Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետք է կարողանանք ոլորտում առկա մեծ ու փոքր խնդիրները կարգավորելուն զուգահեռ գեներացնել նոր գաղափարներ»

«Պետք է կարողանանք ոլորտում առկա մեծ ու փոքր խնդիրները կարգավորելուն զուգահեռ գեներացնել նոր գաղափարներ»
15.07.2019 | 18:19

Մշակութային կյանքի ներկա իրավիճակի, տարբեր ոլորտներում առկա խնդիրների ու սպասվող փոփոխությունների մասին է մեր զրույցը ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ հետ:

-Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների միավորումը կայացած փաստ է: Արդեն իսկ նկատելի՞ են միասնական նախարարության առավելություններն ու բացերը:
-Առավելություններից առաջինը, որ կարող եմ նշել, այն է, որ շատ մեծ նշանակություն ենք տալիս մշակութային ծրագրերում կրթական բաղադրիչին: Մենք տարիներ շարունակ ասում էինք, որ մշակութային քաղաքականությունն ու կրթականը չեն հատվում, առանձին են գործում, և գոնե այս փուլի համար միավորումը դրական ազդեցություն կունենա: Հետագայում կյանքը ցույց կտա՝ արժե՞ առանձին գործել, թե՞ չարժե: Ես կարծում եմ, որ չափազանցում կա, երբ փորձում են մշակույթի առանձին նախարարության չգոյությունը դրամատիկացնել: Ի վերջո, խնդիրն այն չէ, թե մենք ինչ իրավական կարգավիճակ ունենք, այլ այն, թե ինչ արդյունավետությամբ ենք աշխատում:
-Խնդիրները շատ են, յուրաքանչյուր ոլորտ առանձնակի ուշադրություն է պահանջում: Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ խորքային բարեփոխումներ արձանագրելու համար:
-Իմ պատկերացմամբ՝ առաջին քայլը ոլորտի մասնագիտացումն է: Մենք պետք է շատ հստակ թիրախավորենք պետական բյուջեի ուղղությունները. ի՞նչն է ֆինանսավորում պետությունը: Դրամաշնորհները պետք է ուղղել պրոֆեսիոնալ գործունեությանը և բեռնաթափել մշակույթի սոցիալական բեռը: Մենք գիտենք, որ բազմաթիվ կառույցների, նախագծերի դրամ ենք տրամադրում զուտ որպես սոցիալական աջակցություն, որովհետև դրանց մասնագիտական ազդեցությունը անորոշ է, կամ շատ հաճախ, հենց սկզբից գիտենք, որ որևէ արդյունք չենք ունենալու: Մեր ռեսուրսները մեծ չեն, և մեր յուրաքանչյուր դրամը պետք է ինչ-որ առումով նպաստի երկրի ճանաչելիության բարձրացմանը, մշակույթի հեղինակության ամրապնդմանը:
-Երևանի մնջախաղի պետական թատրոնը պարբերաբար բախվում է նույն խնդրին` ունի շենք, չունի շենք: Վերջին հանգրվանը, թվում էր, Մոսկովյան 5 հասցեում գտնող շենքն էր: Տարածքը առաջարկել էր մշակույթի նախարարությունը: Շենքն ամրակցված է պաշտպանության նախարարությանը, որը հրաժարվել է շենքը փոխանակելուց ու այն տրամադրելուց թատրոնին։ Ի՞նչ է սպասում թատրոնին:
-Կարծում եմ՝ կարող ենք լավատես լինել մնջախաղի պետական թատրոնի հարցում: Մենք ինտենսիվ աշխատում ենք պատասխանատուների հետ, որ օր առաջ սկսեն շինարարությունը, որովհետև իսկապես մնջախաղի թատրոնը պետք է տարածք ունենա: Չեմ ուզում շտապել և ինչ- որ բաներ ասել, թե ինչ ենք ձեռք բերել, ինչ ենք արել, ես ուզում եմ այս մասին խոսել այն ժամանակ, երբ վերջնականապես կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
-Հասցեն փոխվելու՞ է:
-Նոր տարբերակի վրա ենք կանգ առել:
-Ի՞նչ լուծումներ են սպասվում Կոստանտին Օրբելյան-նախարարություն «հակամարտությանը»:
-Երկուստեք կսկսենք խնդիրների կարգավորման փուլերը: Իհարկե, մենք ունենք մեր նկատառումները կապված օպերային թատրոնի հետ: Այս ընթացքում, ինչ նշանակվել եմ նախարարի տեղակալ, շատ մարդկանց հետ եմ խոսել օպերային թատրոնի ներկայիս իրավիճակի մասին: Բնականաբար, հանդիպելու եմ նաև Կոնստանտին Օրբելյանի հետ, ներկայացնելու եմ մեր պատկերացումները թատրոնի վերաբերյալ, այն խնդիրները, որ մենք լսել ենք ոլորտի ներկայացուցիչներից, նաև իր տեսակետները: Ես կարծում եմ, որ քննարկումները արդյունք կտան: Միանշանակ է, որ պետք է օր առաջ այս հարցը կարգավորել, թատրոնում ստեղծել առողջ աշխատանքային ստեղծագործական մթնոլորտ, որ այդ թատրոնը պետք է դառնա կենտրոնաձիգ հարթակ տաղանդավոր մարդկանց, դիրիժորների համար: Ես հավատում եմ , որ օպերային թատրոնը նաև Կոստանտին Օրբելյանի մասնագիտական կապերի ռեսուրսի օգտագործմամբ կարող է դառնալ տարածաշրջանի ամենաճանաչված կենտրոններից մեկը: Մնում է, որ գանք համաձայնության մի քանի կարևոր հարցերի շուրջ, կարծում եմ, մաեստրո Օրբելյանը նույնպես հակված է ընդառաջ գալու, և մենք ենք հակված օր առաջ այս հարցը կարգավորելու:
-Ի տարբերություն մնջախաղի թատրոնի, Սոս Սարգսյանի թատրոնի շենքային հարցը լավագույնս հանգուցալուծվել է: Շենքը կառուցվում է: Համազգային թատրոնի դերասանները հասան նաև նրան, որ ունեցան իրենց նախընտրած տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Որպես թատերագետ, նաև փոխնախարար՝ ի՞նչ տպավորություն ունեք, այդ «ազատագրումից» շահե՞լ է թատրոնը:
-Ես հենց սկզբից խոսել եմ հօգուտ Նարինե Գրիգորյանի: Իհարկե, շահել է, որովհետև համազգային թատրոնը աստիճանաբար փոխում է իր դիմագիծը, և, որ շատ կարևոր է, դիմագիծը փոխվում է ոչ թե դրսից բերված մարդկանց անզգույշ միջամտությամբ, այլ հենց այդ թատրոնի պատմությանը մասնակից մարդկանցով: Գիտեք, որ բացի ներկայացումներից դրամատուրգիական ընթերցումներ են լինում թատրոնում, տարբեր ռեժիսորներ են աշխատում, տարբեր ձեռագրեր կան, նոր պիեսներ են երևան գալիս՝ ֆրանսիացի հեղինակներից մինչև ազգային դրամատուրգիա: Այնպես չէ, որ ես հիացած եմ բոլոր ներկայացումներով, բայց, կարծում եմ, որ համազգայինն իսկապես դարձել է մայրաքաղաքի ամենագործուն թատրոններից մեկը: Եվ, ի վերջո, ամեն երկիր չունի Նարինե Գրիգորյանի նման արտիստուհի: Այն, որ Նարինե Գրիգորյանը ղեկավարում է այդ թատրոնը, նաև որոշակիորեն մեր երախտագիտության ու շնորհակալության դրսևորումն է այդ արտիստուհու նկատմամբ: Ժամանակին, երբ ես արձագանքում էի թատրոնում ստեղծված իրավիճակին, նշեցի, որ Նարինե Գրիգորյանը վաղուց վաստակել է այդ իրավունքը, և մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր տաղանդների նկատմամբ, և, այո, իրականությունը փոխելու լծակներ տանք նրանց: Իսկ Նարինե Գրիգորյանը հաստատ այդ մարդկանցից մեկն է:
-Թատրոններին տրվող պետական սուբսիդիան 2018-ից նվազեցվել էր: Փոխարենը բարձրացվել են չափորոշիչները թատրոնի պարտավորությունների մասով: Ի՞նչ խնդիրներ է լուծում պետական աջակցությունը, և ինչի՞ կարող է հանգեցնել նվազեցումը, մանավանդ մարզային թատրոնների պարագայում:
-Այսօր մեր թատրոնները չեն կարող գոյատևել առանց պետական աջակցության: Այն, որ պայմանները խստացվել են, ունեցել է իր դրական արդյունքը: Ֆինանսական ցուցանիշների ավելացումն ապացուցեց, որ այդ ցուցանիշները բավարարում են, այսինքն, մարդիկ այդ գումարները ցույց են տալիս կամ աշխատում են: Այլ խնդիր է, որ մենք լուրջ աշխատանք ունենք անելու, որ պետական կառույցները պետական սուբիսիդիաներից ստանալուց զատ, նաև ծավալեն այնպիսի մշակութային կամ մշակութամերձ գործունեություն, որը հնարավորություն կտա հավելյալ գումարների գեներացման: Եվ սա պետք է արվի հարիր մշակույթի ոլորտին: Թատրոնների, այսպես ասած՝ առևտրայնացումը պետք է մասնագիտական կարողությունների կատարելագործմանը զուգահեռ տարվի, որովհետև, ի վերջո, պետության համար առաջնահերթը մասնագիտական ներուժն է, մասնագիտական կարողությունների կատարելագործումը և արվեստի ստեղծումը: Եթե պետությունը դրամ է դնում որևէ ոլորտում, նպատակը հենց դա է՝ ունենալ արվեստ, որը կարող ենք ներկայացնել և մեր հանրութանը, և միջազգային, և, զուգուհեռ, մշակել այնպիսի մոդելներ, որոնք հնարավորություն կտան արդիականացնելու թատրոնների կառավարման մեխանիզմները:
-Մարզերն այս առումով ավելի խոցելի են: Թեև միանշանակ չէ. իբրև օրինակ, Գորիսի թատրոնն ունի հանդիսատեսի խնդիր, գնում ես Գյումրի, տեսնում լրիվ հակառակ պատկերը: Թատրոնում հանդիսատեսի պակասը խոսում է թատերասերների՞, թե՞ լավ ներկայացման պակասի մասին:
-Շատ նուրբ հարց է, կարծում եմ, Գյումրու թատրոնը շահել է նաև նրանով, որ թատրոնի ղեկավարությունը հասկացել է՝ պետք է որոշակի մարքեթինգային մեխանիզմներ կիրառել հանդիսատեսին գրավելու համար: Բացի այդ՝ Գյումրին մշտապես եղել է թատրոն սիրող քաղաք: Այսինքն՝ մի քանի դրական բաղադիչներ հատվել են: Ինչ վերաբերում է Գորիսի թատրոնին, ես կարծում եմ, որ Գորիսի թատրոնն ու հասարակությունը չեն համապատասխանում իրար: Այդ կառույցն իր ծավալներով, բեմական հարդարանքով շատ հարցեր է առաջացնում: Այստեղ վերլուծության խնդիր կա: Ես չեմ խոսում զուտ տեխնիկական պայմանների մասին, որովհետև կարող է 300-տեղանոց դահլիճը նպաստել թատրոնի հանդեպ հետաքրքրության բարձրացման, և կարող է 1000-տեղանոց դահլիճը դեմ գործել թատրոնի հանդեպ հետաքրքրությանը: Թատրոնում ֆիզիկական տարածքը զուտ ֆիզիկական տարածք չէ, այսինքն, մենք լուրջ խնդիր ունենք վերլուծելու համայնքային թատրոնների պոտենցիալն ու թատրոնի հանդեպ հետաքրքություն գրավելու մեխանիզմները:
-Գնալով ավելի ու ավելի հրամայական է դառնում վաստակավոր և ժողովրդական կոչումների ինստիտուտի վերանայման հարցը: Ի՞նչ պետք է անել: Ի վերջո, այստեղ ևս կոռուպցիոն ռիսկի և՛ իրական արժեքների ոտնահարման խնդիր կա:
-Եթե տասնամյակների ընթացքում արմատապես և խորապես չվարկաբեկվեր կոչումների գաղափարը, եթե պետությունը իսկապես կոչումը տրամադրեր այնպիսի դեմքերի, որոնք իրենք են արժեք տալիս կոչմանը, և ոչ թե փորձում են արժեք ստանալ կոչումով, գուցե այսօր այս հարցը նման սրությամբ դրված չլիներ: Բայց մեր իրականության մեջ անհուսալիորեն վարկաբեկված են կոչումները: Եվ, ի վերջո, սա Խորհրդային Միության վերապրուկներից է, ինքս չեմ համակրում այդ ինստիտուտին: Պատկերացնու՞մ եք՝ Ռոբերտ դե Նիրոն Միացյալ Նահագների ժողովրդական արտիստ լիներ: Ժամանակավրեպ մի բան կա սրանում: Բայց քանի դեռ կա այն սերունդը, որ դրան սպասում է, կոչումներից հրաժարվելու անցումը պետք է լինի աստիճանական: Պետք է նաև մտածել՝ ինչ անել, որ եկող սերունդը մերժի կոչումները, կամ ստեղծել մի նոր բան, որը բացարձակ հեղինակության գրավական լինի և տրվի բացառիկ ծառայություն մատուցած անձանց:
-Հանրային դժգոհություն են առաջացնում չհիմնավորված կոչումները: Կա նաև մեկ այլ հանգամանքը՝ ժողովուրդը չի ճանաչում ժողովրդական կոչում ունեցող արվեստագետին:
-ճիշտ եք ասում, որովհետև ժողովրդական կոչումը դարձել է գրասենյակային երևույթ, ասում ենք՝ ժողովրդական արտիստ, ժողովուրդը չի ճանաչում իր ժողովրդական արտիստին, 5 հոգի են որոշում` այդ մարդը ժողովրդակա՞ն է, թե՞ ժողովրդական չէ:
-Կինոյի և թատրոնի փառատոների մասին ի՞նչ կասեք: Արդյո՞ք շատ չեն դրանք ու հաճախ անարդյունավետ, ինքնանպատակ:
-Անկեղծ ասեմ՝ դեռ չեմ հասցրել անդրադառնալ այդ ոլորտին: Այնքան խնդիրներ կան լուծելու, եթե մենք սուզվենք դրանց մեջ, որևէ նոր բան չի ստեղծվի: Պետք է կարողանանք ոլորտում առկա մեծ ու փոքր խնդիրները կարգավորելուն զուգահեռ նոր գաղափարներ գեներացնել, նոր նախագծեր մշակել, այս բալանսը շատ կարևոր է: Իհարկե, փառատոների արդյունավետության խնդիր կա, իհարկե, վերլուծության անհարժեշտություն կա՝ ի՞նչ են տալիս մեզ այդ փառատոները: Արդյունավետության գործակիցն ու պետական աջակցությունը չպետք է իրարից շատ տարանջատված լինեն: Բայց, կրկնում եմ, չի լինի այդ ամենն անել այսօր ու միանգամից:


Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ