ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լեռնային Ղարաբաղ՝ խաղի մեջ է մտնում ԱՄՆ-ը

Լեռնային Ղարաբաղ՝ խաղի մեջ է մտնում ԱՄՆ-ը
27.04.2019 | 11:47

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում ճեպազրույցում հայտարարեց, որ ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով։ «Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումւ կայացել է Մոսկվայում՝ իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ,-ասել է Մամեդյարովը։- Ջանքերի կրկնակի-եռակի ավելացումով, Ռուսաստանի հետ մեկտեղ կարելի է հույս ունենալ կոնֆլիկտի կարգավորման առաջընթաի վրա։ Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել Վաշինգտոն մեկնելու, որտեղ պետքարտուղարը նույնպես ջանքեր կգործադրի կոնֆլիկտի կարգավորման մեջ ճեղքման հասնելու համար»։ Նման հանդիպման հնարավորությունը հաստատել է և հայկական կողմը։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է. «Մենք հանդիպումներ ենք ունեցել Փարիզում ու Մոսկվայում։ Կարո՞ղ է հանդիպում լինել Վաշինգտոնում: Իհարկե։ Պատրա՞ստ ենք մենք այդ հանդիպմանը: Անկասկած»։ Բայց նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է գործողությունների հաջորդականություն, երբ ԱՄՆ-ի գործընկերները կկոնկրետացնեն իրենց հրավերը, այդ ժամանակ հայտարարություն կանի և հայկական կողմը»։
Արձանագրենք կարևոր հանգամանքները։ Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն Մոսկվան է, ավելի ստույգ՝ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ակտիվություն դրսևորել ղարաբաղյան ուղղությամբ։ Հենց Պուտինի միջնորդական ջանքերով է կայացել Դուշանբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ոտքի վրա» հանդիպումը։ Շփման գծում լարվածության թուլացման նրանց պայմանավորվածությունը դրական արդյունք է տվել: Ալիևի ու Փաշինյանի Վիեննայի հանդիպումից ու բանակցություններից հետո Պուտինը նրանց հետ հեռախոսել է: Մոսկվան հաստատել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում դինամիկայի զարգացման հակումը։ Իսկ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացավ ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով համատեղ հայտարարություն ընդունվեց։ Եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություն, որտեղ, ինչպես միշտ, գերակայում էին ընդհանուր ձևակերպումները: Դա հանգեցնում է այն մտքին, որ համանախագահ երկրների միջև համաձայնություն կա կոնֆլիկտի կարգավորման մոտեցումների վերաբերյալ։ Ճիշտ է՝ Մոսկվայի հանդիպումից հետո Մամեդյարովը հաղորդեց. «Մենք քննարկում անցկացրինք 2016-ին ռուսական կողմի առաջարկած ծրագրի հիման վրա»։ Այս դեպքում պետք են սկզբունքային ճշտումներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները երբեք չեն հայտարարել «Լավրովի ինչ-որ պլանի» գոյության մասին՝ մշակված միջոցառումների համակարգը որակելով իբրև «համատեղ ջանքերի արդյունք»: Ընդհանուր գծերով՝ համակարգը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական տարածքների մի մասի ազատագրում Արցախի Հանրապետության կարգավիճակը քննարկելիս։ Որքա՞ն է ընդունելի այդ «պլանը» Բաքվի ու Երևանի համար, դժվար է ասել, նրանք ծայրահեղ հակադիր դիրքերից են հանդես գալիս։ Այնուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի որոշակի շրջանակներ հայտարարում են, որ «Պուտինը սկսեց լրացնել Լեռնային Ղարաբաղում կարևոր վակուումը», որ «ԱՄՆ-ը անտեսում է ղարաբաղյան խնդիրը և նպաստում Ռուսաստանի դիվանագիտական ամրապնդմանը Անդրկովկասում», որ «Պուտինը կառուցում է եռակողմ համագործակցություն Ալիևի ու Փաշինյանի հետ», իսկ դա պետք է Վաշինգտոնին մղի տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու։ Եվ ամերիկացիները քայլ արեցին՝ հայտարարելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելու մտադրության մասին՝ շարունակելու կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները։ Դրանում, ինչպես գրում է հայ փորձագետներից մեկը, «արտառոց ոչինչ չկա, քանի որ ԱՄՆ-ը նույնպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ երկիր է, լիովին նորմալ է, որ հիմա Մոսկվայից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ցանկանում է կազմակերպել Վաշինգտոնը»։ Ինտրիգը հենց դա է՝ նոր ի՞նչ կարող է ԱՄՆ-ը առաջարկել կոնֆլիկտի կողմերին։ Դրա հետ են կապված անդրկովկասյան որոշ քաղաքական գործիչների հույսերը, որ վաղ թե ուշ այդ ուղղությամբ ի հայտ են գալու ռուս-ամերիկյան հակասությունները։ Դիմենք փաստերին: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը տարակուսանքն էր հայտնում, որ «նույնիսկ չեն քննարկվում տարածքային զիջումները»։ Կամ՝ ինչպես ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակեց խաղաղության պլանի գաղտնի թեզիսները, որ առաջարկում էին միջազգային միջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին։ Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի կոնսենսուսի ու պարտադիր իրավական ուժ ունեցող կամահայտնության հիման վրա։ Նախկին ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջանները մինչև որոշակի իրական կարգավիճակ ստանալը պետք է ստանան ժամանակավոր կարգավիճակ, որ կոչված է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքները։ Ծրագրի համաձայն՝ հայկական զորքերը պետք է դուրս գան Ադրբեջանի 7 շրջաններից 6-ից։ Լաչինի շրջանը մասնակի մնում է հայկական զորքերի վերահսկողության տակ՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքի ստեղծման համար։ Փաստաթղթում նաև նշվում է, որ կոնֆլիկտի կարգավորման երկարատև լուծումը նախատեսում է իրենց մշտական բնակության վայրեր բոլոր փախստականների վերադարձ։ Եվ վերջապես՝ խաղաղ համաձայնագրի վերջին կետը նախատեսում է դիմակայության գծի չեզոք գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, որ պետք է վերահսկեն իրավիճակը։
Այս նախագծում դժվար չէ նկատել 2016-ի պլանի ընդհանուր գծերը, որ Բաքվի կարծիքով «առաջ է մղում ռուսական կողմը»։ Կարող է ստացվել այնպես, որ այս դիրքորոշումը ստանա ամերիկյան կողմի հաստատումը: Ինչպես էլ դրան վերաբերվես, խոսքը արդեն նախապատրաստված որոշումների մասին է։ Իրավիճակը բարդացնում է, որ հակամարտող կողմերը չեն դրսևորում կարողություններ ու պատրաստակամություն ինքնուրույն փոխզիջումային որոշումներ ընդունելու։ Օրինակ՝ ահա ինչ է պատմում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Մենք այսօր բանակցություններ ենք վարում առանց որևէ փաստաթղթի։ Քննարկում ենք սկզբունքները, մոտեցումները։ Սա բանակցային գործընթաց է առանց կոնկրետ փաստաթղթի: Ամենաէականը, որ մենք բանակցություններ չենք վարում կոնկրետ տեքստով»։
«Ես մամուլում տեսել եմ որոշակի թվով հոդվածներ ու հարցազրույցներ, հնչել են ամենատարբեր վարկածներ ու որոշումներ, այդ թվում ինձ վերագրվող,-ասում է Փաշինյանը։-Բայց ինչու՞ իմ թիկունքում պետք է նման խոսակցություններ լինեն: Որովհետև ոչ ոք չի ասում՝ ինչպես խնդիրը լուծել։ Մենք ինքներս մեզ համար չենք ձևակերպել մեր շահերը»։ Նաև՝ «Վերջին 10 տարիներին ընդհանրապես բանակցությունների տրամաբանությունը որոշարկել են Մինսկի խմբի համանախագահները, անընդհատ հանդես գալով ինչ-որ հայտարարություններով և այդպիսով քննարկումների տոն տալով։ Դա է պատճառը, որ մինչև հիմա հայ հասարակության մեջ չկա միասնական դիրքորոշում կարգավորման սցենարի վերաբերյալ։ Ոմանք պնդում են «ոչ մի թիզ հող», մյուսները, հակառակը, խոսում են կոմպրոմիսների անհրաժաշտության մասին»: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը որոշում են արտաքին խաղացողները, այլ ոչ թե Բաքուն ու Երևանը։ Բայց իր պլանն ունի Ստեփանակերտը և այդ պատճառով կարևոր է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան։ Այլապես հետագայում էլ ներկա գործող կողմերին արտաքին խաղացողներն առաջարկելու են, որոշակի պայմաններում ու պարագաներում պարտադրելու են իրենց պայմանները, քանի որ Ալիև-Փաշինյան, Մամեդյարով-Մնացականյան անձնական հանդիպումների ռեսուրսը չի աշխատում։ Ռուսաստանն այդ ուղղությամբ իր աշխատանքն անում է։ Հիմա ամերիկացիների հերթն է։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիտցենբերգերը հայտարարել է, որ Վաշինգտոնում «անհամբերությամբ են սպասում Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության շարունակմանը»: Մենք էլ կսպասենք։
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փարիզում ու Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումից հետո ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը չէր կարող նրանց հրավիրել Վաշինգտոնում անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը։ Փաստացի՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ երկու նախարարներն արձանագրել են իրենց դիրքորոշումների արմատական տարբերությունները։ Էլմար Մամեդյարովը եռակի-քառակի ջանքերի կոչ է անում «ռուսական կողմի առաջարկած ծրագրի հիման վրա»՝ քննարկումները շարունակելու համար: Զոհրաբ Մնացականյանը շեշտում է. «Մենք այսօր բանակցություններ ենք վարում առանց որևէ փաստաթղթի։ Քննարկում ենք սկզբունքները, մոտեցումները։ Սա բանակցային գործընթաց է առանց կոնկրետ փաստաթղթի: Ամենաէականը, որ մենք բանակցություններ չենք վարում կոնկրետ տեքստով»։ Նա նաև դիվանագիտորեն ակնարկում է, որ քանի դեռ Վաշինգտոնն իր օրակարգը չի ներկայացրել, վաղ է խոսել հանդիպման մասին։ Պնդելով, որ Վաշինգտոնը իր ծրագիրն ունի՝ ռուս փորձագետը հաստատում է, որ Մոսկվան էլ իր ծրագիրն ունի, թեպետ մշտապես ժխտվում է «Լավրովի պլանը»։ Իսկ երեկ Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ջանք չի խնայի հիմնախնդրի կարգավորման համար: Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այսինքն՝ նրանք բնավ էլ Վաշինգտոնի հույսին չեն։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ