Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որոշ իրողություններ այլևս չեն գործում

Որոշ իրողություններ այլևս չեն գործում
17.05.2019 | 13:50

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարցազրույց է տվել Süddeutsche Zeitung-ին՝ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների, շրջակա միջավայրի պահպանության ու պոպուլիզմի աճի մասին: Կանցլերի հետ զրուցել են Նիկո Ֆրիդը և Շտեֆան Կոռնելիուսը։ Խոսելով Եվրախորհրդարանի ընտրությունների նշանակության մասին՝ կանցլերը նշել է﮳ «Այս ընտրությունները հատուկ են։ Շատերն են Եվրոպայում տագնապում, նաև՝ ես։ Դա մեծացնում է այս Եվրոպայի ճակատագրի համար համատեղ աշխատանքի իմ պատասխանատվության զգացումը»։ «Անկասկած՝ Եվրոպան պետք է գտնի իր նոր տեղը փոփոխված աշխարհում: Հետպատերազմյան ժամանակում ձևավորված որոշ իրողություններ այլևս չեն գործում»՝ նշել է կանցլերը։ Արտաքին քաղաքականության մասին Մերկելն ասել է﮳ «Իրանի հարցում Եվրոպան մի կողմից գործնականում թվում է թույլ, որովհետև եվրոն առաջատար տարադրամ չէ, ինչպես դոլարը, այդ պատճառով մեզ համար դժվար է ինչ-որ քայլ հակադրել ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Մյուս կողմից Եվրոպան, այնուամենայնիվ, շարունակում է զարգանալ։ Իրանի համաձայնագրի հարցում Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան գնում են այլ ճանապարհով, քան ԱՄՆ-ը։ Բոլոր այլ տարբերություններով հանդերձ՝ մենք նույնիսկ ընդհանուր շահեր ունենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Որ այս կարևոր հարցում Եվրոպան այլև տարակարծիք չէ, ինչպես Իրաքի պատերազմի ժամանակ, ինքնին արժեքավոր է։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք իրատեսորեն գնահատել մեր կարողությունները և պետք է ամրապնդենք մեր ապագան։Պաշտպանության հարցերում մեր համագործակցության մեջ մենք ճիշտ ճանապարհին ենք»։ Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գլոբալ մարտահրավերներն ազդում Եվրոպայի վրա, կանցլերն ասել է﮳ «Այդ մարտահրավերները մեզ նորից ու նորից ստիպում են որոնել ընդհանուր դիրքորոշումներ։ Տարբեր շահերի պատճառով դա հաճախ դժվար է։ Բայց մեզ հաջողվում է, օրինակ՝ մեր քաղաքականությունը Ուկրաինայի կոնֆլիկտի հարցում։ Մեր քաղաքականությունը Աֆրիկայի նկատմամբ հիմա հենվում է համատեղ ռազմավարության վրա, որ 1-2 տարի առաջ դժվար էր պատկերացնել: Քայլ առ քայլ մենք առաջ ենք շարժվում։ Բայց առայժմ մեր քաղաքական ուժը չի համապատասխանում մեր տնտեսական կարողություններին»։ Վերջին տարիներին Եվրոպայում կատարված առավել կարևոր իրադարձություններից Մերկելը նշում է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու որոշումը, միգրացիոն ճգնաժամը և եվրոյի ճգնաժամը։ «Միգրացիայի թեման մեզ ուղեկցելու է առաջիկա տասնամյակներում,-գտնում է կանցլերը։ -Վերջին տարիներին և մենք Եվրոպայում զգացել ենք Մերձավոր Արևելքում քաղաքացիական պատերազմի ու ահաբեկչության հետևանքները և օգնել ենք դժբախտության մեջ հայտնված մարդկանց: Միաժամանակ մենք պիտի նպաստենք, որ Աֆրիկայի երկրները ճիշտ և կայուն տնտեսական զարգացման ճանապարհը գտնեն։ Այդ հարցում երկու կողմերն են շահագրգիռ են»։ «Եթե եվրոյի ու միգրացիոն ճգնաժամերում մենք որևէ գործողություն չձեռնարկեինք կամ գործեինք բոլորովին այլ կերպ, իմ կարծիքով՝ դա ավելի ծանր հետևանքներ կունենար, քան այսօրվա խնդիրներն են»՝ նշել է կանցլերն ու ընդգծել, որ ԵՄ երկրները առաջվա պես պետք է աշխատեն փախստականների տեղաբաշխման հարցում։


Անդրադառնալով շրջակա միջավայրի թեմային՝ Մերկելը նշել է﮳ «Խիստ վշտացնում է, որ բազում կետերով իրավիճակն ավելի է վատացել։ Միանշանակ՝ քաղաքական համառությունը չի հերիքում, և՝ ամբողջ աշխարհում»։


Գերմանիայի ու Ֆրանսիայի հարաբերություններին անդրադառնալով՝ կանցլերը մատնանշել է մենթալիտետի և «դերի ընկալման» տարբերությունները։ «Ֆրանսիան, որ դաշնակիցների բլոկում էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բնականաբար, այլ դեր ուներ Գերմանիայից։ Ֆրանսիան միջուկային տերություն է, վետոյի իրավունք ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Բայց մեր ի սկզբանե տարբեր դիրքորոշումներից ու տեսակետներից մենք ամեն անգամ կարողանում ենք հասնել փոխզիջումների»՝ ընդգծել է կանցլերը։ «Մենք մարտական ինքնաթիռի ու տանկի համատեղ մշակման որոշում ենք ընդունել: Դա փոխադարձ մեծ հաճոյախոսություն ու վստահության նշան է, երբ դուք վստահորեն հենվում եք միմյանց վրա պաշտպանական քաղաքականության մեջ»՝ ասել է կանցլերը։ Հարցին՝ ո՞վ ապագայում կդառնա Եվրահանձնաժողովի նախագահ, Մերկելը, որ ԵԺԿ անդամ է, պատասխանել է﮳ «ԵԺԿ-ի գլխավոր թեկնածուն Մանֆրեդ Վեբերն է և ես կողմ եմ, որ նա գլխավորի Եվրահանձնաժողովը, եթե ընտրություններում մենք դառնանք ամենաուժեղ քաղաքական ուժը»։ Հարցին՝ մտադի՞ր է նա, անհրաժեշտության դեպքում, բանակցել Թերեզա Մեյի հետ բրեկզիտի հարցով և հնարավոր համարում է, որ ՔԴՄ-ի նախագահ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի ու Բորիս Ջոնսոնի բանակցությունները, Մերկելն ասել է﮳ «Տորիները բոլոր դեպքերում մեզ գործընկեր կուսակցություն չեն ԵԺԿ-ում: Ցավոք, նրանք ԵԺԿ-ից հեռացան դեռ Դևիդ Քեմերունի օրոք։ Մնացած հարցերում եթե բանակցելու խնդիր լինի, դա կանի Եվրահանձնաժողովը 27 անդամ երկրների անունից»։


Պոպուլիզմի թեմայով Գերմանիանի կանցլերն ասել է, որ չի պատկերացնում ԵԺԿ-ի համագործակցությունը Իտալիայի «Հյուսիսի լիգայի», Մատեո Սալվինիի և նմանատիպ միավորումների հետ։ «Հիմա հենց այն ժամանակն է, երբ մենք պետք է պայքարենք մեր սկզբունքների ու հիմնարար արժեքների համար։ Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում Եվրամիության պես եզակի կառույցի պահպանության համար։ Եվրոպան վտանգի չենթարկելու համար՝ մեզնից յուրաքանչյուրը իրեն պետք է մյուսի տեղը դնի, պատրաստ լինի փոխզիջումների, մնա ազնիվ ու միշտ խնամքով վերաբերվի մյուսներին»՝ ընդգծել է Մերկելը։
Նիկո Ֆրիդ, Շտեֆան Կոռնելիուս, Süddeutsche Zeitung


Հ﮳Գ﮳ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, երբ 2021-ին կավարտվի իր ղեկավարման ժամկետը: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 16-ին համատեղ մամուլի ասուլիսում նա ասել է﮳ «Ես չեմ պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել որևէ տեղ»: Նրա խոսքով՝ պլանները, որ հրապարակել է անցյալ տարվա վերջին, չեն փոխվել: 2018-ի վերջին Մերկելը թողեց ՔԴՄ-ի նախագահի պաշտոնը, բայց մնաց կանցլեր: Նա հայտնեց, որ պատրաստվում է ավարտին հասցնել աշխատանքի չորրորդ ժամկետը և հեռանալ քաղաքականությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ