Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զելենսկու երդմնակալությունը մայիսի 20-ին, իսկ հետո՞

Զելենսկու երդմնակալությունը մայիսի 20-ին, իսկ հետո՞
18.05.2019 | 12:22

Երդմնակալությունը մայիսի 20-ին նշանակելը իրավաբանների կարծիքով Վլադիմիր Զելենսկիին թույլ կտա նախագահության առաջին շաբաթում լուծարել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել։ Պաշտոնակալության արարողության մանրամասներն ու հյուրերի ցանկը դեռ հայտնի չեն։ Զելենսկու շրջապատում ասում էին, որ մտադիր են աննախադեպ արարողություն կազմակերպել։ Զելենսկու թիմը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը։ «Պատգամավորները, այնուամենայնիվ, կարողացան արդյունք ցույց տալ։ Թեկուզ նրանց որոշումը կիևցիների ու արտասահմանյան պատվիրակությունների համար դժվարություններ է հարուցում, որոնցից հնարավոր կլիներ խուսափել, եթե երդմնակալությունը հանգստյան օրը նշանակվեր»՝ ասվում է նրա մամլո ծառայութան մեկնաբանությունում։


Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ընտրված նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք է տեղի ունենա ընտրության արդյունքների հրապարակման պահից 30 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև հունիսի 3-ը։ Սակայն Զելենսկուն երկար սպասումը, կարծես, նկատելի նյարդայնացնում էր։ Անցած շաբաթ նա Պյոտր Պորոշենկոյի պաշտոնավարման շարունակումը անվանեց «կաղ բադի քաղաքական ջղաձգություն» և պահանջեց Գերագույն Ռադայից պաշտոնակալությունը նշանակել մայիսի 19-ին։ «Մի մտածեք պատգամավորական քսիվների մասին, մտածեք Ուկրաինայի մասին»՝ հայտարարեց նա խորհրդարանի պատգամավորներին տեսաուղերձում։ Զելենսկու առաջարկը պատգամավորների մեծ մասի աջակցությունը չստացավ։ Ոմանք հայտարարեցին, որ իրենց վիրավորում է ընտրված նախագահի տոնը։ Մյուսները հիշեցրին, որ մայիսի 19-ին նշվում է քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օրը և նույն օրը պաշտոնակալության նշանակումը տեղին չէ։ Խորհրդարանում 7 որոշում գրանցվեց՝ պաշտոնակալության 6 տարբեր օրերով։ Որոշման այն նախագծին, որ պաշտոնակալությունը նշանակում էր մայիսի 20-ին, առավոտյան 10-ին, Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ քվեարկեց՝ 423-ից՝ 315-ը։
Պաշտոնակալությունը մայիսի 20-ին նշանակելը բազում իրավաբանների ու քաղաքագետների կարծիքով՝ Զելենսկուն հնարավորություն է տալիս իր իրավասությունների առաջին շաբաթում լուծարել Գերագույն Ռադան և արտահերթ ընտրություններ նշանակել։ Պաշտոնական պատճառ կարող է դիտվել Գերագույն Ռադայում պատգամավորական խմբակցությունների բացակայությունը 30 օրում։ Որոշ պատգամավորներ արդեն վիճարկում են խորհրդարանի հնարավոր լուծարումը, սակայն Զելենսկին, դատելով իր հայտարարություններից, համոզված է, որ այդ իրավունքն ունի։ Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ Գերագույն Ռադան չի կարող լուծարվել իր իրավասությունների վերջին կես տարում՝ փաստացի դա նշանակում է, որ խորհրդարանի ճակատագիրը Զելենսկին պետք է որոշի մինչև մայիսի 27-ը։ Գերագույն Ռադան ընտրվել է 2014-ին և Զելենսկու կողմնակիցերը բացահայտորեն քիչ են՝ ապահովելու նրա նախընտրական խոստումների կատարումը։ Նրա կիսավիրտուալ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, Սոցիոլոգիայի Կիևի միջազգային ինստիտուտի ուսումնասիրության տվյալներով, վստահորեն առաջին տեղում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե ընտրություններն առաջիկայում կայանան։ Բայց պատրա՞ստ է կուսակցությունն ընտրության հիմա։ Հերթական խորհրդարանական ընտրությունները այս տարվա հոկտեմբերին են։ Դիտորդները կասկածում են, որ Զելենսկին ցանկանում է իր հանրաճանաչությունը փոխարկել խորհրդարանական բազմամարդ խմբակցության՝ չսպասելով աշնանը։ Գերագույն Ռադայի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները կարող են կայանալ հուլիսի վերջին։ Զելենսկին մինչև այսօր միանշանակ չի պատասխանել հարցին՝ պատրաստվու՞մ է լուծարել խորհրդարանը։ Նրա մերձավորներից Դմիտրի Ռազումկովը երկուշաբթի հայտարարել է, որ խորհրդարանը լուծարել-չլուծարելու Զելենսկու որոշումը կախված է պատգամավորների գործողություններից։


Նախագահի պաշտոնակալությունը կկայանա Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում։ Նիստը կբացի խորհրդարանի նախագահը, ԿԸՀ նախագահը կհայտարարի ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանի նախագահը նորընտիր նախագահի երդումը կընդունի։ ԿԸՀ նախագահը Զելենսկուն կհանձնի Ուկրաինայի նախագահի վկայական, Սահմանադրական դատարանի նախագահը՝ իշխանության պաշտոնական խորհրդանիշները, որից հետո նախագահը առաջին ելույթը կունենա։ Զելենսկու թիմում ակնարկում են, որ արարողությունը պարզունակ չի լինելու։ «Մենք մտածում ենք «ֆիշկաների» մասին,- «Украинская правда»-ին հարցազրույցում ասել է «ժողովրդի ծառա» սերիալի սցենարիստ Յուրի Կոստյուկը։ - Հասկանալի է, որ կա պաշտոնական գործակարգ, որը մենք հարգում ենք։ Իսկ հետո մենք ինչ-որ բան կմտածենք: Մենք քննակում ենք դեռ, չեմ ուզում բոլոր գաղտնիքները բացել։ Կարծում եմ՝ այսպիսի պաշտոնակալություն դեռ չի եղել։ Կարող եմ ասել, որ հետաքրքիր է լինելու»։
BBC


Հ﮳Գ﮳ Վլադիմիր Զելենսկին ունի երկու ճանապարհ՝ ցրել խորհրդարանը և հավաքել սեփականը, որ հավանություն կտա իր բարեփոխումներին: Հուլիսի վերջին արտահերթ ընտրությունների պարագայում նա կարող է ակամա հայտնվել որոգայթում՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնություն և միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորություն, որ կասկածի տակ է դնելու ժողովրդավարություն հաստատելու նրա խոստումները։ Աշնանը՝ հերթական ընտրությունների գնալը ևս ռիսկային է՝ հաշվի առնելով Պորոշենկոյի և մյուս կուսակցությունների դիմադրունակությունը և իրավիճակն իրենց օգտին շրջելու ցանկությունը խորհրդարանական ընտրություններում՝ զրկելով նորընտիր նախագահին գործողությունների ազատությունից։ Այս հարցի լուծումը Վլադիմիր Զելենսկու առաջին լուրջ փորձությունն է լինելու։ Ամենայն հավանականությամբ՝ նա ռիսկի չի դիմի և կլուծարի խորհրդարանը՝ արտահերթ ընտրություններով նաև օրենսդիր իշխանությունը վերցնելու համար։ Մնացածը արդեն ուկրաինացիները կորոշեն։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ