Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփ. Մենք խոսում ենք ավազի ու մահվան մասին

Թրամփ. Մենք խոսում ենք ավազի ու մահվան մասին
09.01.2019 | 11:37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով իր կաբինետի 2019-ի առաջին նիստում, կոչ արեց դադարեցնել ռազմական միջամտությունը Սիրիայում ու Աֆղանստանում` մեղադրելով դաշնակիցներին ԱՄՆ ռազմական հզորությունը «օգտագործելու» մեջ: «Այն ամենը, ինչ վերջին բավականին երկարատև ժամանակաշրջանում արել են մյուս երկրները, մեզ մի քիչ զինվոր են տվել ու սկսել են այնպես խոսել` ասես աշխարհի վերջն է: Մենք սուբսիդավորում ենք նրանց զինվորականներին միլիարդներով, միլիարդներով ու միլիարդավոր դոլարներով, որ շատ ու շատ ավելին է, քան այդ զինվորներն արժեն: Մեր երկիրը պետք է հարգեն»` ասել է Թրամփը: Ուղերձը հասկանալի է: Սիրիայից զորքերը դուրս բերելու ու Աֆղանստանում ռազմական ներկայությունը կրճատելու հայտարարություններից հետո Վաշինգտոնը հայտնվեց կրկնակի հարվածի տակ: Առաջինը` դաշնակիցները չաջակցեցին Իրանի դեմ պատժամիջոցներին: Երկրորդ` ԱՄՆ գործընկերները բացահայտ դժգոհություն հայտնեցին Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումից, որ ընդունվել էր առանց իրենց հետ խորհրդակցելու, և մատնացույց արեցին ԻՊ-ի վերակենդանացման հնարավորությունը: «ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունը ոչ միայն մեզ համար անակնկալ էր, ԻՊ-ի սպառնալիքը դեռ վերացված չէ»` իրավիճակը մեկնաբանեց Բեռլինը: Թրամփը պատասխանեց. «Բոլորն ասում են` էս ինչ եք անում, ԻՊ-ը ձեր երկիր կգա: Գուցե, բայց հավանականությունը շատ քիչ է: Գիտե՞ք նրանք ուրիշ ուր կգնան: Իրան, որ ԻՊ-ին ավելի է ատում, քան մենք: Նրանք Ռուսաստան կգնան»: Նշանակու՞մ է, որ Թրամփը սկսել է այլ կերպ մեկնաբանել պատճառները, որ ստիպեցին Ռուսաստանին ու Իրանին Սիրիա մտնել: Հիմա նա արձանագրում է. «Սիրիան վաղուց էր կորցված: Մենք վիթխարի հարստության մասին չենք խոսում: Մենք խոսում ենք ավազի ու մահվան մասին»:

Աֆղանստանի դեպքում Թրամփը հայտարարում է, որ իր վարչակարգը «ճիշտ քայլեր» է անում, երկխոսություն է վարում Թալիբանի ու այլ երկրների հետ: Բայց, ինչպես Թրամփն է ասում, «այնտեղ Հնդկաստան կա, այնտեղ Ռուսաստան կա»: Աֆղանստանում ԱՄՆ զինվորականները 2001-ից են: ՌԴ նախկին դեսպանն Աֆղանստանում` Միխայիլ Կոնարովսկին, գտնում է, որ «իրավիճակն այնտեղ գերազանցապես չափազանց լարված է»` Քաբուլը չի կարողանում ապահովել ներքին համախմբումը արմատական խնդիրներն արդյունավետ լուծելու համար, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հաստատումն է ու սոցիալ-տնտեսական հարցերը լուծելը: ԱՄՆ-ը հայտնվել է «աֆղանական թակարդում» ու փորձում է տարածաշրջանային հենարանի շեշտերը փոխել Պակիստանից Հնդկաստան ու նույնիսկ Ռուսաստան` ընդունելով Թալիբանին ռեալ ուժ, որ հավակնում է նվազագույնը կիսել իշխանությունը Աֆղանստանում: Բայց թալիբները շարունակում են պահանջել ԱՄՆ զորքերի դուրսբերումը, ակտիվ մարտական գործողություններ են վարում: Այս պահին տարբեր գնահատականներով կառավարության վերահսկողությունից դուրս է երկրի տարածքի 40- 60%-ը: Թրամփը հասկացավ, որ իր գեներալներից հաղթական զեկույցներ չի ստանալու ու այլընտրանքների բոլոր տարբերակներից ընտրեց գլխավորը` Աֆղանստանից զորքերի աստիճանական դուրսբերումը: Եվ հարվածն ուղղեց զինվորականներին: Նա դժգոհություն արտահայտեց ՊՆ նախկին նախարար Ջիմ Մետիսից և բարձրաստիճան այլ զինվորականներից «Աֆղանստանում անվերջ պատերազմի պատճառով», քննադատեց բազում ձախողումների համար: Թրամփը լրջորեն վերանայում է Սիրիայի ու Աֆղանստանի հայեցակարգը, գուցե նաև շատ ավելի լայն, հեռու ու խորքով: Խոսքն ԱՄՆ-ի քաղաքականությանն է վերաբերում Իրանի հարցում, որ կարող է փոխվել` հաշվի առնելով տարածաշրջանում զինվորականների վրա հենվելուց հրաժարվելը: Մի կողմից` Վաշինգտոնը ձգտում է Թեհրանի հետ բաց կամ փակ բանակցությունների` իր պայմաններով միջուկային նոր համաձայնագիր կնքելու նպատակով, մյուս կողմից` ակտիվացնելու է ոչ ուղղակի գործողությունների մարտավարությունը Իրանի շուրջ` այն մակարդակում, որ կասեցնի Իրանի վերակողմնորոշումը դեպի Ռուսաստան ու Չինաստան` նրա առաջ բացելով պատժամիջոցների հանման հեռանկարը: Թրամփը ստիպում է արտաքին խաղացողներին որոշարկել իրենց դիրքորոշումը, մասնավորապես` եվրոպացի գործընկերներին, որ դուրս են մղվում «որոշումների միջանցքից», որի պատերը կառուցում են ամերիկացիները: Սիրիայում ու Աֆղանստանում ԱՄՆ ներկայությունը նրանց կոնֆլիկտի ընթացքի վրա ներգործելու լծակ էր տալիս: Բայց արդեն ոչ: Այս ուղղությամբ կոնկրետ որոշումներ չկան և ամեն ինչ քննարկման փուլում է, թե ինչ հետևանքներ կունենա, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ձևակերպեց` «Սիրիայից ԱՄՆ-ի հայտարարված հեռանալը»: Բոլոր դեպքերում` նաև Մոսկվան է ընտրության առաջ` ու՞մ հետ աշխատել Մերձավոր Արևելքում և ի՞նչ է կատարվելու այդ տարածաշրջանում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 8-15-ը սկսում է մերձավորարևելյան տուրնե: Նա կլինի Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում: Մեծ խաղը շարունակվում է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ի՞նչ է ասելու Մայք Պոմպեոն 8 երկրներում: Նախևառաջ բացատրելու է, որ ԱՄՆ-ը հեռանում է Սիրիայից, բայց ոչ հենց այս պահին և չի հեռանում տարածաշրջանից, ընդամենը զորքերը վերատեղակայում է Աֆղանստանում`անհրաժեշտության դեպքում արագ կարող է վերադառնալ Սիրիա: Շատ ավելի հետաքրքիր է, որ նա չի լինելու Թուրքիայում` թեպետ թվում էր` առաջինը Անկարա պետք է մեկնի` սիրիական խնդրով պարզաբանումների համար, բայց ԱՄՆ պետքարտուղարը շրջանցում է Թուրքիան: Փաստորեն` ԱՄՆ-ը Թուրքիային ու Ռուսաստանին թողնում է ինքնուրույն պարզել հարաբերությունները Սիրիայի հարցում, որտեղ աստիճանաբար շահերի բախում է ձևավորվում, որ ինչ-որ պահից կարող է ռազմական բախման վերածվել: Մայք Պոմպեոյի օրակարգում նաև Իրանի հարցն է` նոր քաղաքականության կտրվածքով: Նա փորձելու է համոզել 8 երկրներին տնտեսական հարաբերություններ չունենալ ու մեկուսացնել Իրանին: Այս առումով նույնքան հետաքրքիր է, որ Պոմպեոն չի լինելու Իսրայելում` պտտվելով նրա շուրջը: Փոխարենը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն է մեկնել Իսրայել ու հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս չի բերի զորքերը Սիրիայից, քանի դեռ Անկարայից երաշխիքներ չի ստացել, որ թուրքական բանակը չի հարձակվելու քրդերի վրա և կպայքարի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ. «Մենք կքննարկենք՝ ո՞րն է այն ճանապարհը, որը թույլ կտա իրագործել Սիրիայի հյուսիս-արևելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահի որոշումը՝ երաշխավորելով, որ «Իսլամական պետություն»-ը ջախջախված է և չի կարող վերականգնել ուժերն ու կրկին դառնալ սպառնալիք, այնպես, որ երաշխավորենք Իսրայելի և տարածաշրջանի մեր մյուս դաշնակիցների լիակատար անվտանգությունը և հոգ տանենք նրանց մասին, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Վաշինգտոնի հետ: Իսկ երբ Բոլտոնը մեկնեց Անկարա, նրան չընդունեց Էրդողանը:

«Պարոն Իբրահիմ Քալընն ու ԳՇ պետն արդեն անցկացրել են անհրաժեշտ քննարկումները: Մենք շատ հագեցած օրակարգ ունենք այժմ, հանդիպման կարիք այս պահին չկա»` ասաց Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ նա, անդրադառնալով Բոլտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ չի հեռանա Սիրիայի հյուսիսից, մինչև վստահ չլինի քրդերի անվտանգության ապահովման հարցում, Էրդողանը ասել էր. «Բոլտոնը լուրջ սխալ է գործում: Մենք չենք կարող կուլ տալ նման ուղերձը: Սիրիայի հյուսիսի զինված քրդական միավորումների զինյալները չեն կարող լինել մեր քուրդ եղբայրների ներկայացուցիչները, մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ՝ ուզում է քուրդ լինի, թե արաբ»: Թուրքական ԶՈւ-ն զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին և պատրաստվում է մտնել Մանբիջ: Եվ գուցե դա է պատասխանը Մայք Պոմպեոյի, որ ասել էր. «Մենք պետք է վստահ լինենք, որ թուրքերը չեն կոտորի քրդերին, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն»:
Ստացվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը նոր խնդիրներ է ներկայացնելու 8 պետությունների, խնդիրներ, որոնց մասին այցից հետո է հնարավոր իմանալ: Այն էլ` մասամբ: ԱՄՆ-ը մերձավորարևելյան նոր խաղ է սկսում ու այդ խաղին պետք է պատրաստ լինեն տարածաշրջանի երկրները ու տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել ցանկացող երկրները: Այցից առաջ նա հայտարարել է, որ ԱՄՆ ձգտելու է կազմել համաշխարհային հակաիրանական կոալիցիա, որ Իրանին ստիպեն դադարեցնել հովանավորել ահաբեկությունը: ԱՄՆ Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցում է պահանջելու նաև եվրոպական երկրներից:


Իսկ Հայաստան-Իրան հարաբերություննե՞րը: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Բոլտոնին ամեն ինչ բացատրվեց և նա ընդունեց: Իսկ Պոմպեո՞ն: Մայք Պոմպեոն, իհարկե, Հայաստանին չի պահանջի ինքնիշխանությանը հակասող գործողություններ և կհամաձայնի, որ Հայաստանի իրավունքն է որոշել` որ երկրի հետ ինչպես հարաբերվել, բայց Պոմպեոն կարող է պահանջել, որ Հայաստանը ինքնիշխան լինի բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ: Կկարողանա՞ Հայաստանը` դա է հարցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ