Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիացի լինելու արվեստը

Ֆրանսիացի լինելու արվեստը
29.04.2019 | 12:27

Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ մամլո ասուլիս տվեց՝ ամփոփելով համազգային դեբատները, որ անցկացվեցին ի պատասխան դեղին ժիլետների շարժման, և նախանշեց ապագա բարեփոխումների ուղղությունները։ Նախապես նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր էր ապրիլի 15-ին հեռուստաուղերձով դիմել ֆրանսիացիներին՝ համազգային դեբատներն ամփոփելու համար, սակայն Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը խախտեց նրա ծրագրերը։ Նախագահը եկավ Նոտր Դամ, որ բոլորովին այլ ուղերձով դիմի ժողովրդին։ Հրաժարվելով պաշտոնական ելույթից, Մակրոնն ընտրեց շփման այլ ձևաչափ՝ մեծ մամլո ասուլիս, առաջինն իր նախագահության ընթացքում։ Մեկ ժամ տևած նախախոսքում Մակրոնը ուրվագծեց բարեփոխումների 4 հիմնական ուղղությունները, որ թելադրված են ֆրանսիացիների պահանջով, որոնց իշխանությունները լսել են երկու ամսվա համազգային դեբատներում։ Մամլո ասուլիսը երկուսուկես ժամ ձգվեց։ Դեբատների ժամանակ ֆրանսիացիները ավելի շատ խոսում էին անարդարության ու անհավասարության մասին՝ ամփոփեց Մակրոնը։ Նախևառաջ սոցիալական, հարկային ու տարածքային անհավասարության մասին (Ֆրանսիայի ամենաաղքատ շրջաններն իրենց զգում են կենտրոնական իշխանությունից անտեսված)։ Ֆրանսիացիները անվստահություն էին հայտնում իշխող էլիտային՝ հավելեց Մակրոնը։


«Անարդարության առաջ, որ այսօր զգում են շատ ֆրանսիացիներ, մեր ուշադրության կենտրոնում այսօր պետք է լինի մարդը։ Մեր ազգային նախագիծը պետք է դառնա առավել արդար, առավել մարդկային, որ միավորի ազգը»՝ ասաց Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ մտադիր չէ փոխել իր կառավարության քաղաքականությունը և բարեփոխումները, բայց պատրաստ է նոր փոփոխությունների։


Առաջինը ֆրանսիական ժողովրդավարության ինստիտուտների բարեփոխումներն են: Մակրոնի կարծիքով՝ պետք է ավելի շատ իրավասություններ տալ տեղական ինքնակառավարման մարմիններին և բարեփոխել խորհրդարանի աշխատանքը (կրճատել պատգամավորների թիվը և փոփոխություններ անել Ֆրանսիայի ընտրական համակարգում)։ Դեբատներում ֆրանսիացիներն առաջարկում էին ներմուծել պարտադիր քվեարկություն ընտրություններում և փոխել ձայների հաշվարկման կարգը՝ հաշվի առնելու բոլորին դեմ քվեաթերթիկները (գործող օրենսգրքով այդ քվեաթերթիկները համարվում են անվավեր)։ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ դեմ է այդպիսի առաջարկներին: Նախագահը մեկնաբանեց դեղին ժիլետների հիմնական պահանջներից մեկը՝ քաղաքացիներին հանրաքվեների նախաձեռնության իրավունք տալ։ Հիմա Ֆրանսիայում հարցերը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու իրավունք ունեն կամ պետության ղեկավարը, կամ՝ խորհրդարանի պատգամավորները՝ քաղաքացիների որոշակի թվի աջակցությամբ (2015-ից հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է նվազագույնը խորհրդարանականների մեկ հինգերորդի և ընտրողների 10%-ի աջակցությունը)։ Դեղին ժիլետներն ուզում են, որ հանրաքվեներն անցկացվեն քաղաքացիների պահանջով (ինչպես Շվեյցարիայում)։ Մակրոնը հայտարարեց, որ դեմ չէ ուղղակի ժողովրդավարությանը, բայց նախընտրում է, որ նման հանրաքվեներն անցկացվեն ոչ թե համազգային, այլ տեղական մակարդակում։ Իշխանության ապակենտրոնացումը պետք է կայանա նրանում, որ կենտրոնական վարչակազմերում աշխատեն ավելի քիչ պետական պաշտոնյաներ, իսկ տեղական վարչակազմերում՝ ավելի շատ՝ ասաց Մակրոնը։


Բարեփոխումների երկրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսությանն ու հարկային համակարգին։ Ի պատասխան դեղին ժիլետների պահանջների՝ Մակրոնը խոստացավ աշխատող ֆրանսիացիների հարկերի իջեցում, նա մտադիր է կրճատել որոշ հարկային արտոնություններ ձեռնարկություններում։ Ամսական 2000 եվրոյից քիչ ստացող թոշակառուներին նա խոստացավ կենսաթոշակի լիակատար ինդեքսավորում ինֆլյացիայի մակարդակի համապատասխան (2019-ին կառավարությունը վճռել է թերինդեքսավորել կենսաթոշակները 1,5%-ով ինֆլյացիայի համեմատությամբ): Բացի այդ՝ նախագահը խոսեց կրթության բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ ինչպես միջին, այնպես էլ բարձրագույն, երիտասարդների համար այլընտրանքային քաղաքացիական ծառայություն սահմանելու մասին: Մակրոնն առանձնացրեց հաշմանդամների ու հատուկ խնամքի կարիք ունեցող ծերերի իրավունքների պաշտպանության բարեփոխման նախագիծը։
Նա անդրադարձավ Ֆրանսիայի Հանրապետության աշխարհիկության սկզբունքի պահպանման հարցին, ընդգծելով, որ պայքարելու են առանձին կրոնական կամ ազգային համայնքների փակ լինելու դեմ, որ հրաժարվում են ամբողջությամբ ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը։ Խոսելով միգրանտների խնդիրների մասին, Մակրոնը կոչ արեց բարեփոխել Շենգենի գոտու և այնտեղ գործող կարգերը, որ թույլ կտան ընդունել իրական փախստականների՝ անլեգալ միգրացիայի դեմ պայքարի ու խիստ վերահսկողության պայմաններում։ «Մեծ փոփոխությունների ընդառաջ մենք պետք է նորից դառնանք մեր ճակատագրի տերը»՝ հայտարարեց նախագահը՝ հավելելով, որ համազգային դեբատների ժամանակ պարզ հասկացել է գլխավորը՝ ֆրանսիացիները ցանկանում են ավելի ակտիվ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։


«Այս նոր ժամանակներում ես ուզում եմ ամրագրել նպատակը՝ յուրաքանչյուրին վերադարձնել առաջընթացի հույսը, յուրաքանչյուրից պահանջելով ջանքեր գործադրել։ Հենց այդպես մենք կարող ենք միասին ու նորից կառուցել այն, ինչ ես կանվանեի «ֆրանսիացի լինելու արվեստ»։ Դա առանձնահատուկ կեցվածք է՝ լինել այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Ֆրանսիացի լինելու արվեստը նշանակում է միաժամանակ հիշել սեփական արմատների մասին ու բազմազան լինել, հարգել սեփական պատմությունն ու առաջ նայել։ Դա նաև ամեն ինչի մասին ու միշտ վիճելու ունակությունն է։ Իր հիմքում դա արտաքին աշխարհին չհարմարվելու ունակությունն է, չենթարկվելու ուժեղի իրավունքին, այլ դիմադրելու և ապագայի սեփական ծրագրերը կառուցելու»՝ սահմանեց Մակրոնը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ընդունեց, որ որոշակի սխալներ է գործել, որոնց պատճառով ոմանք իրեն ոմանք համարում են մեծամիտ ու ինքնահավան։
RFI


Հ.Գ. Ո՞վ է հայերիս սովորեցնելու «հայ լինելու արվեստը», թե՞ դա այլևս անկարևոր է ՀՀ հպարտ քաղաքացիների համար։ Դիմադրելու և ապագայի սեփական ծրագրերը կազմելու երջանկությունը միայն տարածքով մեծ երկրներին ու թվաքանակով մեծ ժողովուրդներին չի վիճակվում: Ֆրանսիայի նախագահը եղել ու մնում է պրագմատիկ, որ պարզապես չէր հաշվարկել իր և ֆրանսիացիների պրագմատիզմի մակարդակների ու փոփոխություններին պատրաստ լինելու արագությունների տարբերությունը: Որքան էլ արտառոց հնչի, հաշվի առնելով Հայաստանի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական ու աշխարհագրական տարբերությունները, Մակրոնի առաջարկած բարեփոխումների ուսումնասիրությունը ուսանելի է նաև Հայաստանի համար՝ նպատակի առումով։
Անահիտ Ադամյան

Դիտվել է՝ 2155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ