ պահին լսվեցին Գժի գոռոցները և նրան հասցված հարվածների ձայները: Ինչպիսի՞ մարդկային սիրտ կարող էր դիմանալ այդ ամենին ու մնալ հավատով լի, աննկուն:
Հանկարծ Կամերկոմը աչքերը չռելով դարձավ ինձ.
-Լսու՞մ ես: Ի՞նչ ես կարծում, ո՞րն է լավ՝ էս դրությու՞նը, թե՞ մահը:
Իհարկե, շատ դժվար էր պատասխանել, բայց սիրտ տալու համար ասացի.
-Սիրելիս, չպետք է հուսահատվել: Պետք է դիմացկուն լինել և արհամարհել մահը: Այսպիսի դեպքում մահը փրկություն չէ:
-Վնաս չունի… Դուք հլա նոր եք, մի քանի ամիս դուք էլ նստեք, էն ժամանակ կտեսնենք:
-Բայց ես առաջին անգամ չէ, որ նստում եմ Չեկայի խցում:
-Էս տեղն ուրի՜շ ա, ընկեր ջան, էս տեղն ուրիշ ա…
Թեև Կամերկոմը չէր ծխում, բայց հուզված էր: Մի ծխախոտ խնդրեց՝ տվեցի: Վառեց ծխախոտը, մի երկու անգամ ծուխն ագահորեն ներս քաշելուց հետո շարունակեց.
-Տեսնու՞մ ես էն տեղը, էնտեղ էլ մի ուսանող էր պառկում, Դ անունով: Ես նրա հոգուն մեռնեմ: Նրան էլ անչափ ծեծեցին, չարչարեցին, բայց ոչինչ, ոչինչ չկարողացան իմանալ: Շատ էին ստիպում ասել, թե իրենց խմբին ով էր բացատրել Դաշնակցության ծրագիրը: Չասաց ու չասաց: Վերջը այստեղից տարան: Չգիտեմ, աքսորեցի՞ն, թե՞ սպանեցին… Է՜հ, ընկեր ջան, ո՞րը պատմեմ և որը թողնեմ… Էս ութ ամսում շա՜տ, շատ բան եմ տեսել ու զգացել:
Խոսակցիս ձայնը դողդղաց: Արցունքները բռնել էին կոկորդը: Մի խոր ա՜խ քաշելով լռեց: Ես էլ աշխատեցի այլևս հարցեր չտալ, որովհետև զգում էի, որ Կամերկոմը հուզվում էր ու ջղաձգվում:
Բայց աչքիս առաջ եկան այդ երկու անձնավորությունները՝ բժշիկը և ուսանողը: Մեկը կարծես դեռ պառկած էր նեղ ու մութ հատակին, արնաքամ, ապագայի հավատքով, մյուսն էլ անտրտունջ, աննկուն կամքով բռնել էր աքսորի հեռավոր ուղին:
Ես էլ էի հուզվել, իմ արցունքներն էլ էին վառում կոպերս: Հանկարծ շշնջացի ինքս ինձ. «Փառք ու պատիվ ձեզ, բժիշկ և ուսանող, որ մեր դժբախտ հայրենիքի սերն ավելի զորեղ է եղել ձեր հոգիներում, քան մարդկային փոքրիկ հաճույքները վայելելու փափագը»:

3. ԲԺԻՇԿԸ
Խցում նստածների թիվը կամաց-կամաց ավելանում էր: Խուցը միայն հինգ հոգու համար էր նախատեսված, բայց լցրել էին 18 հոգի կամ, ինչպես նստածներն էին ասում, «մարդամթերումը» շատ հաջող էր ընթանում:
Խցում բոլորովին օդ չկար: Բոլորն էլ ծխում էին, և թվում էր, թե մի տեսակ սոցմրցում էր հայտարարված:
Առավոտյան թեյի ժամանակ տղաներն ասացին, թե բժշկի գալու օրն է, և ով հիվանդ է, թող պատրաստվի:
Կամերկոմը մոտեցավ ինձ և ասաց.
-Ընկեր, դուք էլ կասեք բժշկին, որ ձեզ մի կերպ օգնի: Տեսնում եմ, որ շատ եք չարչարվում: Շատ հավանական է, որ ձեզ փոխադրեն ուղղիչ տան հիվանդանոց, միայն թե այդ մասին պետք է ասել բժշկին:
Չպատասխանեցի, միայն նայեցի նրա աչքերի մեջ և հասկացրի, թե դա միանգամայն անհնար է: Ճիշտն ասած, ինքն էլ իր ասածին չէր հավատում, որովհետև այդ ութ ամսվա ընթացքում, ինչ նստած էր խցում, նման բան չէր տեսել:
Թեյի պարագաները դեռ չէինք հավաքել, երբ դուռը բացվեց: Դռան առաջ երևացին պարետը, հիվանդապահն ու մի մարդ, որն արտաքնապես ամենևին բժշկի տեսք չուներ:
Առանց ներս մտնելու, բարձր ձայնով հարցրեց.
-Խցում խոմ հիվանդ չկա՞:
Կամերկոմը, որ ի պաշտոնե պաշտպանում էր խցում եղածներիս իրավունքները, ցույց տվեց Մաշադուն, որ գիշերներն ամենևին քուն չուներ և սաստիկ հազում էր:
Բժիշկն առանց տեղից շարժվելու հարցրեց, թե ինչպես է զգում իրեն, գլուխը խոմ չի ցավում, ստամո՞քսը ինչպես է և նման մի քանի հարցեր: Ձեռքում եղած թղթի վրա ինչ-որ բաներ գրելով, ավելացրեց.
-Լավ, դեղ կուղարկեմ, օրական երեք անգամ ուտելուց առաջ ճաշի գդալով կընդունես, փոշին էլ՝ ճաշից առաջ:
Մաշադին սարսափեց և հազիվ լսելի ձայնով մրմնջաց.
-Ձեր տված հեղուկ դեղը չեմ ուզում: Անցյալ անգամ էլ էիք հեղուկ տվել, մի գդալ խմեցի, քիչ մնաց մեռնեի: Թե տղաները չլինեին, արդեն մեռած կլինեի: Նրանք մածուն կերցրին ու փրկեցին ինձ:
Ընթերցողին թող շատ զարմանալի չթվա այս պարագան: Եթե հիվանդին առանց քննելու դեղ տաս, հետևանքը մահը կլինի: Այս դեպքում Մաշադին դեռ բախտավոր էր, որ ազատվել էր ստույգ մահից: «Բժշկի» դեղերից Չեկայի նկուղներում քանի՜-քանիսը գնացին մյուս աշխարհ:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ