ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ի՞նչ է ասել Մամեդյարովը Բաքվում ու ի՞նչ է լսել

Ի՞նչ է ասել Մամեդյարովը Բաքվում ու ի՞նչ է լսել
11.03.2019 | 09:24

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով Իրանում էր: Թեհրանում նրան ընդունեցին ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, նախագահ Հասան Ռուհանին, Իրանի խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հանդիպումների ցանկը ստիպում է մտածել, որ բացի «երկկողմ համագործակցության արդիական խնդիրներից», «Հյուսիս-Հարավ» միջանցքից, որի մասին նախապես բրիֆինգում հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, Թեհրան-Բաքու երկխոսությունն ունի սյուժեներ, որ կողմերը առայժմ չեն հրապարակայնացնում: Թեև մակերևույթից էլ ակնհայտ է, որ Մամեդյարովի համար նախևառաջ կարևոր էր պարզել ուժերի դասավորությունը Իրանի բարձրագույն ղեկավարության մեջ` Զարիֆի հրաժարականը չընդունելու Ռուհանիի որոշումից հետո, որ սկանդալից հետո վերադարձավ իր պարտականությունների կատարմանը ու մասնակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելության արարողությանը: Այդ փաստը չվրիպեց փորձագետների ուշադրությունից: Նրանք գրում են, որ նախագահից` հրաժարականը չընդունելու նամակը ստանալուց հետո, ԱԳ նախարարը վերադարձավ աշխատանքի: Բաքվում, իհարկե, ուշադիր վերլուծել են այդ իրավիճակը` Իրանի ղեկավարության ներսում պայքարի ուժեղացման ենթատեքստում:

Երկրորդ` Ադրբեջանում տագնապով էին հետևում Նիկոլ Փաշինյանի այցի հետևանքներին: Նրան Թեհրանում ընդունեցին ամենաբարձր մակարդակով: Հայաստանի վարչապետը միանշանակ հասկացրեց, որ Երևանը մտադիր է ոչ միայն անտեսել ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ, այլև կողմնորոշված է հարևանի հետ տնտեսական ու էներգետիկ համագործակցության զարգացմանը: Հակառակ Բաքվի կանխատեսումներին, որ, ինչպես Axar.az պորտալին ասել էր քաղաքագետ Մուհամեդ Ասադուլազադեն, «Փաշինյանը, զգուշանալով ֆինանսական օգնության կրճատումից, չի հակառակվի Վաշինգտոնի ծրագրերին, մասնավորապես Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի կոչերին` կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի, ոչ թե Իրանի հետ»: Ադրբեջանական որոշ պորտալներ սկսել էին նույնիսկ կոչեր անել «Իրանի խորհրդարանում ակտիվացնել Հարավային Ադրբեջանի պատգամավորների ընդդիմադիր գործունեությունը»: Գուցե դա արձագանքն էր Ռուհանիի վերջերս հիշատակած Գյուլիստանի ու Թուրքմենչայի խաղաղության պայմանագրերի Ռուսական կայսրության հետ 19-րդ դարավերջին, որոնց համաձայն տարածքները (խանությունները), որոնց վրա ստեղծվել է ժամանակակից Ադրբեջանը, Պարսկաստանի կայսրության կազմում էին, հետո անցան Ռուսաստանին: Ադրբեջանի նախագահի նախկին օգնական Էլդար Նամազովը գտնում է, որ մի կողմից խոսքը կարող է լինել «ոչ միայն Հյուսիսային Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների մասին, այլև այդ տարածաշրջանում ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մասին»` «միասնական մարտավարություն ձևավորելու համար քաղաքական, տնտեսական ու իրավական հարթության վրա»:

Մյուս կողմից` «Ռուհանին բարձրաձայնում է տարածքային պահանջներ Ադրբեջանին» և դա շատ խոսուն փաստ է: Իրոք, նախկինում իրանցիների մասին խոսում ու գրում էին իբրև «Մերձավոր Արևելքի մեծ միստիկների»: Հիմա շատ փորձագետներ արձանագրում են Իրանում կայսերական տրամադրությունների և ինքնագիտակցության արթնացումը: Այս կտրվածքով` Թեհրանը ընտրություն չի անում Երևանի ու Բաքվի միջև` իր մարտավարությունն ու ռազմավարությունը կառուցելով հակառակ ադրբեջանական կողմի «իսլամական համերաշխություն» դրսևորելու կոչերի: Իրանը, ինչպես Ռուսաստանը, Ադրբեջանի ու Հայաստանի նկատմամբ վարում է հավասարահեռության ու ուժերի հավասարակշռությունը պահպանելու քաղաքականություն: Ճիշտ է, այս քաղաքականության մեջ պատահում են որոշ «անհամապատասխանություններ», որ դրսևորվեցին Մամեդյարովի Թեհրան այցի ընթացքում: Ալի Լարիջանին, ընդունելով Ադրբեջանի ԱԳ նախագահին, հայտարարեց, որ «Իրանը աջակցում է հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով»: Բայց հետո, չգիտես ինչու, ճշտեց, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումը «արտահայտեց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Բաղիրին Ադրբեջան այցի ժամանակ»: Բաղիրին Բաքվում ասել էր, որ «Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և «մենք ուզում ենք, որ ադրբեջանական տարածքները ապաօկուպացվեն, իսկ փախստականները վերադառնան հայրենի տները»: Բայց գլխավոր շտաբի պետը Իրանում զորահրամանատար է ու նրա գործը պաշտպանական հայտարարություններ անելն է: Ինչու՞ բազմափորձ քաղաքական գործիչ Ալի Լարիջանին հանկարծ որոշեց դիմել Իսլամական հեղափոխության պահնորդների վերջերս նշանակված ղեկավարի քաղաքական գիտակությանը, գեներալին «դաշնակից» վերցնել, ոչ թե հանդես գալ բացառապես իր անունից` ասելով, որ Իրանը «աջակցում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Եվս մեկ ինտրիգ` Բաղիրին Բաքվում ասել է նաև, որ «համագործակցությունն Ադրբեջանի հետ դիտարկվում է երկու երկրների սահմանների պահպանության ոլորտում, որ սահմանապահ ծառայությունների հրամանատարների շնորհիվ է»: Բայց Փաշինյանի Թեհրան այցից հետո Երևանն ու Ստեփանակերտը ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի ու Իրանի սահմանի ամրապնդմանը: Իրանի իշխանություններն այդ մասին լավ տեղեկացված են: Այնուհանդերձ` Արևմուտքում թափ է հավաքում արշավը, որի նպատակն է «ցույց տալ ու ապացուցել», որ «Իրանից Լեռնային Ղարաբաղի հետ չպահպանվող սահմանով թմրամիջոցների մաքսանենգություն, զենքի անօրինական վաճառք և արդյունաբերական մասշտաբներով բնական ռեսուրսների թալան է կատարվում»: Եզրակացություն է արվում, որ Ադրբեջանի «չվերահսկվող» տարածքների հետ «ինչ-որ բան պետք է անել»` կամ վերադարձնել Բաքվին, կամ նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման կատարումը` կոնֆլիկտի գոտում միջազգային խաղաղարարների տեղակայման մասին: Սակայն «սպառնալիքի» աղբյուր ներկայացվում է ոչ թե Ստեփանակերտը, այլ` Թեհրանը:

Մի խոսքով` կարելի է համաձայնել Բաքվի փորձագետների հետ, որ «ադրբեջանա-իրանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ», թեպետ երկու երկրներն ունեն համատեղ մեծ ծրագրեր` «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային միջանցքը, Ռեշտ-Աստարա երկաթուղագծի կառուցումը և այլն: Ահա ինչու Մամեդյարովի այցը Բաքու հիմնականում հետախուզական էր: Պաշտոնական տեղեկատվությունը ընդհանուր ձևակերպումներով է սահմանափակվում: Այն, ինչ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է փակ դռների հետևում և ինչ նրան են ասել, ակնհայտորեն, շուտ չենք իմանա: Բայց իրավիճակը Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում արագ է փոխվում, ինչ-որ բան շուտով կիմանանք:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Դիտարկե՞լ այս հրապարակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շրջագծում, թե՞ համարել հերթական փորձ` տարածաշրջանում հարաբերությունները խառնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ