Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
08.02.2019 | 03:03

(Նախորդ մասը)

ԲԱՆԱՍՏԵՂԾ` ԿՅԱՆՔԻ ՄԵՋ


Հովհ. Թումանյանը բանաստեղծում էր ոչ միայն գրչով, այլև առօրյա կյանքի մեջ իր ամեն մեկ շարժումով: Իր հագուստից սկսած մինչև իր աշխատանոցի վառարան վառելը բանաստեղծություն էր Թումանյանի համար:
Կովկասում շատ տարածված էին հոլանդական կոչված վառարանները, որոնք շինվում էին տների հաստ պատերի մեջ: Ջերմություն արտադրելու համար, փայտերը լավ բոցավառելուց հետո, հոլանդական վառարանի երկաթե դռնակը պետք է ամուր փակել: Այնուհետև դանդաղ կայրվեն փայտերը, երկար ժամանակ տաք պահելով երկու կողմից այն պատը, որի մեջ շինված է վառարանը: Եթե, սակայն, բաց ձգեք վառարանի դռնակը և նույնիսկ 24 ժամ անընդհատ փայտ վառեք, ջերմություն չեք ստանա:


Ձմեռը Հովհ. Թումանյանի բնակարանը տաքացնելու պարտականությունը Թումանյանի աշխատանոցից դուրս մյուս սենյակներում գտնվող վառարանների վրա էր ընկնում: Թումանյանի սենյակի վառարանը ուրիշ բանի համար էր:
Ամբողջ ընդարձակ բնակարանի բոլոր վառարանները ավելի քիչ հոգս էին պատճառում տնեցիներին, քան Հովհ. Թումանյանի սենյակի մեկ վառարանը, որ սպառում էր ձմեռվա փայտի պաշարի մեծագույն մասը:
Կրակը միշտ բոցավառ պիտի լիներ այդ վառարանի մեջ և իր դռնակը միշտ բացված:
Իր շուրջը լույս, ջերմություն և ուրախություն տարածող հուրը ինչպե՞ս կարելի է փակել, որ մահանա դանդաղ այրումով: Արևապաշտ հին հայի ոգին չէ՞ր, արդյոք, որ խոսում էր մեր բանաստեղծի այդ քմայքի մեջ:


Դուրսը եվրոպական ճաշակով հագնված Հովհ. Թումանյանը տուն գար թե չէ՝ կհագներ բաճկոնը և կհագներ մեկը այն գեղեցկորեն զարդանկարված, լայնափեշ և լայնաթև շրջազգեստներից, որ կրում են ճապոնացի տղամարդիկ: Բարձրահասակ էր Հովհ. Թումանյանը և արագաշարժ: Իր արագ շարժումներից ճապոնական լայն շրջազգեստի փեշերը ֆռֆռացնելով դուրս կգար ընդունելու հյուրերին: Եվ կզարմանայիք, թե մի՞թե այս նույն մարդն է, որին մի քանի ժամ առաջ հանդիպել եք փողոցում օսլայած ճերմակ օձիքով, գեղեցիկ փողկապով ու եվրոպական ճաշակավոր զգեստով:


Հովհ. Թումանյանը արվեստագետներին հատուկ հափշտակություններ ուներ:
Լուսանկարչական գործիքի հանրայնացման տարիներին մեկը մյուսի հետևից գնել էր 4-5 հատ լուսանկարչական մեծ ու փոքր մեքենաներ: Եվ լուսանկարում էր իր տուն եկող բարեկամներին և ընկերներին: Իսկ տնեցիներին հո էլ հաշիվ չկար, թե քանի անգամ էր լուսանկարել: Եվ այսպես շաբաթներ ու ամիսներ, մինչև որ մի ուրիշ հափշտակություն եկավ մոռացնելու նախորդը:
Փոքրիկ, կարճ մորուք էր պահում Հովհ. Թումանյանը: Վարժվել էր ինքն իրեն ածիլելու և ածիլում էր ծնոտի վերին մասերն ու այտերը: Այդ լավ: Բայց մեկ կամ երկու ածելիով կգոհանա՞ր Հովհ. Թումանյանը:


Երբ մի անգամ իր ներկայությամբ իրենց տանը խոսք եղավ լավ ածելիների մասին, Հովհ. Թումանյանը գնաց և բերեց մի տուփ՝ մեջը 22 հատ ածելի: Մեկի կոթի փղոսկրյա լինելն էր գրավել Թումանյանին, մյուսի փայտե կոթի վրա ինչ-որ բան էր փորագրված, երրորդը անգլիական ընտիր պողպատից էր շինված, չորրորդը գերմանական նշանավոր «Զոլինգեն» ածելիներից էր, հինգերորդը մեկ ուրիշ բանով էր նշանավոր և այլն, և այլն:
Մի օր, երբ իր տան զանգը տվի, դուռը բացեց Արտիկը.
-Հայրիկը տա՞նն է:
-Տանն է, տանն է, շուտ արի, տես, թե ինչ բանի վրա է,-ծիծաղելով ու թևս քաշելով ներս տարավ Արտիկը:
Հյուրասենյակի մի անկյունում պատին դեմ արած փոքրիկ սանդուղքի վերին աստիճանի վրա, գլուխը գրեթե առաստաղին հասած, կանգնած էր Հովհ. Թումանյանը, ներկարարի ճերմակ շապիկի նման մի բան հագած, մի ձեռքում՝ վրձին, իսկ մյուս ձեռքում՝ թղթե տոպրակ:
-Արի՛, արի՛, տես, թե էս ի՜նչ երևելի բան եմ ճարել: Հիմա տես, թե ի՜նչ պիտի անեմ,-ասաց Թումանյանը, մինչ ծիծաղը հազիվ զսպած Արտիկը և ես սկսեցինք դիտել:
Սանդուղքը, որի վրա կանգնել էր Թումանյանը, դրված էր գրքի պահարաններից մեկի մոտ: Պահարանի ճակատի վերին մասի կեսը ոսկեգույն էր ներկված, մինչ պահարանի մնացած մասերը պահել էին ընկույզի փայտի սովորական գույնը:
-Դու լավ մտիկ արա, թե էս ի՜նչ երևելի բան ա,-կրկին ինձ դիմեց Թումանյանը, ապա ձեռքի թաց վրձինը քսեց փայտին, հետո երեք մատով ինչ-որ փոշի հանեց թղթե տոպրակից և մատների արանքից փչելով, փոշին տարածեց փայտի թրջված մասի վրա:
Ոսկեփոշին տարածվեց փայտի վրա և ոսկի գույնով ներկեց փայտը:
-Տեսնու՞մ ես, տեսնու՞մ ես, էսպես էլ երևելի բան:
Երեխաները ելումուտ էին անում, կատակում, ծիծաղում, վար կանչում իրենց հորը: Թումանյանը կատակներով պատասխանում և շարունակում էր իր գործը:


Մոտ երկու շաբաթ տևեց այդ հափշտակությունը: Տան մեջ բոլոր սրածայր առարկաները, կարասիների դուրս ցցված մասերը ներկվեցին միևնույն ձևով, մինչև որ Թումանյանի հափշտակությունն անցավ:
Այսպես էր հոգով մանուկ մեր բանաստեղծը:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԹԱՄԱԴԱՆ


Հովհ. Թումանյանը մշակել է բազմաթիվ արևելյան ավանդություններ և առասպելներ: Դրանցից մեկի վերնագիրն է «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»: Ինքը մի քեֆ անող էր, որին երբեք քեֆ չպակսեց:
Քեֆը, խնջույքը Հովհ. Թումանյանի համար պարզ կերուխում չէր: Կերակուրներով և խմելիքներով ծանրաբեռնված սեղանը Թումանյանի համար լոկ միջոց էր ստեղծելու հոգեկան և մտավոր վայելքի մի մթնոլորտ: Արևելյան խնջույքը կամ քեֆը Հովհ. Թումանյանի կենսահայեցողության արտահայտություններից մեկն էր.
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ,
միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Մի ուրիշ տեղ դարձյալ նույն միտքն է արտահայտում մեր բանաստեղծը հետևյալ բառերով.
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։

Այս «շեն ու լի աշխարքը» վայելելու, իր «երկու օրվան ճամփեն» ուրախ անցնելու համար էր, որ Հովհ. Թումանյանը ընկերների ու բարեկամների հետ անթիվ անգամներ սեղան նստեց և՛ իր, և՛ բարեկամների հարկի տակ, և՛ մանավանդ իր սեփական հարկի տակ:
Թիֆլիսում ոչ մեկ տուն այնքան անգամ և այնքան շատ թվով հյուրեր չի ընդունել, որքան Հովհ. Թումանյանի շեն ու լի տունը:
Եթե Հովհ. Թումանյանի «պատմական» ապացույցները թույլ էին հաստատելու համար, թե ինքը Մամիկոնյան նախարարական տան շառավիղն է, իր շեն ու լի սրտին հլու իր առատ ձեռքը ամենից համոզեցուցիչ ապացույցն էր իր «իշխանական» ծագումի: Եվ եթե իր երակների մեջ «իշխանական» արյուն չէր հոսում, իր ազնվական սիրտը նրան դարձնում էր իրական իշխան:
Եվ իրոք, կա՞ որևէ ուրիշ ազնվականություն, քան հոգու ու սրտի ազնվականությունը՝ միակ և իրական ազնվականությունը:


Հովհ. Թումանյանը հայ գյուղացու նման իր ճակտի քրտինքով էր վաստակում իր հացը, բայց ծախսում էր հարուստ, առատաձեռն իշխանի նման:
Հոգով հարուստ Հովհ. Թումանյանը համոզված էր, թե ինքը գրպանով էլ հարուստ է:
1910-ից մինչև 1918-ը Թիֆլիսի «Հորիզոն» թերթի տնտեսական մասի վարչությունը (որ ասել է՝ հայ թերթի անխուսափելի բացը գոցելու հոգսը) մեծահարուստ Համբարձում Մելիքյանի ձեռքն էր:


Հ. Մելիքյանը՝ ոչ նման մյուս հայ հարուստներին, սիրում էր գիր-գրականություն, գրական մարդկանց շրջանակ և գիտեր ճաշակով ու լիարյուն կյանք վարել: Թիֆլիսում նա ուներ պալատի նման մի տուն, ուր հաճախ հյուրասիրում էր հայ գրողներին, արվեստագետներին և հասարակական գործիչներին:
Հ. Մելիքյանին հայ գրական շրջանակների հետ կապողը եղել է Հովհ. Թումանյանը:
Հ. Մելիքյանը սովորություն էր արել տարին մեկ անգամ պաշտոնական ճաշկերույթի հրավիրել «Հորիզոնի» խմբագրության, վարչության և Թիֆլիսում գտնվող աշխատակիցների ամբողջ կազմը՝ թվով 35-40 հոգի:


Այդ ճաշկերույթներից առաջինին Հովհ. Թումանյանը ոտքի ելավ և հայտարարեց.
-Համբա՛րձում, էնպես չկարծես, թե դու ինձանից ավելի հարուստ ես: Ես քեզնից շատ, շատ հարուստ եմ: Տղե՛րք,-դարձավ նա ներկաներին,-եկող կիրակի էս ամենքդ իմ տունը ճաշի եք կանչված:
Դա ոչ առաջինը, ոչ էլ վերջինն էր այն անհաշիվ ճաշկերույթների, որոնք տեղի էին ունենում Հովհ. Թումանյանի տանը:
Հովհ. Թումանյանը առանց հյուրի չէր կարողանում սեղան նստել և հանգիստ հաց ուտել: Հատուկ հրավերներից և խնջույքներից զատ, սովորական օրերին, ճաշի ժամանակ դրսից տուն գալիս Թումանյանը եթե հանդիպեր իր սիրած մարդկանց, առանց այլևայլի կբռներ և տուն կբերեր:
-Էսօր մեր տանը լավ կերակուր են եփել, գնանք մի կտոր հաց առնենք և զրից անենք:
Այդ պատահական հյուրերը երբեմն մեկ-երկու, երբեմն էլ 5-10 հոգի էին լինում, նայած թե Թումանյանը մինչև իր տուն հասնելը քանի բարեկամների էր հանդիպել: Իսկ տանը եփված «լավ կերակուրների» մասին ունեցած իր տեղեկությունները երբեմն արդյունք էին պարզապես իր վառ բանաստեղծական երևակայության:
Այսպես մի անգամ Ղ. Աղայանին, Պ. Պռոշյանին և մի քանի ուրիշ բարեկամների փողոցում հանդիպել և տուն է տարել:
-Մեր տանն էսօր լավ խաշ են եփել, երթանք մի լավ քեֆ անենք:
Խաշն ու հարիսան Կովկասում ամենից ավելի սիրված կերակուրներն են:
Հովհ. Թումանյանը հյուրերի խմբի հետ տուն է մտել թե չէ, դիմել է տնեցիներին.
-Երեխե՛ք, շու՛տ, սեղանը բացեք: Օլյա՛, ի՞նչ եղավ խաշդ, պատրաստ ա՞:
Զարմացած տիկին Թումանյանը թե.
-Ի՞նչ խաշ:
-Ո՞նց թե ինչ խաշ, էսօր խաշ եք եփել, չէ՞:
-Ո՞վ ասաց, թե մենք խաշ ենք եփել:
-Ով ասաց-ը ո՞րն ա, ես իմ աչքով տեսա էս առավոտ խոհանոցում մեծ պղինձը կրակին դրած, սեղանի վրա էլ՝ լիքը ոսկոր:
-Մեծ պղինձը լվացքի համար էր կրակի վրա, իսկ ոսկորներն էլ երեկ գիշերվա կերակրից մնացած ոսկորներն են: Լվացքի պատճառով էսօր կարգին ճաշ էլ չունենք,-բացատրել է տիկին Թումանյանը:


Թիֆլիսում չկար մեկը, որ չգիտնար Հովհ. Թումանյանի այս հռչակավոր խաշի պատմությունը:
Բայց Հովհ. Թումանյանը այսպիսի անակնկալներով զինաթափ եղողը չէր: Խաշը չեղավ, լավ, բայց խորոված հո կարող է լինել: Մեկին շուկա կուղարկեր խորովածի միս բերելու, ինքը կզբաղեցներ հյուրերին մինչև որ ճաշը պատրաստվեր: Եվ դարձյալ Հովհ. Թումանյանի քեֆը քեֆ էր:
Բոլոր այդ քեֆերի, բոլոր այդ խնջույքների՝ անակնկալ կազմակերպված թե կանխապատրաստված, մեծ թե փոքր, իր տանը թե դուրսը՝ սեղանապետը կամ ուրիշ խոսքով թամադան միշտ Հովհ. Թումանյանն էր: Դա անգիր և անխախտ օրենքն էր բոլոր այն հավաքույթների, ուր ներկա էր Թումանյանը:
Անմրցելի թամադա էր Հովհ. Թումանյանը:


Իր ժամանակակիցներից և ոչ մեկը կարող էր այնքան կիրթ զվարթություն, այնքան համով խոսք, այնքան սուր կատակներ, ֆրանսիացիների ասածի պես esprit մտցնել այդ խնջույքների մեջ, որքան Թումանյանը:
Քիչ ուտող և, մանավանդ, քիչ խմող էր Հովհ. Թումանյանը: Անթիվ անգամներ գինառատ սեղաններ է նստել Հովհ. Թումանյանը, բայց ոչ ոք չի տեսել նրան՝ չասենք թե արբեցած, այլ նույնիսկ, ինչպես ասում են, գլուխը տաքացած:
Գինու բաժակը նրա համար ներշնչումի աղբյուր էր, հոգեկան արբեցումի մի անոթ: Մինչ նրա սեղանակիցները պարպում էին գինով լեցուն իրենց բաժակները, Հովհ. Թումանյանի բաժակը հորդում էր ուրախությամբ, սուր խոսքով, կատակով և անուշ զրույցով:
Իր սեղանակիցները մեծ մասամբ կիրթ մտավորականներ և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներ էին, և այդ պատճառով Հովհ. Թումանյանի վարած խնջույքները դառնում էին մեկ-մեկ գրական-գեղարվեստական հավաքույթներ: ՈՒ բոլորի վրա տիրապետողը դարձյալ ինքն էր՝ Հովհ. Թումանյանը իր հյութեղ լեզվով, որից երբեմն անուշ, երբեմն սուր կատակներ էին թափվում:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ