Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ
12.02.2019 | 14:24

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ։
Հայտարարությունում նշված է՝ հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին, կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը: Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը»:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նշում է, որ ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:
Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:


«Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը», - ասված է հայտարարությունում:
Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն, ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի, ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է արձանագրելու:


«Տնտեսության տարեկան 5 տոկոս ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար: Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր», - ասված է հայտարարությունում: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք:


«Վերը նշված ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնավորումները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կներկայացնի առանձին հարցազրույցներով և հրապարակումներով», - ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ