Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նոր իշխանությունները ներկուսակցական որոշումների ընդունման մշակույթ չունեն»

«Նոր իշխանությունները ներկուսակցական որոշումների ընդունման մշակույթ չունեն»
24.05.2019 | 01:47

Վերջին մեկ տարում իրավիճակ է փոխվել Նիկոլ Փաշինյանի և նրա քայլող թիմակիցների համար, ովքեր պաշտոններ զբաղեցրին, իսկ մյուս բնագավառներում կտրուկ, նկատելի փոփոխություններ չեմ տեսնում` «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, հավելելով, որ եթե որևէ մեկը որևէ փոփոխություն է զգում, ապա հետհեղփոխական էյֆորիայի ազդեցության տակ է մնացել:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողումներն արդարացնելու համար, ասում է, թե հեղափոխությունից մեկ տարի է անցնել ընդամենը, իրենք էլ քանդված երկիր են ժառանգել, ինչին ինքս էլ համաձայն եմ,- ասաց պարոն Համբարյանը։-Բայց, հաշվի առնելով ՀՀ մասշտաբները և բնակչության փոքր թիվը, փաստենք, որ սոցիալական մի շարք խնդիրներ մեկ տարվա ընթացքում հնարավոր էր լուծել: Մեկ տարի լինելով իշխանության ղեկին՝ «նորեկները» չեն բարեհաճում բարձրացնել կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը և այլն: Տարբեր բնագավառների մարդկանց սոցիալական վիճակը, այո, փորձում են լավացնել, բայց դա ոչ բոլորի վրա է տարածվում: Բացի այդ, այսօր հանրապետությունում կտրուկ գնաճ ու սոցիալական վիճակի կտրուկ վատթարացում կա, բայց, քանի որ հասարակության մի ստվար զանգված դեռևս հետհեղափոխական էյֆորիայի մեջ է, այդ ամենը չի նկատում:
-Այնպիսի տպավորություն է, թե ժողովուրդը պարտավոր է նորեկներին ժամանակ տալ, որ նրանք սովորեն: Ավելի արդար չէ՞ր լինի, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողներին ասեին՝ դուք ոչ թե պաշտոնյաներ, այլ ուսանողներ եք ընտրելու:
-Փաշինյանի կադրերի դիլետանտ լինելու հանգամանքը փաստ է, նրանք բացարձակ չեն տիրապետում իրենց ոլորտին, Հայաստանն էլ դարձրել են լաբորատոր առնետ ու սխալների վրա կառավարել են սովորում, իսկ դա ոչ միայն զավեշտալի է, այլև անթույլատրելի: Իհարկե, լավ կլիներ, եթե անկեղծ լինեին ու Ձեր նկարագրածի պես ներկայանային ընտրողներին, բայց պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե Փաշինյանն իր քայլող պատուհաս թիմի մասին նման հայտարարություն աներ ընտրություններից առաջ: Որքան էլ հասարակությունը հետհեղափոխական էյֆորիայի ու թմբիրի մեջ լիներ, շատերը կհասկանային, որ 21-րդ դարում իշխանության են գալիս ոչ պրոֆեսիոնալները, ու նրանց չէին ընտրի: Այժմ վարչապետ Փաշինյանն ամբողջովին պատասխանատու է նրանց թե՛ ձեռքբերումների, թե՛ ձախողումների համար: Սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ, ի տարբերություն Փաշինյանի, կառավարության անդամների ու երեսփոխանների վարկանիշը բավական ցածր է, ու ոչ հեռու ապագայում դա տարածվելու է նաև վարչապետի վարկանիշի վրա: 21-րդ դարում այսպիսի աբսուրդային իրավիճակ երևի մեկ այլ երկրում հնարավոր չլինի գտնել: Իսկ նման իրավիճակից ու անթույլատրելի սխալներից օգտվում են մեր ախոյանները:
-Կարծիք կա, թե նոր իշխանությունները, ի տարբերություն նախորդների, ավելի բաց են ու հասանելի:
-Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին գրեթե բոլոր ոլորտներում հետընթաց է եղել: Նա չէր շփվում հասարակության հետ, որովհետև ասելու բան չուներ, մեծամիտ էր, իսկ թիմը կտրված էր հասարակությունից, ինչն իրենք էլ ընդունում էին: Փաշինյանը, խաղալով մարդկանց ցավոտ լարերի հետ, կարողանում է համոզել հասարակությանը, և անընդհատ, իբր կապի մեջ լինելով մարդկանց հետ, փորձում է մեղմել իր ու իր թիմակիցների գրեթե բոլոր ոլորտներում ունեցած ձախողումները:
-Իշխանության ներսում տարանջատումներ նկատու՞մ եք:
-Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամանակ անց խոսակցությունների մակարդակով արդեն իսկ լուրեր էին տարածվում, որ նրա թիմակիցներն այնքան էլ լավ հարաբերություններ չունեն միմյանց հետ, կոնկրետ անուններ էին տրվում: Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածը դեյուրե ապացուցեց, որ, իրոք, պարոն Փաշինյանի թիմում կան տարբեր թևեր: Նույն թիմի մեջ պայքարում են ավելի մեծ իշխանություն ձեռք բերելու համար: Այդ պայքարի առաջին զոհը Սանասարյանը եղավ, որին լուսանցքում թողեցին: Չի բացառվում, որ ապագայում նմանատիպ այլ պայքարի ականատեսը լինենք՝ նոր սկանդալների կամ հրաժարականների տեսքով: Ինչպես ՀՀԿ-ն չէի համարում դասական կուսակցություն, որին ոչ թե գաղափարը, այլ իշխանությունն էր միավորում, այնպես էլ նոր իշխանություններին, որ համախմբվել են ոչ թե կուսակցության, այլ անհատի շուրջը: Բազմաբովանդակ, բազմագույն, բազմաբևեռ կառույց է: Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ բավական ագրեսիվ կերպով դուրս եկան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, իսկ դա նորմալ չէ: Փաշինյանն այդ ոչ պարկեշտ, անտրամաբանական ու անմակարդակ պահվածքը փորձեց բացատրել ներկուսակցական դեմոկրատիայով, բայց դա ընդամենը տարրական «բարդակ» է: Նորմալ չէ, երբ թաղապետի տեղակալը ԱԱԾ տնօրենին սոցիալական ցանցով վիրավորանքներ է հասցնում: Այս ամենը ցույց է տալիս, որ ոչ միայն պառակտում կա, այլև ներկուսակցական որոշումների ընդունման մշակույթ չկա: Նրանք մինչ այժմ չեն հասկացել, որ պետք է թիմային լինել, միասնական հայտարարություններով հանդես գալ: Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ծիծաղող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անտակտ է անվանում, իսկ Փաշինյանն ասում է, թե ՌԴ վարչապետն ընդամենը հումոր էր անում:
-Իսկ կոռե՞կտ է վարչապետի պահվածքն ամենատարբեր միջոցառումների ժամանակ՝ խորոված ուտել, չինական բադի մասին գրառում անել և այլն:
-Պարոն Փաշինյանը կա՛մ նորմալ «փիարշիկ» չունի, կա՛մ եթե ունի, նրա խորհուրդներին չի հետևում: Վերջապես պետք է հասկանա, որ մի շարք գործողություններ երկրի թիվ մեկ պաշտոնյան չպետք է անի: Հասկանալի է՝ փորձում է ցույց տալ, թե հասարակ մարդ է, բայց պաշտոնյայի էթիկային բնորոշ նորմեր կան, որոնց պետք է հետևել:
-Ինչքա՞ն կարելի է սեփական սխալների համար արդարացում գտնել՝ հղում անելով նախկին իշխանություններին:
-Իշխանության ներկայացուցիչներն ու նրանց պաշտպանող ագրեսիվ «ֆեյքերը» պետք է հասկանան, որ եթե ամեն ինչ լավ լիներ, ապա թավշյա հեղափոխություն չէր լինի: Եթե գոհ լինեինք նախկիններից, նրանք կշարունակեին պաշտոնավարել, Սերժ Սարգսյանն էլ վարչապետ կլիներ: 2018-ին ինքս էլ ողջունել եմ Փաշինյանի իշխանության գալը, որովհետև դժգոհ եմ եղել նախկին իշխանության վարվելաձևից, միևնույն ժամանակ չեմ ընդունում նորերի արդարացումներն ու նախկիններին հղում անելը: Փաշինյանն ու նրա թիմը անում են գրեթե նույնը, ինչ տասը տարի շարունակ նախկիններն էին անում:
-Վարչապետի կոչից հետո մի քանի տասնյակ մարդիկ արգելափակեցին դատարանի մուտքերը` խոչընդոտելով դատավորների աշխատանքին: Արդյո՞ք դա ճնշում չէր դատական իշխանության նկատմամբ:
-Այն, որ Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների անհրաժեշտություն ունի, ոչ ոք չի հերքում: Նախորդ իշխանությունների կառավարման տարիներին դատարանները հիմնականում եղել են նրանց շահերը սպասարկող կառույցներ, կայացվել են բազմաթիվ անարդար վճիռներ, և պատահական չէ, որ հասարակության շրջանում անվստահությունը դատական ատյանի նկատմամբ բավականին բարձր է: Հասարակության մի ստվար հատվածը դատական համակարգը համարում է ամենակոռումպացված կառույցներից մեկը Հայաստանում, սակայն պետք է նշեմ, որ կտրականապես դեմ եմ դատարանների գործունեությունը պարալիզացնելու պարոն Փաշինյանի քայլերին: Դա Սահմանադրության կոպիտ խախտում էր: Կտրականապես չեմ ընդունում պարոն վարչապետի սիրած «փողոցային» կառավարման համակարգը, որ, համոզված եմ, որոշ ժամանակ անց մեծ խնդիրներ է ստեղծելու հենց իշխանությունների համար: Դատական համակարգում Փաշինյանի առաջարկները կարելի էր իրականացնել առանց աղմուկ-աղաղակի և ավելորդ լարվածության: Դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար նա առաջարկեց կիրառել «vetting»՝ զտում, որն ընդունված է հետհեղափոխական և նորանկախ երկրներում: Համամիտ եմ Փաշինյանի այն մտքին, որ Հայաստանից ՄԻԵԴ հասած և պարտված գործերի համար պետք է պատասխանատվություն կրեն համապատասխան ատյանների դատավորները, որոնց սխալ վճիռների պատճառով Հայաստանը ոչ միայն բարոյական վնաս է կրում, այլև ֆինանսական ահռելի կորուստներ ունենում: Ավելին, առաջարկում եմ պարտադրել դատավորներին, որ սեփական գրպանից փոխհատուցեն վնասը:


Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ