Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՊՆ ավտոբուսի վրա հարձակումը հանրայնացվեց արհեստավարժ կերպով

ՊՆ ավտոբուսի վրա հարձակումը հանրայնացվեց արհեստավարժ կերպով
11.01.2019 | 02:49

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա մի խումբ տղաների հարձակումն իսկական սառը ցնցուղ էր հետամանորյա սթրեսից դուրս գալու համար: Թե՛ պետական ու իրավապահ մարմինների, ու թե՛ հասարակության համար միջադեպն անակնկալ էր. ոչ ոք չէր սպասում, որ հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնող տղաներին ագրեսիվ տոնայնությամբ նույնպես կարելի է հաջողություն մաղթել: Ինձ համար խնդիրը ոչ այնքան պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ավտոբուսը շրջափակելն ու հայհոյախառն բառապաշարով վարորդի ու մյուսների հետ մի խումբ երիտասարդների խոսակցությունն է, այլ երևույթը, որ մեր հասարակությունում նոր չի առաջացել:


Նմանօրինակ միջադեպեր տեղի են ունենում գրեթե ամեն օր՝ փողոցում, բակերում, շուկաներում և երկրում առհասարակ: «Քուչա» կոչվածը հրապարակ է դուրս եկել ու թրի պես կտրելով՝ իր օրենքներն է առաջ տանում: Տարիներ առաջ համակուրսեցուն անհեթեթ պատճառով դանակի մի քանի հարվածներով սպանած երիտասարդի օրինակն ասածիս վառ վկայությունն է: Երիտասարդները շրջում են դանակներով ու տարաբնույթ սառը գործիքներով, անչափահասները նախատոնական օրերին պայթուցիկ նյութեր են վաճառում, թաղի լավ տղաները նախընտրական շրջանում շուրջկալում են բակի ապրողներին ու ճիշտ ընտրության դասեր տալիս, «խարոշիները» հարցեր են լուծում՝ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցության մեջ լինելով ու այսպես շարունակ: Հետաքրքիր է՝ եթե դպրոցականների կամ հասարակությանը սպասարկող «շարքային» ավտոբուս, մեքենա կամ տրանսպորտային այլ միջոց շրջափակեին նման «ջահելները», ինչպի՞ն էր լինելու հասարակության վերաբերմունքը:


Մյուս կողմից էլ՝ այս ամենը հետևանք է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ու փողոց փակելով հարցի լուծմանը հասնելու մեթոդի կիրառման: Տղաները, որ կանգնել են այս կամ այն ավտոբուսի դիմաց ու վարորդից պահանջել իջնել ղեկից, կարծում են, թե այժմ ում ուզեն ու երբ ուզեն կարող են կանգնեցնել ու խոչընդոտել վերջիններիս ընթացքը: Իրենց այդպես է հարմար, այդպես պետք է գործեն, ու վայ նրան, ով չի ենթարկվի խաղի կանոններին, չէ որ իրենք արտոնյալ դաս են, ճանապարհ են փակել: Իշխանությունները միջադեպին այդպես էլ չեն անդրադարձել, գնահատական չեն տվել. ի՞նչ ասեն մի բանի, ինչի ձևը նաև իրենք են սովորեցրել:


Տարօրինակ է նաև մեկ այլ հանգամանք. ավտոբուսի վրա հարձակումը տեսաձայնագրվել է արհեստավարժ ձևով՝ առանց որևէ խոչընդոտի, առանց տեսախցիկ խլելու և այլն: Սովորաբար նմանատիպ գործողություն իրականացնողները գոնե դրանով չպետք է շահագրգռված լինեն՝ խուսափելով իրենց արարքի փաստագրումից, քանի որ այն իրավական հետևանքներ է ենթադրում: Բայց այս ամենի նպատակը կարծես իրավիճակի հանրայնացումն էր։ ՈՒ եթե միջադեպը չարժանանա իրավական պատշաճ գնահատականի և բոլոր մեղավորները պատասխանատվության չկանչվեն, ապա «գյադաների ժամանակին» հասնելու նպատակն իրագործված կարելի է համարել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ