Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ է Բրենտոն Տարանտը և ի՞նչ է ուզում

Ո՞վ է Բրենտոն Տարանտը և ի՞նչ է ուզում
17.03.2019 | 09:19

Նվազագույնը 49 մարդ զոհվել է Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգության ժամանակ, տասնյակ ծանր վիրավորներ կան: Ալ Նուր մզկիթի վրա հարձակումը ինտերնետում հեռարձակել է Բրենտոն Տարանտը: Շոկահարույց տեսանյութում երևում է, որ նա կրակում է տղամարդկանց, կանանց ու երեխաների վրա Ալ Նուր մզկիթում: Հարձակումից առաջ Տարանտը հրապարակել է իր մանիֆեստը` «The Great Replacement», որտեղ բազմիցս անդրադառնում է սպիտակ ցեղասպանության գաղափարին: Ուրբաթ օրը Նոր Զելանդիայի իշխանությունները նրան սպանության մեղադրանք ներկայացրին: 28 ամյա Բրենտոն Տարանտը կալանավորվել է մինչև ապրիլի 5-ը:


Ավստրալիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մանիֆեստը հրապարակած տղամարդն ապրել է Գրաֆտոն քաղաքում` Սինեյից 600 կիլոմետրի վրա և աշխատել է մարզասրահում: «Նա երբերք չի արտահայտել էքստրեմիստական հայացքներ և իրեն խելագարի պես չի պահել»` ԶԼՄ-ներին ասել է նրա նախկին պետը: 16 500 բառ ունեցող մանիֆեստում ասվում է, որ տղամարդը հարձակում է ծրագրել է 2017-ին` Եվրոպա այցելության ժամանակ: Մանիֆեստի հեղինակի արմատական հայացքները ձևավորվել են` հետևելով Եվրոպայի իրադարձություններին: Նա գրում է 2017-ին Ստոկհոլմում հարձակման մասին, որի պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը և Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի իշխանության գալու մասին:


Սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում ուշադրություն են դարձրել Տարանտի հրապարակած մանիֆեստում անունների և զենքի վրա գրառումների վրա: Մանիֆեստում բազմաթիվ հղումներ կան Վիկիպեդիային: «Մանիֆեստը ինքնին ծուղակ է լրագրողների համար, որ որոնել են այս ահավոր ոճրագործության պատճառները: Մանիֆեստում կա ճշմարտություն, կան արժեքավոր «բանալիներ» հրաձիգի արմատականացման պատճառների պարզման, բայց թաքնված են շերտերի տակ` այլ խոսք չես գտնի այս շիտպոստինգի համար»` գրում է Ռոբերտ Էվանսը Bellingcat-ում: Նա նկատի ունի, որ հեղինակը կարող էր կանխամտածված մի կույտի մեջ հավաքել չափազանց շատ կասկածելի որակի տեղեկատվություն` տրոլինգի համար, որպեսզի սադրի մարդկանց հուզական արձագանքը և ուշադրությունը շեղի էությունից: Տեսաֆիլմից երևում է, որ հարձակվողի զենքերի վրա գրված են անուններ ու անվանումներ: Հիմնականում` պատմական դեմքեր, որ դիմակայել են Օսմանյան կայսրությանը Բալկաններում: Օրինակ չեռնոգորցի գեներալ Մարկո Միլանով Պոպովիչը (1833-1901) և Լազար Խրեբելյանովիչը (1329-1389): Զենքերի վրա հիշատակվում են մարդիկ, որ բանտարկվել են քսենոֆոբիկ սպանությունների համար: Խզակոթերից մեկի վրա գրված է «Ռոտերեմի համար», որ հիշեցնում է բրիտանական Ռոտերեմ քաղաքի սկանդալը, որտեղ տարբեր տարիքի 1400 երեխաներ երկար տարիներ ենթարկվել են սեքսուալ շահագործման ասիական ծագումով տղամարդկանց կողմից: 2015-ին դատարանի առաջ կանգնեցին 5 տղամարդ և 2 կին: Նրանց 60 մեղադրանք էր ներկայացվել` ներառյալ բռնաբաություն, անօրինական ազատազրկում:


Իր մանիֆեստում Բրենտոն Տարանտը ասում է, որ իրեն ոգեշնչել են Դենիս Ռուֆը, որ 9 աֆրոամերիկացու է գնդակահարել Չառլստոնի եկեղեցում և Անդերս Բրեյվիկը, որ Ուտոյա կզղում հրաձգության ժամանակ սպանել էր 77 մարդու:
Տարանտի խզակոթերի վրա կան բազմալեզու գրառումներ, այդ թվում` հայերեն, վրացերեն, ռուսերեն: Վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները: Ռուսերեն գրված է՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770» (ռուս-թուրքական պատերազմ), «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Կադրերից երևում է, որ պահունակների վրա մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակների ժամանակագրություն է պատկերված:


Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է` 1914-ի դեկտեմբերի 22-ից 1915-ի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։ Նշված է Միլոշ Օբիլիչի անունը (սերբ ազգային հերոս, որ Կոսովոյի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ առաջինին), 1683-ի Վիեննայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացմանը:


Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն Էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել Է նա: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին:


Քաղաքական գործիչներից առաջիններից մեկը ահաբեկչությանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բրենտոն Տարանտի մանիֆեստի թիրախների թվում նաև նրա անունն էր: Բացի այդ` Տարանտը սպառնացել էր «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա: «Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է»: «Այս ստոր տականքը, այս մարդասպանը հայտարարություն էլ է հրապարակել: Այդ հայտարարության մեջ էլ բոլոր մուսուլմանների հետ միասին թիրախավորել է մեր երկիրը, ժողովրդին ու ինձ անձամբ: Ասում է, թե Բոսֆորի եվրոպական ափը չեք անցնելու, թե չէ պիտի գա Ստամբուլ, մեզ բոլորիս սպանի, մեզ մեր հողերից արտաքսի, Այա Սոֆիան մինարեթներից փրկի: Այս բառերն իրականում արտահայտում է նրանց գլխում և սրտում եղած բուռն ցանկությունը», - ասել է Էրդողանը: Նա հիշեցրել է, որ իր քաղաքական գործունեության առաջին տարիներին բանտում է հայտնվել հենց իսլամական բանաստեղծության ընթերցման համար, որտեղ պատմվում էր մզկիթների ու մինարեթների մասին: «Դու այդ ո՞ր ժողովրդի հետ ես այդպես խոսում, ի՞նչ ես խոսում: Քո ամբողջ մարմինը ռումբերով էլ պատված լինի, հետո ի՞նչ: Անդաստիարակ, անշնորհք, ստոր, տականք», - ասել է Թուրքիայի նախագահը:
Մանիֆեստի թիրախներից են և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանը: Նրանց արձագանքը դեռ հայտնի չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչ-որ պահի սպասելի էր, որ քրիստոնյաների վրա քրիստոնեական ու մուսուլմանական երկրներում բազմաթիվ հարձակումներից հետո հնարավոր է նաև հակառակը` հարձակում մզկիթների ու մուսուլմանների վրա: ԻՊ-ը իր դաժանությամբ չէր կարող նման «վրիժառուների» չծնել: Եվ հայտնի չէ` ո՞ր երկրում կհայտնվեն հերթական Բրեյվիկը կամ Տարանտը: Ու դա պարտադիր է դարձնում եկեղեցիների, մզկիթների, սինագոգերի ու կրոնական-պաշտամունքային այլ կառույցների հատուկ պաշտպանությունը:

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ