Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարդուղիմեո՞սը, թե՞ Էրդողանը` ո՞վ «գցեց» Պուտինին

Բարդուղիմեո՞սը, թե՞ Էրդողանը` ո՞վ «գցեց» Պուտինին
09.01.2019 | 11:43

Ստամբուլի Սուրբ Գևորգի տաճարում Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Եպիֆանին հանձնեց ավտոկեֆալիայի թոմոսը (անկախության հրովարտակը)` պաշտոնապես ավարտելով նոր եկեղեցու ստեղծման գործընթացը` ուղղափառ 15-րդ եկեղեցու: Հունվարի 7-ին միտրոպոլիտ Եպիֆանը Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում սուրբծննդյան պատարագ մատուցեց` առաջին անգամ իբրև եկեղեցու լիիրավ հովվապետ, ում ընդունել է Տիեզերական աթոռը: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին (ՈւՈՒԵ) հռչակվեց 2018-ի դեկտեմբերի 15-ի Միավորիչ ժողովի ժամանակ, որին մասնակցում էին Կիևի պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցու ու ուկրաինական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու բոլոր միտրոպոլիտները, Մոսկվայի պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցու 2 եպիսկոպոս: Այն ժամանակ էլ հովվապետ ընտրվեց Եպիֆանը: Կոստանդնուպոլսի պատրիարքության որոշումը և իրագործումը ուղեկցվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու կոշտ քննադատությամբ: Մոսկվայում միավորիչ ժողովը համարեցին կանոնիկ ուժ չունեցող ինքնահռչակ հավաք` պնդելով, որ միակ ճանաչված եկեղեցական կառույցը մնում է Մոսկվայի պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցին: Ռուս ուղղափառ եկեղեցին տիեզերական պատրիարքին մեղադրեց լիազորությունները գերազանցելու մեջ:


Ուկրաինայի եկեղեցուն անկախության տրամադրման վերջին արարին մասնակցում էր բազմամարդ պատվիրակություն Կիևից` նորաստեղծ եկեղեցու հոգևորականներ, նախարարներ, Գերագույն Ռադայի խոսնակը, նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նրանք ներկա էին թոմոսի ստորագրման հանդիսավոր արարողությանը: «Ուկրաինայի աստվածավախ ժողովուրդը սպասում էր այս օրվան 8 հարյուրամյակ: Այսօր մեզ հետ այս օրը տոնում են իշխան Վլադիմիրը և սուրբ Օլգան իրենց սուրբ սերունդների հետ ուկրաինական փառավոր հողում»` ստորագրելով թոմոսը` հայտարարեց Բարդուղիմեոս պատրիարքը: Արարողության ավարտին Ուկրաինայի պատվիրակության անդամները տաճարում երգեցին սուրբծննդյան ավանդական կոլյադան` «Նոր ուրախություն է սկսվում»: Ձայնակցում էր և նախագահ Պյոտր Պորոշենկոն: 2018-ի ապրիլին Բարդուղիմեոս պատրիարքի հետ նրա տևական բանակցությունների շնորհիվ ուկրաինական եկեղեցու անկախացման գործընթացը արագացավ:


Մոսկվայի պատրիարքությունը թոմոսի ստորագրումը ևս քննադատեց: 2018-ի հոկտեմբերին Մոսկվայի պատրիարքությունը խզեց կապերը Կոստանդնուպոլսի եկեղեցու հետ: Խզումից առաջ Մոսկվայի ու Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը նամակ էր գրել Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին` կոչ անելով ավտոկեֆալիա չտրամադրել ուկրաինական եկեղեցուն, պնդելով, որ հակառակ դեպքում Բարդուղիմեոսի, որ 250 միլիոն ուղղափառ քրիստոնյաների հովվապետն է ամբողջ աշխարհում, արարքը իր դեմ վկայություն կլինի Ահեղ դատաստանի օրը: «Կոստանդնուպոլսի պատրիարքը արդեն վստահորեն ոտք է դրել խզումի ճանապարհին և հերթական անգամ ապացուցեց իր շարժման ուղղությունը»` մեկնաբանեց թոմոսի ստորագրումը Մոսկվայի պատրիարքության մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը: «Թեպետ վերջին օրերին պատրիարք Կիրիլը նրան նամակ էր գրել` կոչ անելով հետ կանգնել այդ ճանապարհից, նա շարունակում է ու արդեն գլխավորում է խզումը, այդ պատճառով էլ բոլոր կամուրջներն այրված են»` հավելեց նա:
Թոմոսի ստորագրումով` ուկրաինական եկեղեցին համարվում է անկախ, իսկ թոմոսը դառնում է նրա սահմանադրությունը և վկայագիրը: Թոմոսը սահմանում է եկեղեցու գոյության առանցքային չափորոշիչները, կառավարման մոդելը, փոխհարաբերությունը Կոստանդնուպոլսի մայր եկեղեցու և այլ եկեղեցիների հետ:
ВВС


Հ.Գ. Հիմնական ինտրիգը` ո՞ր եկեղեցիները կճանաչեն նորաստեղծ եկեղեցին և որ եկեղեցիները այս կամ այն պատճառաբանությամբ կհրաժարվեն: Բացի Ռուս ուղղափառ եկեղեցուց ՈՒՈՒԵ-ն հրաժարվել են ճանաչել Լեհաստանի և Սերբիայի պատրիարքները: Թոմոսի հանձնումով` ՈւՈՒԵ-ն, այնուամենայնիվ, լիակատար անկախություն չի ստացել` Եպիֆանին տրվել է միտրոպոլիտի, բայց ոչ պատրիարքի աստիճան, ՈՒՈՒԵ-ն գտնվում է Կոստանդնուպոլսի լիակատար ենթակայության տակ և նույնիսկ թեմերի ստեղծումը ինքնուրույն չի կարող կատարել:


Մոսկվայում մինչև վերջին պահը փորձում էին կանխել ուկրաինական եկեղեցու անկախացումը: Ուղղափառ աշխարհի երկրորդ կենտրոնը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը իրավունք չունի որոշումներ կայացնել առանց Թուրքիայի իշխանության հավանության: Իսկ Թուրքիայում բոլոր հարցերը լուծում է Էրդողանը: Փաստացի` հենց Էրդողանը անկախություն տվեց Ուկրաինայի եկեղեցուն` հակառակ Պուտինի: Եվ դա համալրում է ռուս-թուրքական «բարեկամության» շարքը` 3 վայրկյան Թուրքիայի օդային տարածքում հայտնված ռմբակոծիչը խփելուց, Թուրքիայում ՌԴ դեսպանի Իվան Կառլովին ուղիղ եթերում սպանելուց, Սիրիայում Ռուսաստանին հակառակ քաղաքականություն վարելուց հետո:
Հիմա ՌԴ հոգևոր և աշխարհիկ իշխանություններն աշխատելու են 14 քույր եկեղեցիների հովվապետների հետ` խոչընդոտելու ՈՒՈՒԵ-ի ճանաչումը, իսկ Պյոտր Պորոշենկոն կփորձի Ուկրաինայի տարածքում փակել Մոսկվայի պատրիարքության եկեղեցիները` արտաքսելով հոգևորականներին: Ի՞նչ են անելու հավատացյալները: Նրանց մասին ոչ ոք չի էլ հիշում` մեծ քաղաքականության մեջ նրանք գործոն չեն` քրիստոնեության հաստատման առաջին օրից: Ցավոք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ