«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը
30.04.2019 | 23:11

Հայաստանի վարչապետի նախագահությամբ այսօր Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նեղ կազմով նիստին, որին մասնակցում էին միայն երկրների վարչապետները, հաջորդեց ընդլայնված կազմով նիստը: Նեղ կազմով նիստի բացմանը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում երեք հիմնական հարցերը վերաբերում են թվային օրակարգին, ինտերնետ առևտրին և ԵԱՏՄ հետագա ինտեգրմանը, ինտեգրման խորացմանը: Ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության կայացման մասին: «Այսօր Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են մեր հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ, - նշեց վարչապետը: - Գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Մենք օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը»։
«Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում բարձրացել է կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Ակնհայտ է զսպումների և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։ Այս ամենը տեղի է ունենում երկրում ժողովրդավարության առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության պայմաններում, - ասաց Փաշինյանը։ - Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ»։ ԵԱՏՄ-ի մասին նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է խոչընդոտների վերացմամբ, և առանձնահատուկ կանգ առավ էներգակիրների խտրական գների հարցի վրա՝ ակնարկելով, որ միության անդամ երկրները տարբեր գներով են էներգակիրները՝ գազը, նավթը, նավթամթերքը ստանում, և դա իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների արտադրանքի վրա:

«Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ: ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018-ին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով, - նշեց Փաշինյանը։- Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում»։


«ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Խոսեց նաև Բելառուսի վարչապետը՝ նա ԵԱՏՄ ձեռքբերումները ներկայացնելուց զատ, ասաց, որ վերջին շրջանում խոչընդոտները միությունում շատանում են, և դրանք խնդիր են առաջացնում ինտեգրման հետագա խորացման համար:


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն կարելի է կայացած միություն համարել, և աշխատանքները խնդիրների հաղթահարման, խնդիրների լուծման և ինտեգրացիայի խորացման ուղղությամբ շարունակվում են:
Նիստի արդյունքներով ստորագրվեցին փաստաթղթեր, որ վերաբերում են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը օգոստոսին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում է:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ