Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանն ու իր մերձավոր փոքրաթիվ քաղաքական թիմը կռիվ են տալիս մի քանի հարթությունների մեջ

Փաշինյանն ու իր մերձավոր փոքրաթիվ քաղաքական թիմը կռիվ են տալիս մի քանի հարթությունների մեջ
19.04.2019 | 01:32

Իշխանափոխությունից անմիջապես հետո որոշ վերլուծություններում նշվում էր, որ հետհեղափոխական շրջանում իշխանությունը կունենա, այսպես կոչված, քաղաքական կարանտինի ժամանակաշրջան՝ անձեռնմխելիության փուլ, ընդ որում ոչ միայն հասարակության, այլև քաղաքական դաշտի կողմից։ Իսկ կարանտինի շրջանի ավարտից հետո իշխանությունը կհայտնվի ամենասուր քննադատության թիրախում։


Ակնհայտ է, որ հանրության մոտ առաջացած սպասումները հնարավոր չէ բավարարել։ Ընդ որում, դրանք այն սպասումներն են, որոնք ձևավորվել են ոչ իշխանության կողմից հնչեցված խոստումների շնորհիվ։ Հանրության տարբեր շերտեր իրենց սպասումներն ու պատկերացումներն ունեին հեղափոխության վերաբերյալ։ Պատահական չէ, որ երկրում շրջադարձային իրողություններից մեկ տարի անց էլ տարբեր խավերի մոտ, ում սպասելիքները չեն արդարանում, անընդհատ հնչում է ավանդական հարցը՝ բա հեղափոխություն արել ենք նրա համար, որ մեզ չթողնե՞ն կարմիր լույսի տակով անցնել կամ սահմանը առանց մաքսային ստուգումների հատել, մեքենան որտեղ պատահի կայանել, ուրիշի սեփականությանը տիրանալ և այլն։


Պարզ է, որ հեղափոխականների խոստումների և հանրության սուբյեկտիվ ընկալումների արդյունքում իշխանության վարկանիշը պետք է ընկներ։ Եվ նոր իշխանությանը տրված քարտ բլանշի ժամանակաշրջանի ավարտից հետո ու իշխող ուժի վարկանիշի ակնհայտ անկման պարագայում երկրում սրվում են ոչ միայն հասարակություն-իշխանություն հարաբերությունները, այլև քաղաքական դաշտի որոշակի դերակատարներ սկսում են ակտիվանալ ու ավելի համարձակ քննադատել իշխանություններին, ինչն ընդամենը մի քանի ամիս առաջ իրենց համար շատ անհասանելի էր. մտավախություն կար, որ հանրությունը չի ընդունի քննադատությունը, և իրենք կդառնան հանրության թիրախ։ Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է։ Այս ֆոնին առանձնապես զարմանալի չէ, որ վերջին շաբաթների ընթացքում իշխանության և տարբեր քաղաքական ուժերի, գործիչների միջև տեղի են ունենում բավականին սուր բախումներ։ Ընդ որում, այդ բախումները տարբեր հարթակներում ու տարբեր մակարդակներում են։ Ըստ էության, դրա արտացոլումը վերջին օրերին մենք տեսանք խորհրդարանում, որտեղ «Իմ քայլը» դաշինքը ստիպված եղավ հռետորաբանական ու քաղաքական ծանր, երբեմն նույնիսկ տղայական մարտեր վարել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ։


Առանձնապես գաղտնիք չէ, որ սուր բանավեճերի հետևում կան կոնկրետ տնտեսական շահեր։ «Բարգավաճ Հայաստանի» պարագայում դա գրեթե աքսիոմ է. ԲՀԿ-ն, լինելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական նախագիծը, ըստ նշանակության պարտավոր է պաշտպանել ու լոբբինգ անել խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի շահերը։ Այդ կուսակցության ստեղծման նպատակն էլ իրականում հենց դա է՝ մեծահարուստ ղեկավարի սեփականությունը պահպանել քաղաքական ռեսուրսներով։


«Լուսավոր Հայաստանի» պարագան այլ է. ժամանակ առ ժամանակ բավականին սուր և հետևողականորեն արծարծվում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության աղերսները նախկին իշխանությունների ամենաբարձր ատյանների հետ։ Ըստ վարկածների՝ «Լուսավոր Հայաստանում» քաղաքական սրացումները իշխանությունների հետ շատ դեպքերում պայմանավորված են լինում տնտեսական դրդապատճառներով։ «Լուսավոր Հայաստանի» քաղաքական ակտիվությունը, իշխանության հասցեին սուր քննադատությունները (հիմնականում առարկայական ու հիմնավոր) հետաքրքիր զուգադիպությամբ տեղի են ունենում «Սպայկայի» նկատմամբ իրականացվող գործընթացների ֆոնին։ Ընդ որում, այդ համատեքստում անընդհատ հնչում են նախկին իշխանությունների ներկայացուցիչների անուններ։ Այս պարագայում պարզ է, որ բոլոր ռեսուրսները գործի են դրվում՝ իշխանությունը բալանսի բերելու համար։ Պարզ է, որ քաղաքական մենամարտերը տարբեր ուժերի միջև պարունակում են որոշակի տնտեսական հետագիծ՝ բեքգրաունդ։ Եվ պատահական չէ, որ իշխանությունը բավականին նյարդային վիճակում է, նույնիսկ կարողություններով համեստ ու սփյուռքի նախարարի պաշտոնում ոչնչով աչքի չընկած Մխիթար Հայրապետյանը հանկարծ տղայական հաշիվներ է սկսում քննարկել ԱԺ ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Սա իհարկե այնքան էլ տիպիկ իրավիճակ չէ, սակայն ցույց է տալիս, որ իշխանության թուլացող վարկանիշի պարագայում ցանկացած քննադատություն, որը չի բխում «Իմ քայլը» դաշինքի շահերից, անմիջապես նյարդային արձագանք է առաջացնում իշխանական օղակներում։ Նույնիսկ Մխիթար Հայրապետյանի նման «գործիչները մարդկային մի տեսակից կերպարանափոխվում են՝ հանդես գալով այլ ոճի մեջ։ Սովորաբար «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ կոմպրոմատների երկու տարբերակ գոյություն ունի. կամ «Լուսավոր Հայաստանի» համատեքստում հիշատակվում է Վատիկանի դրոշը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մի անգամ արել, կամ ուղղակի-անուղղակի կերպով ակնարկում են Էդմոն Մարուքյանի պահվածքը հեղափոխության օրերին՝ մեղադրելով նրան հեղափոխությանը դավաճանելու և այն օրերին նախկին իշխանությունների հետ համագործակցության առաջարկ անելու համար։


«Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը» դաշինք հակամարտության հետևում երևում են տնտեսական շահերը։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ընկալում է ճնշում իր և իր ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ։ Ընդ որում, այդ ճնշումը, ըստ էության, ոչ այնքան տնտեսական պատճառ ունի, որքան քաղաքական։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԱԺ-ում տրանսգենդերի հայտնի պատմությունը հենց «Բարգավաճ Հայաստանի» պատրաստած սադրանքն էր անձամբ իր ու իր քաղաքական իշխանության դեմ։ Համենայն դեպս, վարչապետի խորհրդականներն ու նրա սեղանին ինչ-ինչ զեկուցագրեր դնողները համոզել են նրան, որ այդ տհաճ պատմությունը արվել է հատուկ Ստրասբուրգ մեկնելուց առաջ, որպեսզի թուլացվեն նոր իշխանությունների դիրքերը։ Ի դեպ, այդ ակցիան պրակտիկ առումով մեծ հարված հասցրեց Հայաստանին։ Բողոքների բավականին լուրջ հեղեղ տեղաց միջազգային կառույցների, դեսպանների կողմից։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանն ընկալեց որպես ցավոտ հարված թիկունքին ԵԽԽՎ այցելությունից առաջ։ ՈՒստի ԲՀԿ-ին ուղղված հայտարարություններն ու իշխանությունների հետագա գործողությունները պատասխանն էին քաղաքական այդ ակցիային։ Եվ ինչպես բոլոր իշխանությունների օրոք՝ առաջին թիրախը դարձավ «Առինջ մոլը»։ ՊԵԿ-ը ծավալուն գործողություններ սկսեց «Առինջ մոլում»։ Թեև ԲՀԿ-ն հերքում է, որ առնչություն ունի տրանսգենդերի պատմության հետ, սակայն վարչապետի մոտ հստակ համոզմունք կա, որ եղել է քաղաքական պատվեր, ու որոշ փորձագետների կարծիքով՝ վարչապետի համար ամենավատ բանն այն է, որ իր դեմ քաղաքական պատվերը կարող է կապված լինել Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի հետ։


Ծառուկյանի դեմ էր նաև ցեմենտի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իշխանությունը ԱԺ տնտեսական հանձնաժողովի միջոցով մի պահ հետքայլ կատարեց ցեմենտ արտադրող տեղական ընկերությունների հնարավոր աջակցման հեռանկարից։ Կարծես թե նախապես կառավարության հետ պայմանավորվածություն կար քայլեր ձեռնարկել տեղական արտադրողին խրախուսելու համար, սակայն վերջին զարգացումների համատեքստում կիսատ թողեցին պայմանավորվածությունը։ Ավելին, այժմ էլ Գագիկ Ծառուկյանի մոտ կա մտասևեռում, որ «Առինջ մոլում» կազմակերպված ցույցերն ու ակցիաները հրահրվել են իշխանությունների կողմից։ Տղայական ու նաիրազոհրաբյանական ոճով քաղաքական մարտերը ԱԺ-ում այս համատեքստում թեժանում են՝ «Իմ քայլի» անդամներին հիշեցնելով, որ վերջիններս զրո են առանց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի ու այդ կուսակցության ևս մեկ-երկու անդամի, որոնց անուններն այդպես էլ Նաիրա Զոհրաբյանը չկարողացավ մտաբերել։


Պայքարն ընթանում է ոչ միայն քաղաքական հարթակում՝ Ազգային ժողովում։ Ավելի լուրջ բախումներ նկատվեցին նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վերջինս գրեթե ցուցադրաբար իր օգնական նշանակեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը՝ Մարգարիտա Ազարյանին, որին ընդամենը մի քանի օր առաջ պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը։ Պարզ է, որ սա բավականին լուրջ հարված էր Արմեն Սարգսյանի նկատմամբ մշտապես խանդի զգացումներ ունեցող Նիկոլ Փաշինյանին։ Փոխարենը խորհրդարանը շատ բարեհաջող խափանեց Արմեն Սարգսյանի կողմից որպես ՍԴ անդամ առաջադրված թեկնածուի՝ Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը։ Մասնագիտական առումով վերջինս իհարկե անխոցելի է, քանի որ միջազգային մեծ փորձ ունի։ Սակայն ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից ցուցադրաբար տապալվեց։ Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր ՀՀ նախագահին։


Կա նաև մեկ այլ հարթություն, որտեղ պետք է մարտեր մղեն իշխանությունն ու վարչապետը, և դա ներիշխանական ոլորտն է։ Այդ մասին շատ է խոսվել, կանխատեսվել է, որ ուշ թե շուտ իշխանության քաղաքական թևը պետք է պայքարի քաղաքացիական թևի դեմ։ Այստեղ պատահական չէ Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն սկանդալներից մեկում որպես կասկածյալ ներգրավելու փաստը։ Այս թեման վաղուց էր արծարծվում, սակայն ի սկզբանե կարծես թե Նիկոլ Փաշինյանը հակված չէր հանձնելու Դավիթ Սանասարյանին։ Ի վերջո, գուցե նաև արտաքին ազդակների ճնշման պայմաններում ստիպված է գործուն քայլեր անել սորոսական թևի դեմ, ազատվել այդ թիմի կարկառուն ներկայացուցիչներից։ Չի բացառվում նաև, որ սորոսյան թիմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը գուցե նաև կալանավորվի։ Ըստ էության այդ դաշտում էլ «Քաղպայմանագիրը» ստիպված է մարտեր մղել։ ՈՒշ թե շուտ համարժեք պատասխան պետք է գա նաև սորոսյան թևից։ Այնպես որ՝ այս թեմայով անակնկալներ մեզ առաջիկայում սպասում են։


Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավոր փոքրաթիվ քաղաքական թիմը կռիվ են տալիս այս մի քանի հարթությունների մեջ։ Եվ հարց է, թե որքան ռեսուրս ունի Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր ճակատներում որակյալ ու լուրջ մարտեր վարելու, միաժամանակ երկիրը ղեկավարելու համար։ Առավել ևս, որ անցած մեկ տարվա ընթացքում վարչապետը չի կարողացել կամ հասցրել ինստիտուցիոնալացնել իր իշխանությունը։ Հարցականները շատ են։ Պատասխանը ամենայն հավանականությամբ կստանանք մոտ ապագայում։ Նկատենք, որ բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանի համար արտաքին լուրջ ճնշումներ առայժմ գոնե չկան, և պահպանվում է խաղաղության ռեժիմը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ