«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Սուրե՜ն, էն նկարները բեր, է՜ն Ֆրունզի մարդը եկել է»

«Սուրե՜ն, էն նկարները բեր, է՜ն Ֆրունզի մարդը եկել է»
02.07.2019 | 02:02

Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի,
Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի,
Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի,
Հանցագործ էլ որ լինեի՝ պոեմներ կհորինեի,
Թե թատրոնի չափ սիրեի:
Սիրելով է…

Ֆրունզիկ Մկրտչյանի հեղինակած այս տողերով եմ սկսում զրույցը մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) աշխատակից, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, պետական մրցանակի դափնեկիր ԽԱՉԻԿ ՇԱՐՈՅԱՆԻ հետ, որը տարիներ առաջ ձեռնարկել և պատվով շարունակում է իրականացնել մի շատ կարևոր առաքելություն՝ Ֆրունզիկ և Ալբերտ Մկրտչյանների մշակութային ժառանգության արխիվային նյութերի թվայնացումը:

-Ինչպե՞ս մտահղացաք հավաքել Ֆրունզիկ Մկրտչյանի մշակութային ժառանգության արխիվային նյութերը: Ի՞նչը Ձեզ մղեց այդ աշխատանքին:
-Հիմնականում երկու բաղադրիչ՝ բարձր եմ գնահատում Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստը և շատ եմ սիրում իրեն: Բախտավոր եմ, որ ճակատագրի բերումով ծանոթ եմ եղել նրա եղբորը՝ Ալբերտ Մկրտչյանին: Ընդհանրապես ես ինձ բախտավոր եմ համարում, քանի որ շփվել եմ թատերական աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ովքեր հայ բեմարվեստի հենասյուներն են՝ Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Խանդիկյան, Ալբերտ Մկրտչյան: Ցավում եմ, որ Ֆրունզիկ Մկրտչյանին ծանոթ չեմ եղել: Մի անգամ, 2004 թվականին առիթ եղավ, և Ալբերտ Մկրտչյանին առաջարկեցի կարգի բերել իր գործերի արխիվը: Առաջարկս դուր եկավ անվանի ռեժիսորին և նա բոլոր նյութերը բերեց՝ թղթապանակների, տոպրակների մեջ, թարսուշիտակ դրված, թղթերը մի կողմ, լուսանկարները մի կողմ, տարեթվերը հետ ու առաջ, իհարկե համակարգելու խնդիր կար: Հարցրի՝ սա միայն Ձե՞ր արխիվն է, ասաց՝ մի քիչ էլ ունեմ Ֆրունզիկի արխիվից, բայց ամբողջը չէ, որոշ մարդիկ իրենց հետ տարել են Արգենտինա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի փոքրիկ մասն է միայն ինձ մոտ: Ցանկություն հայտնեցի դրանք էլ հավաքելու, համակարգելու: Ընդամենը 4 հատոր կազմեցին Ֆրունզիկ Մկրտչյանի բեմական գործունեության արխիվային նյութերը: Շատ հետաքրքիր նյութեր կան՝ տպագրված «Արվեստ» ամսագրում, հայրենական և արտասահմանյան մամուլում, երիտասարդ տարիքի լուսանկարներ, տեսաերիզներ, ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների տեսաձայնագրություններ: Եվ քանի որ սիրով ու նվիրումով եմ արել աշխատանքը, խոստովանեմ, որ մեծ բավականություն եմ ստացել: Ջանացել եմ օգտակար լինել, հավաքել, համակարգել, պահպանել նույնիսկ շատ աննշան թվացող հիշողությունը, փոքրիկ հարցազրույցը, ոչ լավ որակի լուսանկարները: Ալբերտ Մկրտչյանի մշակութային ժառանգությունը հսկայածավալ էր, ոչ մի համեմատություն Ֆրունզիկ Մկրտչյանի արխիվի հետ՝ ծավալային իմաստով, չնայած մի կողմից էլ լավ է, որ իր հեղինակած ֆիլմերում շատ կան նաև Ֆրունզիկ Մկրտչյանի կերպավորած դերեր, որոնք, փաստորեն, երկուսի գործերում էլ պահպանել եմ:
-Այդքան ծավալուն արխիվում ինչպե՞ս եք կարողանում արագ գտնել պահանջվող նյութը:
-Այնտեղ հնարավոր չէ սիրելով, նայելով, կարդալով որևէ բան գտնել, պետք է ո՛չ միայն դասակարգել, այլև ունենալ որոնողական համակարգ, որը այդ հսկայածավալ արխիվում որոնի պահանջվող նյութը: 4 հատոր գիրք է, որտեղ պահվում են թերթերը, ամսագրերը, հեռուստառադիոհաղորդումները, ֆիլմերը, լուսանկարները և այլն: Երբեմն մի լրագրող գալիս ու կոնկրետ նյութ է ուզում որևէ ֆիլմի վերաբերյալ՝ կոնկրետ թերթից կամ ամսագրից, կամ էլ հատված՝ որևէ ֆիլմից: Պատկերացնու՞մ եք` որքան ժամանակ կպահանջվի, եթե ուղղակի ֆիլմը գտնենք ու սկսենք ծայրից ծայր նայել, չհաշված, որ այդքան երիզների մեջ այդ ֆիլմը փնտրելն էլ ժամանակատար է: Եվ, քանի որ մի քիչ նաև ծրագրավորմամբ եմ զբաղվում՝ պատրաստել եմ որոնողական համակարգ, որը շատ է հեշտացնում որոնողական աշխատանքը: Համակարգում էլեկտրոնային պատկերի կողքին նշված է նաև բնագիր նյութի պահման հասցեն: Արխիվը թվայնացնելու առավելությունն էլ հենց հնարավորություն է տալիս կիրառելու որոնողական համակարգը: Դեռևս շատ քիչ է նյութեր ունենալը, պետք է նաև կարողանալ այդ նյութերի հետ աշխատել:
-Այս ծավալուն և պատասխանատու աշխատանքի ընթացքում որևէ ֆինանսական, հոգեբանական, ֆիզիկական կամ այլ տիպի օժանդակություն ցուցաբերվե՞լ է Ձեզ: Բացի Ալբերտ Մկրտչյանի տրամադրած արխիվային նյութերից, Դուք ինչպե՞ս եք հայթայթել մնացածը, որևէ մեկը Ձեզ օգնե՞լ է:
-Թույլ տվեք Ձեր հարցին պատասխանել այնպես, ինչպես ժամանակին պատասխանել եմ Ալբերտ Մկրտչյանին: Մի անգամ Ալբերտ Մկրտչյանին Ֆրունզիկ Մկրտչյանի որոշ լուսանկարներ էին պետք, բայց ո՛չ թե էլեկտրոնային տարբերակով, այլ թղթի վրա տպված: Ես, իհարկե, չէի կարող դա անել, գնացի «SIRIUS» ծառայություն, որտեղ էլեկտրոնային տարբերակից տպեցին պահանջված նկարները՝ մեծ, փոքր, շրջանակի մեջ և այլն: Երբ ներկայացրի նկարները, Ալբերտ Մկրտչյանը զարմացած թևերը տարածեց՝ էս ի՞նչ ես արե՜լ... ուզում էր ասել՝ ծախս ես արել, էլի: Հարցրեց, թե որքան գումար եմ ծախսել, ես էլ պատմեցի, թե ինչպես, երբ ֆայլերը փոխանցեցի, աշխատողը մի ստացական տվեց, որ հաջորդ օրը գնամ պատվիրված լուսանկարները վերցնելու: Հաջորդ օրը որ գնացի, հերթ կանգնեցի, հանեցի ստացականը, ինչպես որ ինձ ասել էին: Երբ այդ աշխատողն ինձ տեսավ, էլ ստացականին չնայեց ու ձայնեց. «Սուրե՜ն, էն նկարները բեր, էն Ֆրունզի մարդը եկել է»: Երբ որ ասաց Ֆրունզի մարդը, բոլորը շրջվեցին իմ կողմն ու սկսեցին հետաքրքրությամբ նայել, թե էս Ֆրունզի մարդը ո՞վ է: Ասացի՝ Ալբերտ Մուշեղիչ, կարող ե՞ս դա վերածել գումարի, ասաց՝ լավ, դու ինձնից խելառ ես, պետք չէ:
-Տարիներ առաջ էլ frunzik.com կայքի մեր գործընկերների հետ Ֆրունզիկ Մկրտչյանի գծանկարի մրցույթ էինք հայտարարել և հաղթողներին իմ ու Հովհաննես Պապիկյանի հեղինակած գրքերն էինք նվիրելու: Մրցույթի հաղթողների հետ հանդիպումը «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանախմբի մոտ էր: Խանութում խնդրեցի լավագույն ծաղկեփունջը տալ: Իմանալով, թե ում համար են ծաղիկները՝ գումար չվերցրին, ասացին թող մեր նվերը լինի սիրելի Արտիստին: Հասկանալի է, որ այս դեպքերը վկայությունն են Ֆրունզիկ Մկրտչյանի համազգային երևույթ լինելուն, վկայությունն են այն մեծ սիրո ու ճանաչումի, որ նա վայելում է բնակչության բոլոր շերտերում:
-Այո, միանշանակ այդպես է:
-Ե՞րբ եք սկսել հավաքել Ֆրունզիկ Մկրտչյանի արխիվը:
-2005 թվականից: Ի դեպ, վկայեմ, որ արխիվը շարունակ համալրվում է նոր լույս տեսած գրքերով, նկարահանված վավերագրական ֆիլմերով, տպագրված հոդվածներով: Ձեր և Հովհաննես Պապիկյանի համահեղինակությամբ տպագրված «ՈՒ՞մ համար ես վառվում, լույս…» գիրք-օրացույցը, «Լույս…», որը թարգմանվել է նաև ռուսերեն լեզվով և «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» գրքերն ու Ձեր պատրաստած «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը», և «շ ՑՈՍ ՊցՎՈþ» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև հայաստանյան ու արտասահմանյան մամուլում հրատարակած Ձեր բազմաթիվ հոդվածները նույնպես ներառված են արխիվում, և մեծապես նպաստում են սիրելի արվեստագետին հանրությանը ներկայացնելու կարևոր գործին:
Պետք է նկատել, որ մի քանի տարի առաջ էլ Մոսկվայում լույս տեսավ Կորա (Կարինա) Ծերեթելիի գիրքը՝ «ՂՐցվջՌՍ ԾՍՐՑփÿվ. շ ՑՈՍ ՊցՎՈþ…»: Հեղինակը սկզբում մի քանի լուսանկար խնդրեց, ես ուղարկեցի, հետագայում գրքի հետ մի քանի լուսանկար էլ ինքն ուղարկեց:
-Ամենասկզբում, երբ նախաձեռնեցիք արխիվը հավաքելու աշխատանքը, ֆիզիկական կամ հոգեբանական ի՞նչ արգելքներ, ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:
-Որևէ արգելք, առավել ևս, դժվարություն չեմ ունեցել, մեծ սիրով արված աշխատանք է: Ես հիմնականում տանն եմ աշխատել ՝ մեծ բավականություն ստանալով իմ արած գործից, և որևէ գումարի չես կարող վերածել դա: Շփումն այդ մարդկանց հետ, իմացությունն այդ մարդկանց մասին, նույնիսկ է՜ն փոքրիկ դեպքերը, որ տեղի են ունեցել և ինձ հասանելի են դառնում, Սանամ մայրիկի ասածները Ֆրունզիկի մասին, շատ ավելի արժեքավոր են, քան ցանկացած գումար, որը որևէ մեկը կվճարի:
-Արխիվում կան բազմաթիվ հարցազրույցներ, տեղական և արտասահմանյան մամուլի արձագանքներ, ժամանակակիցների կարծիքներ, իր ասելիքը այս կամ այն ներկայացման վերաբերյալ, հյուրախաղերից ստացած տպավորություններ և էլի բազմաթիվ նյութեր, հետագայում՝ նաև հուշեր: Այս բոլորը Դուք կարդացել և յուրացրե՞լ եք:
-Բացի Վենետիկի հայտնի ֆեստիվալի մասին, որտեղ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը շահեց մրցանակ, և Գալյա Նովենցը արժանացավ լավագույն կանացի դերի համար մրցանակի, տպագրված բազմաթիվ նյութերից, որոնք արխիվում իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն են, մնացած բոլոր նյութերը կարդացել եմ: Բաներ կան, որ մի քանի անգամ եմ կարդացել:
ՈՒզում եմ հիշել նաև, որ Հնդկաստան մեկնելուց առաջ էլ Ֆրունզիկ Մկրտչյանին Էլդար Ռյազանովն էր հրավիրել մասնակցելու իր «Գարաժ» ֆիլմի կինոփորձերին, և միայն Հնդկաստան ուղևորությունը խանգարեց, որ նա Ռյազանովի ֆիլմում նկարահանվեր:
-Դուք Ձեր ունեցած բոլոր տեսասկավառակներն է՞լ եք նայել:
-Իհա՜րկե: Հայտնի է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը պատմելու մեծ տաղանդ ուներ: Ես բազմաթիվ անգամներ նայել եմ Ֆրունզիկ Մկրտչյանին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացնելու առիթով 1986 թվականի լենինականյան հանդիպումը, նրա մեծարման երեկոն: Ինքը պատմում էր շատ հետաքրքրաշարժ դրվագներ, մասնավորապես, թե մի անգամ, ինչպես տակավին երիտասարդ , խաշ ուտելուց անմիջապես հետո բեմ է ելել, խաղացել Վահրամ Փափազյանի հետ…, զվարճալի պատմություն է: Առանձին թեմա է թատրոնում և կինոյում Ֆրունզիկ Մկրտչյանի երգելը: Հաճախ հանդիպումների, հուշ-երեկոների կամ որևէ հուշարձանի բացման ժամանակ ցանկություն է լինում հնչեցնելու նրա կատարած որևէ երգ, բայց, դե, ֆիլմում է երգել և դժվար է ֆիլմից հանելը: Շատ եմ աշխատել այդ ուղղությամբ, որ երգն առանձնանա ու լսենք պարզապես երգը՝ Ֆրունզիկի կատարմամբ:
-Եթե հիշում եք, «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման մեջ նա հրաշալի է երգում «Որսկան ախպերը»: Շատ եմ փնտրել, բայց որևէ տեղ կարծես չի պահպանվել այդ ներկայացումը: Ցանկություն ունեմ Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված մեր հաջորդ միջոցառումներից մեկում դահլիճի մուտքը ապահովելու այդ երգի հնչյունների ներքո:
-Ես էլ չունեմ այդ ներկայացումը, ափսոսում եմ, բայց կփորձեմ գտնել:
-Կա՞ն եզակի գործեր, որ միայն դուք ունեք և հպարտությամբ եք նշում, թե միայն Ձեր արխիվում կան այդ նյութերը:
-Այն փաստը, որ որևէ նյութ կա ինձ մոտ, որը երբեմն անհրաժեշտ է լինում տրամադրել մամուլին, կամ որևէ ստեղծագործող մարդու՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին որևէ բան գրելու կամ նկարելու համար, արդեն հպարտանալու առիթ է ինձ համար: Նորից եմ սիրով հիշում պատմածս՝ է՜ն Ֆրունզիկի մարդն եկավ:
-Դուք ցանկություն կունենա՞ք Ձեր ունեցած հարստությունը պահ տալու որևէ ինստիտուտի, որևէ թանգարանի, որևէ մշակութային կենտրոնի, որտեղ վստահ կլինեք, որ դա պահպանելու են այնպես, ինչպես Դուք եք սիրով հավաքել: Ըստ իս, դա կարևոր է նաև այն պատճառով, որ հասարակությանը հասանելի լինի արխիվը, որովհետև վստահաբար կարելի է ասել, որ Ֆրունզիկ Մկրտչյան արտիստի մասին սերունդները դեռ շատ գրքեր, հոդվածներ, պատմություններ են գրելու, ռադիո-հեռուստահաղորդումներ են պատրաստելու, ֆիլմեր են նկարելու, քանզի Ֆրունզիկ Մկրտչյան թեման անսահման է և Ֆրունզիկ Մկրտչյան երևույթը տիեզերքի պես անվերծանելի: Միանշանակ է, որ հետագայում անդրադարձներ շատ են լինելու, ուստի, եթե դրանք չպահվեն այդպիսի վայրում... Դուք ինչպե՞ս եք պատկերացնում արխիվի հետ մարդկանց աշխատելու հեռանկարը:
-Այո, միանշանակ է, որ դրանք կգտնեն իրենց արժանի հանգրվանը կամ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կամ կինոյի թանգարանում, կամ որևէ այլ հարգի հաստատությունում, հատկապես, որ արխիվն ամբողջովին թվայնացված է, և որոնողական համակարգն այդ նյութերը հասանելի կդարձնի յուրաքանչյուր ուսումնասիրողի ու կհեշտացնի դրանց հետ աշխատելը:
-Ինչի՞ մասին կուզենաք պատմել, որ շատ հայտնի չէ հասարակությանը:
-Ասելիքս Ֆրունզիկ Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմի մասին է: Երբ Ալբերտ Մկրտչյանի հետ խոսում էինք իր նկարած ֆիլմերի մասին, նա պատմեց, որ ցանկացած ֆիլմի համար սովորաբար պատրաստվում է գեղարվեստական սցենար և ռեժիսորական սցենար: «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գեղարվեստական սցենարի վերնագիրը եղել է «Մանկության կապույտ սարը», և, քանի որ մի քիչ էլ ինքնակենսագրական ֆիլմ է, սկզբում այդպես են անվանել, ինչն իմ կարծիքով, շատ տպավորիչ էր: Հետո փոխել, դարձրել են «Մեր մանկության տանգոն»: Ես համարում եմ, որ այս ֆիլմը երևույթ է կինոյի աշխարհում: Չգիտեմ, կարող է միայն հայկական, կարող է ոչ հայկական, որովհետև այն մեծ ընդունելություն գտավ նաև Իտալիայում և ամբողջ աշխարհում: Ինքը ֆիլմը երևույթ է, և կան բաներ, որ չես սովորի ոչ մի ինստիտուտում, որովհետև դա ներսից ճառագող անբացատրելի տաղանդի ու վարպետության փայլուն օրինակ է, որն այս ֆիլմում հանճարեղ պարզությամբ ներկայացնում են շա՜տ մեծ դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը և Գալյա Նովենցը: Ես շատ կուզենայի, որ հանճարեղ դերասանները մահ չունենային, որովհետև ինչ-որ միստիկա կա, որովհետև նրանց ստեղծած կերպարները, միևնույն է, շարունակում են մնալ և ապրել դահլիճից և կինոթատրոնից էլ դուրս: ՈՒզում եմ նկատել նաև, որ բոլոր թատրոններում որոնց հետ համագործակցել եմ, փորձերն ավելի շատ եմ նայել, քան ներկայացումները, սիրո՛ւմ եմ փորձերը նայել: Մի առիթով Վիգեն Չալդրանյանն ասել է. «Թատրոնը այն խորանն է, որով Աստված հաղորդակցվում է մարդկանց հետ»: Իմ պատկերացմամբ դա իրոք այդպես է:
Մի հետաքրքիր դրվագ էլ կա «Հին օրերի երգը» ֆիլմում: Այն տեսարանն է, որտեղ ներկայացման ընթացքին Ֆրունզիկ Մկրտչյանը շտապելով բեմ է ընկնում և ասում՝ …ժողովու՜րդ, վերջացա՜վ, պատերա՛զմը վերջացավ: Այդ «վերջացա՜վ»-ը լացի, ծիծաղի, ուրախության, տխրության, սգի, հաղթանակի, սպասումի արտահայտություն էր՝ ամեն ինչը կուտակած, խտացրած մեկ բառի մեջ: Դա համաշխարհային կինոյի շատ մեծերից առավել մեծ Արտիստի մենաշնորհն է, եզակի կադր՝ իր տեսակի մեջ: Ես կարծում եմ, որ նրանք միայն ֆիզիկապես մեզ հետ չեն, այդ կերպարների այդպիսի կատարումները մնում են թատրոնում, դրանց շունչը մնում է: «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման մեջ Ֆրունզիկը չի խաղում, նրա մեջ ճառագում է այդ խաղը, իսկ որ ճառագում է, դա հետո մնում է հանդիսատեսի մեջ: Մեր սերունդը դերասանական արվեստի փայլատակումներ տեսած սերունդ է, իսկ դերասանական արվեստը դրանով է արվեստ, որ ճառագում է իրենցից այդ էներգիան: Ես, ընդհանրապես, հայկական արտիստական դպրոցը բոլորովին ցածր չեմ համարում որևէ եվրոպական՝ ուզում է անգլիական լինի, ուզում է ֆրանսիական լինի, ուզում է գերմանական, որևէ դպրոցից, որովհետև ունեցել ենք և այսօր էլ ունենք շատ բարձր վարպետություն ունեցող դերասաններ:
Ասելիքս ամբողջացնելով, ուզում եմ մեկ անգամ էլ նկատել, որ ուրախ եմ, որ հիմա էլ կան նվիրյալ մարդիկ, ովքեր շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ, հարստացնում են սերունդների համար պահվող արխիվային նյութերը՝ Ֆրունզիկ Մկրտչյան արվեստագետի մասին պատմող գրքերով, ֆիլմերով, հոդվածներով, ռադիո և հեռուստահաղորդումներով: Հավելեմ, միայն, որ այսպիսի աշխատանք կատարել եմ նաև այլ արվեստագետների համար, բայց այդ մասին՝ ուրիշ անգամ:
-Շնորհակալ եմ:
-Եկեք մենք երկուսով շնորհակալ լինենք Ֆրունզիկ Մկրտչյանին:

Զրուցեց Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ