Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծնկի եկան ու հիմնը երգեցին

Ծնկի եկան ու հիմնը երգեցին
20.04.2019 | 12:19

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Պյոտր Պորոշենկոն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպեցին: Մարզադաշտը բաժանված էր երկու մասի: Մի կողմում բեմ էր դրված Զելենսկու համար, մյուսում՝ Պորոշենկոյի: Դեբատներից առաջ Պորոշենկոն աջակիցների խմբի հետ անակնկալ ուղղվեց դեպի Զելենսկին, որ առաջինն էր ելույթ ունենալու, և նրանք միմյանց ձեռք սեղմեցին: Զելենսկին ընդգծեց, որ նախագահը օլիգարխ չպետք է լինի և իշխանության պետք է գան «նորմալ մարդիկ՝ 21-րդ դարի մենթալիտետով»: Նա սկսեց կարդալ հարցերը, որ իր խոսքով՝ կողմնակիցներն էին ուղարկել և Պորոշենկոյին առաջարկեց ընտրել՝ որին պատասխանել: Պորոշենկոն ասաց, որ Զելենսկին նախագահ լինելու համար գործիմաց չէ և պնդեց, որ նրա թիկունքում օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին է ու նրա կլանը: Ինչ-որ պահի Զելենսկին, պատասխանելով մեղադրանքին, որ պատրաստ է ծնկի գալ Վլադիմիր Պուտինի առաջ, հայտարարեց, որ իրեն վերագրվող արտահայտությունը ենթատեքստից պոկված է: «Ես հիմա պատրաստ եմ ծնկի գալ յուրաքանչյուր մոր առաջ, ում որդին ճակատից չի գալու, ես պատրաստ եմ ծնկի գալ յուրաքանչյուր երեխայի առաջ, ում հայրը տուն չի գալու, ես պատրաստ եմ ծնկի գալ յուրաքանչյուր կնոջ առաջ, որ չի տեսնելու իր ամուսնուն, ձեզ էլ եմ հրավիրում»՝ ասաց Զելենսկին ու ծնկի եկավ: Պորոշենկոն ևս մեկ ոտքով ծնկի իջավ՝ դեմքը դեպի կինը, ում ձեռքում Ուկրաինայի դրոշն էր: Պարզվեց՝ նա Դոնբասում զոհված զինվորի այրի է: Դեբատների ավարտին Պորոշենկոն սկսեց հիմնը երգել, իսկ Զելենսկին ժպտաց, գրկեց կնոջն ու ի նշան հաղթանակի երկու մատները պարզեց: Իսկ հետո ձեռքը դրեց սրտին ու ձայնակցեց հիմնին: Հավարտ դեբատների համարյա ողջ մարզադաշտը երգում էր
«Ще не вмерла Україна»:


Վլադիմիր Զելենսկու թեզիսները
2014-ին Զելենսկին ձայն է տվել Պորոշենկոյին, բայց դա սխալ էր: «Մենք ձեզ հետ քվեարկում էինք հօգուտ մի Պորոշենկոյի, իսկ ընտրեցինք ուրիշին: Առաջինը գոռում է.«Պուտին, ես քեզ ցույց կտամ»: Երկրորդը Մոսկվա ողջույններ է ուղարկում պարոն Մեդվեդչուկի հետ: Առաջինն ասում է, որ դոլարը կլինի 10, մյուսը դարձնում է 30»: Նա «քաղաքական գործիչ չէ, այլ սովորական մարդ, որ եկել է համակարգը ջարդելու»: «Ես ձեր սխալների ու խոստումների հետևանքն եմ: Դա ճշմարտություն է ու դուք դա հասկանում եք»: Նա բազմիցս եղել է Ուկրիանայի արևելքում մարտական գործողություններում և չի թաքնվել զինկոմիսարիատի ծանուցագրերից՝ ինչպես ասում էր (նաև դեբատներում) Պորոշենկոն: Երբեք չի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Պատերազմի սկզբից չի եղել Ռուսաստանում: Նա դատախազի մոտ չէ և ոչինչ չի արել, որ դատախազությունում հայտվի, իսկ Պորոշենկոն, հավանաբար, կհանդիպի նրան: Նա Մովսեսը չէ, որ ինչ-որ տեղ տանի Ուկրաինան: «Ուկրաինան գնում է Եվրոպա: Եթե մարդիկ որոշեն, ես ևս կպաշտպանեմ եվրոպական ընտրությունը»: Նա գնում է նախագահության մեկ ժամկետով և ցանկանում է, որ Պորոշենկոյի շրջապատն այլևս քաղաքականության մեջ չլինի: Պատրաստ է ծնկի գալ Ուկրաինայի ժողովրդի առաջ (ու՝ ծնկեց): Նա պայմանագիր ունի «1+1» հեռուստաալիքի հետ ու այլևս ոչ մի բիզնես: «Դուք 1998-ից պատգամավոր եք եղել կամ պաշտոնյա, ասեք՝ ինչպե՞ս եք այդ ընթացքում դարձել օլիգարխ»: Պորոշենկոն ոչխարի մորթիով գայլ է: «Հիշու՞մ եք «լյուստրացիա» բառը: Ինչու՞ են ձեր կոնֆետները վաճառվում Մոսկվայում: Ինչու՞ ձեր բոլոր մարդիկ երկու երես ունեն»: Պորոշենկոն շատ ձեռքերումներ ունի (ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ, ավտոկեֆալիայի թոմոսը, ուկրաիներենը, բանակը), բայց ամեն ինչ նա վերագրում է միայն իրեն:


Պյոտր Պորոշենկոյի թեզիսները
Նա երկիրն ընդունեց առանց փողի: «Եթե դուք իմանայիք՝ ինչ վիճակում ես ընդունեցի երկիրը 2014-ին՝ առանց փողի, առանց զենքի, դուք հարցը այլ կերպ կդնեիք»: Զելենսկին գործիմաց չէ, նա թաքնվում է լրագրողներից, ընդդիմախոսներից ու Ուկրաինայի ժողովրդից: «Ի՞նչ է պատրաստվում անել նա, ոչ թե իր շտաբի անդամները, խորհրդականները: Մենք այդպես էլ չիմացանք»: Զելենսկին գեղեցիկ փաթեթավորում է, որի ներսում թաքնվում է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին: «Դուք կատու չեք պարկի մեջ, դուք պարկ եք, որտեղ սև կատուներ են»: Զելենսկին չի կարող դիմակայել Ռուսաստանին: «Ես հավատում եմ, որ պարոն Վլադիմիրը չի ցանկանում հանձնել Ուկրաինան, ես հավատում եմ, որ պարոն Վլադիմիրը Ուկրաինան հետ՝ Ռուսական կայսրություն տանելու երազանք չունի: Բայց Պուտինն ունի այդ երազանքը: Եթե նա չգիտի՝ ինչպես դիմակայել, մենք պետք է վերացնենք ուկրաինական ապագայի բոլոր ռիսկերը»: Նրա բարեկամներից ոչ մեկը կապ չունի ու չի ունեցել կոռուպցիայի հետ: «Հենց լինի հիմնավորված կասկած, նա կդադարի իմ բարեկամը լինել ու բանտ կնստի»: Զելենսկին Գոլոբորոդկոն չէ (հերոսը, որ խաղում է Զելենսկին «Ժողովրդի ծառան» սերիալում): «Դուք այստեղ չեք եկել տրամվայով կամ հեծանիվով»: «Ամեն ինչ, որ ասում է պարոն Վլադիմիրը, սուտ է ու չի համապատասխանում իրականությանը»: Նա չի ամաչում իր նախագահության 5 տարիների համար: Նա կընդունի Ուկրաինայի ժողովրդի ցանկացած ընտրություն երկրորդ փուլում:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ապրիլի 21-ին է: Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Զելենսկին ստացել է 30,24%, Պորոշենկոն՝15,95%:
BBC


Հ.Գ. Վաղը նրանցից մեկնումեկը կընտրվի նախագահ: Հարցումներով Զելենսկին երեք անգամ գերազանցում է Պորոշենկոյին, բայց ընտրությունը մնում է ընտրություն: Փաստացի՝ նրանցից որևէ մեկը վճռական դեբատներում չի ներկայացել իր ծրագրով ու մրցակցությունը երկուստեք վերածել են շոուի: Եթե դա Զելենսկու գլխավոր հաղթաթուղթն ու նա կարողացել է Պորոշենկոյին էլ ստիպել խաղալ իր կանոններով, ուրեմն իսկապես Ուկրաինան կունենա նոր նախագահ: Ու կսկսի նոր պատմություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ