Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հասկանալով չի ուզում հասկանա՞լ, թե՞ չի հասկանում»

«Հասկանալով չի ուզում հասկանա՞լ, թե՞  չի հասկանում»
19.02.2019 | 02:53

ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ (Մելիքյան) սունդուկյանցիներից այն մեկն է, որ տնօրենի հետ աշխատանքային տարաձայնությունների պատճառով հայտնվել է գործազուրկների շարքում։ Անձնակազմի կառավարման բաժնի պետը, Վարդան Մկրտչյանի գործողությունները համարելով ոչ իրավաչափ, դատի է տվել։ Ընթացիկ և հարակից այլ հարցեր են ներառված հարցազրույցում։

-Ձեր հայցն ընդդեմ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» կազմակերպության` տնօրեն Վարդան Մկրտչյանի հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումար բռնագանձելու մասին, կարծում եմ, տևական ժամանակ է հանգուցալուծման սպասում։ Աշխատողիդ օգտին առաջին ատյանի դատարանի կայացրած վճռից հետո, որքան հիշում եմ, պատասխանող կողմը ստվարածավալ վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Ի՞նչ փուլում է այն, կա՞ն արդյոք որոշակի տեղաշարժեր։
-Ժամանակի առումով տևական համարելը տեղին չէ։ Գործընթացը սկսվել է 19.04.2018 թ. և անցած 10 ամիսների ընթացքում ո՛չ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության, ո՛չ էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը օրենքից դույզն-ինչ չեն շեղվել։ Ընդհակառակը, զարմացած եմ օպերատիվության համար, մանավանդ մեր դատարանների այսչափ զբաղվածության պարագայում։
Առաջընթաց, անշուշտ, կա. վերջերս վերաքննիչ դատարանը (նախագահող` Ա. Խառատյան) առանց այլևայլության և առանց ստորակետի փոփոխության հաստատեց 03.08.2018 թ. ԵԴ/8317/02/18 քաղ. գործով 1-ին ատյանի դատարանի վճիռը։ Ավելորդ եմ համարում խոսել անաչառության և անկախության մասին, քանի որ օր օրի ականատեսն ենք իրավիճակային փոփոխությունների։ Ի դեպ, ի սկզբանե համոզված էի իմ ճշմարտության և եսակենտրոն տնօրենի կամայականությունների հարցում, անգամ կանխատեսել էի հիվանդագին ցանկություններն օրենքի շրջանակներում ամեն գնով կպցնելու մարմաջով տառապողի մտացածին քայլերի հաջորդականությունը, որոնց առնչությամբ ժամանակին և ճիշտ տեղում քանիցս ոչ միայն հորդորել եմ զերծ մնալուց, այլև գրավոր եմ հայտնել։ Բայց չեմ թաքցնում, հաշվի առնելով պատասխանող կողմի քաղաքական գիծը, ազդեցիկ շրջապատի առկայությունը և մինչ թավշյա հեղափոխությունը ոմանց ունեցած դերակատարությունը, երկմտանքի մեջ էի։ Խոստովանեմ, մտքովս չէր անցնի, որ գործատուի ոխակալությունը կհասնի մի մակարդակի, որ իր շուրջը ժողովելով 3-4 հավատարիմների, ստահոդ պատմություններ փնջելով կփորձի սև գործ սարքելու ակնկալությամբ պաշտոնապես հայտարարություն կներկայացնի ՀՀ ոստիկանություն... մինչդեռ ինքս կոլեկտիվի թվայնացված աշխատանքային գրքույկներով ընդամենը ներկայացել եմ թատրոն` փոխանցելու խնդրանքով։ Փա՜ռք Աստծո, որ այստեղ ևս թագավորեց արդարամտությունն ու համակարգի պրոֆեսիոնալիզմը։
-ՈՒզում եք ակնարկել, որ մի քանի վիճահարույց խնդիրներում հաղթող եք դուրս եկել։ Պատասխանող կողմի դիրքորոշումը չի՞ փոխվել, 2-րդ ատյանում նրա ներկայացրած նոր փաստարկներն ու հիմքերը համոզիչ չէի՞ն։
-Նախ` ոչ թե ես, այլ արդարությունն է հաղթանակել, ինչը նախորդ իշխանությունների օրոք գուցե և այլ ընթացք ունենար։ Իսկ Ձեր հիմնական հարցի պատասխանն արդեն տվել է դատարանը և ես չէ, որ պիտի եզրակացություններ անեմ։ Եթե վերաքննիչ դատարանի վճռի մասով պատասխանողը վերաբերմունք ունի, ճանապարհը բաց է։ ՈՒրախ կլինեմ, եթե կազմակերպությունը, օգտվելով իրեն վերապահված վերջին հնարավորությունից, դիմի նաև 3-րդ ատյան, իսկ այնուհետև` Եվրոպական դատարան։ Գիտե՞ք ինչու։ Որպեսզի վարդանմկրտչյաններն ու արմենէլբակյաններն, ի վերջո հասկանան, որ իրենք սուլթաններ չեն, որ գործատուն իրավունք չունի աշխատողին հանիրավի սթրեսի ենթարկելու, վարվի սեփական քմահաճույքներով, հարգի և ըմբռնի, որ ցանկացած աշխատող պահանջատեր է, իսկ ինքը, եթե ինչ-որ կերպ, ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել է ղեկավարի աթոռին, պարտավոր է հաշվետու լինել կոլեկտիվին, աշխատել պարզ ու թափանցիկ, ոչ թե 70-ականների Խթը-ի ոգով և ուժով։ Կարծում եմ, պատասխանողի դիրքորոշման հարցում փոփոխություններ չէին կարող լինել, բայց թարմացումների և ընդգրկվածության պակաս չկար։ Սակայն մարտի դաշտում ձիերին փոխելն այս անգամ էլ ոչինչ չտվեց։ Ի՞նչ կարող էր ու չարեց փաստաբան Սյուզի Սողոմոնյանը, երբ Մկրտչյան Վարդանի եփածն էր հում։ Ճանաչում ունեցող Արտավազդ Պողոսյանն ու ոչ պակաս հայտնի, հակակոռուպցիոն ծրագրերի գիտակ, ընդհատակից աջակցող ու թատրոնում իրավաբանական բաժնի վարիչի համարում ունեցող Կարեն Զադոյանի սրտակից Մարիամ Զադոյանը, նույնպե՞ս թերացան։ Հարգանքի է արժանի` միացյալ ուժերով նրանց ստեղծածը ռեկորդային «աշխատություն» է (ՀՀ 2-րդ նախագահի քրեական գործի շրջանակներում ներկայացված վերաքննիչ բողոքից ավելի է 20 էջով), բովանդակությունը` լցոնված միջազգային տարաբնույթ օրենքների ծաղկաքաղով, Եվրոպական Միության արդարադատության դատարանի առօրյայից։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևացողները, օրինակ, մի առիթով մեջբերել են. «ավստրիական օրենսդրությունն իրավաչափ է, քանի որ նպատակ է հետապնդում հանրային ծառայությունների աշխատավարձերը ողջամիտ չափերում պահելը»։
Պարզունակ հարցը դատարան չէր հասնի, եթե անօրինական ցանկությունները սանձահարեին գործատուի թև ու թիկունք համարվող մի երկուսը և խոնարհագլուխ արհկոմը, երբ Մկրտչյան Վարդանն իմ հագով ձևել էր առաջին հիմնազուրկ նկատողության հրամանը։ Հավատացեք, դատարանի վերջնական արդյունքից ոչ պակաս մտահոգ եմ բոլորովին այլ հարցով. երիտասարդը, որ 6-7 տարի աշխատել է բեմի երախտավորներից մեկի` հանդարտաբարո Սոս Սարգսյանի հովանու ներքո ու նրա բարությունից, ազնվությունից հյուլե անգամ չվերցնելով ինչպե՞ս և որտեղի՞ց է կուտակել չարություն, կասկածամտություն, անչափելի ինքնաբավություն, հետն էլ` ստախոսություն։ Չմտնելով մատի և մատանու արանքը, դրսից մի օրինակ բերեմ։ «Համազգայինի» առիթով օրաթերթերից մեկում ծագած «փոխհրաձգությունների» ժամանակ թատրոնի այդ օրվա ղեկավար Չալդրանյանին սխալ հանելու նպատակով Մկրտչյանը պնդեց, որ ինքը Սունդուկյան տեղափոխվելուց առաջ ոչ մի պարտք չի թողել։ ՈՒ հիմա աչքիս առաջ գտնվող «Հայհեղինակ» կազմակերպության տնօրեն Ս. Ներսիսյանի 07.12.18 թ. թիվ 09/384 պաշտոնական գրությունը բովանդակում է. «Տրվում է առ այն, որ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի պարտքը առ 03.07.2017 թ. կազմել է 1733161 դրամ»։ Ոչինչ չէր մնում, քան Վարդանի բացատրությունը մատնոցախաղ անվանելը։ Այս ամիսների ընթացքում մի բան չեմ ամբողջացրել. Վարդան Մկրտչյանը հասկանալով չի ուզում հասկանա՞լ, թե՞... չի հասկանում։
-Մեր զրույցից և Ձեր նախորդ հրապարակումներից դժվար չէ նկատել, որ տնօրենի հետ ունեք ոչ միայն լուրջ տարաձայնություններ կադրային հարցում, այլև չնահանջող կոնֆլիկտ։ Ինչի՞ց եք դժգոհ և ինչու՞ միայն Դուք եք հայտնվել առաջին պլանում։
-Դժգոհողի կերպարն իմը չէ։ Ես դեմ չեմ ոչ սրան, ոչ էլ նրան։
Ապրել ու շարունակում եմ նույն կերպ` արժանապատվորեն և հանունի։ Հեշտ չի եղել անցած ճանապարհս, այդ թվում և լրագրության ոլորտում, որտեղ ուղեկցվել են նաև ահաբեկչական փորձեր, բայց չեմ ընկրկել։ Փորձություններից դուրս եմ եկել պարզ ճակատով` արդարացվող համառության և Աստծո աջի գոյության շնորհիվ։ Տարիներ առաջ մայր թատրոնում իմ դեմ կազմակերպված մի գործընթաց սկսվեց ու շուտափույթ մարվեց նախաձեռնողների կողմից։ Ազնիվ խոստովանության և փոխադարձ հասկացողության արդյունքում հարգանքս տասնապատկվեց։ Ներկայիս դեպքում նման ավարտը բացառված է տնօրենի անառողջ ընկալմամբ։ Իսկ իմ քայլը մնում է նույնը` հանունի։ Հանուն անարդյունավետ ծախսերի նվազեցման, թատրոնի ձայնագրող և տեսանկարահանող սարքերի գործողությունները լրացնող մարդկային այդ տեսակի փոփոխության, կամայականությունների, վախի մթնոլորտի, կոլեկտիվը սևերի ու սպիտակների բաժանելը, չեզոքացնելու և արատավոր այլ երևույթները վերացնելու և առաջին հերթին մարդկային պարզ ու շիտակ հարաբերությունները վերականգնելու համար։ Նման խնդիրները անմիջական կապ ունեն և պայմանավորված են տնօրենի պահվածք-կերպարով, ինչն ինձ համար անընդունելի է։ Եվ ոչ միայն ինձ։ Շատերը հրապարակ չեն գալիս ամենատարբեր պատճառներով։ Հիմքում իրավական գիտելիքների թերսնվածությունն է, հավատի լիարժեքության պակասը։ Լիահույս եմ, եթե ինձանից առաջ դատարան դիմած լինեին, իրենց աշխատանքում վերականգնվել էին արդեն պահակապետ Սամվել Վարդանյանը, շուրջօրյա պահակ Հովհաննես Միքայելյանը, դերասանուհի Անի Միքայելյանը, հորինածին նկատողությունները հօդս էին ցնդեցրել դերասանուհիներ Կարինե Հարությունյանը, Էռնա Ավետիսյանը, Անահիտ Մութաֆյանը, Լուսյա Աբրահամյանը, դերասանախմբի և բեմական կահույքի սպասարկման բաժնի պետեր Լիդա Բաբասիևան, Գեղեցիկ Նիկողոսյանը... Էլ չեմ խոսում այլոց և նույնիսկ թատերասեր, էջմիածինցի մի մանկավարժի մասին, որոնք քննադատաբար հանդես են եկել մամուլում, կայքերում, իրենց դիտողություններն ու անհամաձայնությունները հասցեագրել պատկան մարմիններին։ Այնպես որ, ես ոչ առաջինն եմ, ոչ միակը և ոչ էլ վերջինը։
Թատրոնի երեկվա, այսօրվա և վաղվա գովազդի քողի տակ հրաշալիորեն ինքնառեկլամող ճկունալեզու Վարդան Մկրտչյանը, որ պատեհ-անպատեհ առիթներով թմբկահարում է օրենքի տառին համապատասխան աշխատելը (Ա1+-ով նույնպես): Իրականում այդպես չէ։ Ինչու՞ մինչև հիմա չի համարձակվում արձագանքել իմ բազում փաստարկներին։ Չի կարող, որովհետև ես ճիշտ եմ, ինքը` սխալ։ Իսկ եթե սխալական են բերվածս օրինակները, ինչու՞ են իմ բարձրաձայնելուց հետո միայն աշխատանքից ազատվել բոլոր նրանք, ովքեր չպետք է ընդունվեին։
Օրինական ճանապարհով գնալու դեպքում (դատական հայց) սխալ է համարվելու երեկվա ոչ արժանահավատ օպտիմալացումը։ Այն չի բխում թատրոնի շահերից, չի ապահովում աշխատանքի արդյունավետություն և կրում է տեղային, անձնավորված մոտեցում։ Աշխատանքային օրենսգրքի թիվ 115 հոդվածի խախտումով են լուծել փոխտնօեն Աշոտ Վարդանյանի, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի աշխատանքային պայմանագրերը։ Մեր դրամատիկական ստուդիայի լավագույն շրջանավարտներից 4-ը, որից 2-ը` 4 տարի առաջ` անորոշ, մյուս 2-ը` նախանցած տարի որոշակի ժամկետներով են ընդգրկվել հաստիքացուցակ, ունեցել են նկատելի զբաղվածություն, և նպատակը եղել է երիտասարդ կադրերի ներմուծումով սահուն լուծել սերնդափոխության հարցը, մինչդեռ տարօրինակ է, օպտիմալացվել են։ Մի կողմից կիրառել են օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ կետը (ոչ միայն), իսկ մյուս կողմից` ստեղծել են աշխատատեղային նոր հարթակներ։ Թատրոնի վաղվա տերերը գործազուրկ երիտասարդնե՞րն են, թե՞ տարիներ շարունակ բեմ չբարձրացած (չեն էլ բարձրանալու), կենսաթոշակային տարիքի շեմին կամ վաղուց այն հատած ու էներգազուրկ այն «ստեղծագործողները», որոնք մնացել են հաստիքում։ Հարգարժան Մկրտչյան-Էլբակյան սիամական զույգ, օրենքը թողնելով մի կողմ, հռետորական հարցադրում անեմ. որքանո՞վ է բարոյական ու մարդկային, որ մի օրվա ընթացքում 2,5 տարեկան երեխայի ծնողներին փողոց եք նետում, զրկում հանապազօրյա հացից զուտ նրա համար, որ այդ ընտանիքն առանձին հարցերում չի կիսում Ձեր տեսակետները, չի հաճոյացել և երբեմն արտահայտվել է կոշտ` տեղին-անտեղի։ ՈՒ դրա համար հասնում է վրեժխնդրությու՞ն։ Բա որ անիվը մի օր էլ թարս պտտվի, ի՞նչ եք անելու։
Արմեն ջան, մայր թատրոնում կայացած գեղարվեստական ղեկավար ես, մասնագիտական որակավորման հանձնաժողովի նախագահ, ստուդիայի դասախոս և գեղղեկ, երկու ուղղություններով բեմադրություններ ես անում, դրսում` հանրային խորհրդի անդամ ես, մանկավարժական համալսարանում` ամբիոնի վարիչ... ՈՒ որտեղ դու, այնտեղ էլ հավաքում ես ընտանիքդ։ Կինդ ու աղջիկդ խաղում բեմադրում են մայր թատրոնում, նկարահանվում ֆիլմերում, քո իսկ ամբիոնում երկուսին էլ ընդունել ես որպես կուրսի ղեկավարներ (ափսոս, որ անցած տարի Լիլի դուստրդ չդարձավ դոցենտ, ասացին` մի քիչ շուտ է, թող մի փոքր էլ սպասի), տնօրինում եք երկու թատրոններ... Անկեղծորեն, չեմ կասկածում, որ տաղանդավոր չեք և թվարկումներիս մեջ չկան օրենքի խախտումներ, պարզապես Ձեր օրվա տևողությունն է անչափելի կամ առաձգական։
Իսկ դու, տղա ջան, (դիմելաձևս ընդունիր հարգանքի և հարազատության նշան), պայծառացա քո այն խոստովանության համար, որ վերջերս արեցիր «Կես գիշերն անց» հաղորդաշարի ընթացքում. «Վերանայելու եմ ինքս ինձ»։ Երիցս ճիշտ ես, քանի որ թատրոնի կառուցվածքի, ստորաբաժանումների գործառույթների և շաղկապվածության, պաշտոնի անձնագրերի, ղեկավարման համակարգի, աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին պատկերացումներդ խորքային չեն։ Մինչ պայմանագրիդ ավարտը կա 5-6 ամիս, սովորիր, սրբագրվիր, որպեսզի նոր մրցույթում սայթաքելուց հետո ոմանք համազգային ողբ չսարքեն, չասեն, որ մայր թատրոնի ոսկե դարը սկսվեց և ավարտվեց Վարդան Մկրտչյանով։ Վերահաստատվելու դեպքում ուրախացողներից առաջինը ինքս կլինեմ ու կհավատամ, որ այլևս թույլ չես տա այնպիսի ոչ լրջամիտ արտահայտություն, ինչպիսին արել էիր վերաքննիչ բողոքում` դիմելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդին. «Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև վերջինիս լիազորությունների դադարեցման ուղղությամբ»։
-Չեմ կարող չհարցել, ինչպե՞ս եք գնալու աշխատանքի, որտեղ, ըստ Ձեզ, գաղջ մթնոլորտ է։ Անբարյացակամ վերաբերմունքի դեպքում պատկերացնու՞մ եք համատեղ աշխատանք տնօրինության հետ։
-Գնալու եմ հաճույքով, ինչպես միշտ, այնտեղ, որտեղ ինձ սպասող, հասկացողներ կան ու նաև մի քանի բևեռվածներ։ Թող մտածեն նրանք, ովքեր խնդիր ունեն։ Սպասում եմ, թե ինչպես են նայելու աչքերիս մեջ, այդ թվում վաղեմի ընկերներից մեկը։ Չգիտեմ նրանք ինչպես, բայց դպրոցական տարիներից ինձ համար նշանաբան եմ դարձրել. «Ավելի լավ է մարդ խելացի թշնամի ունենա, քան տգետ բարեկամ»։
Բայց կա և վատագույն տարբերակ։ Վճռաբեկ չդիմելու դեպքում այցելում եմ թատրոն և մի քանի օրից ինձ օպտիմալացնում են, եթե արդեն, անցած տարվա դեկտեմբերին նախարարության հաստատմանը ներկայացրած հաստիքացուցակում չկա իմ զբաղեցրած պաշտոնը, ոչ էլ համանման այլ հաստիք։ Փույթ չէ, պատրաստ եմ ամեն ինչի` հանունի։ Լինի թատրոնի ներսում, թե դրսում, միևնույն է։ Ի միջի այլոց, դատարանի համանման հարցին պատասխանողը վրա բերեց. «Մենք միասին չենք աշխատելու, որովհետև Մովսիսյանը շարունակում է մեր թատրոնի և մեր տնօրենի մասին վատ-վատ բաներ գրել թերթերում»։
-Մայր թատրոնի մասին կարծիքները իրարամերժ են։ Ոմանք փնովում են աջ ու ձախ, ոմանք էլ` գովաբանում։ Դուք նրանցից եք, որ դրական փոփոխություններ կամ չեք տեսնում, կամ օբյեկտիվ իրողությանը չեք ուզում անդրադառնալ։
-Եթե կան տարբեր կարծիքներ, վատ չէ, ուրեմն գործ կա արված։ Անգամ կողմնակից եմ. ամեն ինչ պիտի լավ անել, եթե արածդ նույնիսկ հիմարություն է։ «Իրատեսի» համարներից մեկում առաջինը ինքս եմ նշել ու թվարկել նկատելի փոփոխությունները։ Իհարկե լավ է և կարելի է հպարտանալ նոր բեմահարթակի ստեղծմամբ, անկախ նրանից` խամաճիկների ֆիլիա՞լ է դառնալու, թե՞ ծառայելու է մեծ բեմում չփայլողների համար։ Տեղյակ եմ, որ ծառայողական մուտքում պտուտադռնակ է տեղադրվել, քաղաքացիական հրշեջ-պահակները փոխարինվել են անվտանգության ծառայակիցներով, որտեղ, կարծում եմ, ֆինանսական միջոցների և արդյունավետ աշխատանքի դիտարկման խնդիր կա։
Ոչ բոլոր բարեփոխումներն են, որ հարցականներ չեն առաջացնում։ Վերանորոգման ընթացքում գտնվող գեղղեկի աշխատասենյակը, փաստորեն, նպատակ ունի մաքրելու անցյալի հիշողություններից մի հատված ևս, որտեղ իրենց աուրան են ստեղծել մեր երևելիներից մի քանիսը` Խորեն Աբրահամյան, Հրաչյա Ղափլանյան, Վահե Շահվերդյան։ «Մոդեռնացումից» հետո փոխվելու՞ է արդյոք Էլբակյանի գեղագիտությունը։ Ի՞նչ իմաստ ունի փոխտնօրենների կաբինետի կոսմետիկ նորոգումը, թատրոնի ամենանորոգ և անթերի աշխատասենյակում գումարներ և աշխատուժ ծախսելը, ու իրենց թվում է, դրանով անձնակազմի կառավարման բաժնի պետի «դուխն» են ցրել։ Նախորդ տնօրենի և ներկայիս ճաշակների սահմանագծերը որքա՞ն են բախվելու` ի վնա՞ս, թե՞ հօգուտ. ճեմասրահի 60-ի հասնող լուսանկարները գունավորից կրկին դարձան սև-սպիտակ, ու նորից` նոր շրջանակներով։ Նմանօրինակ նորություններ գուցե էլի գտնվեն, բայց դրանք են առաջնայի՞ն, թե՞ մասնաշենքի անբարվոք վիճակում գտնվող զուգարանները, ստուդիայի լսարաններն ու հանգստի սենյակը, բեմական զգեստների հանդերձարանները, թատրոնի պատմության թանգարանում օդափոխության համակարգի անցկացումը... Եվ ամենակարևորն ու հրատապը` մեծ գումարների հետ կապված տանիքի հատվածային նորոգումների նախաձեռնումը, ինչը տնօրենի ուժերից վեր չէ։ Միակ բանը, որ նրան հաջողում է, լրացուցիչ ֆինանսական միջոցների հայթայթումն է ու... Փորձում եմ հավատալ, որ միջազգային չափորոշիչներին սիրահարված երիտասարդը գոնե երազում համեմատության դաշտ կբերի աշխատավարձերի համադրումը։ Հասկանալով կհասկանա՞, թե՞... չի հասկանա:


Զրույցը`
Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ